Վյաչեսլավ Դոբրինին․ սիրո և բաժանումի երգիչը

Հակառակ տարածված կարծիքի՝ դժվարագույն արվեստ է այնպիսի երգ գրելը, որ դառնա ժողովրդինը, սիրվի ու կատարվի հասարակության ամենատարբեր խավերի կողմից։ Եթե նախկինում երգերի ստեղծումը անանուն գեղջուկ-հորինողների, գուսանների, աշուղների, մինչև իսկ դասական կոմպոզիտորների առանձնաշնորհն էր, 20-րդ դարում բազում սիրված երգեր գրվեցին փոփ ժանրում՝ պրոֆեսիոնալ երգաստեղծների կողմից։ Խորհրդային Միությունում փոփ երգերի անհաշիվ հեղինակների շարքում միայն մի քանիսը արժանացան համաժողովրդական սիրո և ընդունելության, ու դրանց թվում էին մեր հայրենակիցները՝ Առնո Բաբաջանյանը, Ալեքսեյ Հեքիմյանը, Դավիթ Թուխմանովը, էլի ուրիշներ։ Առավել երիտասարդ սերնդից առանձնացավ Վյաչեսլավ Դոբրինինը, որ միախառնելով ժողովրդական երգի անկեղծությունը և փոփի պարզությունը, ինչպես նաև ռոքի էներգետիկան ու ռոմանսի հուզականությունը՝ ստեղծեց տասնյակ երգեր, որոնք սիրվեցին բազմազգ երկրի ամենատարբեր հասարակական շերտերի կողմից։ Նրա սերնդակիցներից թերևս ոչ ոք չի կարող պարծենալ համամիութենական առաջնակարգ հիթերի այդպիսի քանակությամբ․ լրագրողների թեթև ձեռքով երգահանին շնորհվեց «Դոկտոր Շլյագեր» տիտղոսը, քանզի նրա երգերը բժշկում էին մարդկանց հոգիները։ Դոբրինինը իրապես ժողովրդական արտիստ էր․ 1970-ականներից սկսած նրա երգերը հնչում էին ամենուր, դրանք կատարում էին երկրի ամենաճանաչված արտիստները՝ Աննա Գերմանից մինչև Ռոքսանա Բաբայան։ Դոբրինինի երգերը տարածվեցին ոչ միայն Խորհրդային Միությունում․ այսպես, 1978-ին բրիտանական նշանավոր Փիթերս-ըն-Լի դուետն անգլերեն թարգմանեց նրա «Ամենը, ինչ ես ունեմ» երգը և ձայնագրեց այն, իսկ ձայնասկավառակը հետագայում մի քանի անգամ վերաթողարկվեց։ Դոբրինինի համոզմամբ՝ «Երգը ժողովրդի, մարդկանց հետ զրույց է»։ Նրա որոշ երգեր (օրինակ, «Դու երազումս չես գալիս» կամ «Ճոճվում է վագոնը») այն աստիճան ժողովրդական են դարձել, որ շատերը չգիտեն, թե հեղինակը Դոբրինինն է։ «Երբեք չեմ մտածել, որ իմ կատարած երգերը կարող են ժողովրդականություն վայելել։ Բայց երբ ձայնագրեցի Դոբրինինի մի քանի երգերը, ես հասկացա, որ նրա բոլոր երգերը հիթեր են», - մի առիթով անկեղծացել է Միխայիլ Բոյարսկին։ Լև Լեշչենկոյի խոսքերով՝ փողոցում ում էլ հարցնես, Դոբրինինի երգերից մի քանի տող կերգի։ Ինչպես և Միխայիլ Գլինկան, Դոբրինինը հավատում էր, որ երաժշտությունը հորինում է ժողովուրդը, իսկ կոմպոզիտորները միայն գործիքավորում են այն։ Նա նշում էր․ «Իմ երգերը հիմնականում սիրո մասին են, քանի որ կյանքում էլ ամենակարևորը սերն է։ Երբ ինձ անվանում էին «երգահան կանանց համար», դրանով ոչ թե վիրավորում էին ինձ, այլ ցուցադրում էին իրենց նախանձը, որովհետև ես հենց այդպիսին եմ, իմ բոլոր երգերը նվիրված են կանանց․․․»։

Ցավոք, սերը հաճախ տխուր ավարտ է ունենում, ու Դոբրինինը, թերևս, ավելի լավ, քան իր սերնդից որևէ մեկը, երգեց բաժանման, հեռացումի մասին։ Նրա լավագույն երգերը՝ «Կապույտ մառախուղ», «Վերքիս աղ մի լցրու», «Ահա և բաժանվեցինք», «Խելահեղ անձրևը»՝ հենց նման տառապալից պահերի մասին են։ «Վերքիս աղ մի լցրու» երգի մասին հեղինակն ասում էր․ «Երգը գրելիս ջանում էի լինել հեգնող, սակայն ստացվեց 20-րդ դարի 80-ական թվականների վերջի հոգեճմլիկ ռոմանս՝ ժամանակակից գործիքավորմամբ և ռիթմով»։

Որպես երգահան 500-ից ավելի (պակաս ստույգ տվյալներով՝ շուրջ հազար) երգեր է գրել։ Ունի բարդ կառուցվածքով, բլյուզ, ռոք և ջազ ոճերի հետաքրքիր ստեղծագործություններ, սակայն հենց շլյագերներով՝ սիրված էստրադային երգերով նա պիտի հայտնի դառնար։ Ինքը՝ երգահանը, կարծում է, որ ունկնդրին պետք է տալ այն, ինչ նա սպասում է։ Դրա հետևանքով նրա երգերի տեքստերը երբեմն զիջում էին երաժշտությանը, երաժշտությունն էլ որոշ դեպքերում դառնում էր պարզունակ, բայց նման երգերն էլ իրենց ունկնդրին էին գտնում։

Վյաչեսլավ Դոբրինինը ծնվել է 1946 թ․ հունվարի 25-ին՝ Տատյանայի օրը։ Նրան վիճակված էր ամբողջ կյանքում շրջապատված լինել կանանցով։ Սլավային մեծացրել է մայրը, որի հետ նա չափազանց կապված էր։ Հարցազրույցներում հաճախ էր պատմում, որ մայրը հոր՝ «ազգությամբ հայ Գալուստ Հովհաննեսի Պետրոսյանի» հետ ծանոթացել է ռազմաճակատում, և որ նրանց ամուսնությունը գրանցել է ռազմադաշտային դատարանը։ Նրա խոսքերով, երբ հայրը գնացել է Հայաստան, հարազատները չեն թույլատրել վերադառնալ ռուս կնոջ մոտ, և նա կրկին ամուսնացել է․ «Նա չգիտեր իմ մասին, իմացավ, երբ արդեն ծեր էր։ Ու երբ իմացավ, թե ով եմ ես, ինչպիսին եմ, նա նեղվեց, տխրեց, պատվաբեր համարեց, սակայն արդեն ուշ էր»։

Մինչդեռ ռուսական «Ժողովրդի հիշողությունը» էլեկտրոնային արխիվում մեր հայտնաբերած փաստաթղթերը հակասում են Դոբրինինի հայտնած տեղեկություններին։ Նրա հայրը՝ Գալուստ Պետրոսյանը (1905-1980) ծնվել է ներկայիս Շիրակի մարզի Մուսայելյան գյուղում, մասնակցել է պատերազմին ու դեռ դրանից առաջ ամուսնացած է եղել Աննա Պետրոսյանի (ծնյալ Կարապետյան) հետ, ուստի դժվար թե առանց ամուսնալուծվելու դատարանը գրանցեր նրա նոր ամուսնությունը։ Գալուստն անհետ կորած է ճանաչվել 1944 թ․ ապրիլին, սակայն ողջ է մնացել․ թերևս այդ ժամանակ էլ ծանոթացել է Դոբրինինի մոր հետ։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Հայաստան՝ օրինական կնոջ մոտ։

Դոբրինինը համերգներ է ունեցել Երևանում 1968 թվականին՝ համամիութենական ռոք-փառատոնի ժամանակ, և 1997 թվականին՝ Մարզահամերգային համալիրում։ Առաջին այցելության ժամանակ ակտիվորեն փնտրել է հորը, սակայն հանդիպումը չի կայացել։ «Դինամո» մարզադահլիճում կայացած համերգի ընթացքում բեմից հայտարարել են, որ արտիստի հոր ազգանունը Պետրոսյան է․ «Ու այնպիսի՜ հաջողություն ունեցա։ Ասես ողջ փառատոնի ամենակարևոր մարդը լինեի»։ Ահա թե ինչ մեզ պատմեց երգահան, հեղինակ և կատարող, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, 1968-1972 թվականներին «Սերպանտին» վոկալ-գործիքային համույթի մեներգչուհի Անահիտ Շահզադեյանը․ «Երևանից մեկնելուց առաջ նա ինձ խնդրեց գտնել իր հորը, որին երբեք չէր տեսել։ Ես և ապագա ամուսինս՝ Լևոնը, գտանք հոր հասցեն ու գնացինք նրա տուն։ Նա ապրում էր օպերայից ոչ հեռու՝ Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի միջև ընկած տարածքում, շենքը ինչ-որ տեղ բակերում էր, ոչ թե գլխավոր փողոցում։ Դռան զանգը տվեցինք, հայրը դուրս եկավ, ես ներկայացա ու հայտնեցի տղայի մասին։ Նա հուզվեց, լաց եղավ և ասաց, թե ոչինչ չգիտեր նրա գոյության մասին։ Ես նրան տվեցի Սլավայի հեռախոսահամարը։ Եվ դրանից հետո ես Դոբրինինի հիշողության մեջ տպավորվեցի, իր բառերով, որպես «այն աղջիկը, որ գտավ իմ հորը»։

Եվ շատ տարիներ անց նա ինձ հրավիրեց ելույթ ունենալու Երևանի Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած իր համերգին, որտեղ ես կատարեցի իմ «Արցունքները անձրևի տակ» երգը, իսկ նա իմ կատարումից հետո ասաց. «Անահիտ, ես լալիս եմ»»։

Դոբրինինն այցելեց Թոխմախի գերեզմանոցում գտնվող հոր շիրմին, կապ հաստատեց զարմիկների ու հարազատների հետ։

Նա այդպես էլ չտեսավ հորը, բայց քինախնդիր չեղավ, ամբողջ կյանքում որոնեց իր ինքնության հայկական մասը, չմոռացավ արմատների մասին։ Ամեն առիթով՝ հարցազրույցների, թե համերգների ժամանակ, նա նշում էր իր հայկական ծագման մասին։ Հպարտանում էր, որ անունն ընգրկված է «Հարյուր մեծ հայեր» գրքում։ Շառլ Ազնավուրի հետ ծանոթության մասին պատմում էր․ «Ես հարցրեցի՝ նա գլխի ընկա՞վ, որ ես հայ եմ։ Նա պատասխանեց՝ այո՛։ Մինչդեռ ես կարծում էի, որ նման չեմ հայի։ Իսկ նա ասաց, որ հայ եմ։ Շառլը, որ կարծեմ 83 տարեկան է, մեծագույն Շառլն ասաց, որ հա՛յ եմ»։ «Մի անհանգստացեք, մորաքույր» հանրահայտ երգը կատարելիս, «Ձեր ամուսինը օրինավոր ընտանեսեր է» երգելու փոխարեն Դոբրինինը երբեմն կատակով երգում էր՝ «օրինավոր հայ է»՝ մատով իրեն ցույց տալով։ 

Դոբրինինի տաղանդը արտահայտվել է դեռ երեք տարեկանում։ Հետագայում նա նշել է, որ հայրը երաժշտական ընդունակություններ ուներ ու լավ լսողությունը նրանից է ժառանգել։ Ինքը՝ Դոբրինինը միևնույն հաջողությամբ տարբեր գործիքներ էր նվագում՝ կիթառ, բայան, դաշնամուր։ Պատմում էր, որ սկզբում իրեն մոսկովյան բակում ձեռք էին առնում որպես հայի, բայց ընդունակությունների շնորհիվ արագ նվաճեց բոլորի հարգանքը։

Հրապուրվելով «Բիթլզ»-ով՝ սկսել է երգել։ Քանի որ արդեն ճանաչվել էր երգիչ-երգահան Յուրի Անտոնովը, Սլավան մորից ստացած Անտոնով ազգանունը փոխել է Դոբրինինի (ռուսերեն դոբրինյա նշանակում է բարի, լայնասիրտ անհատականություն)։

Ավարտել է երաժշտական ուսումնարանը, Մոսկվայի պետական համալսարանը՝ արվեստի պատմաբանի և տեսաբանի դիպլոմով։ Ուսանողական «Օրֆեյ» խմբում կրկնօրինակել է Փոլ Մաքքարթնիի կերպարը, ինչի պատճառով քիչ էր մնում համալսարանից հեռացնեն։ Ի դեպ, «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» (1968) մուլտֆիլմում հնչում են Դոբրինինի և «Օրֆեյի» տղաների ձայները, սակայն ենթագրերում նրանց անունները բացակայում են։ Հետագայում կիթառ է նվագել Օլեգ Լունդստրեմի անսամբլում, մի քանի տարի աշխատել է ապագա փոփ-դիվա Ալլա Պուգաչովայի հետ։ Դոբրինինի այն հինգ երգերը, որ Պուգաչովան կատարում էր իր կարիերայի արշալույսին՝ 1973-1976 թթ․, երգչուհու հաջողության կարևոր դրվագներից էին (դրանցից «Հիշիր ինձ» ստեղծագործությամբ նա հանդես եկավ «Ոսկե Օրփեոս» մրցույթում)։ Երգերը գրված էին տարբեր ոճերով՝ ռոմանս («Ես Ձեզ սիրում եմ»), ջազ («22+28»), փոփ («Հե՛յ, հրացանակիրներ» և այլն), սակայն բոլորում ակնհայտ էր Դոբրինինի հեղինակային ձեռագիրը։ Պուգաչովայի և «Վեսյոլիե րեբյատա» խմբի կատարմամբ էլ լայն ճանաչում են ստացել Դոբրինինի առաջին երգերը։ Այն տարիների խորհրդային էստրադայի գորշ ֆոնին նրա ստեղծագործությունները թարմ, երիտասարդական շունչ բերեցին, ուստի կարճ ժամանակում հայտնվեցին լավագույն կատարողների երգացանկում։ 1975-1980 թթ․ Դոբրինինի երգերը նվաճեցին Սոպոտի, Բրատիսլավայի, Դրեզդենի, Սոֆիայի փառատոների մրցանակները։

Այդուհանդերձ, քաղաքականությունից մշտապես հեռու, գաղափարական և ստեղծագործական կաղապարներ չընդունող Դոբրինինը բրեժնևյան լճացման տարիներին բազում արգելքներ դիմագրավեց։ Այսպես, Լև Լեշչենկոյին արգելեցին «Տարվա երգ» փառատոնում կատարել «Հայրենի հող» երգը, քանի որ դրանում իբր «մերձավորարևելյան ինտոնացիաներ» կային։ 1980-ին Դոբրինինի և Լեշչենկոյի համատեղ «Սրտից սիրտ» ֆիլմը ԽՍՀՄ հեռուստապետկոմի ղեկավարի հրամանով ոչնչացվեց։ Հաճախ խոչընդոտում էին նրա երգերի կատարմանը, քանի որ կոմպոզիտորների միության անդամ չէր։ Սակայն Լեշչենկոյի, «Սամոցվետի», «Վեսյոլիե րեբյատա», «Սինյայա պտիցա» խմբերի և այլոց կատարմամբ դրանք հասնում էին ունկնդրին։ Նրա երգերից մեկը հեռուստատեսությամբ հնչեց Աննա Գերմանի համառության շնորհիվ։   

Անկախ ամեն ինչից՝ իր երգերի նորաոճ գործիքավորումների, անսովոր ռիթմի շնորհիվ Դոբրինինը դարձավ ԽՍՀՄ-ում ժամանակակից փոփ երաժշտության հիմնադիրներից մեկը։ Բացի Պուգաչովայից՝ շատ այլ կատարողներ ևս իրենց կարիերայի սկզբում հաջողության հասան Դոբրինինի երգերով՝ Օլգա Զարուբինան, Մաշա Ռասպուտինան, Սերգեյ Մազաևը, Իգոր Մատվիենկոն։ 1980-ականներին նա երգեր էր գրում յուրահատուկ ձայն և բեմական կերպար ունեցող երգիչների՝ Ռոքսանա Բաբայանի, Ալեքսանդր Սերովի, Իոն Սուրուչանուի և այլոց համար։

