Զուգահեռ աշխարհ, որտեղ պատերազմ չկա

«Սրախողխող անելու ցանկության բացակայություն՝ ոչ չին զինվորին, ոչ ամերիկացի, ոչ ռուս»: 

Մուրակամի

 

«Ոչ մի պատերազմ ոչ մեկի համար լավը չէ»,- ասել է ճապոնացի ռեժիսոր Ակիրա Կուրոսավան «Օգոստոսյան ռապսոդիա» ֆիլմի (ատոմային ռումբից հետո վերապրող Նագասակիից մի ծեր կնոջ մասին) առիթով հանճարեղ Մարկեսին տված   հարցազրույցում։

Ճապոնական արվեստը դասագիրք է, թե ինչպես կինոյով, գրականությամբ հաղթահարել պատերազմի, ատոմային ռումբի, իրական կապիտուլյացիայի աղետը։ Ինչպես են արվեստում իրենց՝ ազգային ու մարդկային տրավման վերապրել Կուրոսավան, գրողներ Մուրակամին, Իսիգուրոն։

Նույն զրույցի ընթացքում հանճարեղ ռեժիսորն ասել է. «Ես ռմբակոծության օրը լավ եմ հիշում, բայց մինչև հիմա հավատս չի գալիս, որ իրական աշխարհում կարող էր նման բան տեղի ունենալ»։

Թվում է, իրական աշխարհում հնարավոր չէր, որ պայմանական Հեյդարը, Իլհամը, Թալեաթն ու Ռեջեփը մի վայրում միաժամանակ հայտարարեին, թե վերադարձել են շարունակելու 1915 թվականի կիսատ թողածը։ Սա՝ իբրև հեռավոր կամ զգացական անկասելի համեմատություն, երբ մենակ մնացինք թշնամիների, դրկիցների, հավատակիցների ու բախտակիցների մեջ։

«Բայց, կարծում եմ, այն երկիրը, որ ռումբ է գցել, ամենաքիչը պետք է ցավակցություն հայտնի Ճապոնիայի ժողովրդին։ Քանի դա չի եղել, այս դրաման չի ավարտվելու»,- զրույցը եզրափակել է Կուրոսավան։

Չավարտվող դրամայի ճապոնական գրական արծարծումները քննենք ամենակուլտային հեղինակներից մեկի՝ Հարուկի Մուրակամիի հանրաճանաչ վեպերի օրինակով՝ «Կաֆկան ծովափին», «Ոչխարների որս», «Դենս, դենս դենս», «Լարովի թռչնի ժամանակագրությունը»։

Մեր ժամանակների գրական ֆենոմեն Հարուկի Մուրակամին ծնվել է Կիոտոյում, ճապոնիայի հինավուրց մայրաքաղաքում։ Հայրը ճապոներենի ուսուցիչ էր։ Դասական դրամա է ուսանել Վասաեայի համալսարանում։ 22 տարեկանում ամուսնացել է դասընկերուհու՝ Յոկո Թակահասիի հետ։ Ուսանողական տարիներին ակտիվ մասնակցել է Վիետնամի պատերազմի դեմ բողոքի ցույցերին: Մուրակամին իր գրականությամբ ծագող արևի երկիրն առավել գրավիչ դարձրեց օտար աչքի համար։ Առեղծվածային, հեռավոր, անհասկանալի Ճապոնիային նոր կողմից նայելու հնարավորություն ընձեռեց։

«Նորմալ մարդկանց հետ տեղի ունեցող աննորմալ բաների պատմությունների» հեղինակի մի քանի տասնյակ վեպերում միստիկայի և ֆանտաստիկայի տարրերի շաղախի մեջ աննկատ, առաջին հայացքից երկրորդական վիպական սյուժեների մեջ, առկա է անցյալում տեղի ունեցած պատերազմը։ Տարիներ ձգված, սարսափելի ելքով  աղետը, որը թեև տեղի է ունեցել հերոսների ծնվելուց տասնամյակներ առաջ, սակայն կյանքի ինչ-որ կարևոր պահի հայտնվում է՝ հիշեցնելով իր մասին։

 

«Երկիրը փոքր է, կղզի, ուր կարող ես փախչել»

Մուրակամի «Կաֆկան ծովափին»

«Կաֆկան ծովափին» վեպը Մուրակամիի ամենագրավիչ վեպերից է՝ ճակատագրական սեր, մորից լքված երեխա, տնից ու հոր մռայլ մարգարեությունից փախչող դեռահաս Կաֆկան, էդիպյան իրականացված կոմպլեքս։ Ժամանակն այստեղ այնքան էլ կարևոր հարց չէ, և այժմն ու վաղուցը նույնական են։

Սրան զուգահեռ հյուսվում է մտավոր ունակությունները դպրոցական հասակում կորցրած ծերունի Նակատայի պատմությունը, որն ուղղակի ակնարկ է Երկրորդ համաշխարհայինի մասին։ Պատերազմի տրավման Նակատան տարել է բաց դաշտում, դասի ժամանակ։ 1944 թ նոյեմբերին, երբ ուսման ժամանակ չէր, ուսուցչուհին և 16 աշակերտն անտառում, բնագիտության դասին, սունկ հավաքելիս  երկնքում ինքնաթիռ են տեսնում, որը «ստիպում է մտածել պատերազմի մասին»։ Պարզ երկնքում հայտնված ինքնաթիռը չի վախեցնում՝ ի՞նչ իմաստ ունի ռմբակոծել լեռները։ Հար և նման այն հարցին, թե պատերազմի ավարտին ինչ իմաստ ուներ ատոմային հարված հասցնել Հիրոսիմայի և Նագասակիի խաղաղ բնակիչներին։

Այնուամենայնիվ, սունկ հավաքող երեխաները կորցնում են գիտակցությունը, և ենթադրվում է, որ «Ամերիկան փորձարկել է թունավոր գազ»։ Գերազանցիկ աշակերտ Նակատան երկար կոմայից հետո ուշքի է գալիս ամեն ինչ և բոլորին մոռացած։

Արդեն ծերունի Նակատան մի բան գիտի՝ ելքը պետք է փակել, չի կարող բաց մնալ։ Իսկ դրանից առաջ պետք է գտնել ու սպանել տձև, անտես, անձև, լպրծուն հրեշին, երեխաների սպառնալիք պատերազմի հրեշին։ Ու փակել նրա`կրկին դուրս գալու  ճանապարհը։

15 տարեկան Կաֆկան իր չտեսած պատերազմին առնչվում է պատահաբար՝ շատ տարիներ առաջ անտառում կորած զինվորների հետ հանդիպման միջոցով։ Նրանք երկար տասնամյակներ ժամապահի դերում են, քանի որ ելքը պետք է փակել. այն չի կարող բաց մնալ։

Կաֆկա․ «Ես տեսա երկու զինվոր։ Նրանց հագին հին կայսերական բանակի զինվորական դաշտային հագուստ էր, նրանց դեմքերն ամենևին ռազմաշունչ չէին։

-Դուք հենց այն մարդի՞կ եք, ովքեր կորել են այս լեռներում։

-Մենք չենք մոլորվել, փախել ենք։ Ոչ թե փախել ենք, այլ պատահաբար հայտնաբերեցինք այս վայրը և մնացինք, փոխարենը մեզ պատերազմ չուղարկեցին։ Հարկ չեղավ սպանել ուրիշներին կամ զոհվել։ Ո՞ւր փախչես Ճապոնիայից, կգտնեն, երկիրը փոքր է, կղզի։ Ես գյուղացի եմ, նա էլ նոր է համալսարանն ավարտել: Ոչ մեկին սպանել չէինք ուզում։ Սրախողխող անելու ցանկության բացակայություն՝ ոչ չին զինվորին, ոչ ամերիկացի, ոչ ռուս: Այդպիսի աշխարհւմ էինք ապրում»։

Այսպի՛սի աշխարհում ենք ապրում։

 

«Այդ օգոստոսյան օրը բոլորը՝ և՛ մարդիկ, և՛ կենդանիները, մտածում էին մահվան մասին»

«Լարովի թռչնի ժամանակագրություն» 

«Լարովի թռչնի ժամանակագրություն» վեպում երկու չափում կա՝ ժամանակակից Ճապոնիայում երիտասարդ Տորու Օկադայի կյանքի վայրիվերումները և չտեսած պատերազմի սարսափը։

Կյանքի պատահարները մեկ մարդու համար շատ են՝ օրերի ընթացքում կորցնում է չսիրած աշխատանքը, անհետանում է տան կատուն, անհասկանալիորեն և ընդմիշտ հեռանում է սիրելի կինը՝ Կումիկոն։ Պատերազմի (Երկրորդ համաշխարհայինի) սարսափն Օկադայի կյանք է ներխուժում նամակներով, բարեկամների ու անծանոթների հիշողություններով։

Լեյտենատ Մամիան Մանչժոու-Գո ճապոնական ներխուժման ժամանակ սպա էր․ «Մենք այն տարիներին սովորական տղաներ էինք, ուզում էի ուսացիչ դառնալ, չէի երազում ծառայել բանակում: Համալսարանից հետո պատերազմը սկսվեց, իմ կյանքը սկսեց նմանվել երազի»։

Մամիան 1945-ին կորցրել է ձեռքը՝ ռուսական բանակի հարձակման ժամանակ, ու պատերազմը նրա համար շարունակվել է սիբիրյան ճամբարում։ Քսան երկարուձիգ տարիներ՝ հայրենիքից հեռու։ Պատերազմի մի դրվագ փոխել է նրա պատկերացումը մարդու մասին։ Բորիս մարդակերի հրամանով, նրա աչքի առաջ մոնղոլ զինվորը վիրտուոզ կերպով կենդանի մաշկազերծում է ընկերոջը՝ Յամամոտոյին։ Մոնղոլը, որը վարպետացել էր ոչխար մաշկելու մեջ։ Մարդակեր Բորիսին զինվորը հետագայում հանդիպում է Սիբիրում՝ իբրև կալանավորների ահուսարսափ։

Մամիան հայրենիք է վերադառնում առանց ձեռքի, 20 թանկարժեք տարիներ կորցնելուց հետո, երբ նշանածն ամուսնացած էր ու երկու երեխա ուներ։ Քույըը, հայրն ու մայրը զոհվել էին Հիրոսիմայի ռմբահարումից։ Վերադառնում էր՝ ընտանեկան գերեզմանոցոմ ունենալով նաև սեփական գերեզմանաքարը։

Ծավալուն վեպում Օկադայի պատահական ծանոթուհին քողազերծում է պատերազմի անծանոթ դեմքը՝ Սինցզին քաղաքի գազանանոցի լիկվիդացիան։ Զինվորները՝ «իրենց կամքից անկախ դահիճները», գնդկահարեցին գազանանոցի վագրերին, ընձառյուծներին, գայլերին ու արջերին։ Իսկ «գազանանոց գնացող զինվորները հաշտ էին իրենց ճակատագրի հետ, քանի որ հետո նրանց սպառնում էր սովետական տանկը կամ Սիբիրը»։

Երկու հնդկական փղերին այդպես էլ չկրակեցին, քանզի «գտնվելով նրանց կողքին, տեսան, որ չափազանց մեծ էին սպանելու համար»։ Փղերի փրկությունը ներկայանում է իբրև մարդկայնությաև և մարդու փրկություն։

Եզրահանգումը դաժան է․ «Այդ օգոստոսյան օրը բոլորը՝ և՛ մարդիկ, և՛ կենդանիները մտածում էին մահվան մասին։ Այսօր այդ մարդիկ սպանեցին գիշատիչներին, վաղը սովետական մարդիկ կսպանեն իրենց»:

Ընդ որում, «սովետական մարդկանց» փոխարեն այստեղ կարող էր լինել «գերմանացիները, դաշնակիցների զորքերը»։ Եթե թվերը խոսուն լինելու հատկություն ունեն, ապա նույն պատերազմին զոհ գնաց երկրագնդի 50 միլիոն մարդ, 20 միլիոն սովետական քաղաքացի, 300 հազար հայաստանցի, 45 հազար  արցախցի, ավելի անձնական մակարդակում՝ իմ երկու պապիկները։

Ի  վերջո, ոչ մի պատերազմ ոչ մեկի համար լավը չէ։

 

Զուգահեռ աշխարհ, որտեղ պատերազմ չկա

Հավանաբար նոր պատերազմը դեռ չի՞ սկսվել։ Նշանակում է, շուտով կսկսվի ․․․ Պատերազմ հաստատ կլինի։ Մ՛իշտ, հնարավոր չէ չլինի։ Եթե անգամ թվում է, թե չկա, ամեն դեպքում՝ կա․․․»

«Դենս, դենս, դենս»

«Ոչխարների որս», «Դենս, դենս, դենս» վեպերում մարդ-ոչխարի ընդհանրական կերպար կա։ Համաձայն չինական լեգենդի՝ ոչխարի հոգին տեղափոխվում է մարդու մեջ, և ոչխարն ամբողջությամբ փոխարինում է անհատին։

Մուրակամիի վեպերում ծանոթ կերպարանափոխությունն այլ՝ հակապատերազմական երանգավորում ունի, ու հավանաբար այդ պատճառով  «Ոչխարների որսը» Ճապոնիայում դպրոցական ընթերցանության գիրք է։

-Իսկ ինչո՞ւ դու որոշեցիր այստեղ թաքնվել մարդանցից։

-Մենք չէինք ուզում պատերազմ մեկնել:

-Ի՞նչ պատերազմ, ո՞ւմ դեմ։

-Մենք դա չգիտենք։ Բայց չենք ուզում պատերազմ գնալ։ Այդ պատճառով էլ ապրում ենք որպես ոչխար։

Հերոսի և մարդ-ոչխարի այս իռացիոնալ, անհավանական, միաժամանակ տրամաբանական զրույցը «Ոչխարների որս» վեպից է։

Մուրակամիի վեպերի հերոսները դասալիքներ չեն, դեմ են աշխարհի կարգին, որտեղ միշտ պատերազմ է լինելու, և ոչինչ հնարավոր չէ անել։ Ընդվզումը մի այլ աշխարհ փախչելն է։

Այս դեպքում՝ զուգահեռ աշխարհ։

 

Գայանե Մկրտչյան