«Հայաստանյան անցագիր». Յուրի Կարաբչիևսկու բացարձակապես հուսալի Հայաստանը

Որքան էլ դառն է եղել հայոց երկրի և հայ ժողովրդի ճակատագիրը, իսկ քսաներորդ դարում՝ առավել ևս, Հայաստանը զարմանալիորեն իբրև լուսավոր մի կետ են ընկալել այն այցելած ռուս (մեծամասամբ՝ հրեական արմատներով) գրող-բանաստեղծները: Մեր երկիրը նրանք ընկալել են իբրև երկրային դրախտ, միստիկական մի վայր, որով ոգեշնչվել են և որտեղ որոնել իրենց մտատանջող շատ հարցերի պատասխանները։ Այսպես, Հայաստան այցելած Օսիպ Մանդելշտամը, որը գրեթե դադարել էր բանաստեղծություններ գրել, այստեղ ստեղծագործական մի նոր, աներևակայելի շրջան ունեցավ։ ՊԱԿ-ի կողմից ձեռագրերի առգրավումից հետո հուսահատ վիճակում գտնվող Վասիլի Գրոսմանը գրականություն վերադարձավ՝ թղթին հանձնելով իր հայկական ուղեգրությունը։ Հայաստան այցից հետո իր իսկ խոստովանությամբ հայասեր դարձավ Անդրեյ Բիտովը․ չերքեզական ազգանուն կրող գրողի համար այս երկիրն առանձնահատուկ մի վայր դարձավ, ուր նա պիտի նորից ու նորից վերադառնար անհաշիվ անգամներ՝ վերստին  անդրադառնալով դրան իր ստեղծագործություններում։ Հայաստանը ճանաչելու, հայ մարդկանցով ու լեզվով ներշնչվելու այս ավանդույթը պիտի շարունակվեր մինչև Վիլյամ Մեյլանդ, Միխայիլ Վելլեր, Յան Շենկման՝ մեր օրերը։ Այս շարքում իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում Յուրի Կարաբչիևսկին։ 1938-ին հրեա ծնողների ընտանիքում ծնված Յուրիի կյանքը լի է եղել դժվարություններով․ պատերազմ, տարհանում, հետագայում՝ պաշտոնապես չճանաչված գրաքննադատ, որն ապրում է գործարանային բանվորի առօրյայով, այլախոհի համբավ և հալածանքներ, և առաջին հերթին՝ բանաստեղծ ու գրող, որի ստեղծագործությունները ԽՍՀՄ-ում գրեթե չեն տպագրվում։ Թվում է թե նախնյաց երկիր՝ Իսրայել տեղափոխվելուց հետո պիտի վերջապես ինչ-որ բան փոխվեր Կարաբչիևսկու կյանքում, սակայն դրան հաջորդում է անսպասելի վերադարձը Մոսկվա և ինքնասպանությունը՝ 1992-ին: Ահա այս ողբերգական ընթացքի թերևս ամենալուսավոր կանգառներից մեկն էր բանաստեղծի առնչությունը Հայաստանի հետ։

1974 թվականին Կարաբչիևսկին առաջին անգամ հրատարակվում է արտասահմանում․ «Մանդելշտամի փողոցը» էսսեն մեծ հետաքրքրություն է առաջացնում նրա հանդեպ։ Հենց Մանդելշտամի նկատմամբ սերը պիտի նրան բերեր Հայաստան։

Խորհրդային զորքերի՝ Չեխոսլովակիա ներխուժումից հետո 20 տարի ԽՍՀՄ-ում ինքնակամ չհրատարակվող գրողի առաջին տպագրված գրախոսությունը հայերիս քաջ ծանոթ Արսենի Տարկովսկու գրքի վերաբերյալ էր։ Նույն՝ 1988 թվականին «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում տպագրվում է Կարաբչիևսկու անկյունաքարային գործերից մեկը՝ «Կարոտ առ Հայաստան» վիպակը (Կարինե Մեսրոպյանի թարգմանությամբ 2018-ին այն առանձին գրքով տպագրվեց հայերեն)։ Վիպակը ստեղծվել է 1978-ին՝ բրեժնևյան «լճացման» ամենաթունդ ժամանակներում, սակայն հեղինակն ամենևին չի թաքցրել խորհրդային բարքերի հանդեպ իր քննադատական մոտեցումները։

Կարաբչիևսկին գործուղվում է Հայաստան որպես կարգավորող բանվոր․ այն մասին, որ նա առաջին հերթին գրող է, գործընկերներից քչերն էին տեղյակ։ Սակայն դեպի «հանելուկային և բաղձալի երկիր» ճանապարհորդությունը հենց գրականության տեսանկյունից էր հետաքրքրում գրողին, որը քաջ ծանոթ էր Մանդելշտամի և Բիտովի գրվածքներին։ Նա նույնիսկ ցանկանում էր իր ձեռագրերը ցույց տալ Հրանտ Մաթևոսյանին և լսել նրա կարծիքը, սակայն երբ հանդիպում է նրան՝ ամոթխածորեն չի անում դա։  

Իր վիպակում հեղինակն Արարատն անվանում է «հայկական Կրեմլ», որը զինանշանների, շշերի, բացիկների ու ցուցանակների վրա միլիոնավոր անգամներ պատկերված խորհրդանիշ է, առկա է տարատեսակ անվանումներում՝ ամբողջությամբ և գագաթներից յուրաքանչյուրն՝ առանձին-առանձին։ Սակայն նա տեսնում է և էական տարբերություն․ «Կրեմլը մեզ մոտ է՝ Ռուսաստանի սրտում, իսկ Արարատ լեռը՝ արտասահմանում՝ Թուրքիայում․․․ Դուք կասեք՝ ինչպե՛ս կարելի է սրանք համեմատել․ Կրեմլը, դեռ չհաշված դրա ձեռակերտ լինելը՝ հզորության, իշխանության, տիրապետության խորհրդանիշ է, մինչդեռ Արարատը՝ Աստծո ստեղծածն է, հայկական հողի մասը, կորստի խորհրդանիշ․․․» Այստեղից Կարաբչիևսկին անսպասելի եզրակացության է հանգում․ «Տարածքի կորուստն անձամբ ինձ համար դժվար հասկանալի բան է։ Ես կարեկցում եմ հայերին, բայց դե այնքանով, որքանով կարող եմ, իսկ ավելի ուժեղ, գուցե, նախանձում եմ։ Որպես ռուս ես միշտ ավելի շատ տարածք եմ ունեցել, քան պետք է, իսկ որպես հրեա երբեք ոչ մի տարածք չեմ ունեցել»։

Գրքում հանդիպում ենք չարենցյան երանգների․ «Մինչդեռ այն չկա, Հայաստանը, ահա թե ինչ։ Չկա՛ Հայաստան, ինչպես չկա և Ռուսաստան։ Կա սերն առ Հայաստան և կարոտն առ Հայաստան, ինչպես կա սեր և կարոտ առ Ռուսաստան։ Իսկ տներն ու փողոցները, և նույնիսկ անտառներն ու լեռները միայն կողմնորոշիչներ են, հանգուցակապեր»։ Կարաբչիևսկին ազնվորեն նշում է, որ Հրանտ Մաթևոսյանի սերն առ Հայաստան տարբերվում է իր սիրուց․ «Իհարկե, իմ վերաբերմունքն այլ է։ Չես կարող օտար երկիրը սիրել քոնի պես։ Բայց, ես կասեի, որ քոնն էլ չես կարող սիրել օտարի պես․․․ Ես միշտ սիրել եմ Հայաստանը ու միշտ կարոտել եմ Հայաստանը։ Այն իմ երևակայական երկիրն է՝ առատաձեռն, քաջ ու երջանիկ, ու այդպիսին էլ ինձ համար մնում է, այդպիսին էլ միշտ կլինի՝ անկախ տեսանելի համապատասխանության չափից»։ 

Ինչպես և Բիտովը, Կարաբչիևսկին նկարագրում է Հայաստանը, սակայն, ինչ խոսք, գրում է առաջին հերթին ի՛ր խոհերի, որոնումների ու տվայտանքների մասին։ Սա նկատել է և գրականագետ Է․ Շաֆրանսկայան․ «նրա ուղեգրությունը ոչ այնքան այն տեղի մասին է, որտեղ ճամփորդում է պատմողը, որքան՝ իր և ժամանակի»։ Այստեղից էլ խորթացումը․ թվում է, թե հեղինակը մեզ լավ չի ճանաչում, բայց միգուցե ինքնե՞րս մեզ լավ չենք ճանաչում: Նրա հիացմունքը գուցե և սառն է, վերացական, սակայն այն օգնում է բացահայտել Հայաստանի ընկալումների ամբողջ լուսապատկերը, իհարկե՝ քննական մոտեցումը չանտեսելու դեպքում։ Զուտ նկատի ունենալով՝ ուրեմն այս կերպ էլ կարելի է ընկալել մեզ․․․ Ահա մի հատկանշական պատկեր «Կարոտ առ Հայաստան» վիպակից․ ճոխ սեղանի շուրջ նստածներից մեկն ասում է․ «Ստալինը հայ է եղել, ահա՛ թե ինչ․․․» Հեղինակի եզրահանգումն անողորմ է․ «Ստրկության դեմ հակաթույն չկա, այն ինքնին թունավորում է ցանկացած մաքրություն և իր մեջ ներծծում ցանկացած, նույնիսկ օտար, կեղտ»։

1976-1989 թվականներին գրողը գրեթե ամեն տարի գործուղվում է Հայաստան, երբեմն՝ նույնիսկ տարին երկու անգամ ու երկար ժամանակով։

Իր «Հայաստանյան անցագիրը» Կարաբչիևսկին գրել և Իսրայելում հրատարակել է կյանքի վերջին տարում՝ ասես հանրագումարի բերելով Հայաստանի մասին իր մտորումներն ու պատկերացումները։ Հեղինակը զարմանքով է բացահայտել, որ դադարել է Հայաստանը հաճախ վերհիշել վերջապես վերագտած հրեական հողում՝ Թել Ավիվում, քանի որ մինչև այդ Հայաստանը «այն միակ հայրենիքն էր՝ ո՛չ իմ, իհարկե, սակայն միակ վայրն աշխարհում, որին ես ընդհանրապես կարող էի կցել այդ բառը, առանց որևէ, թեկուզ ամենաչնչին, անհարմարություն զգալու»։ Ակնարկում նշվում են այն հատկանիշները, որոնք «բացարձակապես հուսալի երկիր» Հայաստանը սիրելի են դարձրել հեղինակի համար՝ անվտանգությունը և հյուրընկալությունը։ «Ահա ես շրջում էի 13 տարի անծայրածիր Կայսրությունով մեկ, և շաբաթներ շարունակ ապրածս բոլոր քաղաքներից Երևանն այդպես էլ միակն է մնում, որը կարող էի ծայրից ծայր անցնել օրվա, ու գլխավորը՝ գիշերվա ցանկացած ժամի, ու հաստատ իմանալ, որ ինձ հետ ոչ մի անախորժություն չի պատահի»։ Երկարուձիգ ամիսներ Հայաստանում է բնակվել նաև գրողի կրտսեր որդին, ու միակ բանը, որը նրան սպառնացել է. «չափից դուրս բարյացակամ վերաբերմունքն էր․ գլխից դուրս կկերակրեն, կխմեցնեն, կխոսեցնեն»։ Երբ 1988-ի գարնանը՝ Սումգայիթի կոտորածներից հետո Կարաբչիևսկին Երևան է այցելում, նա երկար ժամանակ չի հավատում տեղացիներից լսածներին, մինչև որ նույնը նրան պատմում են հրաշքով փրկվածները։ «Դուք նաև միգուցե կասեք. «Բայց հայերն առաջինը սկսեցին...» Այդ դեպքում, բարի եղեք ճշտել, թե ինչը սկսեցին։ Գնալ հանրահավաքների՞։ Այլևայլ հանձնաժողովնե՞ր պահանջել։ Պահանջել իշխանափոխությո՞ւն։ Ուշադրությո՞ւն եղբայրներին պատուհասած աղետների նկատմամբ։ Լավ, թող որ նույնիսկ ոչ միայն դա, ասենք թե սկսեցին պահանջել ուրիշի տարածքի անջատում։ Առաջինը լինելով, առաջինը ... Բայց նրանք երբեք, ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ երրորդը չեն սկսել կտրել անզեն տղամարդկանց գլուխները և երբեք չեն սկսել խաչել պառավներին»։ Կարաբչիևսկին համոզված է, որ չեն լինում վատ ժողովուրդներ, բայց լինում են «խելագարությամբ համակված ժողովուրդներ»․․․ Ի տարբերություն նրանց՝ հայերի դեպքում ամեն մի ստահակ գիտի թույլատրելիի սահմաններն ու «ոչ մի ազնիվ նպատակ չի արդարացնի նրա չարագործությունները սեփական ժողովրդի առջև»։ Իսկ «մեղավորը կենտրոնական իշխանություններն են և ՊԱԿ-ը, Ադրբեջանը ևս զոհ է» ասողներին հեղինակը պատասխանում է Եվգենի Շվարցի խոսքերով՝ «բոլորին են սովորեցրել, բայց ինչո՞ւ դու եղար առաջին աշակերտը»․․․ Հեղինակի վերաբերմունքը հայերիս հանդեպ խիստ զգացական է, այն ավելի հիշեցնում է հախուռն սիրահարվածություն, քան թե համակ սեր։ Բնորոշ շտրիխ է՝ նա երբեմն փորձեր է անում առերևույթ օբյեկտիվ լինել, նախընտրում է հայերիս տեսնել խաղաղ պայքարողի, բայց ոչ զենքով դիմագրավողի, ուժ կիրառողի դերում: Կիրովաբադի ջարդերի համար մեղադրվող ադրբեջանցիների սպանության լուրերից սարսափած, դրանք բացարձակապես անընդունելի համարող գրողը միաժամանակ փաստում է, որ պատմությունը բարոյական իրավունքից զուրկ, «ստորաքարշ ջադու» է, իսկ Արցախի ամբողջական հայաթափումը՝ հավանական սպառնալիք։

Արցախի վերաբերյալ բոլորիս հայտնի ճշմարտություններ է ներկայացնում Կարաբչիևսկին, որոնք մեջբերելն իսկ ավելորդ է, սակայն մի հարց անպատասխան է մնում․ հայաթափված Նախիջևանի, Շուշիի ճակատագիրը չկրկնելու համար մենք՝ հայերս, ի՞նչ պիտի անենք։ Միթե բարեպաշտ հեզությամբ, սոսկ Աստծու վրա հույս դնելով պիտի դառնանք այն երկիրը, որի մասին երազում է հեղինակը, կամ հայոց պատմության անիվը այլ կերպ կսկսի՞ պտտվել, կդադարի՞ լինել «դժբախտությունների չընդհատվող շղթա»։ 21 տարի առաջվա իրավիճակը, որ նկարագրում է նա, ցավալիորեն կրկնում է մեր այսօրվա իրողությունները։ Կարաբչիևսկին հասկանալի տագնապով է նայում Հայաստանի ապագային, ուզում է հավատալ, որ փորձությունները չեն կոտրի հայ ժողովրդին։ Նրա պատկերացմամբ՝ ապագայի հայկական պետականությունը պետք է բարիք լինի բոլոր հայերի և ոչ հայերի համար, ուզում է, որ առաջվա պես իրեն հանդիպեն բարի և խելացի մարդիկ, Հայաստան այցելելիս չունենա անցագրային խոչընդոտներ, և ոչ ոք չհրաժարվի նրա հետ ռուսերեն խոսել։ Ցավոք, Կարաբչիևսկուն այդպես էլ չվիճակվեց տեսնել անկախ Հայաստանը․․․

Որքանո՞վ է տարբերվում այսօրվա Հայաստանը Կարաբչիևսկու նկարագրածից, անցած 35 տարիները մեզ ինչ-որ բան սովորեցրի՞ն՝ դժվար է ասել։ Իսկ որևէ բան փոխելու համար օտար սրտացավ մտավորականների դիտարկումներն անչափ օգտակար աղբյուրի դեր կարող են կատարել․․․

 

Աշոտ Գրիգորյան