«Դիմակահանդես»՝ մեկ տարի անց կրկին բեմում

Մեկամյա ընդմիջումից հետո «Դիմակահանդես» բալետը դարձյալ Ազգային օպերայի և բալետի թատրոնի բեմում է: Այս բալետային ներկայացման բեմադրությունը 2017-ին իրականացրել է տարվա ականավոր հոբելյարը՝ Վիլեն Գալստյանը։

Բալետի ցուցադրումը տաղանդավոր պարողի և բալետմայստերի 80-ամյա տարեդարձի հեբելյանական միջոցառումների թվում էր։ Այդ էր պատճառը, որ բուն ներկայացմանը նախորդեց մի փոքրիկ տեսանյութ, որում միավորված էին Գալստյանի լուսանկարները տարբեր դերերում՝ նրա հանրահայտ զուգընկերուհիներ-պարուհիների հետ, ինչպես նաև մի քանի տարբեր տարիների պահպանված տեսանյութեր, դրվագներ, որոնցում կարելի է տեսնել Վիլեն Գալստյանի պարը։ Եվ, իհարկե, Փարաջանովի հանճարեղ կինոնկարից՝ «Նռան գույնից» մի փոքր հատված, որտեղ, ինչպես հայտնի է Գալստյանը կատարել է Սայաթ-Նովայի դերը։ Նույնիսկ այդ փոքրածավալ նյութերը՝ օրինակ, հատվածը «Ջահերով պարից»՝ «Գայանե» բալետից, անչափ տպավորեց հանդիսատեսին, թեկուզ մասամբ հաղորդելով պարողի անսպառ արտահայտչականությունը, հմայքը և կատարողական փայլուն հմտությունները։ Տեսահոլովակում ընդգրկված էին նաև կադրեր կյանքից՝ նրա կյանքի անմոռանալի ընկերուհու,  կնոջ՝ Նադեժդա Դավթյանի հետ, Գալստյանի տաղանդավոր զավակների՝ երգչուհի Ջուլիետ Գալստյանի երգեցողության և Դավիթ Գալստյանի ելույթների դրվագներ, և, իհարկե Վիլեն Գալստյանի մենախոսություն-մտորումները, որոնցում նա որոշ չափով մեկնաբանում է իր անցած ստեղծագործական ուղին։

Մինչև կանդրադառնանք բուն ներկայացմանը, մի դիտարկում. Արամ Խաչատրյանը երբեք չի ստեղծել «Դիմակահանդես» բալետ: 1941 թվականին նա Վախթանգովի անվան թատրոնի համար գրել է համանուն հայտնի սյուիտը, որն արժանի ճանաչում ստացավ։ 1953թ․ նա գրել է Բ․ Լավրենյովի «Լերմոնտով» ներկայացման երաժշտությունը, որը բեմադրվել է Մոսկվայի  Գեղարվեստական թատրոնում։ Ահա այս երկու թատերական ներկայացումների երաժշտության հիմքով, 1982-ին Էդգար Հովհաննիսյանը վերամշակման արդյունքում և ուրույն մեկնաբանությամբ ստեղծեց «Դիմակահանդես» 3 գործողությամբ բալետը, որը նույն թվականին բեմադրեցին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում Նատալյա Ռիժենկոն և Վիկտոր Սմիրնով-Գոլովանովը։ Եվ ամենակարևորը՝ Եվգենի Արբենինի դերում հանդես եկավ Վիլեն Գալստյանը։ Պետք է նշել, որ 80-ականները մեր բալետի ծաղկունքի շրջանն էր։ Մեծ կորդեբալետ, փայլուն առաջատար պարողներ և մենակատարներ, շքեղ բեմահարդարում և զգեստների ձևավորում՝ այս ամենը անմոռանալի տպավորություն էր թողնում։ Իսկ կատարողները՝ Հայաստանի ժողովրդական արտիստներ Էլվիրա Մնացականյանը /Նինա/, վաստակավոր արտիստներ Ռաֆայել Ավնիկյահը /Շպրիխ/, Սերգեյ Բարանովը /Իշխան Զվեզդիչ/, մենապարուհի Ելենա Պավլիդին /Բարոնուհի Շտրալ/ իրենց անմոռանալի   կատարումներով մեծ ապրումներ էին առաջացնում և ստիպում զգալ ողբերգության ոչ միայն ամբողջ խորությունը, այլև բազմաշերտ սիմվոլները։ Ներկայացումը երկար մնաց թատրոնի խաղացանկում։

