Զաքար Զաքարյան. «Ճաշակի, չափի ցնցող կախարդը»

Հայկական Շարդենը

Հնարավո՞ր է պատկերացում կազմել նկարչի մասին, եթե հայտնի են նրա հազիվ երեք տասնյակ գործեր, ներառյալ՝ մի քանի տարբերակով արվածները, իսկ նկարների փոքր քանակը ու աշխարհագրական ցրվածությունը թույլ չեն տվել երբևէ տպագրել հեղինակի կատալոգները, կազմակերպել հետմահու անհատական ցուցահանդեսներ։

Կարծում եմ՝ այո՛, վերջիվերջո Վերածննդի արվեստի շատ ներկայացուցիչներից կամ, ասենք, Վերմեերից էլ հատուկենտ գործեր են մեզ հասել, բայց սեփական ձեռագիր և աշխարհընկալում ունեցող արվեստագետի յուրաքանչյուր աշխատանք կրում է այն ստեղծողի ուրույն հեղինակային ծածկագիրը, «կնիքը»։ Այդպես էլ ֆրանսահայ նկարիչ Զաքար Զաքարյանի դեպքում կարելի է գաղափար կազմել նկարչի հոգևոր աշխարհի մասին՝ փորձելով վերծանել նրա կտավներում անթեղված իմաստները, գաղտնիքները, տեխնիկական հնարքներն ու գեղագիտությունը։

Զաքարյանին բազմաթիվ իմաստներով վիճակված էր լինել առաջինը և միակը․ նա ամենանշանավորն էր 1820-1840-ական թթ․ ծնված հայազգի նկարիչներից. 19-րդ դարի առաջին ճանաչված հայազգի նկարիչն էր Ֆրանսիայում, մեր առաջին նատյուրմորտիստը: Նա, ըստ էության, մինչ օրս էլ հայազգի միակ հայտնի նկարիչն է, որ հիմնականում նատյուրմորտներ է նկարել ու միայն դրանցով է հայտնի, ինչպես Մինիոնը՝ Նիդերլանդներում կամ Մորանդին՝ Իտալիայում։

Զաքարյանին ոգեշնչել են նատյուրմորտի նիդերլանդացի վարպետները և 18-րդ դարում նատյուրմորտի ժանրի ամենաազդեցիկ ներկայացուցիչը՝ ֆրանսիացի Ժան Բատիստ Շարդենը։ Եթե մինչշարդենյան նատյուրմորտն առավելագույնը կարող էր հավակնել այլաբանության՝ ըստ ներկայացվող իրերի, նրանց դասավորության հիմք տալով տարբեր մեկնաբանությունների, Շարդենի նատյուրմորտներն այլևս մեռած («մորտ») չեն այնքանով, որ կարծես շնչում են, պատմություն, ասելիք ունեն: Զաքարյանը «որդեգրել» է այս մոտեցումը։ Շարդենի հետ Զաքարյանը մեկ այլ հարազատություն էլ ունի. երկուսն էլ առարկաները պատկերում են իրենց «նախաստեղծ, բնական ձևերով» (Ե․ Մարտիկյան)։ Պատահական չէ, որ արվեստաբանները Զաքարյանին կոչել են «նոր Շարդեն» կամ «հայկական Շարդեն»։

Մյուս կողմից, ինչպես Շահեն  Խաչատրյանն է նշում՝ Զաքարյանի կտավներում, ի  տարբերություն Շարդենի, միջավայրը գրեթե միշտ մթագնած է։ Նրա նկարների հատուկ մեղմ լուսային անցումները, որոշ առումով, հիշեցնում են ռեմբրանդյան մոտեցումները մարդկանց պատկերմանը, միայն թե այս անգամ դրանք կիրառվում են նատյուրմորտներում՝ անշունչ առարկաներ նկարելիս։ Ինչպես Ռեմբրանդի մոտ լույս և ստվերի հարաբերակցությունը բոլորովին այլ բնույթ է հաղորդում կտավներին, «նպատակ ունի դուրս ցատկեցնել լինելիությունը, այսինքն՝ իրերի մտերիմ կյանքը, աննշան մանրամասնությունները», արտահայտում է, կամ արտահանում է «իրերի ինքն իր մեջ լինելը» (Կոստան Զարյան), այնպես էլ Զաքարյանն ընտրում է իրերի ներքին բնույթով պայմանավորված արտահայտչական ձևեր։ Ըստ արվեստի պատմաբան Դ․ Լոբշտայնի, Զաքարյանն իր նատյուրմորտները «պարուրում է լուսաստվերի մթնոլորտով», ինչը «բանաստեղծականացնում է դրանք խորհրդավորությամբ»։

Զաքարյանը զուսպ է արտահայտչամիջոցների ընտրության հարցում, խնայող է գույների կիրառման մեջ և արտահայտվում է ավելի տրամադրությամբ, խորքում թաքնված կռահումների, զգացումների օգնությամբ։ Ռեմբրանդին հատուկ մուգ դեղին երանգների հակադրությունը սրճագույնին, լուսաստվերային նրբին էֆեկտները և աննկատ, նոսր քսվածքներով վրձնահարվածները տարածական խորությամբ և ներքին դրամատիզմով են հագեցնում Զաքարյանի նատյուրմորտները։ Ուրվագծերի հստակ արտահայտչությունը գործերին հաղորդում են ավարտուն բնույթ, hիասքանչ դարաշրջանի (բել էպոք) կերպարվեստին հատուկ ամբողջականություն։ Ակնհայտ է կոմպոզիցիայի մտածվածությունը, նկարչի բարձր ճաշակը։ Զաքարյանը նախընտրում է նատյուրմորտներում քիչ առարկաներ պատկերել, որպեսզի առավել ևս «անհատականացնի» դրանք, շեշտի յուրաքանչյուրի ինքնուրույնությունը։ Ասվածի լավագույն վկայություններն են Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող 1890-1900-ական թթ. հինգ նատյուրմորտները, «Սեխի կտորները Իսպանիայից», «Երաժշտական գործիքներ» կտավները (Օրսե թանգարան), «Թուզ, ընկույզ, խաղող և մի բաժակ ջուր» նկարի Դիժոնում պահվող տարբերակը։

Դրամատուրգ Լավեդանի կարծիքով՝ իրերի դասավորությունը Զաքարյանի նատյուրմորտներում ծառայում է «աչքերի մեդիտացիային», իսկ Էդգար Դեգան զարմանում էր նրա կարողությամբ՝ «մի ընկույզով, մի խաղողի հատիկով և մի դանակով քսան տարի աշխատել, փոխելով միայն նրանց տեղերը»։ Սա էլ աշխարհը ճանաչելու մի կերպ է․ «La Dépêche» հանդեսը գրում էր, որ Զաքարյանի նատյուրմորտները «միշտ անձնական հորինվածք ունեն»։

Համացանցային արխիվներում հաջողվեց Զաքարյանի կենսագրությունից մի քանի նորահայտ փաստեր պեղել։ Զաքար (Զաքարիա) Զաքարյանը ծնվել է 1884 թվականին, օգոստոսի 12-ին, Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունը ստանում է ծննդավայրում, 1867-ին ծնողները նրան ուղարկում են Փարիզ՝ Սեն-Բարբ վարժարանում բժշկական կրթություն ստանալու։

1870-ականներին սկիզբ առավ հիասքանչ դարաշրջանը՝ ֆրանսիական կերպարվեստի աննախադեպ ծաղկման ժամանակը, իսկ Փարիզը դարձավ նկարչության համաշխարհային կենտրոնը։ Քաղաքի Լատինական թաղամասում բնակվող Զաքարյանը ծանոթանում է այնտեղ բնակվող ֆրանսիացի արվեստագետների հետ, որոնց արվեստանոցներում էլ կատարում է նկարելու առաջին փորձերը։ Տեսնելով նրա նկարը՝ անվանի նկարիչ Ջոն Լյուիս Բրաունը եզրակացնում է՝ սա նկարչի գործ է։ Զաքարյանը որոշում է իրեն նվիրել արվեստին, ուստի հուսահատ ծնողները դադարեցնում են ֆինանսական օգնությունն իրենց ուսանող որդուն։ Սակայն նա չի ընկրկում․ դասեր է առնում Ֆերդինանդ Հումբերտից, այցելում պատկերասրահներ, իր մտերիմ Էդգար Դեգայի հետ զրույցներ ունենում արվեստի վերաբերյալ, ծանոթանում Էդուարդ Մանեի հետ։ Բժշկական կրթությունը կիսատ չի թողնում․ բոլոր քննությունները էքստեռնով հաջողությամբ հանձնելով՝ երեք տարի, մինչև 1878 թ․ աշխատում է հիվանդանոցներում։

Հետզհետե կատարելագործվում է նկարչության մեջ․ 1879-ին մի նատյուրմորտ է ցուցադրում Վոլնեի ակումբում, ապա՝ փարիզյան Սալոնում, 1885-ին Շանզ Էլիզեի ցուցահանդեսում իր ներկայացրած երկու նատյուրմորտներից մեկը վաճառում է Օռլեանի թանգարանին, 1888-ին՝ մեկ այլ նկար՝ Լյուքսեմբուրգի թանգարանին (Փարիզ)։ Զաքարյանը հավատարիմ է մնում նատյուրմորտի ժանրին, մասնագիտական կրթություն չունեցող ներգաղթյալ հայի տասնյակից ավելի գործեր տեղ են գտնում Ֆրանսիայի գլխավոր պատկերասրահներում։ «Յուրաքանչյուր նկարչի կամ արձանագործի բարձրագույն բաղձանքն է իր գործերից գեթ մեկը տեսնել Լյուքսեմբուրգ թանգարանի մեջ,- իր հուշերում գրում է Շիրվանզադեն, -Ես հետաքրքրվեցի գիտենալ՝ արդյոք Լյուքսեմբուրգի մեջ որևէ հայ արտիստի գործ կա՞ և տեսա միայն նատյուրմորտիստ Զաքարյանի մի քանի ոչ մեծադիր գործերը»։

1882-1887 թթ․ Զաքարյանը մասնակցում է Ֆրանսիական նկարիչների սալոնին, 1890-1909 թթ․՝ Գեղարվեստի ազգային ընկերակցության ցուցահանդեսներին։ 1900-ականների վերջերից անդամակցում է Ռոդենի գլխավորած Նկարիչների և քանդակագործների նոր միությանը, մասնակցում խմբակային ցուցահանդեսներին։ Արժանանում է 1885-ի Սալոնի պատվոգրին (նրա «Օմարը» կտավը գնվել է պետության կողմից), երրորդ կարգի մեդալի (1886), 1889-ին և 1900-ին  Փարիզի համաշխարհային ցուցահանդեսների ոսկե մեդալի, 1889 թվականին՝ Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի (ասպետի աստիճան): Այդ տարիներին նրա արվեստանոցը գտնվել է Փարիզի 9-րդ շրջանում՝ Դուե փողոցի 22 շենքում, որը պահպանվել է։

Սկսվում է ֆրանսահայ կերպարվեստի ծաղկման շրջանը։ 1901 թվականին Փարիզի նկարիչների տարեկան ցուցահանդեսում ներկայացվում են Զաքարյանի, ինչպես նաև Շահինի, Շաբանյանի և այլոց կտավները: 1907-ին փարիզյան ցուցահանդեսի ժամանակ նրա «Երաժշտական գործիքները» կտավն անմիջապես գնել է Լյուքսենբուրգի թանգարանը:

1916 թվականի հունիսին համաշխարհային պատերազմի հետևանքով տուժած «Ֆրանսիացի արվեստագետներին օժանդակող հոգատար կոմիտեի» ձեռնարկների օգտին տեղի է ունեցել մի վիճակախաղ, որի համար իրենց գործերն են նվիրել փարիզաբնակ տասներկու հայ արվեստագետներ, այդ թվում՝ Զաքարյանը, Շահինը, Փոլադը, Ալխազյանը, Տեր-Մարուքյանը, Ադամյանը, Եսայանը, Շիշմանյանը և Շաբանյանը։

Զաքարյանն ամուսնացած է եղել ծնունդով թիֆլիսեցի Նատալիա Փիթոևայի հետ, նրանք  բնակվել են Փարիզի Ժուֆրուա փողոցի 91 տանը, որը ևս պահպանվել է։ 1913-ին ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն․ երևի այլևս կորցրել է հայրենիք վերադառնալու հույսը, կանխատեսել ողբերգությունը, որ պիտի սփռեր մահ, ավեր, հայրենազրկեր արևմտահայությանը։ Զաքարյանի նատյուրմորտներում սկսում են հայտնվել արևելյան ծագման իրեր, նա հեղինակում է գորգերի էսքիզներ։ Ֆրանսահայ արվեստագետները Զաքարյանին ընկալում էին իբրև իրենց «նահապետ» (1927 թվականին  հայ նկարիչների «Անի» կազմակերպության առաջին ցուցահանդեսին հետմահու ներկայացված էին նաև նրա կտավները)։

Փտախտի պատճառով Զաքարյանը զրկվում է ոտքից, սակայն վկայում են, որ ամենևին չի կորցրել ոգու ամրությունը:

Դատելով նախորդ դարասկզբի ֆրանսիական, ամերիկյան և հայկական մամուլի հրապարակումներից՝ Զաքարյանը մեծ հեղինակություն է վայելել։ «L'illustration»-ը նրան անվանում էր «ճաշակի, չափի ցնցող կախարդ»։ «Նրան միշտ իրեն հավասար տեսնելով՝ հրճվում ենք միայն»,- գրում է «New York Herald»-ը: 1922-ի գարնանը Զաքարյանը երեք նատյուրմորտներով մասնակցում է Փարիզի «Սերքլ Արթիսթիք է Լիթեռեռ»-ի ցուցահանդեսին։

Երկար տարիներ Զաքարյանի մահվան թվականն իսկ ստույգ հայտնի չէր, չնայած նրա մահախոսականները ժամանակին տպագրվել են Թեոդիկի «Ամենուն տարեցույցում» և փարիզյան «Le Gaulois» թերթի 1923 թվականի օգոստոսի 12-ի համարում․

«Սեն Լեժե դե Մոնբրենում վախճանված պարոն Զաքարիա Զաքարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ երկուշաբթի, ժամը երկուսն անց կես, Հայ եկեղեցում։ Ծաղիկների և ծաղկեպսակների կարիք չկա»…

Զաքարյանի մեկ լուսանկար է պահպանվել, առավել հայտնի է նրա դիմանկարը, որ 1880-ականների կեսերին պաստելով արել է Էդգար Դեգան։

Զաքարյանի աշխատանքները (հիմնականում հաստոցային փոքրածավալ գեղանկարներ) գտնվում են Փարիզի Օրսե և Հայկական թանգարաններում (վերջինս այժմ փակ է), Դիժոնի Մանյին թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Էջմիածնի Գանձատանը, Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարանում, Ֆրանսիայի, Ամերիկայի, Լիբանանի մասնավոր հավաքածուներում։

Անդրադառնանք այդ գործերից ամենաարտասովորներին․ 1909-ին նկարված «Վոլտերի արձանով նատյուրմորտը» (տեղն անհայտ է, առկա է միայն լուսանկարը) ժամանակին արժանացել է մասնագետների հիացմունքին․ կտավում նրանք տեսել են «խորունկ գույներ», «ներզոր կյանք», «շփոթեցնող ճշգրտություն»։ Արվեստանոցային այլ, աննշան իրերի կողքին լուսանկարային ճշգրտությամբ պատկերված է ֆրանսիացի փիլիսոփայի կիսանդրին՝ կողքից, մտածող մարդու դեմքի կենդանի արտահայտությամբ։ Հետևի պաստառն ասես կոչված է ավելի կենտրոնացնելու դիտողի ուշադրությունը կիսանդրու վրա, ապահովելու տարածականության պատրանքը։

Զաքարյանի  արտասահմանում պահվող մի քանի գործեր ներկայացնում են միջուկը բացված, կիսված մրգեր, ընկույզ, խոզապուխտ, ասես առարկայի տեսքն արտաքինից այլևս բավարար չի նրան լիովին ներկայացնելու համար։

Հայագետ Ֆրեդերիկ Մակլերը գրել է, թե Զաքարյանը «ոչ դիմանկար փորձեց նկարել, ոչ էլ բնանկար»։ Այնուհանդերձ, արևմտյան աճուրդներում վերջին տարիներին վաճառքի է դրվել Զաքարյանին վերագրվող առնվազն մեկ՝ յուղաներկով նկարված գործ՝ «Նախասրահում» և ևս երեք նկար, որոնք ներկայացնում են պաստելով և ջրաներկով արված տեսարաններ՝ «Ռումելիhիսարի ամրոցի շուրջ», «Ռումելիhիսար» և «Տեսարան Բեյքոզից»։ Վերջին երեք ծովային տեսարանները սխեմատիկ են, չունեն այն ծավալայնությունը, որը բնորոշ է Զաքարյանի վրձնած նատյուրմորտներին, հետևաբար դրանց հեղինակային պատկանելությունն, ըստ մեզ, խիստ կասկածելի է։

Ներկայում էլ Զաքարյանի նկարները պահանջված են միջազգային աճուրդներում, ժամանակակից հեղինակներն անդրադառնում են նրա արվեստին, նրա անունը տեղ է գտնում արվեստի պատմության վերաբերյալ մենագրություններում և ուղեցույցներում, ինչը վկայում է, որ իր մահվանից հարյուր տարի անց էլ նկարիչը չի մոռացվել։ Հիրավի, «կյանքը կարճ է, արվեստը՝ հավերժ»․

 

Աշոտ Գրիգորյան

 

Պատկերներ․

1. Զաքարյանն իր արվեստանոցում

2. «Նատյուրմորտ մրգերով և պանրով»

3․ «Նատյուրմորտ բաժակով, դանակով, ընկույզով և այլ իրերով»

4. «Երաժշտական գործիքներ»

... ... ...