Ինչ են պատմում գարդենիաները

Հայ և համաշխարհային թատրոնի պատմության մեջ 2020 թվականը դարձավ բեկումնային: Հանկարծահաս համավարակը, որ մեծ արագությամբ գրոհեց ամբողջ երկիր մոլորակը, հատկապես կաթվածահար արեց արվեստի դաշտը: Թատրոններն ամենաանմիջական ձևով շոշափեցին տեղի ունեցողը. չկա հանդիսատես՝ չկա թատրոն: Սահմանափակումների մի փոքր թուլացման հետ՝ կաթվածից ուշքի գալով, մի շարք թատրոններ գտան վերընձյուղվելու ձևը: Դրանցից ամենահաջողվածներից էր Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր ներկայացումը, որը համավարակի թելադրանքով ծնվեց բացօթյա. թատրոնի ներքնաբակում եղած ջերմոցները որպես «բեմ և կուլիս» օգտագործելով՝ երիտասարդ բեմադրիչ Գոռ Մարգարյանն ու բեմանկարիչ Նելլի Բարսեղյանը միաժամանակ մի քանի խնդիր լուծեցին՝ սոցիալական հեռավորության, ռեսուրսների ամբողջական օգտագործման, ինչպես նաև նոր գեղագիտություն ծնվեց՝ քաղաքային բացօթյա ներկայացման տեսակը, որտեղ բակ ու լուսամուտ, կաթսայատուն ու ջերմոց, լավագույնս ծառայեցվեցին ներկայացման գեղարվեստական պահանջմունքին: Այս թատերական սկզբունքը վաղուց արդեն աշխարհում տարածված է, հայ բեմում բացօթյա ներկայացումների դեռևս մի քանի օրինակ կարելի է թվարկել:

Քառասուն հոգու համար նախատեսված կամերային ներկայացումը այնպիսի տպավորություն էր գործել հանդիսատեսի վրա, որ պրեմիերայից հետո թատերական ու թատերասեր միջավայրերում պտտվում էր խորհրդավոր գարդենիայի «բույրն» ու թատրոն կանչում: «Գարդենիան» անտարբեր չթողեց նաև միջազգային թատերական հարթակներում: Նախ 2021-ին՝ Բելառուսի Բրեստ քաղաքում 25-րդ միջազգային թատերական «Բելայա Վեժա» ("Белая Вежа") փառատոնում, ապա՝ 4-րդ միջազգային երիտասարդական թատերական ֆորումին Տաշքենդում՝ գրավելով երրորդ մրցանակ: Ի դեպ, ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի մասնակցությամբ այս փառատոնից, որն ընթանում է Մոսկվայի «Չեխովյան փառատոնի» և Թատերական միությունների միջազգային համադաշնության նախաձեռնությամբ, Հայաստանը դեռ առանց մրցանակի չի վերադարձել: Առաջին ֆորումին, որն ընթացել է 2012-ին  Քիշնևում (Մոլդովա)՝ տողերիս հեղինակի «Թռիչք քաղաքի վրայով» պիեսի Նարինե Գրիգորյանի բեմադրությունն արժանացել է երկրորդ մրցանակի, երկրորդ ֆորումին (2015թ. Մինսկ, Բելառուս) դերասանուհի Մարիամ Ղազանչյանն արժանացել է «Լավագույն կանացի դերակատարում» մրցանակին (Շեյլա Դիլենի «Մեղրի համը», բեմադրությունը Գոռ Մարգարյանի), երրորդ անգամ ֆորումն անցկացվեց Հայաստանում` 2018 թվականին, և ֆորումի «Գրան պրիին» արժանացավ Տաթև Մելքոնյանի «Ես այստեղ եմ» բեմադրությունը: Իսկ ահա 2021-ին Գոռ Մարգարյանի «Գարդենիան» էր 15 երկրների ուշադրության կենտրոնում և Տաշքենդից (Ուզբեկստան) Հայաստան բերեց երրորդ մրցանակը:

Ներկայացումը դիտելու առիթ ունեցա բեմում, երբ եղանակային պայմաններից ելնելով՝ բեմադրությունը թատրոն էր տեղափոխվել և ենթադրաբար զգալի միզանսցենային ձևափոխումների ենթարկվել՝ բեմի տարածության մեջ հարմարվելու համար: Անշուշտ, քաղաքային կյանքի ձայների, աղմուկների ու բույրերի մեջ մխրճված ներկայացումը պիտի որ շատ տպավորիչ եղած լիներ, բայց չէր տուժել և բեմում: Նկատենք, որ նաև դերասանացանկում փոփոխություն կար, «2-րդ կնոջ» դերում ՀՀ վաստակավոր արտիստուհի Իռա Հարությունյանին այժմ փոխարինում է Տաթև Մելքոնյանը:

Ներկայացման նախադրությունն արդեն ինքնատիպ ռեժիսորական լուծում է, որ միանգամից ռիթմ է թելադրում, լարում մտցնում և հանդիսատեսի ուշադրությունը գամում է բեմին: Բեմի մեջտեղում տնային բույսերով առանձնացված պայմանական տարածք, վերևից՝ այս տարածքին զուգահեռ, օդում կախված լուսագծերով  քառակուսի, որ մատնանշում է այդ հատվածն իբրև տուն, որտեղ հերթափոխով հերոսուհիների կենսագրությունները ներկայացնելու միջոցով հյուսվելու է գործողությունների ընթացքը: Պտտվող բեմը հերթով առաջ է բերում հերոսուհիներից որևէ մեկին իր թեմայով. մի քանի նախադասության մեջ ամփոփված ու խտացած մի ամբողջ կյանք, որոնք ավելի ուշ որպես լեյտմոտիվ կրկնվելու են ներկայացման տարբեր տեսարաններում ամեն անգամ, երբ արդեն հերթով կսկսվեն բացվել հերոսների ճակատագրերը:

Եվ այսպես, ամենասկզբից ընդգծվում են չորս կանանց՝ միմյանցից սկզբունքորեն տարբեր բնավորությունները՝ թե՛ արտաքին ու ֆիզիկական հատկանիշներով, թե՛ դերասանական խառնվածքի բևեռային տարբեր բնույթով, թե՛ հագուկապով, թե՛ խոսքի, ձայնի տեմբրի, պլաստիկայի առումով: Ռեժիսորի ամենամեծ ձեռքբերումը դիպուկ դերաբաշխումն է: Իհարկե, ժամանակակից լեհ դրամատուրգ Էլժբետա Խովանեցի (թարգմանությունը Իրինա Ադելհեյմի) հրաշալի պիեսը տալիս է այդ հենքն ու հնարավորությունները, որից լիուլի օգտվում է բեմադրիչը: Ընդգծենք, որ Գոռ Մարգարյանը հոգեհարազատ է մնացել պիեսին, գրեթե ամբողջությամբ պահպանել է դրամատուրգի յուրաքանչյուր դրվագ ու տեքստ: Ընդ որում, պիեսն աչքի է ընկնում բավական ընդարձակ մենախոսություններով, և միմիայն դերասանական անհատականությունները կարող էին հաղթահարել նման խնդիրը՝ չձանձրացնելով հանդիսատեսին:

Պիեսը կառուցված է չորս կանանց կյանքը ներկայացնող չորս պատմության միջոցով: Այսպիսով հանդիսատեսի աչքի առջևով անցնում է Լեհաստանի մոտ հարյուրամյա պատմությունը՝ տատից մինչև ծոռ, սկսած 1920 թվականից մինչև 2010-ականները: Հատկանշական է, որ դրամատուրգն անուններ չի տալիս իր հերոսուհիներին: «Գործող անձինք» հատվածում նրանց ներկայացնում է բառացիորեն համարակալված՝ «1-ին կին», «2-րդ կին» և այլն, ծնված 1920-ին, 1942-ին, 62-ին և 82-ին: Գտնված դրամատուրգիական հնարանք է՝ մեծ աշխարհում մարդը կորցնում է իր դեմքն ու անունը, նա պատմության շրջապտույտում հերթական համարի զոհն է: Պիեսում բոլոր հերոսուհիները 33 տարեկան են, չորսի դիմաց էլ իբրև նկարագրություն գրված է՝ գեղեցկուհի է: Սա դրամատուրգի հաջորդ գտնված հնարանքն է, որը կարող է և չարտահայտվել բեմում: Պիեսը լայն հնարավորություններ է բացում երիտասարդ դերասանուհիների ինքնարտահայտման համար, հատկապես 1-ին և 2-րդ (մայր և դուստր) կանանց խարակտերները՝ բարդ, միմյանցից բևեռորեն տարբեր, պատմական տարբեր փուլերում: Կանանցից յուրաքանչյուրի ողբերգությունն անուն ունի, որոնք առանցք դարձնելով էլ աշխատել է բեմադրիչը կերպարների վրա՝ մենախոսությունների ու երկխոսությունների սկզբունքով:

Այս բեմի պայմանական, մինիմալիստական ձևավորումը համահունչ է բեմադրիչի ոճին, ճաշակին, ասելիքին: Տնային բույսերով (գարդենիաներով) առանձնացված տան տարածքը՝ հանդիսատեսից բավական հեռու, ասես որոշակի օտարում է ստեղծում հանդիսատեսի ու հերոսուհիների միջև. դիտում ես հեռվից, ինչպես մեկի լուսամուտից ներս կամ հեռուստաէկրանից: Ամեն բան ծանոթ է, բայց մեր մասին չէ, ամեն բան հենց այս պահին է, մեր աչքի առջև, բայց մեզ հետ չի կատարվում: Սակայն կարեկցանքն ու վերապրումն իրական են, հանդիսատեսն ամբողջովին սուզվում է  բեմական մթնոլորտի մեջ:

Մինիմալի հասցված իրերը, ճամպրուկներն ու ալյումինե սպասքը տիպական են ժամանակաշրջանին: Զգեստների նկարիչը նույնպես Նելլի Բարսեղյանն է, հերոսուհիների հագուստները, որ պատմական ոճավորման ընդհանուր սկզբունքով են արված, առաջին հերթին ընդգծում են հերոսների բնավորությունները: Ավելին, այս հերոսուհիների կոշիկներն արդեն իսկ բավական են նրանց ճանաչելու համար: Առաջինինը իր ժամանակի՝ 40-ականների մոդայիկ պչրուհու կոշիկներ են, երկրորդինը հիշեցնում են զինվորական կիսաճտքավորներ, երրորդի բարակ ոտքերին ծանր քարերի պես կախված հաստ ու բարձր կրունկներն ասես անվերջ հիշեցնում են աղջկա ոտքերի արատի մասին, չորրորդինը ժամանակակից «կեդեր» են՝ թեթև, գործնական:

Դերասանական՝ բառի դրական իմաստով  «աստղային հայտով» է բեմ մտնում առաջին կնոջ կերպարը, որին մարմնավորում է Ելենա Վարդանյանը: Մառլեն Դիտրիխի, թե Մերլին Մոնրոյի՝ հանդիսատեսի աչքին սովոր կարմիր շրթներկով շիկահեր գեղեցկուհու բուն պատմությունն սկսվում է գերմանացիների՝ Կրակով մուտքով: Այս պատմական իրողությունը քանդում է աղջկա (կարելի է պատկերացնել քանի ու քանի մարդկանց) ճակատագիրը: Բարձրաշխարհիկ կյանքով ապրող սպայի հետ սպասվող ապահով ամուսնության հեռանկարն արդեն անցյալում է, կյանքը դառնում է գոյատևման պայքար: Մենախոսության միջոցով դեպի հետ՝ օրինակելի մանկահասակ աղջնակի առօրյայից մինչև բոհեմիկ կյանքով ապրող օրիորդի և հարսնացուի, ապա՝ պատերազմից ջախջախված ու անկում ապրած կնոջ, ձախողված մոր ու տատի կենսագրությունը դերասանուհին կառուցում է խոսքային ներքին դրություններից բխող հոգեվիճակների և միաժամանակ՝ արտաքին կերպարանափոխման սահուն ու վարպետ հերթագայությամբ: Շենշող գեղեցկուհու կերպարը րոպե առ րոպե փլուզվում է: Դերասանուհին կերպարի զարգացումը շարունակում է հաջորդ պահին շրթներկը դեմքին տարածված, մարմինը գրեթե մերկացնող զգեստով՝ ցավից ճչացող արցունքոտ աչքերով իր անկումը ներկայացնելու, փեսացուի կողմից չարաչար շահագործվելու, նացիստ սպայից հղիանալու, քիչ-քիչ ալկոհոլին տրվելու ցավագին իրողություններով: Հանդիսատեսի աչքի առջև վերածվում է կյանքի հատակում հայտնված, բարոյական արժեքներից զուրկ, մարդկային դեմքը կորցրած մի էակի, որի դառը ճակատագիրը փոխանցվում է դստերը: Ներքին տեմպերամենտ, հոգեբանական խաղ, դինամիկա, կերպարանափոխման հմտություն, տրագիկոմիկական հատկանիշներ՝ այս ամենով է օժտված Ելենա Վարդանյանի խաղը, որ անչափ վառ է ու տպավորիչ: Ի դեպ, դերասանուհին այս կերպարով ներկայացված է «Արտավազդ» մրցանակաբաշխությանը:

Բեմառաջքում հայտնվածը մենախոսողի դերում է: Միևնույն ժամանակ, զուգահեռաբար մյուս կանայք էլ բեմում են, հետևում՝ պայմանական տանը: Եկող տեսարանում նրանցից հաջորդն է դառնում գլխավոր հերոսն իր դրամայով, սակայն մյուսները դարձյալ չեն հեռանալու, այլ մասնակցելու են միմյանց կյանքին երկրորդ պլանում: Մենախոսությունը սահուն վերածվում է երկխոսության մայրերի ու դուստրերի միջև, օգտագործված է կինոյի խոշոր և ընդհանուր պլանների սկզբունքը: Այսպես հերթափոխով չորսն էլ խոշոր պլանում են հայտնվելու: Բեմադրիչը միզանսցենները կառուցելիս օգտվում է բեմառաջքի ձախ մասում դրված փայտյա նստարանից, որը տարբեր տեսարաններում տարբեր գործառույթներ ունի, մի քանի տեղանք է մատնանշում: Ինչպես նաև հոգեբանական առանձնության վայր է, կամ խոստովանության աթոռ, որին նստելով՝ հերոսուհիները մինչև վերջ անկեղծանում են հանդիսատեսի հետ: Եվ անգամ մեջքով նստած դեպի հանդիսասրահ՝ իրենց ապրումները կարողանում են փոխանցել հանդիսատեսին:

Անձնական դրամաների հիման վրա, որոնց թեմաները ոչ միշտ են հոգեհարազատ մեզ՝ հայերիս, այնուհանդերձ, գրողն ու բեմադրիչը համամարդկային գաղափարներ են արծարծում՝ միայնության, պատերազմի հետևանքների, սոցիալական անարդարության և այլն: Սակայն բեմադրիչն անգամ լարված դրամատիկական տեսարաններում կարողանում է հումորի չափաբաժինը պահել, որը ներկայացման զարգացմանը զուգահեռ աստիճանաբար մեծանում է: Ավելին, ավարտին հումորն ու լավատեսությունը գերիշխող են դառնում, իսկ մեր ազգային մտածողության հետ քիչ կապ ունեցող թեմաներն անսպասելիորեն մեկնաբանվում են այնքան հայկական, որ կասկածում ես, թե տեքստը հեղինակին է պատկանում: Չնայած չորս հերոսների կին լինելու հանգամանքին, այս պիեսը ֆեմինիստական չէ, այստեղ կանանց ու տղամարդկանց իրավահավասարության խնդիրներ բարձրացված չեն: Սա պիես է մարդու մասին, կինը կյանքի շարունակականությունն ապահովող, ընտանիքի հոգսն իր ուսերին առած, հաճախ այն չհաղթահարող ու դրա տակ կոտրված, փշրված մեկն է, որը չի սիրվել ու չի կարողացել սեր փոխանցել, որը երջանիկ չի եղել ու որպես ժառանգություն երջանկությո՛ւն չէ, որ փոխանցում է իր զավակին:

Դստեր (2-րդ կին) կերպարում մոր հակապատկերն է ներկայացնում Տաթև Մելքոնյանը: Կոկիկ, ոչ կանացի, կարճ կտրված սանրվածքով, առանց հարդարանքի, գունատ, ասես զինվորական համազգեստով, անժպիտ, սակայն՝ ազնիվ, ճշտապահ, բարոյական նորմերին հետևող աղջկա կյանքը, այնուհանդերձ, նրա այս հատկանիշներից ավելի լավը չի լինելու: Մոր հետ հանգուցային վեճերից մեկի ժամանակ աղջկան ճանապարհներին, կեղտի, սովի մեջ մեծացրած, որբանոցներ հանձնած մայրը խոստովանում է, որ նա գերմանացի էսէս-ականի դուստր է, որն ավելի է դաժանացնում առանց այն էլ դժբախտ կնոջը: Տաթև Մելքոնյանը հենց այս հատկանիշն է առանցքային դարձնում դերի իր մեկնաբանության մեջ, զինվորական ճշգրտությամբ, չորությամբ, պեդանտ կնոջ կերպար է ստեղծում դերասանուհին: Ասես ռոբոտ լինի, որն ունակ է անվերջ աշխատելու, կարգուկանոնին հետևելու: Նրա կերպարի բնութագրական նախադասությունն է՝ ա՛յ այս ձեռքերով, բոլորովին ինքնուրույն են ամեն բանի հասել: Զրկանք տեսած կնոջ համար կյանքում որևէ սոցիալական նիշ զբաղեցնելը դարձել է գերնպատակ, որի ճանապարհին նա անտեսել է սեր, հոգածություն, քնքշանք հարազատների հանդեպ: Առանց մայրական խնամքի մեծացած կինը սեր չի տալիս նաև իր դստերը, որն անապահով կյանքի հետևանքով թույլ ու հիվանդոտ է ծնվում: Հետպատերազմյան Լեհաստանում կյանքը հեշտ չի կայանում:

Մոր (1-ին կին) և դստեր (2-րդ կին) օտարվածության չափը լավագույնս ներկայացնող տեսարան է, երբ հոգսերից հուսահատված երկու կանայք մի պահ կողք-կողքի կանգնած վառում են ծխախոտները: Վաղուց հասուն կին դարձած դստեր ծխելն առաջին անգամ է նկատում մայրը: Դերասանուհի Ելենա Վարդանյանը՝ դու ի՞նչ է, ծխո՞ւմ ես, արտահայտությունն արտաբերում է վախի, զարմանքի, կատակերգական ընդգծումների համակցությամբ: Սա նրանց հաղորդակցման միակ ընդհանուր կետն է, և իրար հետ խաղաղ կանգնելու հազվագյուտ վայրկյաններից:

Դերասանուհի Տաթև Մելքոնյանը վերջին տարիներին հանդիսատեսին չի դադարում զարմացնել երկլեզու խաղի, խոսքի և ֆիզիկական պատրաստվածությամբ մեկը մյուսից տարբեր իր կերպարների մեկնաբանություններով, որոնք կառուցված են գրագետ և վարպետորեն, կերպարների արտաքին ու ներքին տիպական ընդգծումներով:

«2-րդ կնոջ» դուստրը (3-րդ կին) ի՛ր ողբերգությունն ունի. «Երբ մայրիկին պետք է բնակարան, նպաստ, ուղեգիր, ես հաշմանդամ եմ», իսկ երբ պիտի գնա աշխատանքի, աղջիկը առավոտից պիտի մաքրի, արդուկի, լվանա, թեև 13 տարեկան է: Ի դեպ, դերասանուհի Հայարփի Զուռնաչյանը բեմում կաղություն չի խաղում, հոգեվիճակի ու խոսքային տարածությամբ է ստեղծում հաշմանդամության իրողությունը, ինչի շնորհիվ ներկայացումը չի ծանրաբեռնվում պաթոլոգիզմով: Կյանքն աստիճանաբար լավանում է, սոցիալական կեցությունը՝ նույնպես, սակայն միայնությունը չի փարատվում: Աղջկա ու հոր հարաբերությունները մոր հանդեպ ամբողջովին սպառողական են, նրանք ոչնչի կարիք չունեն, միայն սիրո պակաս ունեն, որ ունակ չեն իրար տալու ո՛չ մայր ու դուստր, ո՛չ տատը թոռանը, ո՛չ դուստրն ու հայրը: Սա չէ՞ արդյոք պատճառը, որ հասարակությունից մեկուսացած և որպես անհատականություն չկայացած աղջնակը մեծանալով՝ մի օր որոշում է մոր իշխանությունից դուրս գալ: Անգամ վճարում է Լուկաշին, որ իրեն հղիացնի, քանի որ ուզում է սեր տալ իրենից ծնվածին: Նրա  անզգացմունք մայրն ամեն հարց լուծել է ապտակներով ու բռնությամբ: Բռնության միջավայրում մեծացած երրորդ հերոսուհին ժառանգել է տատի թուլակամությունն ու խմելու հանդեպ սերը: Անկամ ու անսկզբունք կինը նույնպես չի կարողանում լավ մայր լինել: Հայարփի Զուռնաչյանը ճնշված, փխրուն, զգացմունքային, սիրո կարոտ աղջնակից՝ կոտրված ու թուլակամ մայր ու անգամ թոռնիկի սպասող կին է դառնում կերպարի զարգացման ընթացքում՝ այս ճանապարհն անցնելով մեղմ կիսատոներով:

Չորրորդ թեման արդեն նոր սերնդի մասին է: Ալկոհոլիզմով տառապող մոր խելացի, ուշիմ աղջնակը, որը նույնպես մեծանալով բռնության ստվերում, անսիրտ տատի, մարդկային դեմքը կորցրած նախատատի ստեղծած իրականությունում, այնուհանդերձ, ձգտում է հասնել գարդենիաների իր ծաղկեփնջին: Պարզվում է՝  Լեհաստանում հարսանեկան ծաղկեփունջը գարդենիայից է պատրաստվում, ծաղիկ, որը խորհրդանշում է նոր կյանք ու սկիզբ: Թեև այս ծաղկի անուշաբույրն ունակ չէ փակելու գարշահոտությունը, որ կյանքն է տարածում: Աննա Մանուչարյանը (Հռիփսիմե Նահապետյան) բերում է աշխարհի առջև բաց, առաջադեմ, ներող ու սիրող՝ Լեհաստանում 80-ականներին ծնված սերնդի թեման, որ Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմից հայաստանյան այսօրվա երիտասարդության հայացքներն ու կենսակերպն է արտացոլում: Հերոսուհին լավ կրթություն է ստանում ու լավ աշխատանք է գտնում գրասենյակում, նա հաջողում է անգամ անձնական կյանքում: Սա է ներկայացման ուղերձը, որը դերասանուհին փոխանցում է համոզիչ, սթափ ու լավատեսական հնչերանգներով: Նրանց վերջին սերունդը ճեղքում է այդ անվերջանալի դրամաների շղթան սիրո միջոցով ու փորձում է առաջ շարժվել: Այնուհանդերձ, այս կարեկցանք ու համակրանք, զարմանք ու զայրույթ, ծիծաղ ու տխրություն հարուցող կանայք կապված են միմյանց պորտալարով, բջիջներով, գենետիկայով, ճակատագրով, և արդեն հանգուցյալ նախատատի հիշողությունն անգամ իր ուսերին շալակած ծոռնուհին՝ բնավ ոչ անհոգ, բայց լավատեսորեն տրամադրված մտնում է նոր կյանք:

Տպավորիչ է վերջին տեսարանը, երբ զավեշտալի եռյակը ներխուժում է աղջկա կյանք: Ամենագտնվածը մահացած նախատատի աղմկահարույց հայտնությունն է բեմում անդրաշխարհից (հետնաբեմից բացվող դուռ՝ ծխի քուլաներով պատված): Նա չի կարող լքել ընտանիքը, այստեղ իրեն երջանիկ է զգում: Դերասանուհի Ելենա Վարդանյանը վառ, անհոգ, զավեշտալի, գզգզված մազերով, մի կերպ տեղավորվում է բեմառաջքի նստարանին՝ երեքի կողքին: Թեև նրան չեն տեսնում, բայց նա խոսակցություններում միշտ ներկա է՝ արդեն սրբադասված, բարոյականության ու ամենայն լավագույնի չափանիշ դարձած: Ի՞նչ կմտածեր տատիկը, ի՞նչ կասեր տատիկը, չէ՞ որ նա տոհմիկ տիկնոջ վարքուբարք ուներ, չէ՞ որ նա բարձրաշխարհիկ զինվորականի հարսնացու էր, օրինակելի կին ու մայր: Դերասանուհին խաղում է հանդիսատեսի համար, զրուցում նրա՛ հետ՝ գրոտեսկային խտացումներով անզուսպ ծիծաղ կորզում հանդիսատեսից, ապահովում ներկայացման լավատեսական ավարտը:

Իսկ քննարկվող հարցը ծոռնուհու ամուսնության թեման է՝ ինչպե՞ս կարելի է ապրել տղամարդու հետ առանց հարսանիքի: Անբարոյականություն, դաժանություն, մարդկային բոլոր մեղքերը գործած մայրերն այժմ տարիների խորքից, ասես մաքրված սրբերի պատկերով, դասեր են տալիս աղջնակին: Նրանց ոգևորության գագաթնակետը դառնում է տեսարանը, երբ երեքով կանգնում են աթոռների վրա՝ ինչպես Լենինի արձանները պատվանդաններին, և կյանքի ճշմարտություններից խոսում: Ասես հայկական ընտանիք լինի, ուր ամեն սերունդ համոզված է, որ ինքն է ճիշտ ապրել, և ընդօրինակման չափանիշ է:

Դեպի ավարտ ներկայացումը գնալով ավելի արագընթաց ու ավելի դինամիկ է դառնում՝ ասես բարձունքից ցած գլորվող զգացմունքների ու գույների ձնագունդ է, որ սպառնում է ավարտին ահռելի դառնալ ու անգամ՝ պայթյունով փլվել: Այդ պայթյունն աղջնակի հղիության լուրն է, որն ամեն մեկը յուրովի է ընկալում: Նախատատն այդ բառի վրա տեղից վեր է թռչում և ուրախությունից այլևս չի դադարում պարել. աղջիկ կլինի ու կշարունակի իրենց գիծը: Տատը մտահոգված է, գերմանական իր կազմակերպվածությամբ ու ճշգրտությամբ նա այլևս չի ցանկանում այս ամենի շարունակությունը, նա տղա է ուզում, տղա, որպեսզի ընթացքը փոխվի: Մայրն ինչպես միշտ՝ ցայտնոտի մեջ է, բայց գրեթե կարծիք չունի, նա պարզապես ուրախ է: Իրարանցում, աղմուկ, աղաղակ, ուրախություն ու մտահոգություն միախառնվում են: Սա՛ է մարդկային կյանքը, որն ամփոփվում է իրենց բնակարանի կենտրոնում և քարանում՝ ինչպես ընտանեկան լուսանկար:

Երաժշտական ճաշակով ձևավորումը (հեղ.՝ Գոռ Մարգարյան)՝ հուզիչ լեհական օրորոցայինը, տարբեր ֆիլմերի սաունդթրեքերը և հատկապես՝ կուբայական հայտնի «Dos Gardenias» հոգեհմա երգը սիրո մասին կարծես բերում են մի անհասանելի իրականության շունչը, որը կարող էր իրենցը լինել, սակայն այնքան հեռու է անսեր մնացած այս կանանցից:

Ներկայացումը շատ թեմաներ է բարձրացնում՝ կնոջ ինքնաճանաչողության, ժամանակակից կյանքի պահանջների, երջանկության և ընտանիքի սեփական մոդելի որոնումների, երիտասարդության փոխված խնդիրների ու պատկերացումների, ազգայինի խնդիրը, եվ ամենակարևորը՝ չվհատվելու, առաջ գնալու և նոր աշխարհ կառուցելու ուղերձ ունի: Ճակատագիրն այս կանանց ոտնատակ է արել, սակայն նրանք չեն հանձնվում, որովհետև նրանք ԿԻՆ են:

Ներկայացումը հստակ արձանագրում է երիտասարդ բեմադրիչի պրոֆեսիոնալ աճը և ստիպում սպասել նրա նոր բեմադրություններին:

Կարծում ենք՝ «Գարդենիան» դեռ երկար կմնա թատրոնի խաղացանկում, սակայն վայելել ցանկացողները պետք է հաշվի առնեն, որ այն նախատեսված է 16-ից բարձր տարիքի հանդիսականների համար:

 

Անուշ Ասլիբեկյան

Թատերագետ, արվեստագիտության թեկնածու

 

 

 

 

... ...