«Ինչո՞ւ չես գրում հայերեն...»

Երբ 1984-ին Գևորգ Էմինը հրատարակեց իր թարգմանությունների ընտրանին, օտարալեզու հայազգի բանաստեղծների բաժինը վերնագրել էր «Ինչո՞ւ չես գրում հայերեն»`վերաձևելով Նաիրի Զարյանի հայտնի տողը...

Ավելի շատ՝ ափսոսանք, քան հանդիմանություն արտահայտող այս հարցադրումը, թեկուզև կես-գեղարվեստական շեշտով, ավելորդ է թվում. ներկայացված օտար ափերում ծնված հայկական ծագումով 11 բանաստեղծների (հինգը՝ կես հայ) հայերեն չգրելը բնական և տրամաբանական է։

Այդ հարցը, սակայն, հայաստանաբնակ հեղինակներին տալն ավելորդ չի թվա։ Այսօր ունենք Հայաստանում ծնված-մեծացած սակավաթիվ հեղինակներ, որոնց գեղարվեստական արտահայտության լեզուն ռուսերենն է, պակաս չափով՝ անգլերենը և մինչև անգամ՝ իսպաներենը։ Այլ հարց է, որ այդ գրողների շանսերը՝ լիիրավ կերպով մուտք գործելու տվյալ լեզվով ստեղծվող գրականություն, գրեթե զրոյական են։ Ամեն ինչ կախված է տաղանդի չափից։ Միակ մեծ բացառությունը երևանաբնակ Մարիամ Պետրոսյանն է, որն իր «Տունը, որտեղ...» ռուսերեն վեպով անվարան մուտք գործեց ռուս գրականություն, քանի որ անսովոր տաղանդով են օժտված թե՛ հեղինակը, թե՛ նրա մեծածավալ վեպը։

Իսկ ի՞նչ կլիներ, եթե Մարիամ Պետրոսյանն իր վեպը գրեր հայերեն։ Վստահ կարող ենք լինել, որ այն չէր ունենա միլիոնավոր ընթերցողներ, չէր թարգմանվի տասից ավելի լեզուներով։

Բնավ չնսեմացնելով հայագիր հայ հեղինակներին (ինքս էլ նրանցից մեկն եմ), մենք հակված չենք օտարալեզվությունը և ոչ բնիկ մշակույթին ծառայելը ժխտական երևույթ համարել։ Անուղղակի կերպով օտար միջավայրում սեփական ժողովրդին ճանաչելի դարձնելը պակաս կարևոր առաքելություն չէ, մանավանդ՝ եթե բնիկ միջավայրում ինքնարտահայտման պայմանները բավարար չեն։ Արժևորելով և ջերմորեն քաջալերելով մեր բալետի յուրաքանչյուր պարողի, որը մնում է հայրենի բեմում և աշխատում ցածր աշխատավարձով, միաժամանակ չենք կարող չգնահատել աշխարհի տարբեր բեմերում հայի ու հայ բալետային դպրոցի անունները բարձր պահող մեր պարողներին։ Մանավանդ եթե նրանք ժամանակ առ ժամանակ վերադառնում են հայրենիք, հանդես գալիս նախագծերով և կամ օտար ասպարեզում իրենց գործունեության մաս են դարձնում իրեն բնիկ ազգայինը... 2009-ին ներկա գտնվելով Իտալիայում եվրոպական բալետի գալա-աստղերի համերգին, որին մասնակցում էին նաև Շվեյցարիայում աշխատող երկու երևանցի պարողներ, շուրջս լսում էի «հայ պարողներ» խոսքը։ Միանշանակ կերպով սա նույնպես հայկական փիար է։ «Սիսթեմ օֆ ը դաունն» էլ իր անգլերեն երգերով աշխարհին ճանաչելի դարձրեց հային, հիմքը դրեց «արմո-մեթալ» ոճի, ինչը պակաս կարևոր չէ, քան սոսկ հայալեզու երգեր երգելը... Եվ արի ու ասա՝ «Ինչո՞ւ չես երգում հայերեն»։ Մի հարց, որ շատ էին տալիս Շառլ Ազնավուրին. էլի լավ է, որ երջանկահիշատակ երգիչն իրենից հետո թողեց դստեր հետ իրականացրած հայերեն երկու երգի տեսագրություն (մեկը՝ կոլխոզային երգի նորովի մեկնաբանում), փույթ չէ, որ արտասանական ոչ քիչ սայթաքումներով...

Հայ արվեստագետների օտարալեզվության վերաբերյալ տարբեր մտքեր վերջերս հատկապես ունենում եմ, երբ մեր սոցցանցերում ժամանակ առ ժամանակ արծարծվում է ռուս գրականության մերօրյա հայ աստղ Նարինե Աբգարյանի անունը։ Օտար միջավայրում հայրենակցուհու աննախադեպ հաջողություններով չուրախանալու անընդունակ մեր հայրենակիցներից շատերը ոչ միայն կրկնում են մաշված «Ինչո՞ւ չես գրում հայերեն»-ը, այլև շտապում են դատել՝ «Հայաստանի մասին նրա գրածները գաղութատիրության դրսևորումներ են»։ Նման միտք արտահայտողները վստահաբար կշտապեին գրողին անհայրենասեր անվանել, եթե նա չգրեր Հայաստանի մասին։ Մինչդեռ նման դատողություններն էլ ընդգծված գավառականության, երևույթները մակերեսորեն դատելու դրսևորումներ են։ Ոմանք էլ վրդովվում են՝ ասելով, որ Հայաստանում չապրող Նարինե Աբգարյանը կամ Հասմիկ Պապյանը (որոնց ավելի հաճախ ես տեսնում հայրենիքում, քան մեր ազգային գործիչներից ոմանց) իրավունք չունեն քննադատել հայաստանյան իրականության այս կամ այն կողմը։ Մինչդեռ Հայաստանի վարկանիշը բարձր պահող նման միջազգային դեմքերի արտահայտած ցավն ու մտահոգությունը հայրենիքի հոռի երևույթների հանդեպ շատ ավելի լսելի է, քան հայաստանաբնակ, սակայն իրենցից ոչինչ չներկայացնող ֆեյսբուքյան ամենինչաքննադատներինը...

Այս գավառականությունը և ուլտրա-հայրենասիրությունը մեզանում նորություն չէ։ Անցյալ դարի կեսերին աշխահով մեկ թնդում էր ամերիկյան թատրոնի և կինոյի բեմադրիչ Ռուբեն Մամուլյանի անունը, որը թեև իր արվեստում հայկական ոչինչ չէր ստեղծում, սակայն մշտապես բարձրաձայնում էր իր հայությունը։ Սակայն դա ոչ միայն քիչ, այլև երբեմն անընդունելի էր մեր որոշ հայրենակիցների համար։ «Հայրենիք» օրաթերթում մի հոդվածագիր Մամուլյանի՝ իր հայությունը մշտապես հիշելը համարել է «սնամէջ, անիմաստ ու աւելորդ յայտարարութիւն», մեկ ուրիշն էլ գրել է, որ Մամուլյանի նմանները գոյություն չունեն հայության համար։ Նման սահմանափակ մտահորիզոնի տեր հոդվածագիրներին արժանի պատասխան է տվել իրանահայ բանաստեղծ Դևը՝ նկատելով. «Եթէ Ռուբէն Մամուլեանը մնար հայ միջավայրում և բեմադրէր «Արցունքի հովիտը», նա մեռած չէ՞ր լինի մեզ համար: Եթէ Մաքսուդեան կամ Շահխաթունի մնային հայ բեմի վրայ և ներկայացնէին «Շուշանիկ» կամ «Սոս և Վարդիթեր», մեռած չէ՞ին լինի հայութեան համար: …Մի՛ մոռացէք, որ Ամերիկայի Հոլլիվուդն է Ռուբեն Մամուլեանին խթանել և առաջնակարգ ռեժիսեորների բարձրութեան աստիճանին հասցրել»...

Այդպես էլ եթե Նարինե Աբգարյանը մնար Հայաստանում և գրեր հայերեն, երաշխիք կա՞ արդյոք, որ նա կլիներ այն, ինչ որ է այժմ։ Նրա հայապատում օտարագրությունից շահեց ու շարունակում է շահել Հայաստանի վարկը միլիոնավոր ընթերցողների շրջանում, որոնցից ոմանք մեր երկիր են ճամփորդում շնորհիվ Աբգարյանի գրքերի, ավելին, այցելում են նրա գրքերում ներկայացված Տավուշ աշխարհը։ Աբգարյանին թերևս «տեղ ունենային» մեղադրելու, եթե նա երես թեքեր Հայաստանից ու ռուսերեն գրքեր գրեր, ասենք, պորտուգալացիների, բուշմենների կամ կորեացիների մասին։ Մինչդեռ Նարինեն ոչ միայն չկտրվեց իր երկրից, ընդհակառակը, գրեց ու շարունակում է գրել ճնշող մեծամասնությամբ ի՛ր երկրի, ի՛ր հայրենակիցների մասին։ Ինչպես Թումանյանը և Մաթևոսյանը՝ Լոռին, Բակունցը՝ Սյունիքը, Մահարին՝ Վանը, այնպես էլ Նարինե Աբգարյանը գրական «հերոս» դարձրեց Տավուշը, Բերդը («Իմ «Նոր «Պարադիզո» կինոթատրոն», իմ «Ամարկորդ», իմ «Մի՛ վշտանա»։ Իմ հոգու անվերջանալի տրագիկոմեդիա, իմ Բերդ»)։ Նրանից առաջ միայն Մաթևոս Դարբինյանի «Կիկոսը» վիպակն էր, որ պահպանել էր մեկ դար առաջվա տավուշյան Թովուզ գյուղն իր կենցաղով, խոսակցական լեզվով, բնության պատկերներով: Եվ այսօր ո՛չ օտար, քանի՞ հայ ընթերցող գիտի Դարբինյանին ու նրա «Կիկոսը»...

Կրկնում եմ, խրախուսում եմ մերոնց ոչ թե օտարալեզվությունը, այլ դրա ընձեռած հնարավորությունները՝ աշխարհին ճանաչելի դարձնելու հային ու հայկականը...