Վիլյամ Մեյլանդ. առանց միջնորդի՝ սպիտակ թղթի առջև

Վիլյամ Մեյլանդը ռուս արվեստասերների շրջանում առավել հայտնի է որպես արվեստաբան։ Հենց այդ կարգավիճակում էլ հանդիպել էի նրա անվանը մշակութային հանդեսների, և առաջին հերթին՝ գունազարդ «Նաշե նասլեդիե» պարբերականի էջերում։ Սակայն արվեստագետների սիրելի Տարուսա քաղաք (Կալուգայի մարզ) այցերիս ժամանակ տեղի բնակիչները, այդ թվում՝ և հայեր, Տարուսայում հանգստացողներից ուշադրությունս հրավիրում էին Մեյլանդի և նրա բանաստեղծական հատորների վրա։ Ավելի ուշ, երբ գարնանային մի օր առիթն ունեցա ծանոթանալ նրա հետ, ու լսեցի նրա խոսքը, իր բանաստեղծությունների ընթերցումը ընթրիքի սեղանի շուրջ, հենց այդ տարբերվող, ազնվական, պոետիկ կերպարից միանգամից հասկացա, որ նա առաջին հերթին բանաստեղծ է․

Տարուսան մեղմ շնչում է կոթուկներում,

Այգու թփուտներում ու ծառերի հովանոցում,

Շների, կատուների, աքլորների, այծերի մեջ,

Գայլաձկան հրամանով

Նավակի պես լողում գետով։

Գերմանա-հրեական ծագում ունեցող բանաստեղծը ծնվել է 1944-ին՝ Մոսկվայում, մեծացել քաղաքի հյուսիս-արևմտյան արվարձանում․ «Պարզապես հիշեցի չքավոր Տուշինոյի/Գործարանային մեր ուրախ տունը»։ 1962 թվականին Մեյլանդն ընդունվել է Ֆուրմանովի անվան գրադարանի գրական ստուդիա, ապա այնտեղ է ուղեկցել իր պատանեկան տարիների մտերիմներից Լեոնիդ Գուբանովին, որին վիճակված էր դառնալ անդերգրաունդի ամենավառ բանաստեղծներից, տառապել խորհրդային գրաքննության և պատժիչ հոգեբուժության ձեռքերում, որոշ ժամանակ ապաստան գտնել Հայաստանում ու 37 տարեկանում հեռանալ կյանքից։ Մեյլանդը ևս դեռ «հալոցքի» տարիներին ճանաչում է ստացել ազատ ստեղծագործող, նոնկոնֆորմիստ արվեստագետների միջավայրում։ Միայն խորհրդային կայսրության փլուզումից հետո է կարողացել տպագրել իր ինը ժողովածուները, տեղի են ունեցել նրա բանաստեղծական երեկոները գրադարաններում և թանգարաններում։ Գրում է և՛ սիրային, և՛ բնանկարային, և՛ քաղաքացիական, և՛ երգիծական (մասնավորապես, պուշկինյան ոգով էպիգրամներ) լիրիկա։ Մեյլանդի պոեզիային հատուկ է բարեհնչությունը, տաղաչափական ձևերի հարստությունը, վարժ ռիթմիկան՝ հարազատ Մեյլանդ-բանաստեղծի ոչ միայն գեղագիտությանը, այլև աշխարհընկալմանը։ Ի վերջո, համաձայն Եֆիմ Էտկինդի՝ բանաստեղծական ձևի ցանկացած տարր մասնակցում է բովանդակության կառուցմանը։

Մեյլանդի նաև բանավոր խոսքն է գրավիչ, ում կամ ինչի մասին էլ պատմի, ասենք՝ պոեզիայի, արվեստի, բանակային տարիների, կամ Վիսոցկու հետ միակ հանդիպման, Ախմադուլինայի և Մեսերերի հետ ծանոթության մասին, նա միշտ գերում է ունկնդրին։ Կան նաև պատմություններ, որոնց մամուլից եմ ծանոթ․ այսպես, Գուբանովը Անդրեյ Բիտովի միջոցով փորձել է 24-ամյա Մեյլանդին ծանոթացնել Իոսիֆ Բրոդսկու հետ, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել։

Մեյլանդի ուշ շրջանի բանաստեղծություններն առավելապես խոհական են, հաճախ անդրադարձ են նրա ուղևորություններին, այդ թվում՝ նախնյաց Գերմանիա («Գերմանիա Deutschland» ժողովածու): Իսկ ժողովածուներից մեկում զետեղված են այն բանաստեղծությունները, որոնք երազում է տեսել։

2009 թվականին մեկնարկեց Մեյլանդի և ապակենկարիչ Աննա Բուտինայի համատեղ՝ «Էպիզոդի հավերժությունը» արթ-նախագիծը, որը 2015-ին որոշ թարմացումներով ցուցադրվեց «Արխանգելսկոյե» դաստակերտ-թանգարանում՝ Ռուսաստանում գրականության տարվա միջոցառումների շրջանակում։ Մոսկովյան մամուլը դրվատանքով գրեց նախագծի մասին, նշելով, որ «Վիլյամ Մեյլանդի բանաստեղծությունները և Աննայի աշխատանքները, երկխոսության մեջ մտնելով, ձևավորում են բանաստեղծական-տեսողական արթ-օբյեկտի ամուր բազմախառնուրդ»։

Մեյլանդը Ռուսաստանի առաջատար արվեստի քննադատներից է, Ռուսաստանի նկարիչների միության և Արվեստաբանների միջազգային ընկերակցության անդամ։ Մոսկովյան «Սովետսկի խուդոժնիկ» հրատարակչությունում սկսած 1978 թվականից նա հեղինակեց ժամանակակից նկարիչ-քանդակագործներին նվիրված գիրք-կատալոգների շարքեր (Գեորգի Ծերեթելի, Ալեքսանդր Գրիգորյան, Նիկոլայ Շտամմ, Բորիս Բլանկ, Յուլիա Սեգալ, Եվգենի Վախթանգով-կրտսեր, Ալլա Պոլոգովա և այլք)։ 1987 թվականին  Յուրի Նիկիչի հետ Մոսկվայում՝ Խորհրդային մշակույթի ֆոնդում կազմակերպել է «Նոր կամերային արվեստ» առաջին երիտասարդական աճուրդը, եղել է Ռուսաստանում և արտասահմանում կազմակերպված խմբակային ցուցահանդեսների համակարգողը։ 1988-ից որպես փորձագետ աշխատել է մոսկովյան առաջին մասնավոր պատկերասրահներից մեկում՝ «Արթ-մոդեռնում»։ 1996-1998 թթ․ եղել է «Մանեժ» կենտրոնական ցուցասրահի արթ-տնօրենը, «Արտ Մանեժ» գլխավոր ամենամյա գեղարվեստական տոնավաճառի համակարգողներից։ Ռուսական առաջին հեռուստաալիքի համար կնոջ և մուսայի՝ Սվետլանա Կավեցկայայի հետ ստեղծել է 11 վավերագրական ֆիլմ Մոսկվայի և Պետերբուրգի նկարիչների մասին։ Տարբեր առիթներով անդրադարձել է նաև հայազգի նկարիչների՝ Զավեն Արշակունու, Յուրի Գրիգորյանի, Սուրոյի (Սուրեն Մկրտչյան) և այլոց  ստեղծագործությանը։

Մեյլանդի արվեստաբանական դատողություններն ինքնատիպ են, ընդհանրապես կյանքի շատ հարցերում նա հստակ ձևավորված աշխարհայացք ունի, ինչն  արտացոլվում է նաև նրա բանաստեղծություններում։ Կոլորիտային արտաքինով, մորուքով, ոչ բարձրահասակ այդ մարդուն միշտ՝ թե՛ Տարուսայում, թե՛ իր մոսկովյան բնակարանում տեսել եմ կերպարվեստի գործերով շրջապատված։ Նրա անձնական հավաքածուն հիրավի թանգարանային արժեք ունի՝ ափսոս, որ բնակարանում բոլոր գործերը չեն տեղավորվում. 2010-ին այդ հավաքածուի հիման վրա ցուցահանդես է բացվել։ Հեղինակների թվում, ասենք, Նատալյա Նեստերովան է, որի հանրահռչակման գործում Մեյլանդը կարևոր ներդրում ունի, ու նաև մի շարք հայ նկարիչներ, որոնցից Ալեքսանդր Գրիգորյանը Մեյլանդի դիմանկարի հեղինակն է։ Մեյլանդն էլ, իր հերթին, Գրիգորյանի մասին ռուսերեն առաջին ալբոմ-գրքի («Սովետսկի խուդոժնիկ», Մոսկվա, 1982) հեղինակն է։ 

Երիտասարդ, ազատախոհ Մեյլանդին Հայաստանն էլ ձգել է իր համեմատական ազատ մթնոլորտով, հնարավորություն տվել անհրաժեշտ չափով դրսևորել իր անկախ աշխարհընկալումը․ «Հայաստանում և որոշ մերձբալթյան հանրապետություններում նույնիսկ ամենախուլ խորհրդային տարիներին ազատության այլ աստիճան էր․․․»։  

Կարդում եմ՝ ինչպես են հայերը ապրել,

Թերթում ալբոմում պատկերված խաչքարեր,

Հիշում եմ մերոնց՝ թաթախված ներկերում,

Ու նորից արևի շոյանք երազում։

Նստեի հիմա՝ մեջքովս հենված

Գոշավանքի մոտ՝ քարին շիկացած,

Տեսնեի ցոլքն ալեհեր լեռան կատարի,

Ու լսեի հայ կնոջ երգը թախծալի։

Պատմում է, որ երբ առաջին անգամ այցելել է Հայաստան, նրան ուղեկցել են Մարտիրոս Սարյանի թանգարան։ Շենքին մոտեցել են հենց այն պահին, երբ այնտեղից դուրս էր գալիս Վիլյամ Սարոյանը։ Ներկաներից մեկը կատակել է․ «Մի Վիլյամը դուրս է գալիս, մյուսը՝ ներս է մտնում»։

Մեյլանդը Հայաստանում եղել է և՛ 1970-ական, և՛ 1980-ական թվականներին, սակայն հայկական թեմաներով բանաստեղծությունները թվագրվում են 1980-ի սեպտեմբեր-նոյեմբերով (գրության վայրը՝ հիմնականում Երևան և Ծաղկաձոր)։ Դրանց զգալի մասի գրելու շարժառիթը Ծովինար անունով մի հայուհու հանդեպ զգացմունքներն են եղել․

Աղոթքներիս երեք մոմեր՝

Դստրիկս, դու և Հայաստանը։

Անաղարտ գեղեցկության

Աստվածացման երեք մոմեր։

 

Սակայն անողոքաբար վրա է հասել հրաժեշտի պահը․

Տխուր հառաչանքը դուդուկների,

Ձեռքի թափահարումը հրաժեշտի...

Այնքան էլ վատ չեն գործերն իմ,

Այնքան էլ մեծ չեն վախերն իմ։

Երիտասարդ էլ չեմ այն աստիճանի

Որ հավատամ կրկնվելուն այս ամենի՝

Աշնան, լեռների ու ձայնի

Տագնապած, հեքիաթային թռչունի:

Հայկական հիշողություններով ևս մեկ բանաստեղծություն գրվել է 1981-ի հունիսին։ Պայմանականորեն դրանք մեկ շարք են կազմում և շարքով էլ տպագրվել են Մեյլանդի առաջին ժողովածուում («Բանաստեղծություններ, 1962-1994», Մոսկվա, 1994)։ Այդ շարքում 18 բանաստեղծութուն է, բացի «Աղմկում-շչում էր Մանեժը մոսկովյան» պոեմից միակ տպագրված հատվածը՝ նվիրված նկարիչ Ալբերտ Պապիկյանին, Ալեքսանդր Գրիգորյանին ձոնված քառատողը, երգ-նվիրումը Եվգենի Վախթանգով-կրտսերին, ինչպես նաև «ԽՍՀՄ երեք լավագույն նկարիչներին» սատիրիկ բանաստեղծությունը (երեքից մեկը Դմիտրի Նալբանդյանն է)։ Հայկական «շարքը», ինչպես և նրա՝ տարբեր տարիներին գրած այլ բանաստեղծություններ («Բանաստեղծություն չեմ գրում․․․», «Մեր սենյակում․․․», «Փոքրիկ թռչնակը․․․», «Իսկ ես սիրում եմ ձմռան խուլ օրերը․․․», «Գերմանիա» և այլն) իսկական քնարական մարգարիտներ են։

Մեյլանդի հայկական «շարքում» զգալի է Օսիպ Մանդելշտամի ազդեցությունը, բայց դրանով հանդերձ Մեյլանդը պահպանում է սեփական ձայնը․ գրելով Հայաստանի մասին (ի՜ր, բոլորովին տարբեր Հայաստանի)՝ նա վերջին հաշվով ի՜ր մասին է գրում: Չէ՞ որ բոլոր ժամանակներում, իսկական պոետը չի հանդուրժում որևէ միջնորդություն իր ու իր առջև դրված սպիտակ թղթի միջև...

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ Արվեստաբան Վիլյամ Մեյլանդի դիմանկարը, գործ՝ Ալեքսանդր Գրիգորյանի, 1980

2․ «Վիլյամ Մեյլանդ», գործ՝ Ֆյոդոր Պոմելովի, 2009

 

...