Տարիներ անց, 2017թ․-ին Վիլեն Գալստյանը ստեղծեց «Դիմակահանդեսի» իր տարբերակը։

Նա կրճատեց երաժշտական պարտիտուրի մեծ մասը, թողնելով հիմնականում  Խաչատրյանի երաժշտությունը և որոշ հատվածներ Հովհաննիսյանի մշակումներից։ Ներկայացումը ստացվեց շատ ավելի հակիրճ՝ ընդհանուր առմամբ  մոտ մեկ ժամ տևողությամբ․ Գործողության հիմնական դրվագները ուրվագծում են Լերմոնտովի ողբերգության առանցքում ընկած գաղափարը՝ «կյանքը որպես խաղ, որպես պարահանդես, որպես դիմակահանդես»։ Չափազանց բազմազան, գեղեցիկ և արտահայտիչ են զուգապարային հնարքները, որոնց մեծ վարպետն է Վիլեն Գալստյանը։

Մեկ տարի ընդմիջումից հետո մեր Ազգային օպերայի և բալետի թատրոնի  պարային խումբը պատվով դուրս եկավ առաջին ներկայացմանը։ Արդեն հունվարի սկզբից սկսվել էին ամենօրյա պարապմունքները՝ դերասանները մեծ ջանք ներդրեցին, որպեսզի բեմ դուրս գան և հանդիսատեսին ներկայանան պատշաճ և տեխնիկապես նախապատրաստված․ խմբային տեսարաններում «գծերը» չխախտելով։

Անդրադառնալով գլխավոր դերակատարներին հիշեցնենք մեր լավագույն առաջատար պարողներին. առաջին հերթին Հայաստանի վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանին, որը ժամանակին մեծ համբավ ձեռք բերեց՝ կատարելով Սպարտակի դերը երևանյան օպերայում Յուրի Գրիգորորովիչի բեմադրած  Խաչատրյանի համանուն բալետում։ Այն ժամանակ հազիվ 20 տարեկան Ռուբենը հիացրեց թե՛ իր կազմվածքով, թե՛ հսկայական թռիչքներով, թե՛ հերոսի բազմազան դրսևորումներով՝ ստրուկներին ապստամբության հզոր կոչով, իր սիրած Ֆրիգիայի հանդեպ մեղմ, նուրբ զգացմունքնեի արտահայտչականությամբ, թե՛ Կրասոսի հսկայական զորքի դեմ միայնակ և անձնուրաց պայքարով։

Այնուհետև Ռուբենը կատարեց մեր խաղացանկի բոլոր առաջատար դերերը, յուրաքանչյուրը ներկայացնելով իր ուրույն ոճով։ «Դիմակահանդեսում» նա հանդես եկավ Արբենինի դերում, ընդգծելով այդ հակասական կերպարի բոլոր երանգերը։

Նինայի դերում հանդես է եկել Հայաստանի վաստակավոր արտիստուհի Մերի Հովհաննիսյանը։ Ինչպես միշտ անթերի պարային ամենաբարդ հնարքները ճշգրտորեն կատարելով, նա միաժամանակ ստեղծեց երիտասարդ կնոջ ճկուն պլաստիկայի միջոցներով շատ զգայուն և նուրբ կերպար։

Բարոնուհի Շտրալի դերը յուրովի մեկնաբանեց Սոնա Վարդանյանը։ Նրա կատարմամբ Շտրալը «կյանք որպես խաղ» ընդհանուր գաղափարի հիմնական արտահայտողն է՝ զվարճացող իր հնարամտությամբ և կեղծ զգացմունքներով։ Միաժամանակ պետք է ընդգծել նրա ազնվական կեցվածքը և բնատուր բեմական  հմայքը։

Իշխան Զվեզդիչի դերում հանդես եկավ միջազգային մրցույթների դափնեկիր Ռազմիկ Մարուքյանը։ Մարուքյանը երիտասարդ պարողներից է, որն արդեն բազմաթիվ առաջատար դերերում է հանդես եկել։ Նա բարեկազմ է, շատ է աշխատում իր պարային տեխնիկայի կատարելագործման ուղղությամբ։ Թեթևամիտ Իշխան Զվեզդիչի կերպարը նա ներկայացնում է որպես Բարոնուհի Շտրալի համարժեք զուգընկեր։

Շպրիխի խորհրդավոր, վրեժխնդիր և չարագործ կերպարը հմտորեն կերտեց Գրիգոր Գրիգորյանը։

Խորհրդանշական է այն հանգամանքը, որ մեկ տարի անց մեր Ազգային օպերայի և բալետի թատրոնը հենց «Դիմակահանդեսով» բացեց իր դռները հանդիսատեսի առջև՝ արժանիորեն ներկայացնելով մեր մեծ արվեստը:

 

Նազենիկ Սարգսյան

Արվեստագիտության դոկտոր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

... ...