Յուրի Սոլոմին. «Մեզանից յուրաքանչյուրիցս է կախված նրա կյանքը, ով մեր կողքին է»

2024 թվականի հետտոնական օրերին Մոսկվայում վախճանվեց Ռուսաստանի մեծ Արտիստներից մեկը, խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի լեգենդ, բոլոր հնարավոր տիտղոսների ու պարգևների դափնեկիր Յուրի Սոլոմինը: Ի հիշատակ մեծ արվեստագետի ռուսական «Teatral»-ը հատվածներ է հրապարակել պարբերականին Սոլոմինի տված հարցազրույցից, որը «ArtCollage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում թարգմանաբար:  

 

***

«Փոքր թատրոնն իմ տունն է», -ասում էր Յուրի Սոլոմինը: Նա թատրոն եկավ 18 տարեկանում և արդեն 19-ում բեմ դուրս եկավ «Իվան Ահեղ»-ում։ Եվ խաղաց մոտ հիսուն դեր՝ Խլեստակով և Պրոտասով, Նիկոլայ II և ցար Ֆյոդոր, Ֆամուսով և Մոլիեր...

Համամիութենական փառքը Սոլոմինին հասավ «Նորին գերազանցության համհարզը» ֆիլմից հետո, որն անմիջապես տարածվեց մեջբերումներով: Հիշարժան էր նրա դուետը եղբոր՝ Վիտալիի հետ՝ «Չղջիկը» երաժշտական ​​ֆիլմում։ Թեև ինքը՝ Յուրի Մեֆոդիևիչն, ավելի գնահատում էր դերը «Դերսու Ուզալա» ֆիլմում, որի համար Ակիրա Կուրոսավան «իդեալական ռուսական դեմք» էր փնտրում: Բայց, չնայած կինոդերերի պատկառելի ցանկին, ինքը՝ Սոլոմինն, իր կյանքի գլխավոր գործն էր համարում թատրոնը, ավելի ճիշտ՝  Փոքր թատրոնը, որը նա տասնամյակներ շարունակ կառուցել և պահպանել է՝ վստահ ձեռքով առաջնորդելով ժամանակի բոլոր փոթորիկների միջով. «Այս թատրոնը մենք չենք ստեղծել, այն մեզանով չի ավարտվելու»...

 

«Չնորմավորված աշխատանքային օր»

Մեր ընտանիքը մտավորական է՝ ոչ թե նոր մտավորականության, այլ հին, թատերական։ Մենք, ինչպես հիմա են ասում, «բարեկեցության միջին մակարդակի» մշակներ ենք։ Մենք նրանցից ենք, ովքեր գիտեն, թե ինչպես գումար աշխատել։ Նրանցից, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում աշխատել, հերկել, սրտի կաթված ստանալ: Չէ որ բոլոր արտիստները, որ վերջին երկու-երեք տարվա ընթացքում սրտի կաթված և ինսուլտ են տարել, դրանք լավ կյանքից չեն ստացել: Չնորմավորված աշխատանքային օրն է իր ազդեցությունն ունենում: Իսկ ի՞նչ է «չնորմավորված աշխատանքային օրը». դա առավոտյան փորձ է, կեսօրին՝ նկարահանում, իսկ երեկոյան՝ ներկայացում։ Իսկ նորմալ արտիստը պետք է ցերեկով, երեկոյան ներկայացումից առաջ, պարտադիր հանգստանա, կենտրոնանա: Կինս այնպիսի աղմուկ է բարձրացնում, եթե ես գոնե մեկ ժամ չպառկեմ։ Քնել-չքնելը տասներորդական խնդիր է, բայց քանի որ ինքն էլ դերասանուհի և մանկավարժ է, հասկանում է, թե որքան կարևոր է դա ինձ համար։ Այդ ժամին ես միշտ կրկնում եմ տեքստը, և ինչն է հետաքրքիր, կարող եմ դերը խաղալ 10-15 տարի, բայց, երբեմն, երբ ինձ վերջապես հանգիստ են տալիս, ես հանկարծ գտնում եմ ինչ-որ մի բառի ապշեցուցիչ իմաստը և սկսում եմ մտածել. «Տե՛ր, ի՜նչ հիմարն եմ ես։ Ինչու ես տասը տարի առաջ չէի մտածում այս մասին»: Ուստի անհրաժեշտ հանգիստը հնարավորություն է խորանալու մասնագիտության մեջ, որին դերասաններն իրենց կյանքն են նվիրում։ Անշուշտ, դա թնդանոթ չէ, որ կրծքավանդակով փակես:

 

«Բոլոր դեղամիջոցները մեր ներսում են»

Բեմը բուժում է. պատահում է, պատահում է։ Ես ձեզ հեքիաթներ չեմ պատմում: Իմ աչքի առաջ այնպիսի բաներ են կատարվել: Մի ներկայացման ժամանակ արտիստին պետք էր ինչ-որ էմոցիոնալ բան բղավել, նա բղավեց, և նրա քթից արյուն հոսեց և այնքան առատ: Բայց երբ նա իր առջև տեսավ արյունով պատված սպիտակ թուղթը, իսկ հետո խաղընկերոջ կլոր աչքերը, արյունը դադարեց։ Դա յոգա է, ինքնաներշնչում է: Դա կենտրոնացում  է. բոլոր ցավերն անհետանում են՝ ռադիկուլիտը, հարբուխը. Ամեն ինչ անցնում է: Բոլոր դեղամիջոցները մեր ներսում են։ Մի ժամանակ ես բժիշկներին ասում էի ափսոս, որ մեզանով չեք հետաքրքրվում, դուք կարող էիք շատ բան սովորել ոչ թե կենդանիներին սպանելով, այլ մարդկանց ուսումնասիրելով։

 

«Խելացի ռեժիսորը դերասանի մեջ չի մահանում»

Ես աշխատել եմ տարբեր ռեժիսորների, այդ թվում նաև՝ ամենահրաշալիների հետ։ Եվ Էֆրոսի հետ եմ աշխատել. նա մեզ մոտ երկու ներկայացում արեց, երկուսն էլ փակվեցին։ Մեկը՝ «Պարեր մայրուղու վրա»-ն, Նա ավարտին հասցրեց, իսկ երկրորդը՝ «Մոսկվայի ժամանակով»-ը փակեցին կես ճանապարհին: Ե՛վ Խեյֆեցն է այստեղ աշխատել, և՛ Լվով-Անոխինը, և՛ Ժենովաչը։

Այո, Փոքր թատրոնը դերասանական թատրոն է, որտեղ խելացի ռեժիսորը չի մահանում դերասանի մեջ, այլ շարունակում է ապրել։ Ես իմ ուսանողներին ասում եմ. մի՛ փքվեք, մի՛ մրցակցեք որևէ մեկի հետ, մի՛ փորձեք նմանվել որևէ մեկին, սա ինձ դեռ իմ ուսուցչուհին՝ Վերա Միխայլովնա Պաշեննայան էր ասում: Եվ իմ կողմից ավելացնում եմ՝ որովհետև աշխարհում ոչ ոք չի կարող ձեզ նման խաղալ: Դա քո քայլվածքն է, քո ձայնը, քո ժեստը: Դերասան Բաբոչկինն ուղղակի փայլուն ռեժիսոր էր, Իգոր Իլյինսկին՝ նույնպես։ Անդրեյ Գոնչարովն աշխույժ, խենթ մարդ էր, բայց նա երբեք չէր վիրավորում արտիստին։ Ճիշտ է, նա կարող էր նրան հունից հանել. Նրա փորձի ժամանակ ես ընկա և կորցրեցի գիտակցությունս: Ես ինչ-որ մեկին էի քարշ տալիս վրաս, իսկ Գոնչարովը հուզված ինչ-որ բան էր բղավում, դե ես էլ ընկա։ «Իհարկե, այդպես պետք չէ», -ասաց նա այդ ժամանակ:

 

«Այո, թանգարան, եթե ուզում եք»

Մեզ մեղադրում են հանդերձանքային լինելու համար: Այո, մեր ներկայացումները հանդերձանքային են, իսկ բեմազարդերը՝ ավանդական։ Բայց չէ որ պետք է պահպանել պատմությունը, որպեսզի մեր երիտասարդությունն իմանա, որ Չեխովի ժամանակը Բիթլզի ժամանակը չէ։ Գրիբոյեդովը գրում է 19-րդ դարի մասին, և թող նրանք տեսնեն, թե ինչպես էին հագնվում այդ ժամանակներում։ Մենք նույնիսկ հին շքանշաններ ունենք, որոնք կախում ենք մեր կրծքից՝ պատմական ճշմարտությունը պահպանելու համար։ Մեզ ասում են. «Դուք թանգարան եք»: «Այո, թանգարան, եթե ուզում եք»։ Ի դեպ, ֆրանսիացիները «Կոմեդի Ֆրասեզ»-ի մասին որևէ վատ բան չեն ասում։ Դա ևս թանգարան է, որում նույնպես ավանդույթներ են պահպանվում։ Օրինակ, այնտեղ ադմինիստրացիայում ներկայացումներից յուրաքանչյուրի ժամանակ թատերախմբի հայտնի արտիստներից մեկը հերթապահում է՝ օգնում է, լուծում կոնֆլիկտները, հանդիսատեսին հրավիրում դահլիճ։ Եվ «Կոմեդի Ֆրասեզ»-ում ոչ ոք չի կարող հյուրախաղերի մեկնել, այդ ավանդույթը  պահպանվում է դեռ Նապոլեոնի ժամանակներից: Եվ անգլիացիներից էլ ոչ մեկը, չգիտես ինչու, չի ասում որ շեքսպիրյան թատրոնը հուշահամալիր է։

 

«Օրերի փրփուրը»

Ինչպես ասես չեն ծաղրել կամ քննադատել «Սրբորեն գործիր կամ հեռացիր» շչեպկինյան  պատվիրանը: Նույնիսկ կարծում էին, որ այն չեղյալ է հայտարարվել։ Ոչ, այն գործում է: Բեմը կյանքի արտացոլումն է, բայց դա չի նշանակում, որ այն պետք է վերածել փողոցի կամ հասարակաց տան։ Կյանքն այսօր չափազանց արագընթաց է, բայց ժամանակը չես ընտրում, բողոքելը հիմարություն կլիներ: Ցանկացած արագ հոսքի ալիքները փրփուր են բերում: Բայց վաղ թե ուշ հոսքն իր հուն է վերադառնում, և փրփուրն անհետանում է։ Ինչքան ասես կարելի է վիճել այն մասին, թե ինչ կարելի է և ինչ չի կարելի անել բեմում: Յուրաքանչյուր կողմի «կողմ» և «դեմ» փաստարկներն անխոցելիորեն համոզիչ կլինեն իր համար և բացարձակապես ոչինչ չեն նշանակի ընդդիմախոսի համար։ Միայն ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։

 

«Երկրի մշակույթը խստությունից և ագրեսիայից չի սկսվում».

Մի անգամ ինձ Պետդումա կանչեցին, որոշել էին հավաքվել կլոր սեղանի շուրջ՝ նորից քննարկելու «Մշակույթի մասին» օրենքը։ Ես զարմացա, բայց գնացի։ Մուտքի մոտ պարզվեց, որ պետք է երկար հերթ կանգնել անցագրերի համար։ Սարսափելի սառնամանիք  էր (ես նոր էի վիրահատվել. բժիշկներն ինձ արգելել էին ցրտին դուրս գալ), բայց ես, այնուամենայնիվ, անցագիր ստացա։ Իսկ հետո մուտքի մոտ անվտանգության աշխատակիցները երկար քրքրում էին իմ փաստաթղթերը, ստուգում ցուցակները... Եվ երբ այդ պատժիչ գործողությունը սկսվեց, մոտեցավ նրանց ընկերը (նա ավագն էր) և ասաց. «Թողեք անցնի»։ Բայց հետո պարզվեց, որ պետք է անցնել ևս մեկ շրջանակ: Եվ ես շրջվեցի և գնացի տուն, քանի որ շատ էի մրսել։

Ինձ թվում է՝ երկրի մշակույթը սկսվում է հենց այս կենցաղային բաներից։ Ոչ թե խստությունից և ագրեսիայից, այլ բարեկրթությունից։ Պատահական չէ, որ նախկինում դերասաններին հաճախ էին հրավիրում ՆԳ ակադեմիա, ոստիկանություն, իրավապահ  կառույցներ... Եվ ոչ թե պարզապես կլոր սեղանի շուրջ նստելու, այլ խոսելու համամարդկային խնդիրների մասին. չէ որ գործնականում մեզանից յուրաքանչյուրից է կախված նրա կյանքը, ով մեր կողքին է։

 

«Այցը թատրոն հսկայական դաստիարակչական ակտ է»

Մենք արգելել ենք Փոքր թատրոն այցելել կոլեկտիվով: Ներկայացում դիտելուն դպրոցականներին պետք է նախպատրաստեն, քանի որ այցը թատրոն հսկայական դաստիարակչական ակտ է: Իսկ երբ նրանք գալիս են ամբողջ դասարանով, և այն էլ  առանց ծնողների, սկսում են աղմկել՝ առանց առանձնապես ներքաշվելու սյուժեի մեջ։ Մենք որոշեցինք, որ ավելի լավ է մնանք առանց այն մի քանի հազար ռուբլու, որ մեզ կբերեն վճարները, քան դահլիճում թույլ տանք նման մթնոլորտ։ Ուզո՞ւմ եք դասականներին դիտել: Խնդրեմ՝ եկեք առանձին, բայց ոչ ամբողջ կոլեկտիվով, ո՛չ:

Օրինակ, թեկուզ Ճապոնիան: Նրանք երկրի բյուջեում շատ կարևոր սյունակ ունեն՝ գումար ազգի դաստիարակության համար: Եվ շատ ճիշտ են բաժանում այդ միջոցները՝ ագահություն չեն անում, քանի որ հասկանում են, որ առանց առողջ ազգի մշակույթի զարգացում չի կարող լինել։ Եվ մշակույթի նկատմամբ այդ ուշադիր վերաբերմունքը դրսևորվում է բառացիորեն ամեն ինչում։

 

«Հեկեկում էի Սիրանոյի նամակի վրա»

Միխայիլ Իվանովիչ Ցարյովի հետ Ես բարդ հարաբերություններ ունեի։ Ես արդեն 25 տարի աշխատում էի թատրոնում և մինչև այդ երբեք նրա աշխատասենյակ չէի մտել։ Հանկարծ  նա կանչեց ինձ և սկսեց ինչ-որ բան պատմել: Ես նստել էի և չէի հասկանում, թե նա խոսքն ուր է տանում: Եվ հետո նա հանկարծ հարցրեց. «Դու երազանք ունե՞ս»: 1972 թվականն էր, այն ժամանակ ես դեռ երազանքներ ունեի։ Եվ ես պատասխանեցի՝ ուզում եմ Սիրանո խաղալ։ Պետք է ասեմ, որ նախորդ օրը ես վատառողջ էի, և անկողնում պառկած՝ ես  վերընթերցեցի պիեսը։ Աղջիկս ինձ դեղ բերեց, իսկ ես պառկել ու հեկեկում էի Ռոքսանային ուղղված Սիրանոյի նամակի վրա: Աղջիկս ինձ տվեց բաժակը և երկար նայում էր դեմքիս։ Անցավ մեկ տարի։ Ցարյովը կանչեց ինձ և ասաց. «Վաղը գեղարվեստական ​​խորհրդում զեկուցելու եմ խաղացանկի մասին, կխոսեմ «Սիրանոյի» մասին: Բնականաբար, կհարցնեն, թե ով է խաղալու։ Բեմադրելու է Հրաչիկ Ղափլանյանը, իսկ դու ձկան պես կլռես»։ Մեկ ամիս անց դերաբաշխումն արվեց, և ես Սիրանո էի խաղում: Ես հիմա հասկանում եմ, որ դա լավ ներկայացում էր. Ես դադարեցի այդ դերը խաղալ 1982 թվականից՝ ջարդուխուրդ լինելով հենց բեմին՝ վնասեցի գլուխս և ողնաշարս։ 90-ականների սկզբին մենք փորձեցինք վերակենդանացնել ներկայացումը, ես ուզում էի հրավիրել մեկ այլ արտիստի, բայց չստացվեց։ Եվ այսպես էլ ներկայացումը փլուզվեց։ Բայց դեռ 1996-ին ես նամակներ   էի ստանում, որոնցում հարցնում էին. թե ե՞րբ ենք մենք խաղալու «Սիրանո դե Բերժերակ»-ը: Ահա հանուն այդպիսի նամակների է, որ արժե զբաղվել մեր մասնագիտությամբ։

 

«Միակ  ընտրված ղեկավարը»

Մենք ևս մեկ ավանդույթ ունենք՝ ժառանգորդությունը։ Եվ երբ Ցարյովը սկսեց վատ զգալ, մի օր խնդրեց ինձ գնալ պետական ​​ժողովի։ Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ։ Վստահում էր: Երբ նա ազատեց իր ծառայողական բնակարանը՝ տեղափոխվելով մի հարկ ներքև, նրա բնակարանի համար շատ հավակնորդներ կային, և ես նրանց թվում չէի։ Եվ նա ինձ գրեց բնակարանը։ Ես դրանից որոշակի հետևություններ եմ անում. Երևի նրա մտքին ինչ-որ բան կար։ Հետո, մի քանի տարի անց, կոլեկտիվն ինձ ընտրեց որպես գեղարվեստական ​​ղեկավար. ես կոլեկտիվի միակ ընտրված ղեկավարն եմ ամբողջ պատմության ընթացքում։ Այնպես որ, ես նույնպես ինձ համար փոխարինող եմ պատրաստում: Թատրոնում մի մարդ կա, որը կատարելապես հարմար է իմ ժառանգորդի դերին։

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի