Ազնավուր՝ Գարվարենցը ստեղծված էր դասական կոմպոզիտոր լինելու համար

Մենք ապօրինաբար կողոպտված ենք, որ նա մեզ չի թողել որևէ դասական ստեղծագործություն

Ներկայացնում ենք Շառլ Ազնավուրի հարցազրույցը Ժորժ Գարվարենցի  կինոերաժշտության ալբոմի թողարկման կապակցությամբ :

 

Մեկնաբան -Բարև ձեզ, Շառլ Ազնավուր:

Շառլ Ազնավուր -Բարև ձեզ:

Մ. -Ինչպե՞ս եղավ, որ Ժորժ Գարվարենցը մուտք գործեց ձեր կյանք՝ արտիստի և մարդու կյանք:

Շ. Ա. -Իմ քույրը հանդիպում էր Ժորժ Գարվարենցի հետ՝ նախքան նրանց ամուսնանալը, և նա ինձ ասաց. «Ես մի երիտասարդի եմ ճանաչում, որը շատ տաղանդավոր կոմպոզիտոր է, ու դու պետք է նրա հետ երգ ձայնագրես»: Ես այդպես միանգամից որևէ մեկի հետ չեմ համագործակցում. նրան պատահական ընտրած մի տեքստ տվեցի, որին հատուկ ուշադրություն էի դարձնում ու խնդրեցի  խոսքերի վրա երաժշտություն գրել: Նա գրեց, ես հավանեցի նրա արած գործը, իսկ հետո մենք սկսեցին աշխատել միասին, բայց դա ավելի ուշ էր՝ նրան ճանաչելուց մեկ, կամ մեկուկես տարի անց:

Մ. -Դուք շատ նշանավոր կոմպոզիտորների հետ եք աշխատել՝ Ժիլբեր Բեկո, Միշել Լեգրան, Մորիս Ժառ... Տպավորություն է, որ ի դեմս Գարվարենցի Ազնավուր հեղինակը հիրավի գտել է իր երաժշտական երկրորդ եսին՝ իր իսկական ստեղծագործական երկրորդ եղբորը:

Շ.Ա. -Այո, որովհետև Ժորժն իսկապես երգի տեքստի վրա էր գրում երաժշտությունը: Նա երբեք ոչ մի բառ չէր փոխուոմ, երբեք ոչ մի հնչյուն չէր հանում: Օրինակ, երբ ես երգում էի. «je t’ai-me»՝ ինձ մոտ վերջին «e»-ն չի սղվում, նա այն չէր դարձնում  «je t’aim»: Նա նաև ոչինչ չէր փոխում հեղինակային տեքստում, չէր տեղաշարժում, մանավանդ երբ ես նրան այդ մասին չէի խնդրում:  Նա չափազանց հարգալից էր հեղինակի տեքստի նկատմամբ:

Մ. -Ինչպե՞ս կարող եք բնորոշել նրա մարդկային կերպարը: Ձեր մասին նաև կարծիք կա, որ դուք ունակ եք մարդկանց հակիրճ և դիպուկ ներկայացնել:

Շ.Ա. -Ինձ թվում, թե նա նախևառաջ շատ մարդկային էակ է: Նա միշտ պատրաստ է օգնել իրեն շրջապատող մարդկանց իրենց խնդիրները լուծելու հարցում: Նա շատ զվարճալի ու տարօրինակ էր: Այդպես է, երբ մարդը տարօրինակ է, նա այսպես թե այնպես նաև զայրացնում է մարդկանց, որովհետև նմանակում է նրանց: Նա նրանց շատ չէր բարկացրել, բայց ահռելի քանակի մարդկանց էր նմանակել, այն էլ՝ այնքան լավ, որ… Նիկոլան, օրինակ, ով նրա հետ էր աշխատում…Երբ նա գտնվում էր Փարիզից 100 կիլոմետր հեռավորության վրա, մտնում է նպարեղենի խանութ ու հենց որ սկսում է խոսել, նպարավաճառը նրան ասում է. բայց չէ՞ որ Նիկոլան դուք եք ՝ որովհետև Գարվարենցն անընդհատ նմանակում էր նրան:  Ահա այս աստիճան կարող էր շփոթեցնել: Նա ընկերներ ուներ, որոնց հետ շատ-շատ մտերիմ էր: Գիտեք, երբ ընկերներ ունես, շատից-քչից տեսնվում ես նրանց հետ, իսկ նա նրանց միշտ էր տեսնում՝ նրանք անընդհատ միասին էին, միշտ նրա տանն էին: Վերջապես, մարդկայնորեն նա շատ-շատ լավն էր: 

Մ. -Թվում է, թե այն, ինչը միանգամից բնորոշում է նրա երգերը և ֆիլմերի համար գրած թեմաներր, արևելյան լիրիկայի նման մի բան է, և զգացվում է, որ այն գրեթե բխում է ակունքից: Կուզեի հստակ իմանալ, թե արդյո՞ք նրա համար շատ հեշտ էր երաժշտական գաղափարներ, մեղեդիներ գտնելը: Նա ինքնաբուխ էր ստեղծում իր երաժշտությունը, թե՞ ընդհակառակը, միգուցե այն ավելի երկարատև աշխատանքի արդյունք էր: 

Շ.Ա. -Ոչ, ոչ, նա հեշտությամբ էր մեղեդի գտնում: Այն ինչ նրանից շատ էր ժամանակ խլում, դա տոնայնությունների փոփոխությունն է երաժշտության մեջտեղում, երբ նույնիսկ չեն էլ գիտակցում, որ տոնը փոխվել է և, միաժամանակ, դա արտասովոր վերասլացում է տալիս: Օրինակ, երբ աշխատում էինք, նա աշխատում էր իմ ձայնի վրա՝ ոչ միայն տեքստի, այլ նաև ձայնի վրա: Նա երգեր ունի, որոնցում կան տոնայնությունների շատ զարմանալի փոփոխություններ՝ երաժիշտներն անընդհատ փաստում են դա: Նրա գործերում մեծ քանակությամբ իտալական ինչ-որ բան կա, այ, դուք ասում եք արևելյան, բայց նա իտալական կողմ ունի: Նա իտալական լիրիզմ ունի, իտալացի կոմպոզիտորներին ու օպերաներին բնորոշ քնարերգություն ունի:

Մ. -Դուք խաղացել եք այն ֆիլմերում, որոնց համար Ժորժ Գարվարենցը երաժշտություն է գրել: Ի՞նչ է դա՝ ավելի հեռու գնալու, երգից դուրս միմյանց հետ աշխատելու ցանկությո՞ւն:

Շ. Ա. -Ոչ, մինչդեռ Ժորժը պաշտում էր կինոյի համար երաժշտություն գրելը, ես միշտ էլ դրանից հեռու էի: Երբ մենք ծանոթացանք, նա արդեն տասնյակ ֆիլմերի երաժշտության հեղինակ էր, սակայն դա ինձ բոլորովին չէր հետաքրքրում՝ չեմ սիրում, երբ պետք է ծառայել մեկ ուրիշ բանի: Ես լիակատար ազատություն եմ սիրում, իսկ Ժորժն իր ազատությունը գտնում էր նույնիսկ այլոց ծառայություն մատուցելու մեջ, հենց այսպես: Նա նույնիսկ հասնում էր այն բանին, որ համոզում էր բեմադրող ռեժիսորին, որ այս կամ այն կտորում պետք է լինի ոչ թե արագ, այլ քնքուշ երաժշտություն և այլն: Դա է պատճառը, որ նա բարդ փոխհարաբերությունների մեջ էր բազմաթիվ բեմադրիչների հետ: Սկզբում նրանք ունեին փոքր դժվարություններ, որովհետև բեմադրող ռեժիսորն ասում էր ինքն իրեն. «Այո, բայց նա իմ տեղն է գրավում»: Եվ հետո, քիչ-քիչ ընտելանում էին, ու, հաճախ, նա աշխատում էր նույն մարդկանց հետ, որովհետև պետք է հաշիվ տանք մեզ, որ նա ոչ միայն աշխատում էր նրանց փոխարեն, այլև ավելի շուտ՝ մտածում էր նրանց փոխարեն, այն էլ մտածում էր, թե որտե՛ղ է պետք օգտագործել երաժշտությունը, ե՛րբ է պետք դնել այն և ի՛նչ ծավալի երաժշտություն է պետք թողնել ֆիլմում երբ այն արդեն կինոդահլիճներում է հայտնվելու:

Մ. -Ի՞նչն էր նրան հիացնում կինոյում:

Շ.Ա. - Ինչը նրան հիացնում էր կինոյում, դա պատկերին միանալն էր՝ նրան միաձուլվելը, նրա մեջ խրվելը: Մենք չենք գիտակցում, բայց ֆիլմերում գլխավոր դերասաններից ամեն մեկի համար կա իր թեման: Նա սկսում էր այս թեմայով, հետո, բնականաբար փախչում-հեռանում էր դրանից, բայց նա հետևում էր դերասանին իր ամբողջ դերի ընթացքում: Մինչդեռ ես ավելի հեռու եմ գնում՝ հավակնում եմ, որ նա կարող էր դասական կոմպոզիտոր լինել, ինչը նրան չի հաջողվել, որովհետև նա շատ ժամանակ է տրամադրել երգեր և ֆիլմերի համար մեղեդիներ գրելուն: Բայց նա ստեղծված էր դասական կոմպոզիտոր լինելու համար ու ավելի լավ կլիներ, որ նա իրեն համար այդպես հռչակ ստեղծեր: Այսօր, երբ որևէ սիմֆոնիա ենք լսում, հարցնում ենք ինքներս մեզ, թե ո՞վ է հեղինակել ու ձայնագրել այն՝ լավ կլիներ, որ նա դրանով զբաղվեր: Բայց ես կարծում եմ, որ մենք ապօրինաբար կողոպտված ենք այն առումով, որ նա մեզ չի թողել որևէ դասական ստեղծագործություն, նույնիսկ, եթե նա ահռելի թվով երգեր է գրել, որովհետև նա շատ ուրիշ բաներ է ստեղծել, բայց ես կարծում եմ, որ լավ կլիներ եթե մի կոնցերտ լիներ՝ Գարվարենցի գրած կոնցերտը:

Մ. -Գործնականում դուք աշխատել եք նրա հետ 35 տարի: Երբ մտածում եք ձեր կյանքի այս ժամանակաշրջանի մասին, դուք կարոտում ե՞ք այդ օրերը:

Շ.Ա. -Այո, նախևառաջ այն պատճառով, որ գիտեմ, որ ես նրան չեմ փոխարինի: Ես երգեր կստեղծեմ այս կամ այն անձանց հետ, բայց ես ավելի ու ավելի քիչ մարդկանց հետ եմ երգեր գրում, որովհետև ինքս եմ զբաղվում դրանով, բայց ես գիտեմ, որ հնարավոր չէ փոխարինել իմ պատճենին՝ իրականում նա ամբողջովին իմ պատճենն է:

Մ. -Լավ, ևս մեկ անգամ շնորհակալություն այս վկայության համար, որը թույլ կտա ալբոմի ունկնդիրներին ևս մեկ անգամ լսել այն արդեն «մեկ ուրիշի ականջով»:

Շ.Ա. -Նրանք իմ կարիքը չունեն այն ունկնդրելու համար: Նրանք անմիջապես կկլանվեն Գարվարենցի երաժշտությամբ:

 

 

Հղում՝ Ciné Music Club

Ֆրանսերենից թարգմանեց՝ Նունե Գալստյանը