Զահրատի մարդակենտրոն պոեզիան

Զահրատի հայտնությունը պոլսահայ պոեզիայում, որ յուրովի շարունակում է արևմտահայ բանաստեղծության ավանդույթները, անսպասելի էր, քանզի համոզմունք կար, որ դարասկզբի աննախադեպ վերելքին այլևս փոխարինել են նահանջն ու տեղատվությունը։ Եվ Զահրատը միակը չէր․․․ Եղեռն վերապրած պոլսահայությունը ի զորու եղավ հայ գրականության երկնակամարը հարստացնելու աննման աստղաբույլով՝ Զահրատ, Զարեհ Խրախունի, Ռոպեր Հատտեճյան, Վարդ Շիկահեր, ապա՝ Իգնա Սարըասլան։

Զահրատը հրապարակ իջավ սեփական ասելիքով և նորովի, արդիական շնչով ձևակերպեց այն։ Հենց սկզբից ընտրեց մարդակենտրոն որոնումների դժվարին ուղին` իր բանաստեղծություններում մարդացնելով մինչև իսկ բնությունը։

Այս տարի լրացավ Զահրատի հարյուրամյակը․ նա ցեղասպանությունից անմիջապես հետո աշխարհ եկած սերնդի ներկայացուցիչն էր ու նրան էր վիճակված վկայելու Պոլսո հայ գրականության հարատևումը և վերապրումը։ Բանաստեղծը՝ բուն անունով Զարեհ Յալտըզճյան, ծնվել է քաղաքի Նշանթաշ թաղում։ Իր ստեղծագործություններից մեկում պատմում է՝ լույս աշխարհ գալիս անշունչ է եղել, մեծ մորաքրոջ շնորհիվ է սկսել շնչել («հաւանաբար գիտցայ թէ ինչ կեանք կը սպասէ ինծի -/ Մերժեցի ապրիլ - շունչ չառի»)։ Հայրը՝ իրավագետ և թարգմանիչ Մովսեսը մահացել է թոքախտից, երբ Զարեհը երեք տարեկան էր։ Երեխայի խնամքով զբաղվել է մորական պապը, որ խանութպան էր «պզտիկ Փարիզ» Սամաթիայում։ Զարեհն ավարտել է Փանկալթիի Մխիթարյան վարժարանը, հետո որոշ ժամանակ ուսանել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Զինվորական ծառայություն անցնելուց հետո աշխատել է դեղորայքի պահեստում, թղթավաճառի, նոտարի գրասենյակներում, ապա մինչև 70 տարեկանը զբաղվել է մանր իրերի՝ փողկապների, գոտիների, ծորակների և շղթաների առևտրով․ «Ես խանութպան-նստեր ծորակ կը ծախեմ․․․»։ Թերևս այստեղ է բանաստեղծի մտապատկերում որոշակիորեն հայտնվել նրա ստեղծագործության մեկնակետը հանդիսացող փոքր մարդը, մանրավաճառական այս մթնոլորտում է ձևավորվել անհատի ցավերը, ապրումներն ու մտասևեռումները նրբորեն ընկալելու նրա հակումը։ Հրանտ Մաթևոսյանի դիպուկ բնորոշմամբ՝ «Զահրատն էր լինելու արարածի մեր շշուկն ու լուռ վարքը, մեր գրականությունն իհարկե նրանով էր ներկալելու փոքր մեծ մարդուն, փոքր մեծ մարդը մեզանում սիրելի էր լինելու Զահրատով»։

Առաջին բանաստեղծությունը հրատարակել է 1943-ին, հետագայում էլ շարունակել է աշխատակցել պոլսահայ մամուլին, սակայն երկար ժամանակ չի հանդգնել լույս աշխարհ բերել իր բանաստեղծությունների ժողովածուն՝ հազվագյուտ դեպք հայ գրականության մեջ։ Առաջին՝ «Մեծ Քաղաքը» ժողովածուն լույս է տեսել միայն 1960 թ․՝ Պոլսում։ Նկատելի է եղել Զահրատի մուտքը հայ պոեզիայի անդաստան, հաջորդաբար լույս են տեսել նրա նոր ժողովածուները, իսկ 1978-ին նույն՝ «Մեծ Քաղաքը» խորագրով հատընտիրը հրատարակվել է Երևանում՝ Ալեքսանդր Թոփչյանի խմբագրությամբ և առաջաբանով։ Թարգմանվել է երկու տասնյակից ավելի օտար լեզուներով, պարգևատրվել «Ալեք Մանուկյան» բանաստեղծական մրցանակով, շքանշաններով ու պատվոգրերով։ 1989թ․ լույս է տեսել նրա «Մէկ Քարով Երկու Գարուն» ժողովածուն, որ արժանացել է Հայկաշեն Ուզունյան ու Էլիզ Գավուքճյան-Այվազյան գրական մրցանակներին և ութ տարի անց վերահրատարակվել Բեյրութում։ 1991թ․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգեն Ա․ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով պոլսահայ բանաստեղծին շնորհվել է Ս․ Սահակ-Ս․ Մեսրոպ շքանշան։ Եղել է Մխիթարյան Սանուց միության հիմնադիր անդամներից և «Սան» պարբերաթերթի խմբագիրը։

1963-ին ամուսնացել է Անայիս Անդրեասյանի հետ, որից անբաժան է եղել մինչև իր կյանքի վերջը։ Իր «Տունը» բանաստեղծությունում վկայել է, թե «Կղզիին ամէնէն հին տունը/Մերն է», բայց և «Կղզիին ամէնէն նոր սէրը/Մերն է»։

Հայ պոեզիայում Զահրատի նշանակալի նորարություններից էր մեկ հորինովի կերպարի՝ Կիկոյի շուրջ հյուսված բանաստեղծությունների շարունակական շարքը։ Դրանք ներկայացնում են պոլսեցի Կիկոյին վերաբերող առանձին համառոտ դրվագներ, որոնք միասին ամբողջացնում են նրա կերպարը։ Կիկոն «զերո» է, սակայն հարյուր անգամ Կիկո՝ մենք ենք։ Իր թաղում, որտեղ բոլոր տներն իրար են նման և բոլոր տնեցիները՝ իրար, Կիկոն «Մյուսյու Կիկո» է։ Միայնակ է Կիկոն, Ահմետ Էֆենդի փողոցով անցնելիս իր առանձնությունը միտքն է գալիս։ Մառախուղի թևերի մեջ երազում է Կիկոն։ Հանվելու արվեստը վաղուց սովորած Կիկոն հագուստի է սպասում։ Խոնարհ էր Կիկոն ու հողին այնքան մոտ, որ արմատ կարծեցին ու սպասեցին պտուղ տալուն, բայց «արեւուն շողը կը պակսէր»։ Եվ, ի վերջո, Կիկոն մեռավ՝ դատելով այդ դեպքը վավերացնող բանաստեղծության թեթև ոճից, կատակելու տրամադրությունից («հանգիստ իր կօշիկներուն»)՝ ենթադրում ենք, որ հեղինակը արդեն հոգնել է Կիկոյից։ Մինչդեռ ոխ ուներ Կիկոն․

 

Միտքը դրեր է Կիկօ

Պիտի չմեռնի

Դուք բոլորդ պիտի մեռնիք

Աշխարհ Կիկօյի պիտի մնայ

Ու Կիկօ աշխարհի վրայ միս-մինակ

Բոլոր հայելիները պիտի կոտրէ

 

Ավելի հասուն տարիքում Զահրատի պոեզիան հստակ ինքնակենսագրական բնույթ է ստանում․ այսպես, իր տարեդարձերի առիթով նա մի քանի բանաստեղծություններ է ստեղծել։ «Վաթսունամեակում» բանաստեղծը որոշում է «չմեռնիլ տակաւին», «69»-ում նա արդեն երկմտում է՝ դժվար է թե՛ ապրելը, թե՛ մեռնելը, «Եօթանասուն տարեկանում» բանաստեղծի տարիքը հիշեցնում է շրջապատող ամեն ինչ՝ «շարժավարին կեցիր ըսի-չկեցաւ», «Եօթանասունըհինգում» տագնապ է զգացվում՝ «կ՛երևի գլխուս գալիք կայ»։ «Ութսուննոցը» պատրաստ էր համրել մինչև իննսուն, ինչը, ցավոք, վիճակված չէր Զահրատին։ Նա կյանքից հեռացավ 2007 թվականին։ Մարմինն ամփոփվեց Շիշլիի հայոց գերեզմանատանը։

Մերօրյա աղոթք կամ, եթե կուզեք, անտի-աղոթք է Զահրատի «Չար բաները»․ բանաստեղծը միջնորդ է փնտրում՝ չար բաներին փոխանցելու, որ չպատահեն «կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհէն»։ Գիտակցելով չարի գոյությունը՝ նա վերստին ուզում է փայփայել, պաշտպանել «մեր այս պզտիկ աշխարհը», որ հազիվհազ պարտակել է «մեր պզտիկ կեանքն ու մեր անդորրը ջերմիկ»։ Երջանիկ է այդ աշխարհում բանաստեղծը, քանզի բաց են նրա առջև մարդկանց դռները, միայն թե սեղանի շուրջ ճաշելիս «սպաս մըն ալ ինծի դրէք մէկ անկիւնը սեղանին»․․․ Այն բանաստեղծի համար, որ հավատում է․ «Ես ձեր ամենէն վերջին դեսպանն եմ․․․»։

Պզտիկ աշխարհում մարդկանց կողքին լինելու ու միայնության միջև անլուծելի հակասությունը Զահրատի պոետիկ թեմաներից է, նա նախազգուշացնում է․ խոսակցից զրկված մարդիկ մի օր պիտի «իրենք իրենց հետ խօսին զրուցեն» ու ի վերջո՝ «իրենք իրենց պիտի կորսուին» («Ինքնախօս»)։

Իրեն համարելով իր թաղի բանաստեղծը՝ նա արտահայտվում է դրա բնակիչների պարզ լեզվով՝ նրանց հոգսերի մասին։ Այն պզտիկ մարդկանց, որ «երբեք հանդարտ պիտի չըլլան/մեծ քաղաքին մէջ»։ Այն լեզվով, «որով զաւակներս կը խօսին/Թէպէտ ես հայր չեմ», այն պարզ բառերով, որ բանաստեղծի զինվորներն են․

 

Ես ձեզ մէկ մէկ կ՛ողջագուրեմ ու զօրագունդ զօրագունդ

Իմ ձեռքովս կը շարեմ-

Ու երբ տեսնեմ թէ ամէն ինչ կարգին է

-Թէ ոչ մէկ զօրք - ոչ մէկ զինուոր սխալ ոտքով չի քալեր-

Ես ձեզ ճակատ կը ղրկեմ․․․

 

Զահրատը, սակայն, հավատացած է, որ անեզրության շեմին մարդու ողբերը այնքան են պզտիկանում, որ «չ’արժեր երգել» («Օտար»)․ «ինչ-որ գրել ենք մենք իբրեւ քերթուած/Պղպջակ է լոկ»։ Այլ հարց է, որ պզտիկ մարդու ամենօրյա մաքառումները կարող են տիեզերական ընդգրկում ունենալ, եթե ընդունենք, որ «յուրաքանչյուր մարդ մի ամբողջ տիեզերք է և հետևաբար ավելի մեծ է, քան այն մոլորակը, որի վրա ապրում է» (Նինա Բերբերովա)։

Զահրատի պոեզիան նախ և առաջ փիլիսոփայական հիմք ունի։ Ինչպես նկատել է Սենեկա Կրտսերը՝ «Որքա՜ն շատ բան են ասում բանաստեղծները, որ կամ ասել են, կամ պիտի ասեն փիլիսոփաները»։ Մարդու մասին Զահրատի կարճ ու կտրուկ բանաձևումները նկատելի աղերսներ, ներքին կապ ունեն Պարույր Սևակի և Համո Սահյանի բանաստեղծությունների հետ։ Ահա մի ուշագրավ դիտարկում․ քաջ հայտնի է Սևակի «Առաջադրանք համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին և ճշգրիտ սարքերին» բանաստեղծությունը, որում այսպիսի տողեր կան․

 

Հաշվեցե՛ք հապա, 

Թե ի՞նչ ալիքով, քանի՞ վայրկյանում 

Եվ քանի՞ գրամ արյուն է հոսում աղջըկա սրտից 

Դեպի ամոթխած այտերը նրա՝ 

Առաջ բերելով ա՛յն բռնկումը ջերմամիջուկային,

Որ մինչև այսօր, միամտաբա՜ր, շիկնանք ենք կոչել։ 

 

***

Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև, 

Թե մեզնից գոնե մեկ՛ը իր կյանքում 

Քանի՜ կնոջ է տենչանքով նայել,

Քանիսի՛ն՝ մաքուր մի հիացմունքով, 

Քանիսի՛ն՝ միայն եղբոր քնքշությամբ...

 

Զահրատի «Անհաշիւ» բանաստեղծությունում նույն՝ մարդկայինը «հաշվակալով» չափելու անհնարինության թեման է՝ արձագանքը սևակյան երկմտանքի։ Դիցուք մի քանի տող․

 

Ու պիտի

Սիրաբանած աղջիկներուդ թիւը ճշգրիտ չգիտնաս

Կամ չգիտնաս թէ քանի զարկ սիրտն աւելի կը զարնէ

Երբ հոտն առնէ նոր սիրոյ մը խոստումին

Ապա թէ ոչ լիալուսնին ինչպէս հաշիւ պիտի տաս

 

Զահրատը խաղում է բառերի ու հասկացությունների հետ, հաճախ բացառում կետադրական նշանները, բանաստեղծություն ներմուծում  երկիմաստություններ, տարընթերցումներ, ինչպես ինքնակենսագրական այս հոյակապ պատառիկում․

 

Ես 

Վաղամեռ Մովսէսի որդի-

Հայրդ ըսին

Հողակոյտ մը ցոյց տուին

Հայր - իմ հայրս - հող

Ես հողի զաւակ

 

Զահրատի կյանքի վերջին շրջանի գործերը թերևս զիջում են իրենց թափով, բայց այնտեղ էլ կան մարդկային կարեկցանքով ու երբեմն էլ թեթև հեգնանքով առանձնացող կտորներ, ասենք՝ հեռացած հարևանների մասին բանաստեղծությունը, որ ավարտվում է հետևյալ պարադոքսալ տողերով․

 

Չըլլալիք բան - կարօտցանք զիրենք

Երանի նորէն հոս ըլլային

Ու մենք նորէն զիրենք չսիրէինք

 

Զահրատը վստահ էր, որ բանաստեղծը պետք է գրի այն լեզվով, որով աղոթում է։ «Կիսավարտ աղոթք»․ այսպես է վերնագրել բանաստեղծի վերջին տարիների անտիպների ընտրանին Այդին Մորիկյանը։ Զահրատի կարծիքով՝ բանաստեղծության կարելի է հանդիպել ամենուր՝ «կենդանի կամ յօրինեալ տեսարանի մը, բեմադրութեան մը, արձանի մը, շէնքի մը, պարողի մը, վէպի մը, նուագի մը, երազի մը, բնութեան սա կամ նա երեւոյթին եւլն․ առջեւ»։ Իրենց հերթին՝ նրա ստեղծագործությունների հիման վրա երգեր են գրել Գոհարիկ Ղազարոսյանը, Սիրվարդ Գարամանուկը, Սեպուհ Աբգարյանը, Վահրամ Թաթիկյանը և ուրիշներ։

Զահրատը՝ այս հարցում ևս լինելով նորարար, ստեղծել է ամանորյա բազում բանաստեղծություններ։ «Կաղանդի ծառ մը» ստեղծագործությունն առավել գրավիչ է դարձել շնորհիվ Պերճ Թյուրաբյանի գրած երաժշտության, որ իր հանդարտ ընթացքով, իմաստային շեշտադրումներով օգնում է խորությամբ ընկալել Զահրատի միտք բանին։ Թվելով, թե ինչ է հարկավոր «կաղանդի ծառ մը շտկելու համար»՝ բանաստեղծը նախ հիշատակում է «հաւատքը գալիք աղուոր օրերու», ապա, այդուհանդերձ, ճշտում, թե «արդեն պատրանքը լրիւ կը բաւէ»։ Սա է ավելի խորհրդածող, քան երազող բանաստեղծի հավատամքը, և ուրեմն, կրկնելով հեղինակին՝ մենք էլ մաղթենք․ «բարի տարի ձեզ եւ բարի պատրանք»։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկեր․

1․ Ռուբեն Սևակի դստեր՝ Շամիրամի հետ, 1998 թ․

...