Փարաջանովին հիշելիս...

«Ռոտերդամի ճայերը»

30 տարի առաջ, ամառային անտանելի մի շոգ օր, հուլիսի 20-ին վախճանվեց Սերգեյ Փարաջանովը: Նրա հրաժեշտի արարողությունը, հուղարկավորությունը  տեղի ունեցավ Երևանում: Փարաջանովը թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում, և Հայաստանը հերթական անգամ «գրկաբաց ու սրտառուչ պատրաստակամությամբ» ընդունեց իր աշխարհահռչակ զավակի անկենդան աճյունը, երբ տասնամյակներ շարունակ մերժում էր կենդանի ու ստեղծագործող հանճարին: Փարաջանովին երկու անգամ եմ հանդիպել, երկու անմոռանալի օր, որ երբեք չեմ մոռանա: Առաջինը 1987-ին էր, գարնանը: Արդեն քանի օր  համալսարանում լուրեր էին պտտվում, որ Փարաջանովը Երևանում է, եկել է Վեհափառի հետ հանդիպման՝ իր նոր ֆիլմի առիթով: Ասում էին Վազգեն Առաջինը խիստ հետաքրքրված էր Փարաջանովի «էջմիածնի գանձերը» կինոնախագծով: Մի օր դեմքի շատ խորհրդավոր արտահայտությամբ լսարան մտավ Չարխչյան Հովիկն ու ասաց՝ գնում ենք Փարաջանովի մոտ: Հովիկն էր, Տիգրան Պասկևիչյանը, Արման Ավագյանը, Եսայան Անին ու ես: Համալսարանից մինչև Սայաթ-Նովա փողոց՝ «Անի» հյուրանոց, տարածությունը մեծ չէր, բայց ինձ թվաց, որ մի ամբողջ հավեժություն գնացինք այդ ճանապարհը: Փարաջանովի սենյակի դուռը բաց էր: «Անի» հյուրանոցի ստանդարտ՝ նեղլիկ, երկար սենյակներից էր, որոնք ասես, հատուկ նախագծված էին հաճախ գործուղումներ մեկնող խորհրդային չինովնիկների համար: Խորհրդային այդ խցի անկյունում ես փնտրում էի իմ երևակայության մեջ գծագրված ֆանտաստիկ մոգին, որի թբիլիսյան տան կախարդական պատմությունները, զարմանալի արկածները Ֆելինիի, Տոնինո Գուերայի, Մաստրոյանիի հետ մեր ուսանողական քննարկումների ամենասիրելի թեմաներից էին: Երկյուղած հայացքով այդ փոքրիկ սենյակում փնտրում էի ամենաանհավանական գույների համադրությամբ ստեղծված հագուստով, նրբաճաշակ զարդերով ու բարձրաշխարհիկ պահվածքով հրաշագործին: Անկյունում նստած էր  խորհրդային սպիտակ տրիկոտաժից մայկայով մի մարդ և պոմիդոր էր ուտում: Փարաջանովն էր... միայն զարմանալի գեղեցիկ, լույս ճառագող ու տխուր աչքերն էին, որ համապատասխանում էին իմ երևակայության ստեղծած կերպարին: Վստահ եմ, արդեն այն ժամանակ վատառողջ էր. աչքերի շուրջ ընդգծված սև պարկեր էին, և ինքն էլ հոգնատանջ տեսք ուներ: Սեղանին ռուսական մի թերթ էր փռած, ափսեի վրա կտրատած պոմիդոր ու պանիր էին: Բացարձակ չզարմացավ մեր անսպասելի ներխուժումից, իսկ երբ իմացավ, որ համալսարանի ուսանողներ ենք՝ հաճույքով զրույցի բռնվեց մեզ հետ: Քիչ անց սենյակ մտան էլի երկու երիտասարդ: Մեկը կինոգետ էր. ասաց, որ իր գիրքը լույս է տեսել Իտալիայում և հպարտությամբ մի օրինակ նվիրեց Փարաջանովին: Նա հետաքրքրությամբ մի քանի րոպե զննում էր գիրքը, հետո հարցրեց՝ իսկ ինչու տեքստը հայերեն չկա: Հեղինակը տարակուսած ուսերը թոթվեց, իսկ Փարաջանովը հեգնախառն արձանագրեց. «Էս ենք ,էլի»: Հետո խնդրեց, որ մեզնից որևէ մեկն այբուբենն արտասանի, ու հայերեն տառերը լսում էր փակ աչքերով՝ ասես երաժշտություն էր լսում: Քանի դեռ նրա սենյակում էինք, Փարաջանովը բազմաթիվ ուրիշ սպասված ու անկոչ հյուրերի ընդունեց: Հրաժեշտից առաջ տղաներին, որոնց անուններն անգամ չգիտեր, տվեց իր «Փիրոսմանի» ֆիլմի օրինակը, որ համալսարանում նայենք, ընդամենն ասաց՝ կվերադարձնեք: Հետդարձի ճանապարհին բացակա հայացով քայլում էի Սայաթ-նովայով, ու ինձ թվում էր, թե ամբողջ քաղաքում մեն-մենակ էի...