ԽՍՀՄ-ում Դոբրինինի բոլոր ձայնասկավառակները թողարկվում էին միլիոնավոր տպաքանակներով։ Նրա «Ամեն ինչ առջևում է», «Մնաս բարով», «Մի րոպե հանգիստ չկա», «Ուր էիր դու», «Թանկագին կանանց համար», «Հնչում է երաժշտությունը», «Յագոդա-մալինա» և այլ ստեղծագործություններ դարձան տարբեր փոփ-աստղերի և խմբերի երգ-այցեքարտերը։ Մի անգամ, երբ Միխայիլ Բոյարսկին չկարողացավ ներկայանալ Դոբրինինի երգի տեսահոլովակի նկարահանումներին, նկարահանող խմբի խնդրանքով ինքը երգահանը հաջողությամբ կատարեց այն։ Այսպես 40 տարեկանում Դոբրինինը սկսեց երգչի կարիերան՝ իր փոքր-ինչ խռպոտ ձայնով գերելով խորհրդային հանդիսատեսին և դառնալով իր շատ երգերի անզուգական մեկնաբանը։ Նա ասում էր․ «Իմ երգերը կատարում եմ ինքնաարտահայտման համար, երբ անհրաժեշտություն եմ զգում ներկայացնել երգի իմաստի հեղինակային զգացողությունը, հոգուս պոռթկումը»։ Առանձնապես հաջողված էր բանաստեղծ, երգերի տեքստերի հեղինակ Լեոնիդ Դերբենյովի հետ Դոբրինինի համագործակցությունը, որ սկիզբ առավ 1972-ին, իսկ Սիմոն Օսիաշվիլիի հետ գրված երգերի շնորհիվ 1986-ից սկսվեց «Տարվա երգ» փառատոնին Դոբրինինի երկարամյա մասնակցությունը։ Դոբրինինը նաև թատերական ներկայացումների և կինոնկարների երաժշտության հեղինակ է, 1985-ին արժանացել է Մոսկվայի կոմսոմոլի մրցանակի, 1996-ին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման։

2000-ականներին փոփ երաժշտության դեմքն անճանաչելիորեն փոխվեց, և Դոբրինինը նվազ հաճախականությամբ էր ալբոմներ թողարկում ու բեմ բարձրանում։ Նա քննադատաբար էր վերաբերում էստրադայում հնչող նոր երգերին, որոնք, նրա խոսքերով, կարճ կյանք էին ունենում։ Կյանքի վերջին տարիներին Դոբրինինը հիվանդ էր, սակայն պահպանում էր կենսասիրությունը, փորձում էր նոր երգեր ստեղծել ու մնում էր համընդանուր ուշադրության կենտրոնում։ Նա կյանքից հեռացավ 2024 թ․ հոկտեմբերի 1-ին՝ Երաժշտության միջազգային օրը։ Հրաժեշտի արարողությանը Պուգաչովան «Ընդմիշտ իմ հոգում» սրտառուչ մակագրությամբ ծաղկեպսակ ուղարկեց։ Իսկ երգչուհի Լարիսա Դոլինան գրեց․ «Նրա երգերը դարձան մեր միլիոնավոր հայրենակիցների կյանքի մի մասը․․․»։

Վյաչեսլավ Դոբրինինի գրած երգերը յուրովի հնչունավորեցին շուրջ կեսդարյա բարդ, բայց հագեցած ժամանակաշրջանը։ Եվ վստահաբար նրա լավագույն երգերը դեռ երկար կապրեն մարդկանց հոգիներում՝ որպեսզի հուզեն, ջերմացնեն և ամոքեն նրանց․․․

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ Վյաչեսլավ Դոբրինին, հեղինակ՝ Ս․ Իվանով

2․ Ալլա Պուգաչովան և Վյաչեսլավ Դոբրինինը, հեղինակ՝ Ռ․ Ալֆիմով («ՌԻԱ Նովոստի»)

...