Ես փնտրում էի քեզ, փնտրում էի

Երբ նա վերջապես հանդիպեց նրան`միանգամից չճանաչեց: Թաղամասի կես քառորդը հետևում էր՝ իր դիմաց տեսնելով միայն երկար ոտքերով կնոջ՝ շագանակագույն ֆետրե գլխարկով, ազատ ձևածքի վերարկուով, ինչպիսիք հագնում են ուսանողուհիները: Բայց հանկարծ հիշողությունն արձագանքեց նրա քայլվածքին.քայլում էր ուղղաձիգ, գլուխն ու պարանոցն անշարժ՝ դյութիչ ճոճելով ազդրերը, ինչպես քայլում են կանայք Հարավում և մեքսիկուհիներն ու իսպանուհիները՝ զամբյուղները՝ գլխին:Մի քանի ակնթարթ էլ հետևեց, թե ինչպես է նա քայլում արևոտ կողմով՝ շարժվելով դեպի Տասներկուերորդ փողոց, հետո հասավ նրան և հպվեց ձեռքին:

- Ցածր կրունկներ: ԵրբևԷ չէի հավատա, որ կտեսնեմ այդ օրը:Նա զարմացած շրջվեց. լայն ժպիտը լուսավորեց նրա դեմքը, նա թևանցուկ արեց նրան:

- Ողջույն, Փոլ: Ես դա անում եմ հանուն առողջության:

-Երբ ես մտածում եմ քո մասին, քեզ պատկերացնում եմ Նյու Յորքի ամենաբարձր կրունկներով:

- Ամեն ինչ անցյալում է, - պատասխանեց Հարիեթը: Ձեռք-ձեռքի տված նրանք դանդաղ քայլում էին արևով լուսավորված փողոցով՝ ՝ դեպի Վեցերորդ ավենյու,   - այն ժամանակ ես շատ թեթևամիտ արարած էի:

- Բայց քայլվածքդ նույնն է: Կարծես սպիտակեղենի զամբյուղ ես տանում  գլխիդ:

- Ես այս քայլվածքը մշակել եմ վեց ամիս: Դու չես էլ պատկերացնում, թե ինչպիսի ուշադրության եմ արժանանում, երբ սենյակ եմ մտնում:

- Շատ էլ լավ  պատկերացնում եմ, - Փոլը աչքը չէր կտրում նրանից: Նույն սև մազերը, ձյունասպիտակ մաշկը, նրբագեղ կառուցվածքը, մուգ մոխրագույն,միշտ՝  անգամ եռօրյա գինարբուքից հետո շողշողացող աչքերը:

Հարիեթը փաթաթվեց վերարկուով և փոքր-ինչ արագացրեց քայլքը:

- Ես գնում եմ «Ուոնամեյքերս»: Որոշ բաներ պետք է գնեմ: Իսկ դու ո՞ւր ես գնում:

«Ուոնամեյքերս», - առանց վարանելու պատասխանեց Փոլը : - Արդեն երեք տարի է, ինչ երազում եմ լինել «Ուոնամեյքերսում»:

Որոշ ժամանակ նրանք լուռ քայլում էին, Հարիեթը դեռ թևանցուկ էր արել նրան:

- Թեթևամտություն է, - լռությունն ընդհատեց Փոլը:- Գրազ կգամ, որ օտար մարդու համար մենք մեզ թեթևամիտ ենք պահում: Դու ի՞նչ ես կարծում:

- Թեթևամիտ,- Նա հետ քաշեց ձեռքը:

- Թերևս, - նա կանգ առավ, քննադատաբար նայեց Հարիեթին, որը նույնպես կանգ առավ, և շրջվեց դեպի նա, թեթև տարակուսանքի ժպիտը ծռմռեց շրթունքները: - Ինչո՞ւ ես այդպես հագնվում: Դու ինձ հիշեցնում ես  երկուշաբթի առավոտը Նորթհեմփթոնում:

- Վերցրեցի այն, ինչ ձեռքիս տակ էր: Ես մեկ ժամից պետք է գնամ:

- Սովորաբար, դու նման էիր քաղցրավենիքի մեծ, գեղեցիկ տուփի, - Փոլը բռնեց նրա ձեռքը, և նրանք շարունակեցին քայլել: - Վիեննական քաղցրավենիքի՝ յուրաքանչյուրն իր փաթեթավորմամբ, իր թավշյա բույնով: Նույնիսկ երբ գնում էիր փողոցի անկյունի խանութ` ջին գնելու, միշտ հագնվում էիր այնպես, որ ուզում էի քեզ ուտել աղանդերի փոխարեն: Չեմ կարող ասել, որ լավ փոփոխություն է:

- Կինը հագնվելու տարբեր շրջանններ ունի, ինչպես Պիկասոյի մոտ,                      - պատասխանեց Հարիեթը: - Եթե իմանայի, որ կհանդիպեմ քեզ, այլ կերպ կհագնվեի:

Փոլը թեթևակի խփեց նրա ձեռքին:

- Այդպես ավելի լավ է:

Նրանք քայլում էին, իսկ Փոլն աչքը չէր կտրում նրանից: Ծանոթ, ձգված դեմք, շատ ծանոթ բերան՝ ինչպես միշտ շրթներկի ավելցուկով, փոքր ատամներ, որի պատճառով ժպտալիս, նա հանկարծ վերածվում էր կիրակնօրյա դպրոցի աշակերտուհու:

- Դու նիհարում ես, Փոլ, - նկատեց Հարիեթը:

Փոլը գլխով արեց:

- Ես ձգված եմ տառեխի պես: Ասկետի կյանք եմ վարում: Իսկ ինչիպիսի՞ կյանք ես վարում դու:

- Ես ամուսնացել եմ, - նա լռեց: - Լսե՞լ ես, որ ամուսնացել եմ:

- Լսել եմ, - գլխով արեց  Փոլը : Նրանք անցում էին Վեցերորդ ավենյուն  և ստիպված էին արագ քայլել, քանի որ կանաչ լույսը փոխարինվեց կարմիրով:       - 1940-ի հունվարի 9-ի երեկոյան դու տանը չէիր:

- Հնարավոր է: Ես հիմա մեծ աղջիկ եմ: Երբեմն երեկոները տնից դուրս եմ գալիս: 

- Ես մոտակայքում էի ու նկատեցի, որ քո պատուհանում լույս չի վառվում: նրանք  շրջվեցին դեպի Իններորդ փողոց: - Ես հիշում եմ ինչ շոգ էր քո բնակարանում՝ ինչպես բուսաբանական այգու ջերմոցում:

-Ես շատ մրսկան եմ, - ամբողջ լրջությամբ պատասխանեց Հարիեթը: Մասաչուսեթսի ծագումս զգացնել է տալիս:

-Իսկ  ամենից շատ ինձ դուր էր գալիս, որ դու երբեք չէիր գնում քնելու:

- Յուրաքանչյուր կին իր արժանիքներն ունի: Ոմանք գեղեցիկ են, մյուսները՝ խելացի… ես… ես երբեք չէի  քնում: Դա է իմ համբավի գաղտնիքը:

Փոլը ժպտաց:

- Լռիր:

Հարիեթը նույնպես ժպտաց, նրանք միասին ծիծաղեցին:

- Դու գիտես ինչ նկատի ունեմ: Ես զանգում էի քեզ գիշերվա երկուսին, երեքին, և դու անմիջապես բացում էիր դուռը, առույգ, փայլփլող աչքերով, անհրաժեշտ տեղերում՝ սնգույրի ու ստվերաներկի առկայությամբ ...

- Երիտասարդ տարիներին ես շատ արագ էի ուժերս վերականգնում:

- Առավոտյան մենք նախաճաշում էինք Բեթհովենի երաժշտության ներքո՝ «Նյու Յորք սիթի» ռադիոկայանի դասական երաժշտության ժամին: Քաղաքապետի հատուկ հրահանգով Բեթհովենը հնչում էր առավոտյան ինից տասը: Փոլը մի ակնթարթ փակեց աչքերը: Դրանք բացեց, որպեսզի ևս մեկ անգամ նայի երբեմնի մտերիմ կնոջը, որն այժմ գրեթե անծանոթ էր և թեթև քայլում էր իր կողքին: Նա հիշեց, թե ինչպես կիսաքուն պառկած էր նրա կողքին՝ նայելով երկնաքերերի տանիքների լույսերին, որոնք փայլում էին գիշերային քաղաքի մթության մեջ, որից նրանց պաշտպանում էր մեծ ննջասենյակի պատուհանը, իսկ մի անգամ, երազում, նա  ձեռքով տրորեց նրա պարանոցը, որտեղ մազերը դուրս էին ցցվում ինչպես սուր ծլեպներ, որովհետև հենց ցերեկն էր  մազերը կտրել: Հարիեթը ծածկվեց մազմզուկներից՝ ժպտերես, քնաթաթախ՝ չբացելով աչքերը: «Ինչ սքանչելի արարած է տղամարդը ...», - շշնջաց նա: Հետո  հոգոց հանեց, ծիծաղեց և կրկին խորը քուն մտավ, նրա ձեռքն այդպես էլ մնաց Փոլի պարանոցի վրա:

Հիշելով ՝ Փոլը ժպտաց:

- Դու դեռ ծիծաղու՞մ ես իմ հագուստի վրա :

- Հիշեցի մի արտահայտություն, որն ինչ-որ տեղ լսել եմ ..., - պատասխանեց Փոլը. «Ինչ սքանչելի արարած է տղամարդը ...»:

Հարիեթը սառը նայեց նրան:

- Եվ ո՞վ է դա ասել:

Փոլը հպանցիկ նայեց նրան:

- Օսվալդ Շպենգլերը:

- Օհո, - գլուխով արեց Հարիեթը: - Հայտնի մեջբերում է:

- Հատկապես, եթե տեղին է ասված:

- Ես ևս այդ կարծիքին եմ, - Հարիեթը փոքր ինչ արագացրեց քայլերը:

Նրանք անցան փոքրիկ բարի մոտով, որում նրանք երկար ձմեռային երեկոներ էին անցկացրել, «Մարտինի» խմել, խոսել, խոսել, խոսել ու ծիծաղել այնքան բարձր, որ դեպի նրանց էին շրջվել հարևան սեղանների մոտ նստածները: Փոլը սպասում էր, որ Հարիեթը կհիշի բարը, բայց նա անգամ չնկատեց:

- Չէ՞ որ սա «Էդիի մոտ» բարն է, - նախաձեռնությունն իր վրա վերցրեց:

- Ըհը, - գլուխով արեց Հարիեթը:

- Երբ վերջանում էր նրա ֆրանսիական վերմութը , նա «մարտինիին», շերի էր ավելացնում:

- Ինչ զզվելի է,- դեմքը ծամածռում էր Հարիեթը:

- Եվ դա   ամենն է, որ դու կարող ես ասե՞լ, - Հարիետի դեմքն անկեղծ տարակուսանք էր արտացոլում, բայց Փոլը նախկինում էլ երբեք չէր կարողանում  հասկանալ`ստում է նա, թե ճշմարտությունն է ասում, և երկու տարում ոչինչ չէր փոխվել: - Կարիք չկա որևէ բան ասել: Մտնենք, ու ես քեզ խմիչք կհյուրասիրեմ :

- Ոչ, շնորհակալ եմ: Պետք է հասցնեմ գնալ «Ուոնամեյքերս» և տուն վերադառնամ: Բարում նստելու Ժամանակ չունեմ:

- Ինչպես կասես, - փքվեց Փոլը:

Նրանք շրջվեցին դեպի Իններորդ փողոց, շարժվեցին դեպի Հինգերորդ ավենյու:

- Ես գիտեի, որ անպայման կհանդիպեմ քեզ, - շարունակեց Փոլը: - Ուզում էի իմանալ, թե ինչպես դա տեղի կունենա :

Հարիեթը չպատասխանեց: Նա նայում էր փողոցի հակառակ կողմի տներին:

- Լեզուդ չորացե՞լ է, - հետաքրքրվեց Փոլը:

- Եվ ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

- Ժամանակ առ ժամանակ ես հանդիպում եմ աղջկա, որին գիտեի:

-Պատրաստ եմ վիճել, որ Նյու Յորքում դրանք լիքն են:

- Նյու Յորքը լի է աղջիկներով, որոնք ժամանակին ինչ-որ մեկի հետ հանդիպել են:

Հարիեթը գլխով արեց:

- Մի տեսակ չեմ մտածել այդ մասին, բայց դու, անկասկած, ճիշտ ես:

- Ամեն անգամ, ես զարմացնում եմ ինքս ինձ : - Ամեն դեպքում, ի՞նչ լավ աղջիկ է:  ինչո՞ւ եմ  բաժանվել նրանից: Առաջին աղջիկը, ում հետ ես հանդիպում էի, այժմ ոստիկանությունում է ծառայում: Անցյալ ամառ նա Քոնի կղզում ինչ-որ գանգստերի ջարդեց: Մայրը նրան թույլ չի տալիս տանից համազգեստով դուրս գալ: Ամաչում է հարևաններից:

-Բնական է, - հըմհըմացրեց Հարիեթը:

- Մյուս աղջիկը փոխեց ազգանունը ու պարում է ռուսական բալետում: Նրա ոտքերը ցնցող են: Միշտ նրան գեղեցկուհիների շարքին եմ դասել: Քեզ՝ նույնպես:

- Զույգով՝ մենք վատ չէինք նայվում, - ասաց Հարիեթը: - Իհարկե, քո մազածածկույթը շատ արագ էր աճում: Էլեկտրական ածելին ...

- Ես հրաժարվեցի դրանից:

Նրանք անցնում էին այն տան կողքով, որտեղ նա նախկինում ապրում էր, և Փոլը  նայեց շքամուտքի դռանը՝ հիշելով, թե ինչպես ինքն ու Հարիեթն անձրևոտ օրերին և առավոտյան, ձյունով ծածկված, մտնում ու դուրս էին գալիս նրա միջով: Նրանք կանգ առան, նայեցին ծեփը թափած փեղկերով հին աղյուսե տանը , չորրորդ հարկի պատուհանին, որից նրանք դուրս էին նայում ՝ տեսնելու, թե ինչպիսին է եղանակը: Փոլը հիշեց, թե ինչպես մի ձմեռային երեկո նրանք առաջին անգամ միասին ներս մտան այդ դռնով:

- Ես չափազանց քաղաքավարի էի, - փնփնթաց նա:

Հարիեթը ժպտաց՝ հասկանալով, թե ինչի մասին է խոսքը:

- Դու անընդհատ գցում էիր բանալին և երբ կռանում էիր՝ քթիդ տակ մրթմրթում  էիր. « Աստված իմ, Աստված իմ »:

- Ես նյարդայնանում էի: Ես ուզում էի հաստատ իմանալ, որ դու ամեն ինչ հասկանում ես ...  ոչ մի պատրանք: Լավ ընկերներ, պարզ իրավիճակ, նարինջ, վեց շաբաթից Դետրոյթից գալիս է մի ուրիշ աղջիկ, ես քեզ ոչնչով պարտական չեմ, դու էլ ՝ինձ ... Փոլը նորից նայեց չորրորդ հարկի պատուհանին: - Ապուշ:

- Ինչ խաղաղ ու հանգիստ փողոց է, - գլուխը թափահարեց Հարիեթը և կրկին թևանցուկ արեց Փոլին: - Ես պետք է գնամ «Ուոնամեյքերս»:

Նրանք առաջ շարժվեցին:

- Իսկ ի՞նչ ես գնելու «Ուոնամեյքերսում», - հարցրեց  Փոլը:

Հարիեթը մի պահ վարանեց:

- Առանձնապես ոչինչ: Ծածկոցներ, շապիկներ: Ես երեխա եմ ունենալու, զվարճալի է չէ՞, ես և երեխա, - ժպտաց Հարիեթը: - Ես ամբողջ օրը պառկում եմ անկողնում և պատկերացնում եմ, թե ինչպիսին կլինի նա: Իսկ ընդմիջումներին՝ քնում եմ ու գարեջուր եմ խմում, կերակրում եմ երկուսիս էլ: Նախկինում ես երբեք այդպիսի լավ ժամանակ չեմ անցկացրել:

-Դե ինչ, գոնե ամուսնուդ բանակից կազատես:

- Հնարավոր է: Բայց նա թունդ հայրենասեր է:

- Լավ: Երբ նա Ֆորդ Դիքսում լինի, ես քեզ կդիմավորեմ Վաշինգտոն պուրակում, ուր դու զբոսանքի կտանես երեխային: Եվ պատշաճությունը պահելու համար՝ ոստիկանական համազգեստ կհագնեմ: Ես այդքան էլ թունդ հայրենասեր չեմ:

- Բայց քեզ միևնույն է կզորակոչեն բանակ, այնպես չէ՞:

- Իհարկե: Ես քեզ լեյտենանտի համազգեստով իմ լուսանկարը կուղարկեմ: Բուլղարիայից: Ես կանխազգում եմ, որ Բուլղարիայում ստիպված եմ լինելու պաշտպանել ռազմավարական բարձունք:

- Եվ ինչպե՞ս ես դու վերաբերվում դրան: Առաջին անգամ Հարիեթը դեպի Փոլը և քննախույզ նայեց նրան:

Փոլն ուսերը թոթվեց:

- Որպես անխուսափելիություն: Դա չափազանց մեծ հիմարություն է, բայց ոչ այնքան, որքան տասը տարի առաջ:

Հարիեթը հանկարծակի ծիծաղեց:

- Ծիծաղելի ի՞նչ ասացի: - Ցանկացավ իմանալ Փոլը:

- Ես հանկարծ հարցրեցի քեզ ինչ-որ բանի հանդեպ քո վերաբերմունքի մասին: Նախկինում դրա անհրաժեշտությունը չի եղել: Դու  ինքդ էիր ինձ ամեն ինչ պատմում քո վերաբերմունքի մասին Ռուզվելտի, Ջեյմս Ջոյսի, Հիսուս Քրիստոսի, Մատիսի, յոգայի, ալկոհոլի, սեքսի, ճարտարապետության հանդեպ...

- Այն օրերին ես իմ կարծիքն ունեի ամեն ինչի վերաբերյալ, - Փոլի ժպիտ սողոսկեց տխրությունը: - Կիրք և խոսակցություն: Սեռերի միջև քաղաքակիրթ հարաբերությունների երկու անկյունաքար:

Նա շրջվեց դեպի չորրորդ հարկի պատուհանը:

- Հարմար բնակարանը էր՝ և կրքի, և խոսելու համար:

- Արի, Փոլ, «Ուոնամեյքերսը» ամբողջ գիշեր չի աշխատի:

Փոլը բարձրացրեց օձիքը, քանի որ երբ մոտենում էին Հինգերորդ փողոցին, քամին ուժգնացավ:

- Դու իմ ծանոթ աղջիկներից միակն էիր, որի հետ ես կարող էի նույն անկողնում քնել:

- Ես ոչ ոքից դեռ նման բան չեմ լսել, - ծիծաղեց Հարիեթը:- Ես քո խոսքերը պետք է ընդունեմ որպես հաճոյախոսությո՞ւն:

Փոլը ուսերը թոթվեց:

- Սա փաստ է: Գործին վերաբերող փաստ: Կամ չվերաբերող: Արդյո՞ք քաղաքավարի է այդ մասին խոսել ամուսնացած կնոջ հետ:

- Ո՛չ:

Փոլը մի որոշ ժամանակ լուռ էր քայլում:

- Ի՞նչ մտածեցիր, երբ տեսար ինձ,- վերջապես հարցրեց նա :

- Սկզբունքորեն՝ ոչինչ:

- Դու ստո՞ւմ ես:

- Ընդհանուր առմամբ՝ ոչ:

- Միթե՞ չմտածեցիր. «Տեր Աստված, ինչ՞ եմ գտել նրա մեջ»:

- Ո՛չ, - Հարիեթը ձեռքերը մտցրեց վերարկուի գրպանը:

- Ուզու՞մ ես իմանալ, թե ի՞նչ մտածեցի, երբ տեսա քեզ:

- Ո՛չ:

- Ես երկու տարի փնտրում էի քեզ, - չէր հանգստանում Փոլը:

- Իմ տան հեռախոսահամարը տեղեկատուում կա, - Հարիեթն ավելի արագացրեց  քայլերը:

- Ես չէի գիտակցում, որ փնտրում եմ քեզ, քանի դեռ չտեսա քեզ:

- Խնդրում եմ, Փոլ ...

- Ես կարող էի քայլել փողոցով, տեսնել բարը, որում մենք կողք կողքի նստել ենք , և ներս մտնել, չնայած չէի ուզում խմել, չգիտեի ինչու եմ դա անում: Հիմա  գիտեմ: Ես սպասում էի, որ դու էլ կգաս: Պատահական չէր, որ  քո տան մոտ էի:

- Լսի՛ր, Փոլ, - աղաչեց նա, - դա վաղուց էր, մենք լավ հիշողություններ ունենք, բայց ամեն ինչ ավարտվել է ...

-Ես սխալվել եմ: Հասկանու՞մ ես , սխալվել եմ: Գիտես, ես այդպես էլ չեմ ամուսնացել:

-Գիտեմ: Խնդրում եմ ձայնդ կտրիր:

Ես քայլում եմ Հինգերորդ ավենյուով և ամեն անգամ անցնելով Սուրբ Պատրիկի  տաճարի կողքով, նայում եմ շուրջս, արդյոք չե՞ս քայլում դու փողոցով: Հենց այնտեղ ես հանդիպեցի քեզ այն բանից հետո, երբ նրանք հանել էին քո ատամը: Ցուրտ եղանակ էր, դու քայլում էիր արցունքներով ողողված, կարմրած աչքերով, և դա միակ անգամն էր, երբ ես պատահաբար հանդիպեցի քեզ ...

 

 

Թարգմանեց Մարիամ Զաքարյանը