Մեր 2-րդ հանդիպումը 1990-ի հուլիսի 25-ին էր. Փարաջանովի աճյունը դրվել էր օպերայի շենքի սրահում, ես երկար կանգնել էի սյուներից մեկի հետևում ու չէի համարձակվում անգամ մի քայլ առաջ գնալ. չէի կարող նրան անկենդան տեսնել: Հանկարծ հենց կողքիս ինչ-որ մեկն անզուսպ հեկեկաց ու երբ ձեռքերը հեռացրեց դեմքից, տեսա որ Ալեքսանդր Կայդանովսկին էր: Կայդանովսկին մեր ուսանողական տարիների կուռքն էր, խորհրդային կինոյի ամենաինտելեկտուալ ու մեծ հմայքի տեր արիտստներից մեկը: Իսկ երբ նա Տարկովսկու հրավերով նկարահանվեց «Ստալկերում», նրա՝ խորհրդային կարծրատիպերից դուրս կերպարը երիտասարդությունը վերածեց ազատության խորհրդանիշի: Կայդանովսկու աչքերն արտասվելուց հիվանդագին կարմիր ու բորբոքված էին: Անհավատալի էր այդքան ճանաչված ու սիրված արտիստին տեսնել այդ անօգնական, որբացած վիճակում: Եվ ես, մոռացած իմ հուսահատությունը, ուզում էի որևէ կերպ  սփոփել իմ սիրելի արտիստին, բայց մեր ընդհանուր կորստից առաջացած հոգևոր հրազատությամբ լուռ նրա հետ անցա  Փարաջանովին հրաժեշտի ճանապարհը: Այդ հուսահատ հուլիսյան օրը հիշելիս հիշում եմ նաև Փարաջանովի «Ռոտերդամի ճայերը» պատմվածքը:

Դուք էլ հիշեք: 

 

Ինձ՝ իմ 63 տարեկանում առավոտյան արթնացնում էր կամ պարտապանը, կամ որևէ անպետք մարդ… Իսկ այսօր ինձ արթնացրեց քաղաքապետարանը: Խփում էին աշտարակի ժամացույցի զանգերը… Ես տեսա պատուհանը… Այն կուրացրեց ինձ… Ես մտածեցի՝ այդ ինչ է այնտեղ կատարվում: Այդ ինչն է այդպես խլթխլթում, տարուբերվում: Մի՞թե օվկիանոսը: Պարզվեց՝ ճայերն են… Նրանք չվել-եկել են պերճաշուք «Հիլթոն», հոթելի մոտ ու ճչալով պտտվում էին իմ պատուհանի շուրջը: Բայց ճիչերը ես չէի լսում: Պատուհանները փակ էին: Ես տեսնում էի, թե ինչպես էին նրանք քերծում ապակին իրենց վարդագույն տոտիկներով, ընկնում և վեր էին թռչում… Ինչ-որ բան էին պահանջում… Բյուր, հազարավոր ճայեր: Այս ի՞նչ միստիկա է: Ինչո՞ւ հենց իմ պատուհանի մոտ:

Ես լրիվ մոռացել էի: Չէ՞ որ դա պանիրն է, որ կախված է իմ պատուհանից: Չորս կիլոգրամ պանիրը չտեղավորվեց իմ մինի-բարում, և ես այն պատուհանից դուրս կախեցի: Ես կովկասյան թանկ պանիր էի բերել՝ հյուրասիրելու: Թիֆլիսում բոլորն ինձ վրա ծիծաղում էին, ասում էին՝ ռոտերդամցիներն ուրիշ պանիր չեն ուտում: Նրանք հպարտանում են իրենցով: Բայց ճայերը վրա են հասել իմ պանրի վրա և ագահորեն կտցում ու տոտիկներով քերծում էին պարկը, որով այն կախված էր:  Մեր սովետական նեյլոնե պարկը՝ ամրակազմ, պինդ, օդ ներս չթողնող և ջուրը արձակող, դիմացավ: Այն ավելի ուժեղ գտնվեց, քան կապիտալիստական պարկերը. Թռչունները չկարողացան իրենց կտուցներով պատռել այն: Պարկը հաղթեց:

Իմ ճակատագրին հետևող հոլանդացիների համար. եթե մի քանի տարի անց Ռոտերդամում որևէ մեկը տեսնի ճայ, որը գրոհում է «Հիլթոն»-ի վեցերորդ հարկի պատուհանի վրա, կնշանակի՝ կամ ես աղոթում եմ ձեզ համար, կամ ես արդեն մահացել եմ: