Մի նորահայտ էջ Պարույր Սևակից

1966 թվականի փետրվարի 10-ին «Ավանգարդ» թերթում մի ընդարձակ հոդված տպագրվեց այն մասին, որ Եղեգնաձորում կայացել է ուսանողական հավաք: Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող շուրջ 150 եղեգնաձորցի երիտասարդներ հանդիպել էին հանրապետության արվեստի, մշակույթի, գիտության նշանավոր դեմքերի հետ, որոնց նախապես հրավեր էին ուղարկել: Հոդվածից տեղեկանում ենք, որ հատուկ հրավեր էր ստացել նաև Պարույր Սևակը: Սակայն բանաստեղծը հավաքին մասնակցել չէր կարողացել: Փոխարենը նրանց էր հասցեագրել իր գրավոր խոսքը, որն էլ ընթերցվել էր հանդիպման ժամանակ:

Իսկ ի՞նչ պատահեց այդ ձեռագրի հետ, հավաքի մասնակիցներից ո՞վ կռահեց, որ դա թանկագին մասունք է և այն պիտի պահպանվի, այլ ոչ թե գնահատվի իբրև մի շարքային գրագրություն և, ի վերջո, ոչնչացվի, ինչպես որ մեկընդմիշտ կորստյան են մատնվել նշանավոր մարդկանց բազում ինքնագրեր ու անձնական իրեր:

Ահա նման որոնումների ու մտորումների շրջան էր, երբ գեղեցիկ մի օր նամակ ստացա Մասիս քաղաքից՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Թամարա Բաբայանից: Վերջինս տեղեկացնում էր, որ իրենց ընտանեկան արխիվում պահվում են Սևակին վերաբերող արժեքավոր նյութեր և դրանք իրեն է ժառանգել հայրը՝ Նորիկ Բաբայանը: Եղեգնաձորի ուսանողական հավաքին Սևակի հասցեագրած գրավոր խոսքը նույնպես դրանց թվում էր:

Այն տարիներին Նորիկ Կարապետի Բաբայանը պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում Եղեգնաձորի շրջկոմում: Բայց դրանից զատ, Սևակի հետ նրան կապում էին ընկերական ջերմ հարաբերությունները, որոնց վկայությունն են ընտանեկան արխիվում պահպանվող լուսանկարներն ու նամակները, ինչպես նաև դստեր հիշողությունները, որոնք գրի են առնված:

Մեկ անգամ ևս խորին շնորհակալություն հայտնելով տիկին Բաբայանին, նաև Սևակի հիշատակի օրվա առիթով ստորև ներկայացնում ենք Պարույր Սևակի բաց նամակը և լուսանկարներ, որոնք հրապարակվում են առաջին անգամ:

 

Հովիկ Չարխչյան

 

***

«Եղեգնաձորի ուսանողության ավանդական 2-րդ հավաքի մասնակիցներին.

Իմ սիրելի՛ հայրենակիցներ.

Սրտանց ցավում եմ, որ անկարող եմ մասնակցել ձեր հավաքի արդյունավետ ասուլիսին, բայց կրկնակի ուրախ եմ, որ այդ հավաքը տեղի է ունենում երկրորդ անգամ և դրանով իսկ դառնում է ավանդական:

Երիտասարդությունն առհասարակ, ուսանողությունը՝ մասնավորապես եղել է և լինելու է ամեն երկրի և ամեն ժողովրդի ապագան,- այս գիտակցությամբ էլ պիտի գործի յուրաքանչյուր հայ երիտասարդ, մանավանդ՝ ուսանող:

Ձեր և իմ ծննդավայր Եղեգնաձորը մեր հայրենիքի գեղեցկագույն անկյուններից մեկը չէ միայն, այլև մեր ժողովրդի մշակութային վաղեմի կենտրոններից մեկը:

Եկեք ամեն մեկս ապրենք ու գործենք այնպես, որ արժանի դառնանք եղեգնաձորցի կոչվելու, ինչը նախ և առաջ պարտավորություն և պարտականություն է ենթադրում...

Հաջողություն եմ ցանկանում բոլորիդ, իմ սիրելի հայրենակիցներ:

Միշտ ձեր՝ Պարույր Սևակ:

20.01.66

Երևան»: