«…Ընկեր Ինդիրա Գանդին ինձ ձեռքով արավ»
Կոշկակարների բուդկաները, աշխարհի որ ծայրում էլ լինեն, նման են իրար։ Հաճախ կամ համարյա միշտ՝ կոշկակարներն էլ։ Եվ եթե, ասենք, Ռուսաստանի, Ղազախստանի կամ Գերմանիայի որևէ քաղաքում մտնես կոշկակարանոց, քեզ կթվա, թե մեղրեցի Վանիկը, կամ ավանցի Սամսոնը հիմա էլ էստեղ է փինաչություն անում։ Իսկ կոշկակարանոցների գեղարվեստական ձևավորման մասին էլ չասեմ։ Պատերին համարյա նույն դերասանների և դերասանուհիների նկարներն են։ Դե, պարտադիր է, իհարկե, անընդհատ խոսող ռադիոն։
Սակայն մի կոշկակարի և մի կոշկակարանոցի նմանը աշխարհում չկար, չի եղել ու չի լինի։
Էդ կոշկակարը երկու մականուն ուներ՝ Բանաստեղծ և Հնդիկ Ռաջ։
Ոչ ոք երբեք չէր կարդացել կամ լսել նրա բանաստեղծությունները, բացի մի ոտանավորից, որ դպրոցական հանդեսների ժամանակ արտասանում էր իր աղջիկը։ Էդ բանաստեղծությունը սկսվում էր էսպես՝
Վեր կաց, Շիրազ խորունկ քնից,
Արևն արդեն ծագել է։
Թե ինչո՞ւ էր Շիրազը 1970-ական թվականներին խորունկ քնի մեջ, էդ էլ մենակ ինքը գիտեր։ Իսկ թե ինչո՞ւ պետք է զարթներ Արևի հետ՝ ասվում էր բանաստեղծության շարունակության մեջ. Մասիսը Շիրազին էր սպասում։ Մի խոսքով, թեպետ ոչ մեկը նրա ոչ մի բանաստեղծություն չէր կարդացել, բայց նա, մեկ է, Բանաստեղծ էր։ Ու հենց անծանոթ մարդ էր տեսնում՝ առօրյայում տեղական խոսվածքն օգտագործող կոշկակարը խոսում էր ընդգծված գրականով, որ անծանոթն էլ իմանար՝ իր դիմաց Բանաստեղծ է։
Բանաստեղծի անունը Հրաչիկ էր, բայց ինքը կրճատել և իր սիրելի հնդիկ դերասան Կապուրի անունով Ռաջ էր դարձրել։ Դե, հարևաններն էլ սկսել էին նրան անվանել Հնդիկ Ռաջ, որովհետև ամբողջ բուդկան, որ արդեն ասացի՝ տարբերվում էր աշխարհի բոլոր բուդկաներից, զարդարված էր Ռաջ Կապուրի և մի քանի հնդիկ դերասանուհիների նկարներով։ Դրանք տարբեր հայերեն և ռուսերեն թերթերից կամ հայկական «Էկրան» և ռուսական «Սովետսկի էկրան» ու այլ ամսագրերից խնամքով կտրում էր և սոսնձում պատերին։ Ուրիշ ոչ մի դերասանի կամ դերասանուհու նկար նրա բուդկայում փակցված չէր։ Ո՛չ Լյուբով Օռլովան կար, ո՛չ Լյուդմիլա Գուրչենկոն, ո՛չ Սվետլանա Սվետլիչնայան, ոչ էլ Շտիռլից-Տիխոնովն ու Մերիլին Մոնրոն։ Նույնիսկ Ֆրունզիկը չկար։ Միայն հնդկուհիներ ու Ռաջ Կապուր, որի մի նկարն էլ, իր ասելով, կտրել էր իրենց հարևան դերձակուհու տանը տեսած «Բուրդա» ամսագրից։ Թե մոդայի և կարուձևի ամսագրում Ռաջ Կապուրի նկարը ոնց կարող էր հայտնված լինել, ոչ ոք չգիտեր։
Ինքը Կապուրի ֆիլմերն անգիր գիտեր, բայց մեկ է, երբ «Պարոն 420»-ը կամ «Թափառաշրջիկը» ցուցադրում էին, կինոյում էր։ Եվ ինչքան էլ անշլագ լիներ, իսկ հնդկական ֆիլմերի ժամանակ միշտ անշլագ էր, տոմսավաճառ Վարսիկը երկու տոմս անպայման պահում էր Հնդիկ Ռաջի ու նրա աղջկա համար։ Ու հենց «Պարոն 420»-ը սկսվում էր՝ հայ Ռաջը հնդիկ Ռաջ Կապուրի հետ երգում էր՝
«Մերա ջութա հայ Ջափանի, յէ պաթլուն Ինգլսթանի[1]…»։
Մի անգամ ռադիոյի թղթակից էր եկել՝ շրջանի աշխատավորների կյանքից ռեպորտաժներ պատրաստելու, և ինչպես ռադիոթղթակիցների մոտ ընդունված էր, նաև մարդկանց հարցնում էր, թե ինչ երգ կուզենան լսել ռադիոյով։ Թղթակիցները հետո էդ ցանկությունները փոխանցում էին «Երգեր աշխատավորների պատվերով» հաղորդաշարին, որի վարողը հանդիսավոր հայտարարում էր, թե այսինչ գործարանի բանվորուհի (հյուսն, խառատ, կոլտնտեսության կթվորուհի, այգեգործ և այլն) այսինչ այնինչյանի պատվերով հաղորդում ենք… Այդ տարվա թղթակիցը հարցրել էր նաև Ռաջին, և մի ամիս հետո ռադիոյի «Երգեր աշխատավորների պատվերով» հաղորդման վարողը հայտարարեց. «Վաստակաշատ կոշկակար Հրաչիկի պատվերով հաղորդում ենք հնդիկ հանրահայտ դերասան Ռաջ Կապուրի «Մերա ջութա հայ ջափանի» երգը՝ «Պարոն 420» կինոնկարից։
Ռաջը աղջկան էլ էր սովորեցնում էդ երգերը, և աղջիկը դպրոցական հանդեսների ժամանակ պապայի միակ ոտանավորն արտասանելուց բացի, նաև հնդկական երգեր էր երգում, ամենաշատը՝ «Փոշու մեջ ընկած ծաղիկը» ֆիլմի երգը՝ հայերեն թարգմանությամբ.
«Կյանք տվողը մահ է տվել,
Մահ տվողը՝ կյանք։
Ի՞նչ ազգի ես դու պատկանում՝
Հնդի՞կ, մուսալմա՞ն»։
Եվ հանկարծ մի օր թաղի կոշկակարն ու ուրախությունը, արվեստաբանն ու ամենագետը, Բանաստեղծն ու Հնդիկը, չլսված բան, անհետացավ։ Երեք-չորս օր կոշկակարանոցի դուռը փակ էր։ Հարցուփորձ անող թաղեցիներին աղջիկն ասել էր. «Մենակ գիտեմ, որ գիշերը կայարան ա գնացել, կարող ա հիմա Երևանում ա»։
Չորրորդ կամ հինգերորդ օրը, երբ բուդկան բացվեց, հարևանները հանգիստ շունչ քաշեցին և եկան Բանաստեղծին հալուհարցանք անելու։ Ու հենց նրանք էլ առաջինը տեսան Ինդիրա Գանդիի լուսանկարը՝ ձեռքը ողջույնի համար վերև պարզած։ Գանդիի պատկերը բազմել էր Ռաջ Կապուրի և հնդկուհիների նկարների ուղիղ մեջտեղում։ Եվ երբ զարմացած հարցրին, թե՝ «շտե՞ղ էիր, այ մարդ, ու էս հինչ նկարա ա՞», Ռաջը, որ սև գոգնոցը հենց նոր էր կապել ու նստել, սկսեց ծոր տալով ու իր անհետանալու կարևորությունը ամեն բառով ընդգծելով, պատմել.
-Ռադիոյով լսամ, որ Ինդիրա Գանդին Հայաստան ա գալու։ Գնացքով թռամ Երևան։ Սկի հիմնարկիս նաչալնիկին էլ չասամ, որ երեք օր բուդկան չեմ բացելու։ Երևանում իմացամ, որ գնալու ա Մերգելյանի ինըստուտ։ Վազամ ընդեղ։ Լիքը ժողովուրդ կար, բայց խցկվամ ու կանգնամ առաջին շարքերում։ Հենց Ինդիրաս դուրս եկավ՝ ձայն տվամ՝ «Ընկեր Ինդիրա՜, ընկեր Գանդի՜…»։ Հիմա որ ասում եմ՝ չեք հավատում, չէ՞… Երևանից հետ գալուց առաջ կայարանի կիոսկից թերթ առամ, ու էս նկարը աչքիս ընկավ։ Թերթից կտրամ ու էսօր առավոտ շուտ տարամ Արժիկի մոտ, ասամ՝ «կարա՞ս սա սիրուն ֆոտո սարքես», ասավ՝ «կարամ», ասցիմ՝ «հինչքա՞ն կարաս մեծացնես», ասավ՝ «24-ը 30-ի վրա, դա ամենամեծ բումագան ա, որ ունեմ» ու ցույց տվավ։ Ասամ՝ «լավ ա, էդքան մեծացրու»։ Սարքավ, մեծացրավ, տվավ, բերամ ստեղ կպցրամ»։
-Խոսքդ կիսատ պահար, է՜,- ասաց անասնաբույծ Պալին, որ հսկա մարմինը չէր կարողացել բուդկա մտցնել, միայն գլուխն էր մի կերպ խցկել, որ տեսնի Ինդիրայի նկարը,- դու որ կանչար ընկեր Ինդիրա, ինքը լսա՞վ։
-Պա էդ եմ ասում էլի, պա էս նկարը խի՞ եմ մեծացրել, ստեղ կպցրել։ Էս ինձ ա ձեռքով անում։ Որ կանչամ «Ընկեր Ինդիրա՜, ընկեր Գանդի՜…», շրջվավ… էս նկարում հենց էդ մոմենտն ա, էլի, շրջվավ, կանչավ. «Նամասթե[2], Ռաջ» ու ինձ ձեռքով արավ…
[1] Ռաջ Կապուրի հանրահայտ երգը հնչում էր էսպես՝
Mera juta hai Japani, ye patlun Iṅglistani
Sar pe lal ṭopi Rusi, fir bhi dil hai Hindustani
Իմ կոշիկը ճապոնական է, այս տաբատը՝ անգլիական է,
Կարմիր գլխարկս ռուսական է, բայց իմ սիրտը՝ հնդկական է։
[2] Նամասթե - Հինդի լեզվով՝ ողջույն։
Մեսրոպ Հարությունյան