Զավեն Բոյաջյան. «Սարոյանը լեռան կամ ծառի պես բնական հրաշք է»

Շատ տխուր կլիներ աշխարհ գալ և Սարոյանին անհաղորդ մնալ

«Ամեն փոքրիկ բան աշխարհում շատ ավելին է, քան թե թվում է»:

                                                                                                 Ուիլյամ Սարոյան

Սարոյանի ծննդյան օրն է: Դարից ավելի է, որ նրա մեծ գրականությունն ու անմոռանալի կերպարը մեր անբաժան ուղեկիցն են՝ կյանքի դժվար ու լուսավոր օրերում: Սարոյանի ֆենոմենի, նրա ստեղծագործությունների թարգմանության և կինոյում սարոյանական էկրանավորումների բարդ ճակատագրի մասին է ArtCollage-ի հարցազրույցը «William Saroyan» մատենաշարի մտահղացման հեղինակ, թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանի հետ:  

 

-Հայտնի է, որ խորհրդային տարիներին ընթերցողը Սարոյանին հայերեն կարդալու մեծ ընտրություն չուներ: Բայց անկախության շրջանում նրա՝ արդեն թարգմանված, նաև՝ առաջին անգամ թարգմանվող գործերի հանդեպ շեշտակի աճեց հետաքրքրությունը: Հասկանալի է, որ Սարոյանը բոլոր ժամանակների գրող է, բայց կարո՞ղ ենք ենթադրել, որ անկախության սերունդը բոլորովին այլ հայացքով ու արժեհամակարգով է մոտենում նրա գրականությանը, որով էլ պայմանավորված է նման անհագ հետաքրքրությունը Սարոյանի հանդեպ:

-Իմ կարծիքով ամենակարևոր գործոնը, որ խթանեց ընթերցողական հետաքրքրությունը Ուիլյամ Սարոյանի և նրա ստեղծած գրականության հանդեպ, գրահրատարակչական բնույթի է. 1986-91 թվականներին լույս տեսավ Սարոյանի «Ընտիր երկերի» քառահատորյակը, որ կազմել և խմբագրել է սարոյանագետ Նատալյա Գոնչարը: Սա բեկումնային նշանակություն ունեցավ, քանի որ, ըստ էության, սարոյանական գործերի հայերեն թարգմանությունների առաջին համահավաք հրատարակությունն էր: Եվ ոչ միայն: 1950-ականների վերջից ի վեր Հայաստանում լույս էին տեսել գրողի տարբեր գործեր՝ պատմվածքներ, վեպեր, պիեսներ, բայց դրանց մեջ զգալի մաս էին կազմում միջնորդ լեզվից՝ ռուսերենից արված թարգմանությունները, մինչդեռ քառահատորյակում ընդգրկված երկերը թարգմանվել են բնագրից, մի հանգամանք, որ նոր շրջափուլ դարձավ Սարոյանի գրական ժառանգության մեր յուրացման մեջ: Փաստորեն, մեծ հաշվով հայ ընթերցողը Սարոյանին ավելի լավ ճանաչեց անկախանալու շրջանում և, բնականաբար, գրողի աշխարհայացքին հատուկ ինչ-ինչ գաղափարներ ու ընկալումներ, որոնք մասնավորապես առնչվում էին հայի ինքնությանն ու հայկականության ըմբռնմանը, արձագանքում էին անկախության շրջանի մտայնություններին, որոնք ձերբազատվել էին խորհրդային երկրի գաղափարախոսական կապանքներից ու կլիշեներից: Այսպես Սարոյանը դարձավ յուրային՝ մեր գիտակցության մեջ արմատավորվելով որպես ազգային-գրական-մշակութաբանական իրողություն, թեև չեմ կարող պնդել, թե հետաքրքրությունը նրա գրականության հանդեպ այս տասնամյակների ընթացքում մշտապես բուռն է եղել: Իմ տպավորությամբ Սարոյանին սկսեցին վերաբերվել ինչպես հայ դասական գրողներին, որոնց գոյությունը գիտակցված է, արժևորված, բայց իրականում նրանց հաճախ ճանաչում են առանց իսկապես ճանաչելու: Բազմիցս եմ համոզվել դրանում՝ հանդիպելով մարդկանց, որոնք դատողություններ էին անում Սարոյանի և նրա ստեղծագործության մասին, իսկ երբ փորձում էիր փոքր-ինչ խորանալ, պարզվում էր, որ առանձնապես ծանոթ չէին կամ էլ շատ մակերեսային պատկերացումներ ունեին: 

-2018-ին Սարոյանի հոբելյանի առիթով «Անտարես» հրատարակչությունը սկսեց  սարոյանական թարգմանական մատենաշարը: Այսօր արդեն տպավորիչ թարգմանական շարք ունենք՝ «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը, «Անունս Արամ է»  ժողովածուն, «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», «Ուեսլի Ջեքսոնի արկածները», «Մարդկային կատակերգություն» վեպերը և «Իմ անուշ փոքրիկ» պատմվածքների ժողովածուն: Ի՞նչ արժեք ունի այս շարքը Սարոյանի թարգմանական ժառանգության մեջ:

-«William Saroyan» մատենաշարն իմ մտահղացումն է, որին «Անտարես» հրատարակչությունն, ի պատիվ իրեն, արձագանքեց մեծ սիրով ու ըմբռնումով: Ինձ վաղուց հանգիստ չի տալիս այն միտքը, որ Սարոյանի գրական ժառանգության հայերենացումը մնացել է կես ճանապարհին: Ճիշտ է, հիշյալ քառահատորյակից հետո առանձին հրատարակություններով սարոյանական այլևայլ գործեր են թարգմանվել ավելի կամ պակաս հաջողությամբ, բայց նրա շատ երկեր՝ վեպեր, վիպակներ, պատմվածքներ, խոհափիլիսոփայական արձակ, դրամատիկական ստեղծագործություններ, առայսօր չկան հայերեն: Սարոյանը բեղմնավոր գրող էր և մեծ արժեքներ է թողել: Վաղուց ժամանակն է, որ մեր թարգմանչական հետաքրքրությունը Սարոյանի հանդեպ նոր փուլ թևակոխի: Այս առումով մեծ գրողի ծննդյան հոբելյանը 2018-ին պատեհ առիթ էր սարոյանական թարգմանություններին նորովի զարկ տալու համար: Անտարեսյան մատենաշարը առայժմ հրատարակել է նախկինում լույս տեսած թարգմանությունների նոր, վերանայված տարբերակներ, իսկ առաջիկայում նույն սկզբունքով կհրատարակվեն նաև «Թրեյսիի վագրը» վիպակը մի քանի պատմվածքի հետ և պիեսների ժողովածու: Բայց շատ կարևոր է, որ վերահրատարակությունների կողքին մատենաշարն ի մի բերի և նոր թարգմանություններ՝ հրամցնելով մինչև օրս հայ ընթերցողին անհայտ սարոյանական նշանակալից գործեր: Սա ամենաբարդ խնդիրն է, քանի որ կարող ուժերը սակավաթիվ են, իսկ գրողի շունչն ու յուրահատկությունները զգացող երիտասարդ թարգմանիչների առաժմ չի հաջողվում հայտնաբերել: Ուզում եմ հուսալ, որ, ի վերջո, դժվարությունները կհաղթահարվեն: Սարոյանը դեռ ի զորու է հայ ընթերցողին անակնկալներ մատուցել: Սրա վկայությունն է նաև նոր մատենաշարի և վերահրատարկությունների մեծ հաջողությունն ընթերցողների շրջանում: Առանց չափազանցության կարելի է ասել, որ վերջին տարիներս մենք ականատես ենք սարոյանական բումի, նրա գրականությունը Հայաստանում իսկական զարթոնք է ապրում:

-Դուք, որ տարիներ շարունակ զբաղվել եք Սարոյանով, ըստ էության, այսօր ամբողջացնում եք այդ մատենաշարը՝ նաև վերանայելով, խմբագրելով, վերաթարգմանելով նախկին թարգմանությունները: Ո՞րն է դրա անհրաժեշտությունը, ի՞նչ շտկումների կարիք եք տեսնում:

-«William Saroyan» մատենաշարով վերաթարգմանվել է երկու գիրք՝ «Անունս Արամ է» պատմվածքների ժողովածուն և «Մարդկային կատակերգություն» վեպը՝ կարևորագույն սարոյանական գործեր, առանց որոնց ուղղակի անհնար է նրան պատկերացնել: Առաջինը հրատարակվել է գրողի քառահատորյակում մի քանի թարգմանչի ուժերով, իսկ սա իր հետ ոճական տարասեռություն է բերել, որից տուժել է պատմվածաշարի ամբողջականությունը: Երկրորդն արդեն հնաոճ և դարն ապրած թարգմանություն էր: Իսկ Նունե Թորոսյանի նոր թարգմանություններն այս գրքերին վերադարձրել են սարոյանական անխաթար ոգին, ոճը, բնական լեզուն և կենսականությունը: Մեծ գրողների նոր թարգմանությունները հաճախ կենսական անհրաժեշտություն են, եթե մենք չենք ուզում կորցնել կապը նրանց հետ: Ինչ վերաբերում է իմ թարգմանությունների վերահրատարակություններին, միշտ հետամուտ էի հարմար առիթի դրանք վերանայելու համար: Ժամանակ է անցել, լեզվական իրողություններ են փոխվել, ես՝ որպես թարգմանիչ, ավելի եմ հմտացել, բացի դրանից, նախկին հրատարակությունները լի էին տպագրական վրիպակներով ու թերություններով, որոնք այն աստիճանի էին տխրեցնում ինձ, որ այդ գրքերն ի վիճակի չէի բացել: Իսկ հիմա ոչ թե երջանիկ եմ, այլ յոթերորդ երկնքում, որ այդ ամենը շտկելու հնարավորություն ստեղծվեց կյանքիս ընթացքում:   

-«Իմ անուշ փոքրիկ» պատմվածքների ժողովածուն, որը դարձյալ Դուք եք կազմել և թարգմանել, վերջերս համալրեց սարոյանական թարգմանությունների այս շարքը: Ընտրել եք 1930-1950-ական թվականների նրա 15 պատմվածքները, ինչո՞ւ եք ընտրել հենց այդ գործերը:

-Պատմվածքագիր Սարոյանը միշտ զարմացրել ու հուզել է ինձ իր վարպետությամբ: «Իմ անուշ փոքրիկը» կազմված է այն պատմվածքներից, որոնք ինձ առանձնակի հիացմունք են պատճառել կյանքիս տարբեր ժամանակահատվածներում և դրդել թարգմանելու դրանք: Այդ թարգմանությունների մի մասը նախկինում տպագրվել է գրքերում, մի մասը՝ լույս տեսել միայն մամուլում, մի մասն էլ՝ մնացել անտիպ: Բոլոր պատմվածքներն էլ ստեղծվել են գրողի ստեղծագործության շատ արգասավոր շրջանում և իմ կարծիքով լավագույնս են ներկայացնում Սարոյանի գրական աշխարհը գոնե փոքր արձակի առումով:

-Մենք խոսում ենք ընթերցողին հայտնի գործերի ու թարգմանությունների մասին, մինչդեռ Սարոյանի ժառանգության մի պատկառելի մասն անգամ հրատարակված չէ: Ի՞նչ բացահայտումներ են մեզ սպասվում անտիպ Սարոյանի գործերում:

-Սարոյանի անտիպ գործերին ես սակավածանոթ եմ, բայց՝ այո, նա զգալի անտիպ ժառանգություն ունի: Միայն կարող եմ ասել, որ Սարոյանի հետմահու ճակատագիրը նրա անտիպ էջերը հրատարակելու առումով մխիթարական չէ, սակավաթիվ գրքեր են տպագրվել, և սարոյանական անտիպները դեռ մնում են իրենց շահագրգիռ հրատարակչին սպասելիս: Ավելացնեմ, որ հայ ընթերցողի համար յուրովի անտիպ են մնում նաև այն գործերը, որոնք չեն թարգմանվել հայերեն, իսկ դրանց թվում այնպիսի արժեքավոր նմուշներ կան, ինչպիսիք են «Ռոք Վահրամ» վեպը, «Ծիծաղելի բան» վիպակը, ինչպես և այլ վիպակներ, բազմաթիվ պատմվածքներ, տիպիկ սարոյանական անբնութագրելի ժանրով ստեղծված գրքեր, պիեսներ: 

-Սարոյանի  գրականությունն ի սկզբանե հետաքրքրել է կինոգործիչներին: Լուիս Մայերի առաջարկով նա գրեց «Մարդկային կատակերգություն» սցենարը և, կարծեմ,  առաջին հայն  էր, որ  արժանացավ «Օսկարի»: Հետագայում բազմիցս նրա գործերին անդրադարձան թե Հոլիվուդում, թե խորհրդային ու հայկական կինոյում: Բայց, ցավոք, սարոյանական լավ էկրանավորումների մասին չենք կարող խոսել: Ինչո՞ւ նրա մեծ գրականությանը համարժեք ֆիլմեր չնկարվեցին:

-Մեծ գրականությունը դժվար է համարժեք կինո դարձնել, ավելին՝ իսկապես մեծ գրականությունն անհնար է այլ բանի փոխարկել՝ կորուստներն անհատույց են: Իսկ եթե այդպես չէ, ուրեմն առանձնահատուկ, խիստ տաղանդավոր փոխարկողներ են պետք: Մինչդեռ Սարոյանի բախտը կինոյում չի բերել, ամեն դեպքում խոշոր կինոդեմքեր նրան չեն անդրադարձել: Սարոյանի հանդեպ մեծ հիացմունքով է արտահայտվում հռչակավոր Շոն Փենը, բայց առայժմ նրան չի հաջողվել սարոյանական էկրանացում անել: Հավելենք նաև, որ Սարոյանն իր ստեղծագործական ինքնությամբ, ոճով ու լեզվական նկարագրով շատ յուրօրինակ գրող է, հակառակ իր առերևույթ պարզությանը՝ դժվարությամբ է տրվում էկրանավորման ու բեմականացման, եթե նույնիսկ բանը վերաբերում է նրա դրամատիկական ստեղծագործություններին: Օրինակ՝ «Իմ սիրտը լեռներում է» կամ «Քո կյանքի ժամերը» պիեսներում անհնարինության չափ սքանչելի ռեմարկներ կան. ոչ մի կերպ չես հաշտվում այն մտքի հետ, որ դրանք հնչող խոսքի մաս չեն կազմում և, ըստ էության, ցուցումներ են դերակատարին կամ ռեժիսորին:    

-2007-ին երևանյան «Ոսկե ծիրան» փառատոնում Անդրեյ Զվյագինցևն անձամբ ներկայացրեց Սարոյանի ստեղծագործության հիման վրա նկարահանված իր  «Արտաքսում» ֆիլմը, որը համարվում է կինոյում Սարոյանի գործերի լավագույն էկրանավորումներից մեկը: Համաձա՞յն եք այս գնահատականի հետ:

-Բնավ համաձայն չեմ: Զվյագինցևի ֆիլմը ոչ մի առնչություն չունի Սարոյանի ստեղծագործական աշխարհի հետ: Զուր չէ, որ հրամցվում է իբրև Սարոյանի «Ծիծաղելի բան» վիպակի մոտիվներով արված կինոնկար, ոչ թե էկրանացում: Ըստ այդմ էլ՝ նույնիսկ որպես պատում՝ ֆիլմը հեռու է վիպակից. թեկուզ երկուսում էլ խոսքը փոքրահասակ որդի և դուստր ունեցող ամուսնական զույգի մասին է, օգտագործվել է գրական հենքի ընդամենը մի քանի սյուժետային մանրամասն, և սրանով էլ սպառվում է ամբողջ ընդհանրությունը:   

-Վերջին էկրանավորումներց մեկը Մեգ Ռայանի «Իթակա» ֆիլմն էր, որի առնչությամբ դերասանուհին բազմիցս նշել է, որ դա իր վաղեմի ցանկությունն էր: Ֆիլմում հրաշալի դերասանական խումբ է  հավաքվել, բայց հաջողե՞լ է արդյոք Ռայանը Սարոյանի էկրանավորման հարցում:

-Ինչ խոսք, հաճելի է, որ այնպիսի հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք են Մեգ Ռայանը և Թոմ Հենքսը (նա ֆիլմի գործադիր պրոդյուսերներից է և հանդես է եկել դրվագային դերով), դիմել են Սարոյանի լավագույն գործերից մեկին՝ «Մարդկային կատակերգությանը»՝ տասնամյակներ անց նկարահանելով վեպի նոր կինոտարբերակը: Սա գեղարվեստական մակարդակով անհամեմատելի է նախորդի հետ, թեև վերջինս 1944-ին առաջադրված էր հինգ «Օսկարի», ընդ որում՝ գլխավոր անվանակարգերում (լավագույն ֆիլմ, ռեժիսոր, տղամարդու դերակատարում, օպերատոր, գրական սկզբնաղբյուր), և Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը բերեց Սարոյանին: Բայց Մեգ Ռայանը՝ որպես նորելուկ ռեժիսոր, չի բռնել քննությունը և նույնիսկ որպես դերասանուհի այստեղ անշուք տպավորություն է թողնում: Մելոդրամատիզմը, հոլիվուդյան շտամպները, անվերջանալի երաժշտությունն ու սենտիմենտալ մթնոլորտը «Իթական» դարձրել են ռետրոյի շղարշով պարուրված թույլ, ավելի շատ միջակ պատրաստվածք: Նույնիսկ ամերիկացի ականավոր դրամատուրգ և դերասան Սամ Շեփարդի մասնակցությունը ֆիլմին վիճակը չի փրկել:  

-Եվ եթե վերադառնանք Սարոյանի ֆենոմենին, ո՞րն է նրա մեծ ձգողականության գաղտնիքը, որ այսօր էլ շարունակում է գերել նորանոր սերունդների:

-Մեծ մարդու կամ մեծ արվեստի գաղտնիքն անվերծանելի է, մենք պարզապես ինչ-որ մեկնակերպեր ենք առաջ քաշում՝ ջանալով վերծանել անվերծանելին: Սարոյանը լեռան կամ ծառի պես բնական հրաշք է, որով չես դադարում հիանալ կամ զարմանալ: Իրական կյանքում էլ նա մոգական ձգողականություն ուներ, ինչպես կինոյում են ասում՝ ներկայության էֆեկտ, և եթե հայտնվում էր տեսադաշտում, անհնար էր այդ ձգողականության գերին չդառնալ, ճիշտ ինչպես Մհեր Մկրտչյանի պարագայում. այս մարդիկ ասես հիպնոտիկ ալիքներ ճառագեին: Իսկ եթե, այնուամենայնիվ, պետք է Սարոյանի ֆենոմենը բացատրել, կարող եմ ասել, որ նա ինչպես կյանքում, այնպես էլ իր անշփոթելի գրականության մեջ մեծ երեխա էր, որի հետ վերստին հայտնագործում ես աշխարհը, մարդուն, կյանքն ու մահը, սերը, գոյության մեծ խորհուրդը, ապրելու հաճույքն ու ցավը, դրաման ու զավեշտը, խենթության ու խելամտության խաբուսիկ սահմանը: Գրիմ եղբայրների հեքիաթներից մեկում մի հրաշագործ կա, որը ծղոտը ոսկու է փոխարկում. ճիշտ այդպես Սարոյանն ամեն ինչ գրականության է վերածել: Նա մի ամբողջ մոլորակ է, լուսատու, միկրոտիեզերք: Եվ վերջապես, եթե գրականությունը կարող է պրակտիկ գործառույթ ունենալ, Սարոյանը դարման է, բալասան, անմահական ջուր: Մարդկայնության հուսալի պատվար: Այլ կերպ ասած՝ նա մեր ուսուցիչն է, խորհրդատուն, հավերժական ուղեկիցը: Շատ տխուր կլիներ աշխարհ գալ և Սարոյանին անհաղորդ մնալ:    

 

Հեղինակ՝ Նունե Ալեքսանյան