«Երկաթե Տիգրանը»՝ շախմատի արքա
1960-ականները հայ ժողովրդի հոգևոր վերելքի, ինքնագիտակցության ամրապնդման, տնտեսական, գիտական, մշակութային ու մարզական նվաճումների աննախադեպ ժամանակաշրջան էր։ Ընդամենը մեկ տասնամյակում տեղի ունեցան համազգային կարևորության իրադարձություններ՝ Արցախյան հարցի վերածնունդը, Մեծ Եղեռնի 50-րդ տարելիցի հզոր ցույցերը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի բացումը և Էրեբունու 2750-ամյակի տոնակատարությունը, հանուն անկախության պայքարող ԱՄԿ-ի ծնունդը, չնայած խոչընդոտներին՝ Շիրազի և Սևակի բանաստեղծական կոթողային ժողովածուների հրատարակությունը, Մինասի առաջին անհատական ցուցահանդեսի բացումը, Կոստան Զարյանի և Հակոբ Հակոբյանի հայրենադարձությունը, «Իմ սիրտը լեռներում է» պիեսի աճեմյանական բեմադրությունը, «Սպարտակի» բեմելը Երևանի օպերային թատրոնում, Դուրյանի գլխավորած ֆիլհարմոնիկ նվագախմբի և Չեքիջյանի երգչախմբի հաղթարշավը, Կլիբեռնի, Սումակի, Ազնավուրի ու Բրելի ելույթները, Սարոյանի, Սարտրի, Սթեյնբեքի, Բրիտտենի այցերը, հայկական չգերազանցված ֆիլմերի ծնունդը՝ «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը» և «Մենք», էլեկտրոնային օղակաձև արագացուցիչի գործարկումը․ անհնար է բոլորը թվարկել։ Եվ այս ամենով հանդերձ՝ 1963-ի մայիսին Տիգրան Պետրոսյանի հաղթանակը շախմատի աշխարհի առաջնությունում հիրավի համաժողովրդական ցնծության առիթ տվեց։ Պատմում են, որ Բոտվիննիկ-Պետրոսյան մրցամարտի ընթացքում ամբողջ Հայաստանը շախմատով էր ապրում, նույնիսկ հանցագործությունների քանակը կտրուկ նվազեց․ Երևանի, Լենինականի և այլ քաղաքների հանրային վայրերում կախված շախմատի մեծ տախտակների շուրջն էին խմբվում մարդիկ՝ հետևելու խաղին։ Հենց այդ տեսարանով է սկսվում Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը․ «Բացատրիր, սա ի՞նչ է․ ազգի վիրավորված ինքնասիրությո՞ւն, որ անցյալում ընչազուրկ էր, իսկ այժմ ձգտում է ինքնահաստատմա՞ն։ Թե․․․ միգուցե այսօրվա սուր հարցերից հեռու մնալու ցանկություն է, և պատճառ՝ դրանք չլուծելո՞ւ։ Համենայն դեպս, ես կարծում եմ, որ սա համատեղ արշավ է դեպի անցյալ, այսպես ասած՝ մասսայական վերհուշ»։ Հովհաննես Շիրազի՝ այդ առիթով գրած բանաստեղծությունում այսպիսի տողեր կան․
Անհանգիստ է Տիգրանը Մեծն էլ բախտի համար Տիգրանի,
Արդյո՞ք պիտի Տիգրան թոռս գերեզմանից ինձ հանի՞-
Գեթ շախմատի մի բուռ դաշտում աշխարհակալ կդառնա,
Թե՞ Մասիսը բանտող ամպը դեռ շատ պիտի դառնանա:
1948 թվականին աշխարհի չեմպիոն դարձած Միխայիլ Բոտվիննիկը ոչ մի կերպ չէր ուզում հրաժարվել շախմատի արքայի թագից, դրա համար նա նույնիսկ երկու անգամ կիրառեց ռևանշի իրավունքը։ Բացի ունեցած պաշտոնական լծակները, նա երբեմն դիմում էր և «ոչ մարզական» հնարքների․ այդպես, 1961-ին նա կարողացավ պարտության մատնել մեկ տարի առաջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը դարձած Միխայիլ Տալին, երբ վերջինս լուրջ առողջական խնդիրների էր դիմագրավում։
Եվ ահա, շախմատային թագի նոր հավակնորդը Բոտվիննիկից 18 տարով փոքր Տիգրան Պետրոսյանն էր։ Նա ծնվել էր բակապանի ընտանիքում։ Երկար տարիներ նրա ծննդավայրը համարվում էր Թիֆլիսը, սակայն ըստ վերջերս հրապարակված տվյալների՝ Տիգրան Պետրոսյանը ծնվել է Ապարանի շրջանի Մուլքի գյուղում և Թիֆլիս տեղափոխվել երկամյա հասակում։ Չնայած ծանր մանկությանը, նա դարձավ Վրաստանի, ապա նաև՝ Հայաստանի շախմատի չեմպիոն։ Այդ ժամանակ նա նույնիսկ տուն չուներ և բնակվում էր այժմյան Օլիմպիական կոմիտեի շենքում։ 23 տարեկանում նա արդեն միջազգային կարգի գրոսմայստեր էր, 1959-ին առաջին անգամ հռչակվեց ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1962-ին Կյուրասաոյում հաղթեց ֆենոմենալ շախմատիստ Ֆիշերին։
1963 թ․ աշխարհի առաջնության սկիզբը Պետրոսյանի համար բարենպաստ չէր․ նրա կրած առաջին պարտությունից հետո ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը Մոսկվա գործուղեց ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Լորիս Քալաշյանին՝ հիշեցնելու շախմատիստին՝ հայրենիքի ու հայրենակիցների հանդեպ պատասխանատվության մասին։ Հայաստանից Պետրոսյանին նաև ուտեստներ և նվերներ էին ուղարկում, իսկ ոտքերի տակ համակիրները Էջմիածնից բերված հող էին լցրել։ Առաջնությունն անցկացվում էր Մոսկվայի էստրադային թատրոնում, որը հայության հավաքավայրն էր դարձել, իսկ Պետրոսյանի անվտանգությունն ապահովելու համար նրան ուղեկցում էր դյուցազն Սերգո Համբարձումյանը։ Պետրոսյանը հավաքեց ուժերը և դարձավ աշխարհի իններորդ չեմպիոնը՝ Բոտվիննիկին հաղթելով համոզիչ 12½:9½ հաշվով (ի դեպ, վերջինս այլևս երբեք չխաղաց շախմատի աշխարհի առաջնություններում)։ Մինչև այդ «էտյուդների արքա» Հենրիկ Գասպարյանից բացի երևելի շախմատիստներ չունեցող Հայաստանի համար սա, իհարկե, բացառիկ արդյունք էր, որով սկիզբ առան տասնամյակներ շարունակվող շախմատային հաղթանակները․ այսօր էլ Հայաստանը այս ինտելեկտուալ խաղի գերտերություններից է։
«Ես իմ կյանքում այսպիսի արդյունքների կարողացա հասնել իմ հայրենակիցների աջակցության շնորհիվ», -անկեղծանում էր շախմատիստը։ Հաղթանակից հետո Պետրոսյանին Հայաստանում ընդունեցին որպես հերոսի․ դիմավորողները նրան օդանավակայանում բարձրացրին ձեռքերի վրա ու տարան։ Իսկ որդին նույնիսկ կորավ անծայրածիր ամբոխի մեջ ու գտնվեց միայն երկու ժամ անց՝ միլիցիայի օգնությամբ։
Անթիվ-անհամար էին չեմպիոնին իրենց աչքերով տեսնել ցանկացողները․ Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, հանրապետական ստադիոնում, Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում, ամենատարբեր հաստատություններում հանդիպումները հաջորդում էին իրար։ Նրան ընդունելը պատիվ էին համարում ամենանշանավոր հայերը՝ Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը, Վիկտոր Համբարձումյանը, որը շախմատը համարում էր մարդու մտավոր կարողությունները չափելու բացառիկ միջոց։ Ի պատիվ չեմպիոնի՝ շատերն իրենց նորածին մանչուկներին Տիգրան կամ Պետրոս էին կոչում։
Իր մասին Պետրոսյանը պատմում էր․ «Մեծացել եմ Թբիլիսիում, աշխատավորական ընտանիքում, սովորել եմ հայկական դպրոցում։ Անդրադառնալով վաղ մանկությանս, հիշում եմ, որ դպրոց գնացի հասակակիցներիցս ավելի շուտ, իսկ գրել-կարդալ գիտեի դեռ մինչև դպրոցը։ Բավական վաղ եմ սովորել խաղալ այնպիսի խաղեր, ինչպիսիք են շաշկին և նարդին»։ Չնայած Տիգրանի ներքին ձգտմանը, իրավիճակը տանը և դպրոցում խանգարել է շախմատի հետ մերձեցմանը։ Տասնմեկ տարեկան էր, երբ ընկերը ճամբարում սովորեցրեց շախմատ խաղալ, իսկ մի քանի ամիս անց Տիգրանը սկսեց շախմատ պարապել Թբիլիսիի պիոներների պալատի խմբակում։ Տիգրանի ծնողները վաղ մահացան, և նա բնակվում էր ավագ քրոջ՝ Վարդուշի մոտ։ Պատերազմի դժվարին տարիներն էին․ շախմատի աշխարհը պատանի Տիգրանի համար փրկօղակ էր։ Իր առաջին շախմատային մարզիչ Արչիլ Էբրալիձեի օգնությամբ նա բացահայտեց շախմատային տրամաբանության գեղեցկությունը, ծանոթացավ Ա․ Նիմցովիչի «Իմ համակարգը պրակտիկայում» աշխատությանը, Կապաբլանկայի վիրտուոզ տեխնիկայի հետ։ Նիմցովիչը մեծ ուշադրություն էր դարձնում պաշտպանությանը, և նրա հետևորդ Պետրոսյանը 1946 թ․ ԽՍՀՄ պատանեկան առաջնությանը ոչ մի պարտություն չկրեց։ Գրոսմայստեր Գ․ Լևենֆիշը նկատեց, որ Պետրոսյանը լավ կոմբինացիոն «տեսողություն» ունի ու «հազվադեպ է սխալվում հաշվարկներում»։ 1945-ին նա հաղթեց Վրաստանի առաջնությունում, 1946-ին տեղափոխվեց Երևան ու դարձավ Հայաստանի չեմպիոն, ստացավ սպորտի վարպետի կոչում, իսկ 1949-ին հաստատվեց Մոսվայում, որտեղ էլ ծանոթացավ ապագա կնոջ՝ Ռոնայի հետ։
Մեկնաբանները Պետրոսյանին անվանում էին «Երկաթե Տիգրան»՝ իր կիրառած կուռ պաշտպանության, հակառակորդի հնարավորությունների հմուտ սահմանափակման համար: Նա դժվարությամբ էր զոհաբերում իր ֆիգուրները, իսկ հարձակման կամ պաշտպանության դիմելիս հատուկ նշանակություն էր տալիս հետևակին։
Նա դիրքային խաղացող էր՝ պահպանողական և զգուշավոր․ ռիսկի չդիմելու պատճառով հաճախ նախընտրում էր «ոչ-ոքի» արդյունքը, սակայն հազվադեպ էր պարտվում։ Ձգտում էր խուսափել պատահականությունից․ «եթե ուզում ես ռիսկի դիմել, պիտի թղթախաղով զբաղվես կամ պտուտախաղով»։ Սակայն զգուշավորության համար որքան էլ քննադատեին նրան՝ այդ մոտեցումը հայ շախմատիստին առանձնահատուկ էր դարձնում, Բոտվիննիկի խոսքերով՝ «նրան դժվար էր զուգահեռներ գտնել՝ անցյալում թե ներկայում»։
Բազմաթիվ են Պետրոսյանի արձանագրած ռեկորդները․ նա ԽՍՀՄ վեց առաջնություն անցկացրել է առանց գեթ մեկ պարտության։ Պատմության մեջ առաջին Էլո-ռեյտինգը գլխավորում էին Պետրոսյանը և Ֆիշերը, հետագայում էլ, մինչև 51 տարեկանը հայ շախմատիստը հաճախ հայտնվում էր լավագույն վեցյակում։ 27 տարիների ընթացքում Պետրոսյանն աշխարհի առաջնության հավակնորդ էր։ Եղել է ԽՍՀՄ քառակի, Մոսկվայի եռակի չեմպիոն։ ԽՍՀՄ հավաքականի կազմում հաղթելով ինը Համաշխարհային օլիմպիադաներում՝ նա փայլուն արդյունքներ է գրանցել՝ զիջելով միայն Կարպովին ու Տալին։ Ըստ մասնագետների՝ Պետրոսյանը բոլոր ժամանակների ամենադժվար պարտվող շախմատիստն էր։ «Պետրոսյանը կարողանում է սպառնացող վտանգը տեսնել և չեզոքացնել 20 քայլ առաջ», -խոստովանում էր Ռոբերտ Ֆիշերը։
Պետրոսյանը պնդում էր, որ խաղ լինելով հանդերձ՝ շախմատը ոչ մի պատահական բան չունի․ «շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, տիրապետելու դժվարությամբ՝ գիտություն»։ Պետրոսյանը ոչ միայն շախմատային տեսաբան էր ու վերլուծաբան, այլև՝ փիլիսոփա։ 1968-ին նա ԵՊՀ մեծ դահլիճում պաշտպանեց փիլիսոփայական գիտությունների թեկնածուական թեզ՝ «Շախմատային մտածողության տրամաբանության որոշ խնդիրներ» թեմայով։ Այսպիսով նա շախմատի առաջին չեմպիոնն էր, որ շախմատին նվիրված գիտական ատենախոսություն գրեց։
1966 թ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով 29-ամյա Բորիս Սպասսկուն։ Սա սկզբունքային հաղթանակ էր Պետրոսյանի համար, որ պիտի ապացուցեր՝ առաջին հաղթանակն օրինաչափ է եղել։ Շախմատը մեծ կենտրոնացվածություն է պահանջում․ Պետրոսյանն իր ամբողջ ժամանակը նվիրում էր այս խաղին։ Մրցամարտի ընթացքում նա վեց կիլոգրամ նիհարեց․ «Մի անգամ Գլիգորիչին բողոքեցի նյարդերիս վիճակից։ Նա բացականչեց․ «Ինչ է, Դո՞ւք էլ նյարդեր ունեք»։ Ինձնից բացի ոչ ոք չգիտի, ինչ է ինձ արժեցել իմ «երկաթե» կարգավիճակը»։ Չեմպիոնությունից հոգնած Պետրոսյանը 1969-ի շախմատի աշխարհի առաջնության ժամանակ՝ հենց իր 40-ամյակի օրը պարտվեց նույն Սպասսկուն: Մինչև 17-րդ պարտիան հաշիվը հավասար էր։ Պետրոսյանը համոզված էր, որ այս անգամ էլ կարող էր հաղթել Սպասսկուն․ «շախմատային իմաստով ես նրան չէի զիջում»։ Պարտությունը չկոտրեց «Երկաթե Տիգրանի» կամքը, նա սկսեց նոր թափով հանդես գալ մրցաշարերում ու մի քանի ամիս անց կրկին հռչակվեց ԽՍՀՄ չեմպիոն։
Տիգրան Պետրոսյանը մեծ դեր ունի Հայաստանում և այլ երկրներում շախմատի զարգացման և պրոպագանդման գործում։ Աշխարհի տարբեր անկյուններում մրցաշարերի մասնակցելիս նրան դիմավորում էին հայրենակիցները, որոնց հետ նա հայերեն էր խոսում։ Նրա շնորհիվ Հայաստանը ճանաչվեց շախմատային աշխարհում։ 1965-ին Երևանում անցկացվեց միջազգային մրցաշար․ օպերային թատրոնի շենքը լեփ-լեցուն էր երկրպագուներով, շատ բան տեսած արտասահմանցի մասնակիցները զարմանում էին, թե ինչպե՞ս է հնարավոր եղել այդքան հանդիսատես ներգրավվել։ 1966-ին աշխարհի հայ չեմպիոնը դրեց Երևանի շախմատի կենտրոնական տան հիմնաքարը։
Իր աշակերտներին նա սովորեցնում էր ինքնուրույն մոտեցում դրսևորել դիրքի գնահատմանը, ուշադիր վերլուծել տանուլ տված պարտիաները։ Նա շախմատը համեմատում էր լուրջ երաժշտության հետ, շատ էր սիրում խաղերից առաջ լսել դասական երաժշտություն, չնայած տարեցտարի կորցնում էր լսողությունը։
Պետրոսյանը զբաղվում էր դահուկային սպորտով, սիրում էր խաղալ բիլիարդ, սեղանի թենիս, նարդի։ Որդու՝ Վարդանի խոսքերով, ինչպես շախմատում, այնպես էլ կյանքում նա առավելագույն չափով հուսալի մարդ էր։ Քաղաքական իմաստով ևս նա խիստ զգուշավոր էր, նախընտրում էր չվտանգել իր և հարազատների բարեկեցիկ կյանքը: Եվ այնպես ստացվեց, որ պատանի հասակում Թիֆլիսի փողոցներն ավլող Պետրոսյանը կյանքի վերջին տարիները հիմնականում անցկացրեց էլիտար Ռուբլյովկայի իր ամառանոցում:
Անբուժելի հիվանդությամբ տառապող շախմատիստը կյանքից հեռացավ 1984 թվականին։ Ապագա չեմպիոն Գարրի Կասպարովը նրա մասին ասաց․ «Պետրոսյանի հարուստ փորձը, շախմատի խաղատախտակի վրա (և ոչ միայն) ծավալվող գործողությունների դիպուկ գնահատականները հետագայում ինձ շատ օգնեցին աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող բարդ պայքարում: Եվ, իհարկե, ինձ համար ծանր հարված էր, որ իմ ամենաառաջին մրցախաղից առաջ ես զրկվեցի Պետրոսյանից՝ մեծ բարեկամից և ուսուցչից»:
Կյանքի վերջում Պետրոսյանը նշում էր, որ հետ նայելով՝ հազվադեպ է վերհիշում դառնություններն ու վիրավորանքները․ «Շախմատի պարգևած ուրախությունների համեմատությամբ դրանք մանրուք են»։ Պետրոսյանի համոզմամբ՝ ամենամեծ պարգևն այն է, որ իրեն բաժին հասած ուրախությունը կիսել են իր ընտանիքը, ընկերները և հայրենակիցները, այդ ուրախությունը ընդհանուր է եղել։ Չէ՞ որ «շախմատային թագի համար մրցամարտում հաղթանակը յուրաքանչյուր շախմատիստի կյանքի փառապսակն է», իսկ Պետրոսյանն ավելի քան երեք տասնամյակների ընթացքում միակը լինելով՝ երկու անգամ անընդմեջ ապացուցեց, որ լավագույնն է աշխարհում․․․
Աշոտ Գրիգորյան