Երազել քարի մեջ

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի որոշմամբ 2023 թվականի գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է նորվեգացի արձակագիր, դրամատուրգ, գրող, բանաստեղծ և մանկագիր Յուն Ֆոսեին։ Ֆոսեն հեղինակավոր մրցանակին արժանացել է նորարարական պիեսների և աննկարագրելին արտահայտող արձակի համար: «ArtCollage»-ն  ընթերցողներին է ներկայացնում Նոբելյան մրցանակի այս տարվա դափնեկրի «Երազել քարի մեջ» ստեղծագործությունը՝ Լյուսիլ Ջանինյանի  թարգմանությամբ: 

 

***

I

Ոչ ոք չի տեսել ձնակույտը, քանի որ այն շատ դանդաղ է քանդվել: Ոչ օր օրի, ոչ էլ ժամ առ ժամ կամ րոպե առ րոպե․ բայց այն քանդվեց: Ամբողջ ընթացքում այն քանդվում էր․ ձնհալ էր։ Այդպես էլ պետք է լիներ՝ ձնակույտ․ բա ուրիշ ի՞նչ։

Բայց ցեխի պես սահե՞ց։

Ոչ, այն ցեխի պես չէր սահում. ավելի շուտ, այն հանկարծակի ու աննկատ ցնցման էր նման:

Բայց պետք է չէ՞, որ ինչ-որ մեկը տեսած լիներ։

Չէ, ոչ ոք։  Կամ գուցե ինչ-որ մեկը տեսել է, բայց չի ցանկացել ասել: Կամ գուցե ոչ ոք էլ դա չի տեսել: Ցնցումները չափազանց արագ էին՝ ցնցում ցնցումի հետևից:

Բայց այդ դեպքում, իսկապես, չենք կարող այն անվանել ձնակույտ։

Այո, ձնահոս էր, ձնհալ։

Ինչ-որ տեղ՝ մեջտեղում, ճե՞ղք կար։

Ո՞ւմ ես հարցնում։

Կարծում եմ, որ դա տեղի ունեցավ, քանի որ ներսում ճեղք կար, որն, ի վերջո, հանգեցրեց նրան, որ այն քանդվեց։

Միգուցե, բայց ես կարծում եմ, որ կային շատ ավելի փոքր ճաքեր, ոչ մեծ, գրեթե անտեսանելի շատ ճաքեր:

Այո, կարող էր այդպես լինել։ Բայց այդ փոքրիկ, գրեթե անտեսանելի ճեղքերը ինչ-որ կերպ միավորվեցին՝ վերածվելով մեծ ճեղքի, գրեթե անդունդի։

Ձայնիդ մեջ ուրախության նման մի բան եմ զգում։

Անդունդի նման։

Հա, հա՝ անդունդի։

 

II

Ես չեմ դադարում մտածել այն մասին, թե ինչպես այն քանդվեց՝ այդքան դանդաղ, աննկատելիորեն դանդաղ:

Այո, դուք արդեն ասել եք դա:

Այո՛։

Բայց, ձնհալն, ինքնին, իրոք այնքան հանկարծակի եկավ։

Այո՛։

Այո՛։ Եվ դուք ասում եք, որ եղել են մի քանի ձնակույտեր, իսկ հետո դրանք պառկել են գետնին։

Ես պարզապես պառկեցի այնտեղ:

Դուք պարզապես պառկել եք այնտեղ։

Այո, ես պարզապես պառկեցի այնտեղ՝ իմ տան դիմացի աստիճաններին։

Հետո՞։

Եվ հետո ինչ-որ մեկն ինչ-որ բան ասաց, և ես փորձեցի վեր կենալ, բայց չկարողացա, և ինչ-որ մեկն օգնեց ինձ վեր կենալ: Ես կանգնեցի այնտեղ։ Հետո մի դուռ բացեցի։ Ես ներս մտա և դուռը փակեցի հետևիցս։

Հետո՞։

Ես ոչինչ չեմ հիշում։ Հիշում եմ, որ արթնացա՝ պառկած էի հատակին։ Ես վեր կացա։ Ես կանգնած էի։ Ես քայլեցի:

Հետո՞։

Մտածեցի, որ պետք է գնամ պառկեմ։

Այո՛։

Այո՛։ Եվ հետո նորից արթնացա։ Ես պառկած էի խոհանոցի սեղանի մոտ։ Եվ հետո մտածեցի, որ պետք է գնամ պառկեմ։ Ես վեր կացա: Ես կանգնած էի։ Գտա բազմոցն ու պառկեցի։

 

III

Այն երեք անգամ քանդվեց։ Ամեն ինչ սևացավ․ մի տեսակ մառախուղով պատվեցի քնիս մեջ, բայց ներսում ինչ-որ տեղ դողալով, ինչպես քարի մասնիկները շարժման մեջ, կամ փոքր քարերը դանդաղ ձնակույտի մեջ, այնքան դանդաղ, որ այն չես կարող ձնակույտ անվանել։

Այո, դուք դա ասացիք:

Այո՛։

Հետո՞։

Ոչ ոք չի տեսել ձնհալը։

Դու մենակ էիր։

Այո, ես մենակ էի։

Եվ, հավանաբար, դա է պատճառը, որ ձնհալ չէր։

Ոչ, գուցե՝ ոչ:

Բայց դրա նման մի բան։

Այո՛։

Հետո մի պահ լուռ էր ամեն բան։

Իսկ հիմա։

Հիմա՞։

Ի՞նչ ես կարծում։ Ո՞ւր գնացին քարերը։

Նրանք պարզապես պառկեցին այնտեղ, բայց հետո նորից բաժանվեցին։

Այո՛։

 

IV

Քարի բեկորներ, այս քարերն էլ, այս փոքրիկ քարերը փայլում են գորշ մշուշի մեջ։ Նրանք աղոտ էին փայլում, բայց փայլում էին, և հետո լույսը հավաքվեց, և ես տեսա, որ պառկած եմ բազմոցի վրա։ Ես ոտքի կանգնեցի։ Դռնից դուրս եկա։
Ես փակեցի մի դուռ իմ հետևից: Ես քայլեցի: Կանգնած սպասում էի ավտոբուսի։ Դժվար էր կանգնել։ Իսկ հետո նորից քանդվեց։ Ես պառկած էի մայթին։ Հանկարծ հասկացա, որ պառկած եմ մայթին։ Ինչ-որ մեկը վազելով եկավ: Նա օգնեց ինձ վեր կենալ: Ես կանգնած էի։ Ես փորձեցի ավտոբուս նստել, բայց մեկ այլ մարդ վազելով եկավ և ասաց, որ ես չեմ կարող ավտոբուսով գնալ՝ սա իմ նմանի համար չէ, ասաց տղամարդը։ Ես հարցրեցի, թե արդյոք չեմ կարող պարզապես նստել ավտոբուսում, բայց ոչ, ոչ, սա ավտոբուս չէր ինձ նման մեկի համար, ասաց նա: Վարորդին հարցրի, կին էր, ժպտաց ու գլուխը շարժեց։ Նա ոչինչ չասաց, կամ գուցե ասաց՝ ոչ: Եվ հետո, կարծում եմ, այսպես եղավ, եթե սխալ չեմ հիշում, այն մարդը, որն ինձ օգնեց ոտքի կանգնել, եկավ և ինձ տարավ տաքսու մոտ։

Նա ինձ նստեցրեց տաքսի, և ես նստեցի, և ես ու վարորդը գնացինք։ Վարորդն ասաց, որ հաճախ է ոչնչի մասին մտածում՝ թե ինչպես է ստացվում, որ ոչինչը կա ամեն ինչում։

-Ոչինչն ամեն ինչի մեջ է,- ասաց տաքսու վարորդը։

Այո՛։

Ես նրան ոչինչ չասացի քարերի մասին։

 

V

Քարերը երգում են, և նրանք չեն երգում: Նույնիսկ երբ մառախուղն անհետանում է, քարերը պառկած են մնում՝ իրար հենված, այնքան գեղեցիկ են պառկած, ասես մի հրաշալի ճարպիկ քարագործի կողմից հավաքվել են, ձնհալից հետո էլ այդպես պառկել են։ Քանդվելով:

Այո, այո։

Եվ հետո մենք ծիծաղում ենք, այո՛, մենք ծիծաղում ենք: Ձնհալից հետո էլ։

Հետո դուք նստած էիք մեքենայի մեջ: Վարորդն ասաց, որ ամեն ինչում ինչ-որ ոչնչություն կա, և հետո ի՞նչ։

Մենք խոսում էինք ոչնչի և այն մասին, թե ինչ կա հետևում, և այն ամենի մասին, ինչ կար, թե որտեղից էին եկել քարերը։

-Այ այնտեղից,- ասաց վարորդը:

Տաքսու վարորդը՞։

Այո, հենց նա, նա ասաց, որ ոչինչ չկա, որ Աստված է սկզբից առաջ, որ ի սկզբանե Բանն էր։ Այո, նա՝ այդ մեքենան վարող մարդն ասաց։

Լավ էր ասված։

Կարծես ոչինչ չէր քանդվում այլևս։ Բայց ամեն ինչ այնքան մոխրագույն էր՝ ասես մշուշի մեջ։

Մոխրագույն քարի պես, - դու ասացիր։

Այո՛։ Բայց մեքենայում մի փոքր ավելի թեթև էր։

Տաքսո՞ւ մեջ։

Այո՛։

Հետո՞։

Դե, հետո ես իջա տաքսուց և մտա օդանավակայան։ Իսկ հետո նորից քանդվեց։ Ես պառկած էի հատակին, և երբ վերև նայեցի, շուրջս շատ մարդիկ կային, ու ինչ-որ մեկը զարկերակս էր բռնել և ասում էր՝ նա թույլ է, և հետո սայլակով մի մարդ եկավ և ինձ նստեցրեց աթոռին և հրեց ինձ սենյակ։ Ես նստեցի այնտեղ, և նա ասաց, որ կարող եմ ինքնաթիռ նստել, ինձ կգնահատեն, նա ինձ ջուր տվեց, իսկ հետո անվասայլակով ինձ հրեց դեպի ինքնաթիռ՝ մյուս բոլոր ուղևորներից առաջ, և երբ հասանք ինքնաթիռի դռան մոտ, ինչ-որ մեկը եկավ ինձ դիմավորելու:

Ո՞վ։

. . . Ինձ դիմավորեց մի բորտուղեկցորդուհի և ասաց, որ իրեն թույլ են տվել, որ տանի ինձ, և հետո նրանք ինձ հրեցին ինքնաթիռ և նստեցրին առաջին շարքում, հետո ինչ-որ մեկը․․.

Եվս մեկ բորտուղեկցորդուհի։

. . . հարցրեց, թե արդյոք ինչ-որ բան եմ ուզում, և ես ասացի, որ գուցե մի քիչ ջուր ուզեմ: Եվ հետո ինձ մի քիչ ջուր տվեցին։ Քար և ջուր։ Քար, քար և ջուր։ Եվ ես ձնակույտն էի, քարի բեկորներ, և բոլոր քարերը մոխրագույն մառախուղի մեջ էին, որը կարծես թե մի փոքր փայլում էր փշրված քարերից, և նրանք կատարյալ կարգուկանոնի մեջ էին՝ պառկած էին միմյանց դեմ, ասես իրենք իրենց դասավորել էին պատի նման։ Լավ պատի:

Այո, դուք արդեն ասացիք դա։ Կարծում եմ, որ քարի և ձնակույտի մասին այս խոսակցությունը ոչ այլ ինչ է, քան սուտ քող, բայց, այնուամենայնիվ, սրա մեջ ինչ-որ բան կա, կարծում եմ։

Մի լավ նոր պատ։

Հետո՞։

Իսկ հետո ինձ անվասայլակով դուրս հրեցին ինքնաթիռից։ Ես ասացի, որ կարող եմ քայլել, բայց ինձ թույլ չէին տալիս, որովհետև հնարավոր է նորից ընկնեի, այդ իսկ պատճառով ավելի լավ կլիներ, եթե ես լինեի անվասայլակով, և հետո ինձ տանեին: Այո, դուք դա հիշում եք, չէ՞:

Ես քնեցի․ շատ բան չեմ հիշում, ավելի ու ավելի քիչ եմ հիշում, և հետո նրանք եկան պատգարակով և ասացին, որ պետք է հագնվեմ, և դու ասացիր, որ նա չի կարողանում դա անել, չե՞ս տեսնում, և ես թափահարեցի ձեռքս, և նրանք համաձայնեցին, որ ես կարող եմ խալաթ հագնել։ Դա հեշտ էր, և ես պառկեցի պատգարակի վրա։ Եվ ես ցնցվեցի ու փլվեցի։ Ես տեսա, որ ձնակույտը վերացել է։ Ես էի ձնհալը։

Բայց քարերը պառկած էին այնտեղ՝ պատի մեջ, նույնիսկ քանդվելու ժամանակ։

Ձնհալի քարերը ես էի։

 

VI

Դու մի անդունդ էիր, որը ճաքեց ու վերածվեց քարերի, իսկ հետո քարերն ընկան այնտեղ՝ պատի մեջ։

Այո՛։ Այո, դա այդպես է թվում, հիմա այդպես է թվում:

Այո՛։ Իսկ անդունդը վերացե՞լ է։

Անդունդն այլևս գոյություն չունի։

Իսկ քարերը փայլում են իրենց նոր օրինաչափությամբ։

Այո՛։ Այն, ինչ նախկինում անդունդ էր, այժմ գտնվում է քարերի միջև։

Միասին դրված քարերը բաց սենյակ են ստեղծում։

Այո՛։

Սենյակում ինչ-որ բան կա՞:

Ես այդպես եմ կարծում։ Ես կարող եմ այնտեղ ինչ-որ բան տեսնել:

Եվ հետո մենք լուռ նստում ենք:

Մարդը, որն ասում էր, որ ոչնչությունն ամեն ինչի մեջ է։

Այո՛։ Իսկ ի՞նչ կասեք նրա մասին։

Ոչ մի բան։

 

VII

Այս դանդաղ շարժումները, որոնք քանդվում են, և հետո՝ հանկարծակիները, աներևակայելի արագ, ինչպես քամու հանկարծակի պոռթկումները: Հետո լռությունը: Մեծ ճեղքն՝ իր լույսով։ Հետո դանդաղ, աննկատ ձնհալը և հետո այս հանկարծակի շարժումը, այս հանկարծակի փլուզումը։ Եվ հետո քարերը՝ մառախուղի պես մոխրագույն, բայց դեռևս ոչնչի փոխարեն թույլ լույսով փայլող, այնքան թույլ, որ ասես մոխիր լինեն, գրեթե քարի վրա վառվող մոխրի պես: Եվ հետո քար քարի վրա: Ես քարերի, իմ քարերի, ուրիշի քարերի պատի հետևում գտնվող սենյակում եմ, և այնտեղ լույս կա, ուժեղ անտեսանելի լույս՝ երկնքից, քարերից: Ոչնչության լույսը։ Ոչնչության լույսը քարի մեջ է։ Սիրո լույսը քարի մեջ է։

 

VIII

Ներս եմ մտնում։ Քարերի հետևում նստում եմ։ Նստած նայում եմ քարերին։ Ես տեսնում եմ, որ դա ես եմ: Ես քարերն եմ. դա ինձ նման չէ, այլ այն, ինչ ես իմ մեջ եմ: Դուրս եմ գալիս քարերի արանքից ու տեղս գրավում, կանգնում եմ այնտեղ՝ պարզած ձեռքերով, խաչի պես։ Ես խաչ եմ տեսնում։ Ես նայում եմ ներքև։ Ես նայում եմ վերև։ Ես նստում եմ։ Նայում եմ քարերին՝ այնքան գեղեցիկ դրված՝ քարը քարի վրա, պատի մեջ։ Ես վեր եմ կենում։ Ես կանգնած եմ:

 

IX

Եվ հետո դու բռնում ես ձեռքս: Իսկ քարերն ասում են, որ սերը կա, կա՛ սերը։

Չէի՞ր վախեցել։

Չէ, երբեք։

Բայց դու քիչ էր մնում մեռնեիր:

Ես չէի վախենում մահանալուց:

Ես էլ չեմ վախենում մահանալուց։

Չէ՛։

Թարգմանությունը՝ Լյուսիլ Ջանինյանի