Զոհաբերությունների մասին՝ առհասարակ, և մեկի մասին՝ մասնավորապես

Երբ արվեստը զոհեր է պահանջում՝ ստանում է։ Երբ զոհերը սկսում են արվեստ պահանջել այդ պահանջները հաճախ կանխվում են դեռ սաղմնային վիճակում։ Ճիշտ է՝ ոչ հազվադեպ զոհ է դառնում հանդիսատեսը, որն իրավունք ունի արվեստ պահանջելու։ Երբեմն այդ պահանջները դրսևվորվում են գործողության կեսին և շատ բուռն են լինում։ Դրա համար էլ հանդիսատեսին հնարավորինս փորձում են գոհացնել։ Սակայն երբ զոհը դերասանն է, ապա պետք է ձայնը կտրի, որովհետև չի կարող պահանջել։

Այս խորիմաստ փիլիսոփայական նախաբանից հետո անցնենք մեր պատմվածքին՝ այլևս չվախենալով, որ հնարավոր է չհասկացվենք։

Հիանալի մայիսյան օր էր։ Ու թեև աշխատանքային օր էր՝ ինչ ասեմ՝ սովորական երեքշաբթի էր, ամենասովորական երեքշաբթի, որպիսիք լինում են շաբաթական մեկ  և ամսական չորս անգամ, և ահա ուրեմն, թեև աշխատանքային օր էր, սակայն դերասան Վլադիմիր Վիտոլ-Տամանինի հոգում կիրակի էր։ Եվ ոչ միայն հոգում։ Նրա հանգստյան օրն էր՝ ներկայացումից ազատ օր։ Նման օրեր շատ հազվադեպ են լինում։ Եվ բացի դա, այդ օրը նաև նույն թատրոնի դերասանուհի Տանյա Սավիցկայայի ազատ օրն էր։ Հավանաբար դրա համար էլ Վիտոլ-Տամանինի հոգում կիրակի էր։

«Վերջապես,- մտածում էր նա,- մենք միասին կլինենք մի ամբողջ երեկո, վերջապես ես փորձերից և ներկայացումներից ազատ ժամանակ ունեմ և կհասցնեմ նրան ասել՝ «Ես քեզ սիրում եմ», և նա հնարավոր է թույլ կտա համբուրել իրեն օդային համբույրով»։ Ինչպես տեսնում եք Վլադիմիրն այնքան էր զբաղված, որ չէր կարողանում Տանյային ասել աշխարհում ամենաքնքուշ և հաճելի այդ երեք բառերը։ Ճիշտ է՝ նրանք երբեմն հանդիպում էին թատրոնի բուֆետում, սակայն փորձիր միայն ասել «Ես քեզ սիրում եմ», երբ բերանումդ բուլկու պատառն է, իսկ ձեռքումդ՝ կիսախմած կաթի շիշը։ Դա որպես ծաղր կհնչեր և կփչացներ նախ ախորժակը, իսկ հետո նաև՝ փոխհարաբերությունները։ Մի քանի անգամ նա Տանյային տուն էր ուղեկցել, սակայն այստեղ էլ անհաջողություն՝ Տանյան թատրոնին շատ մոտ էր  ապրում, այնպես որ եթե այստեղ էլ սկսեր խոսել, ապա նրան կհասցներ ասել «Ես»-ը, իսկ «քեզ սիրում եմ»-ը՝ թերևս կասեր բակապահին, որը միշտ կանգնած էր մուտքի մոտ։ Եվ ահա այսօր՝ ամբողջ երեկոն միասին։ Հագնվելով, և համարյա դուրս գալով թատրոնից, Վիտոլ-Տամանինը փակեց աչքերը և որերորդ անգամ պատկերացրեց սպասվող երեկոն։ Նույնիսկ սիրտն ուժգին բաբախեց, սպազմը սեղմեց կոկորդը ուժգին, սակայն հաճելի սպասումից, և նա հազաց՝ ճիշտ ինչպես հանդիսատեսը ներկայացման ժամանակ։

-Վիտոլ-Տամանին, դու դեռ այստեղ ես։ Գնա ռեժիսորի մոտ,- Վլադիմիրին կանգնեցրեցին մուտքի մոտ հենց այն պահին, երբ սիրտն ուժգին բաբախեց։ Բաբախեց ու այդպես էլ մնաց։ (Ինչի մասին էր այդ պահին մտածում Տանյան։ Դե երևի նույն բանի)։

«Սկսվեց զոհաբերությունը»,- սարսափով մտածեց Վոլոդյան։ Այդ հարվածին նա չէր սպասում, սակայն․․․ աշխատանքն աշխատանք է, և նա՝ հարբածի պես, համաշխարհային վիշտը հայացքում, գնաց ռեժիսորի մոտ։

Երբ արվեստը զոհեր էր պահանջում, չգիտես ինչու մշտապես հայացքն ուղղում էր Վոլոդյային, իսկ երբ դափնիներ էր բաժանում, ապա նրա վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում։ Կարծես թե չկա էլ նման Վիտոլ-Տամանին, և նա ամբողջ օրը մասովկաներում չէ զբաղված։

Եվ ահա Վոլոդյան ռեժիսորի աշխատասենյակում է, նրա դեմքին ոչ թե համաշխարհային, այլ արդեն տիեզերական ողբերգություն է։

Արվեստն ի դեմս ռեժիսորի, զոհին խնդրում է մոտենալ և նույնիսկ առաջարկում է նստել։ Դա այնքան անսովոր էր, որ տիեզերական վիշտը փոխարինվեց լիովին տիեզերական զարմանքով և հոգու մեջ հույսի ստվեր սողոսկեց՝ գուցե այսօր արվեստի զոհասեղանին իրեն չեն այրելու․․․ Սակայն, ավաղ, դա միայն ստվեր էր։

-Դուք այսօր կփոխարինեք հիվանդ դերասանին,- մեղմ, սակայն աննահանջ տոնով ասաց նրան արվեստը։

«Բա Տանյան»,- համարյա թռչելու էր լեզվի ծայրից։ Սակայն դրա փոխարեն Վոլոդյան ասաց․

-Ո՞ւմ։

-Ինչը «ում»։ Եվ առհասարակ բարձր խոսեք։ Ինչ են ձեզ սովորեցրել։

-Ում պետք է փոխարինեմ,- ավելի բարձր ձայնով, սակայն տխուր ասաց Վոլոդյան։

-Գոլիկովին։ Բայց դուք մի անհանգստացեք։ Դա շատ հեշտ է։ Դուք պարզապես չար ոգու հագուստով, մետաղալարով կապված թռչելու եք օդում և բռնելու եք հրեշտակներին։ Գնացեք, փորձեք։ Ձեզ սպասում են։

«Դե ինչ, գնամ թռչեմ»,- անհաղորդ մտածեց Վոլոդյան, սակայն նրա տրամադրությունն ամենևին էլ թռիչքային չէր։

Հիշեց, թե ինչպես մի անգամ արդեն եղել էր այդ աշխատասենյակում։ Այն ժամանակ, դա շատ վաղուց էր, նա դեռ պայքարում էր, խնդրում դերեր, էպիզոդներ, ինչ որ բան՝ մի խոսքով ամեն կերպ արվեստ էր պահանջում։ Սակայն․․․ հիշեք, թե ինչ ասացինք սկզբում՝ խնդրանքները մնում էին անպատասխան։

«Ինչու,- չէր կարողանում հասկանալ Վոլոդյան։ -Թերևս ամեն ինչ կա՝ տեմպերամենտ, ձայն, հավատ և նաև այնքան հայտնի ու հնչեղ ազգանուն»։ Եվ նրա համար ահավոր վիրավորական էր, որ իր ազգանունը ոչ մի կերպ ցուցապաստառների վրա չէր հայտնվում։ Ու ահա հենց այդ ժամանակ էլ նա առաջին անգամ այդ աշխատասենյակում հայտնվեց։ Այն ժամանակ նրան չառաջարկեցին նստել, այլ միայն հարցրեցին

-Ինչ է պատահել։

Նման սկզբից Վոլոդյան մի փոքր շփոթվեց։ Սակայն միայն մի փոքր։

-Ես ուզում եմ աշխատել,- ասաց նա այնպիսի տոնով, որ նույնիսկ «Ես մարդ եմ» արտահայտությունը ավելի նվազ համոզիչ կհնչեր։

-Ես նույնպես,- ակնթարթորեն հետևեց պատասխանը։

-Ինչը և դուք անում եք,- իրեն չկորցրեց Վոլոդյան։

-Ինչը դուք էլ կանեք իմ տարիքում,- պատասխանեց ռեժիսորը, և Տամանինը տեսավ ալեհեր մազեր, ակնոց և տաք կոշիկներ։ Այդ ամենից հետո «երբ» հարցն այլևս տեղին չէր լինի և նա հպարտ հեռացավ աշխատասենյակից, և ինչպես իրեն թվաց, նույնիսկ շրխկացրեց դուռը։ Դրանից հետո այլևս չէր պահանջում և սկսեց համբերատար սպասել, երբ արդեն առաջացած տարիքում կլինի, իսկ մինչև այդ, նրան մշտապես մասովկաներում էին ներգրավում, որտեղ նրա հնչեղ ազգանունը կորչում էր տասնյակ ավելի համեստ ազգանունների մեջ։

Հիմա, սակայն նա դուռը չշրխկացրեց, այլ ծուլորեն քայլեց դեպի դուռը։

-Սպասեք,- հանկարծ ինչ-որ բան հիշեց ռեժիսորը։ - Հիշում եք, մի անգամ դուք ինձանից աշխատանք խնդրեցիք։ Ահա, խնդրեմ։ Այնտեղ նույնիսկ մի քանի ռեպլիկներ կան։ Ճիշտ է, առաջին անգամի համար մենք դրանք ջնջել ենք, սակայն մյուս անգամ՝ կասեք։

«Դե հա, իհարկե,- մռայլ մտածեց Վոլոդյան։ -Իսկ հաջորդ անգամ արդեն կգա Գոլիկովը՛։

-Ոչինչ չես կարող անել,- Վոլոդյայի վշտալից դեմքին նայելով, կարեկցանքով ասաց ռեժիսորը ,- արվեստը զոհեր է պահանջում։

«Ինչ որ շատ հաճախ է դրանք պահանջում»,- մտովի հակադարձեց Վոլոդյան և դուրս եկավ։

Նա թռավ, բավական արագ ընտելացավ և ռեժիսորի օգնականը, ձեռքը սեղմելով, ասաց․

-Դուք հիմա հրեշտակի փոխարեն բեմի բանվորին բռնեցիք, սակայն չմոռանաք, որ ներկայացման ժամանակ պետք է բռնեք երրորդ հրեշտակին։

-Կբռնեմ,- խոստացավ Վոլոդյան, նայեց ժամացույցին և գնաց դեպի բուֆետ։ Տուն, հաստատ գնալ չէր հասցնի։ Զանգեց Տանյայի տուն և «Հենց նոր դուրս եկավ» պատասխանը լսելով, միայն հոգոց հանելով ասաց.

-Փոխանցեք, որ Վոլոդյան այսօր ներկայացում ունի։

Կաթը նրան ձկան յուղ թվաց, բուլկին՝ դառնահամ։ Ուտում էր թթված տեսքով և  բավական տխուր տեսարան էր։

Եվ ահա ներկայացումը։

Չար ոգու զգեստները հագնելով և կուլիսների հետևում մետաղալարը գոտիից կապելիս՝ մտածեց․ «Իսկ տեսնես այսօր ինչ ներկայացում է»։ Սակայն հիշել չհասցրեց։

-Ձեր ելքն է,- շշնջաց ռեժիսորի օգնականը,- դե, արագ թռեք։

«Լավ ելք է»,- մտածեց նա ու թռավ։

Հինգ րոպե անց սկսեցին թռչել հրեշտակները։ Վոլոդյան փորձեց երրորդին բռնել, սակայն չկարողացավ և սկսեց հետապնդել չորրորդին, որ գոնե նրան բռնի։ Ճարպկություն գործի դնելով, բռնեց, սակայն այդ պահին, թարսի նման հրեշտակի ձեռքից բռնեց բոլորովին կողմնակի չար ոգի։

Վոլոդյան իր կողմը քաշեց, չար ոգին՝ իր։ Վոլոդյան ավելի ուժգին, չար ոգին՝ նույնպես։

-Սա իմ հրեշտակն է,- լսեց նա կողմնակի չար ոգու բեմական չարացած շշնջոցը,- բաց թողեք։

«Իսկ գուցե իրոք իրենն է»։ Սակայն առանց հրեշտակ մնալու հեռանկարը վախեցրեց նրան և ավելի ուժգին քաշեց հրեշտակին։

-Վայ, դուք ինձ պատառ-պատառ կանեք,- ցածրաձայն շշնջաց հրեշտակը։ Եվ այդ ձայնի մեջ ինչ-որ չափազանց ծանոթ բան հնչեց Վոլոդյայի համար։

-Տանյա,- ճչաց նա թատրոնով մեկ,- Տանյա։ -Եվ նրան կողմնակի չար ոգու ձեռքից պոկելով, նրա հետ թռավ դեպի կուլիսները։

-Ով ասաց դա, ով ասաց դա,- հանդիսասրահում տարածվեց ինչ-որ մեկի ամենևին ոչ բեմական շշնջոցը։

-Ով, ով՝ Ռուսլանը,- երրորդ շարքից բարձր հայտարարեց մի պատկառելի տղամարդ։

-Բայց նրա անունը Լյուդմիլա էր, ինչ Տանյա,- ընդդիմացան միանգամից մի քանի ձայներ։

-Գուցե սա ուրիշ է։

-Ահա, ուրեմն նա ոչ թե Լյուդմիլային, այլ Տանյային է սիրում։ Պարզ է։

-Ոչինչ էլ պարզ չէ ,-վրդովվեցին պիսեը իմացողները։ -Նա նրան որոնում է, և հետո՝ նա մենասեր է, ոչ ինչպես ոմանք։

Աղմուկն աստիճանաբար հանգավ։ Գործողությունն արդեն վերջացել էր։

Իսկ այդ ժամանակ կուլիսներում Վիտոլ-Տամանինը, մետաղալարից կախված և ամուր բռնած Տանյային, արագ-արագ, շնչահեղձ լինելով ասում էր․

-Տանյա, ես զանգահարեցի ձեզ։ Այնպես եմ ափսոսում, որ երեկոն կորավ։ Այնպես էի ուզում ասել, որ սիրում եմ ձեզ, սակայն այդ ժամանակ արվեստն հերթական զոհը պահանջեց և դա, ինչպես միշտ եղա ես։ Սակայն դուք ինչու եք այստեղ։ Ես պարզապես ապշած եմ։ Դուք ասես գլխիս եկած ձյուն լինեք, ավելի ճիշտ՝ երկնքի հրեշտակ։ Ես սիրում եմ ձեզ։

Հրեշտակն էլ, նույնպես մետաղալարից կախված, ուրախությունից բաբախող սրտով ասում էր.

-Երևի արվեստին մեկ զոհը քիչ է եղել։ Երկրորդն էլ ես էի։ Սակայն ամեն դեպքում ես այնքան ուրախ եմ այնքան ․․․

-Իջեք,- հնչում է ռեժիսորի օգնականի ամպրոպի որոտյուն հիշեցնող ձայնը։ -Հիմա հանվեք, իսկ վաղը․․․ - Այդ պահին ռեժիսորի օգնականն այնպիսի դեմքով նայեց, որ ասես ինքն էլ էր սարսափած, թե ինչ կլինի վաղը․․․ ինքն իրեն էր հարվածում, գլուխն էր տարուբերում, ճպպացնում էր լեզուն, և, առհասարակ, մտահոգվում էր, ասես պատկերացնում էր «Ֆաշիզմի զոհերը» նկարը և վաղն էլ Վոլոդյաին և Տանյային նվազագույնը յուղի մեջ տապակելու են։

Այո, վաղը սկանդալ է լինելու։ Հանդիսատեսը երեք ժամ հետևում էր, թե ինչպես էր Ռուսլանը սիրում Լյուդմիլային և հանկարծ վարագույրն իջնում է և իմանում է, որ նրան առհասարակ չի սիրում և նրան չէ, որ որոնում է, այլ ինչ-որ Տանյայի։

Սակայն, թե ինչ էր լինելու վաղը, մենք չենք պատմի։ Այսօր Վոլոդյա Վիտոլ-Տամանինը և Տանյա Սավիցկայան երջանիկ են։ Նրանք արագ հագնվում են և ամբողջ գիշեր թափառում մայիսյան հիասքանչ Մոսկվայով՝ կիպ հպված միմյանց։ Հիմա նրանց համար, երևի, ավելի հեշտ կլինի սպասել այն տարիքին, երբ դերասանները սկսում են աշխատել, և հիմա նրանց համար այլևս ահարկու չի լինի այն պահը, երբ արվեստը կրկին զոհեր կպահանջի։

 

Թարգմանությունը՝ Հայկուհի Գրիգորյանի