Երևանյան Randevu

Երևանյան կինոփառատոնի ամբողջ պատմության ընթացքում հետպատերազմական և հետքովիդյան Հայաստանում առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 18-րդն, անցկացվեց առանց տոնականության այն առանձնահատուկ մթնոլորտի ու տրամադրության, որն ամեն տարի իսկական կինոտոն էր պարգևում մայրաքաղաքին ու փառատոնի հյուրերին: Այդուհանդերձ, «Ոսկե ծիրանը»՝ հավատարիմ  իր առաքելությանը, ևս մեկ անգամ փառատոնը վերածեց հեղինակային կինոյի և տարվա լավագույն ֆիլմերի ստուգատեսի: Չնայած համավարակի պարտադրած սահմանափակումներին, փառատոնի հրավերն ընդունել էին համաշխարհային  կինոյի հայտնի վարպետներ՝ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ Կոռնել Մունդրուցոն, ամերիկյան կինոյի հնչեղ անուններից՝ սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեդերը, Բեռլինալեի «Ոսկե արջի» դափնեկիր, Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր Նադավ Լապիդը, խորհրդային  և ռուսական կինոյի մեծ վարպետ Ռոման Բալայանը: Նրանց լավագույն ֆիլմերի  երևանյան պրեմիերաներից բացի փառատոնի «Randevu» ծրագրի շրջանակում հանդիպումների շարք անցկացվեց պատվո հյուրերի հետ:

 

Փոլ Շրեդեր. «Սպի թողեք հանդիստեսի հոգում»

20-րդ և 21-րդ դարերի ֆիլմարտադրության սահմանագծում հայտնված կինոգործիչն այսօր կինոաշխարհի զարգացումներում բազմաթիվ նոր իրողություններ է արձանագրում: Շրեդերը փաստում է՝ նախկինում կինոարվեստում մթնոլորտ էին ստեղծում կինոյի նվիրյալները. այսօր ամեն ինչ փոխվել է: Նախևառաջ փոխվել են ոչ միայն կինոաշխարհն ու կինոմտածողությունը, այլև որակապես փոխվել է հանդիսատեսի զգայական աշխարհի վրա կինոյի ներազդեցության ուժը. «Հիմա տեխնոլոգիաներն այնքան մատչելի են, որ ֆիլմը, որը հնարավոր էր ստեղծել 45 օրում, հիմա 21 օրում է ստեղծվում: Մի ֆիլմ, որը նախկինում առևտրային չէր, հիմա վերածվում է շահութաբերի: Հիմա 21 օրում կինո կստեղծեք, հետո՝ շատ ավելի քիչ ժամանակում: Ինձ այլևս չի հետաքրքրում, որ կինոթատրոններում բոլոր տեղերը զբաղված լինեն: Այսօր մարդիկ չեն ուզում տառապանքի մասին ֆիլմեր նայել,  որովհետև արդեն անցել են դրա միջով, իսկ ներդրողները պետք է վերադարձնեն  իրենց գումարները»:

Փոլակի «Յակուձա», Սկորսեզեի «Տաքսիստը», «Կատաղած ցուլը», նաև՝ «Քրիստոսի վերջին գայթակղությունը», Բրայան դե Պալմայի «Մոլուցքը» և այլ ֆիլմերի սցենարիստն իր մասնագիտության գլխավոր հմտություններից մեկը համարում է կարևոր բաների մասին հանդիսատեսի հետ անուղղակի երկխոսություն սկսելը: Նրա գնահատմամբ, սցենար գրելը նախևառաջ պատմություն պատմելու կարողությունն է, նաև՝ ինքնաքննություն. «Ամենակարևորը պատմությունն է, ես պիտի ամենը տեսնեմ և հետո միայն գրեմ. չեմ գրում այնքան ժամանակ, քանի դեռ չգիտեմ, թե օրինակ 55-րդ էջում ինչ է տեղի ունենալու: Երբ սցենար գրել եմ սովորեցնում, ասում եմ՝ գտեք մետաֆորներ, գաղափարներ, որոնց շուրջ կարելի է ծավալվել, գաղափարը զարգացնել, հետո աստիճանաբար ստեղծել պատմությունը: Եթե կարող ես 45 րոպե քո պատմությամբ մարդուն հետաքրքրել, ուրեմն դու ֆիլմ ունես»:

Օսկարակիր Մարտին Սկորսեզեի երկարամյա գործընկերը նրա 4 ֆիլմերի սցենարի հեղինակն է: Հիմա արդեն նրանք գործընկերներ չեն. ընդամենը լավ բարեկամներ են, որովհետև, ըստ սցենարիստի, ժամանակին ընդհատել են համատեղ աշխատանքը: Շրեդերը կարծում է, որ երկու ռեժիսոր մի սենյակում չեն կարող աշխատել, նրանց անհատական տարածություն է պետք:

Ժամանակակից կինոն Շրեդերի գնահատմամբ արվեստի ամենապասիվ ձևերից մեկն է, երբ հանդիսատեսին ոչինչ չի մնում անել, քանի որ նրա փոխարեն ամեն ինչ որոշում և անում են ֆիլմարտադրողները: Նրանք, ըստ էության, հանդիսատեսին  ասում են՝ մենք քո փոխարեն ամեն ինչ կանենք, անգամ կասենք թե որտեղ հուզվես: Մինչդեռ, ըստ կինոգործչի, կինոյի ամենամեծ ուժն ապրումակցման կարողությունն է. «Իսկ ե՞րբ են ֆիլմերը հիշվում, երբ դուք ստեղծագործական  մոտեցում եք ցուցաբերում, ապրումակցում եք հերոսներին: Դուք սպի եք թողնում հանդիսատեսի հոգում և ուղեղի վրա, որը հենց իրենք պետք է բուժեն»:

Ի դեպ, ամերիկյան կինոյի տիտղոսավոր գործիչը Երևանից մեկնեց արդեն նաև որպես «Փարաջանովյան թալերի» մրցանակակիր, որը ստացավ փառատոնի մեկնարկի հանդիսության ընթացքում:

 

Կոռնել Մունդրուցո. «Մենք ստեղծեցինք հունգարական նոր կինոն»

Եվրոպական կինոյի հայտնի ռեժիսորներից մեկը՝ հունգարացի Կոռնել Մունդրուցոն հայ կինոսիրողների հետ հանդիպմանը չշրջանցեց հարցերից և ոչ մեկը. խոսեց ազգամիջյան և միջանձնային բարդ փոխհարաբերությունների, Հոլոքոստի, ինչպես  նաև ստեղծագործական որոնումների ու նախապատվությունների մասին: Սոցիալիստական ճամբարի երկրներից Հունգարիայում ծնված և մեծացած կինոռեժիսորն այն սերնդի ներկայացուցիչներից է, որոնց վիճակված էր Նոր Արևելյան Եվրոպայի կերտողները լինել: Մունդրուցոն հիշում է՝ Խորհրդային Միության փլուզումից հետո արևմտյան թերթերը հին ու նոր աշխարհների բախման եզրագծում հայտնված երիտասարդների մասին գրում էին՝ նրանք զրո սերունդ են: Ռեժիսորի գնահատմամբ Արևելյան Եվրոպայի համար դա մի ժամանակաշրջան էր, երբ ամբողջ ստեղծագործական տարածքը դատարկ դաշտ էր. «Ես ամեն ինչ սովորեցի ինքնուրույն՝ իմ թիմի և իմ համայնքի հետ: Եվ այդպես ծնվեց  հունգարական նոր կինոն, կարծում եմ, որ մենք շատ ուժեղ սերունդ ենք, որովհետև  մենք ստեղծեցինք նոր հունգարական կինոն»:

8 լիամետրաժ ֆիլմերի հեղինակ Մունդրուցոն Կաննի, Լոկարնոյի և բազմաթիվ այլ բարձրակարգ կինոփառատոների նախընտրած ռեժիսորներից է: «Կնոջ մասնիկները», «Սպիտակ աստվածը», «Յուպիտերի արբանյակը» և մյուս ֆիլմերը նրան համաեվրոպական ճանաչում բերեցին: Կաննի նախընտրած ռեժիսորներից մեկը փաստում է՝ Կաննում ներկայանալու գրին քարտ չկա, պարզապես իր բախտը  բերել է: Հատկապես գնահատում է, որ Կաննի կինոփառատոնն առ այսօր պահպանում է հավատարմությունը հեղինակային կինոյի արժեհամակարգին: Բայց կինոյի հայտնի վարպետը նաև պահանջված թատերական ռեժիսոր է, որի  բեմադրություններն անշլագով ներկայացվում են Համբուրգի, Ցյուրիխի, Վարշավայի լավագույն թատրոններում: Կինո թե՞ թատրոն երկընտրանք  Մունդրուցոյի համար գոյություն չունի. այսօր էլ նա վստահաբար պնդում է՝ ես թատրոնում դրսի մարդ մնացի: Մունդրուցոյի գնահատմամբ թատրոնն ու կինոն հեռու են միմյանցից և շատ թատերական ֆիլմը վատ է, ճիշտ այնպես՝ ինչպես շատ կինեմատոգրաֆիական ներկայացումը: Իսկ կինոն ընտրել է ամենավաղ երիտասարդության շրջանում. «Երբ 18-20 տարեկան էի, փնտրտուքների մեջ էի և փորձում էի հասկանալ՝ ով եմ ես, արդյոք տաղանդավոր եմ, թե՞ ոչ: Երբ համալսարան ընդունվելու համար պետք է նկարեի իմ առաջին կարճամետրաժ ֆիլմը, ես վերցրի տեսախցիկն ու սկսեցի աշխատել դերասանների հետ: Հասկացա, որ կինոռեժիսոր եմ և մինչև օրս այդպես եմ մտածում: Սիրում եմ թատրոնն, որն ինձ հարազատ է, բայց ես կինոյի մարդ եմ»:

Մունդրուցոն «Ոսկե ծիրանի» «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ներկայացնում է իր «Էվոլյուցիա» ֆիլմը՝ փոքր բյուջեով և ընդամենը 10 օրում նկարահանված ընտանեկան մի պատմություն, որն իր համար խիստ անձնական է համարում: «Էվոլյուցիան» ռեժիսորին հնարավորություն է ընձեռել խոսել շատ լուրջ խնդիրների, անցյալի ցավագին իրողությունների ու Հոլոքոստի առ այսօր չմարող արձագանքի մասին: Վերստին ընդգծում է՝ չնայած ինքը հրեա չէ, բայց իր հրեական ընտանիքը՝ կինն ու զավակները, իրեն կապում են Հոլոքոստի իրողությանն ու այն  ողբերգությանը, որը Քրիստոսի ժամանակներից ի վեր ամենամեծ կատակլիզմն է համարում. «Մեր ինքնությունն առավելապես կապված է անցյալի հետ: Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում անցյալի տրավմաներին, ինչպե՞ս ենք դրանք սերնդից սերունդ փոխանցում մեր երեխաներին: Կարծում եմ, այդ ամենն ամենայն  պատասխանատվությամբ պետք է մի կողմ դնենք: Երեխաները չպետք է ապրեն իրենց ծնողների կյանքը, սակայն դա չի նշանակում, որ պետք է մոռանալ այդ տրավմայի մասին»:

 

Ռոման  Բալայան. «Մի տրվեք լավ ապրելու գայթակղությանը»   

81-ամյա Ռոման Բալայանը «Ոսկե ծիրանի» ամենահավատարիմ հյուրերից է. գրեթե երբեք չի մերժել երևանյան կինոփառատոնի հրավերը, սիրում է «Ոսկե ծիրանի»  ջերմ մթնոլորտն ու կինոքաղաքականությունը: Հայ կինոսիրողների հետ հանդիպման ընթացքում ավելի շատ հիշում է իր ստեղծագործական ճանապարհին հանդիպած համաշխարհային կինոյի մեծ վարպետների ու արտիստների հետ շփումները: Կինոյի համար լավ օրերի ու մեծ կինոյի մասին խոսում է անցյալ ժամանակով: «Համբույր», «Առաջին սեր», «Պահպանիր ինձ, իմ թալիսման», «Դրախտի թռչուններ», «Մատնիչը» և խորհրդային շրջանի այլ սիրված ֆիլմերի  հեղինակին ֆիլմարտադրության տևական դադարն ու  ֆինանսների մշտական պակասը չեն վհատեցնում: Ռեժիսորը նոր նախագծեր ունի, որոնցից, օրինակ, «Պահապան հրեշտակները» Բալայանի երկարամյա բարեկամ, նախկինում ԽՍՀՄ  կինոքաղաքականությունը համակարգող նախարար, հայազգի կինոգետ Արմեն  Մեդվեդևը ֆիլմ-տրամադրություն է որակում, և հավելում՝ ինչպես և Բալայանի բոլոր ֆիլմերը:

Մեկ տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակը միանգամայն բնական է համարում, որ  առ այսօր ինքը նույնացվում է իր լավագույն՝ «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմի հերոսի հետ: 1982-ին նկարահանված «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը խորհրդային վարձույթի միայն առաջին տարվա ընթացքում վեցուկես միլիոն հանդիսատես է ունեցել. այս ցուցանիշը խորհրդային չափանիշներով պարզապես ռեկորդ էր: Ֆիլմի նկարահանումից գրեթե քառասուն տարի անց Բալայանը  փաստում է՝ այդ ֆիլմն ամբողջությամբ ինքնախոստովանություն է. «Ես 81 տարեկան եմ, բազմաթիվ ֆիլմեր եմ նկարել: Բայց «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը հենց ես եմ, իմ տրամադրությունն ու աշխարհն է»: Հաճույքով է հիշում, թե ինչպես այդ ֆիլմը խորհրդային կինոյի մի ուրիշ մեծ ռեժիսորի՝ Կիրա Մուրատովայի հետ ծանոթության առիթ դարձավ: Մուրատովան ֆիլմը դիտելուց հետո Բալայանին ասել էր՝ այդ ֆիլմում Դուք ոչ մի զիջում չեք արել հանդիսատեսի ճաշակին:

Երբ տասնամյակներ առաջ հայտարարվեց, որ Բալայանն էկրանավորելու է Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը», տարիներ շարունակ Երևանում անհամբերությամբ ու մեծ ակնկալիքներով սպասում էին երկու տաղանդավոր մարդկանց հոգևոր հարազատությունից ծնված ֆիլմի պրեմիերային: Ցավոք՝ ապարդյուն. փլուզվեց խորհրդային կինոարտադրությունը և տևական ժամանակ այդ գաղափարը փայփայող, բայց այդպես էլ ֆինանսավորում չգտած կինոռեժիսորն, ի վերջո, հրաժարվեց այդ նախագծից .«Այդ շրջանում ես ուզում էի «Գոմեշը» Ղարաբաղում նկարել՝ հենց ղարաբաղյան բարբառով: Շատ ոգևորված էի, բայց, ինչպես ասում են, հիվանդացա այդ գաղափարով ու անցավ: Հիմա արդեն պարզապես չեմ ուզում, այդ  ժամանակն անցել է»:

Տարիներ առաջ Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում անցկացված կինոռեժիսորների բարձրագույն դասընթացների ժամանակ Բալայանն իր  կուրսն էր հավաքել: Ինչպես և այն ժամանակ, այսօր էլ երիտասարդներին խորհուրդ է տալիս՝ հիվանդացեք կինոյով, միշտ հոսանքին հակառակ գնացեք և  մի տրվեք լավ ապրելու գայթակղությանը:

 

Նունե Ալեքսանյան