Որտեղ է մահացել Եղիշե Չարենցը

1937 թվականի հուլիսի 27-ին Երևանում ձերբակալեցին Եղիշե Չարենցին: Մոտ չորս ամիս բանտում մնալուց հետո, նոյեմբերի 17-ից նրա առողջական վիճակը ծանրացավ: Որոշում կայացվեց Չարենցին տեղափոխել Երևանի բանտի հիվանդանոց: Եվ հենց այստեղ էլ նոյեմբերի 27-ի լուսաբացին իր մահկանացուն կնքեց մեծ բանաստեղծը:

Սրանք գրողի կենսագրության հանրահայտ փաստերն են: Սակայն երբեմն որոշ մանրամասներ մնում են այդպես էլ չլուսաբանված ու չպարզաբանված: Օրինակ, որտե՞ղ էր գտնվում բանտի հիվանդանոցը, ուր Չարենցն ապրեց իր կյանքի վերջին օրերը: Սովորաբար այս հարցը միշտ անտեսվում կամ շրջանցվում է: Մինչդեռ պատասխանը բավականին հետաքրքիր փաստեր է վեր հանում:

Գանք մի փոքր հեռվից:

Ժամանակին Երևանի բերդի տարածքում մի մզկիթ կար՝ կառուցված դեռևս 1700-ականների սկզբներին: Կոչվում էր Ռեջեփ փաշայի մզկիթ: Պարսիկների տիրապետության ժամանակ դա վերածվեց զինանոցի: Իսկ երբ 1828 թվականին ռուսական բանակը գրավեց Երևանը, ռուսներն այն վերակառուցեցին, վերափոխեցին և դարձրին ռուսական ուղղափառ եկեղեցի՝ Պոկրովյան կամ Երևանի կայազորի Սուրբ Աստվածածնի բարեխոսության տաճար անունով: Դա բավականին տպավորիչ շինություն էր՝ աղյուսաշեն, կանգնեցված չորս սյուների վրա ու շքեղ հարդարանքով: Կառույցի մասին ամփոփ տեղեկություններ են պահպանվել 1913 թվականին  Պյատիգորսկում լույս տեսած  Գ. Ցիտովիչի «Բանակի և նավատորմի տաճարները» գրքում: Պահպանվել են նաև անցյալ դարասկզբին արված մի քանի լուսանկարներ, որոնք ընդհանուր պատկերացում են տալիս արտաքին տեսքի ու միջավայրի մասին:

Իսկ հետո վրա հասավ բոլշևիկյան հեղաշրջումը…

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո բազմաթիվ եկեղեցիներ, կրոնական կառույցներ կամ քանդվեցին, կամ սկսեցին ծառայեցվել այլ նպատակների: Նույնը կատարվեց նաև ռուսական տաճարի հետ: Այն վերածվեց բանտային հիվանդանոցի:

Այդ տարիներին բռնադատվածներից մեկը՝ Վ. Լասարոն «Ասպարեզ» թերթում տպագրված իր հիշողություններում թողել է հիվանդանոցի թռուցիկ նկարագրությունը. «… Նոյեմբերի սկիզբը ծանր հիվանդանում եմ աղետապով (դեզինտերիայով) ու երկար տանջվելուց հետո բախտ ունենում բանտային հիվանդանոց փոխադրվելու, որը գտնվում է բանտի բակում: Հիվանդանոցը ցարական բանտի նախկին եկեղեցին է, մի փոքրիկ շենք, որը երկու «պալատների» է վերածված, ամեն մեկում՝ չորս մահճակալ»:

Չարենցին հիվանդանոց տեղափոխելու առաջին օրը նրան այցելում է բժիշկ Բ. Օկուևը: Պահպանվել է վերջինիս ձեռքով գրված մի տեղեկագիր, ըստ որի բանտարկյալ Չարենցը հիվանդ էր սուր ստերեկոլիտով: «Զարկերակը`120՝ րոպեում... Նշանակված է դեղորայքային բուժում: Չարենցին անհրաժեշտ է դիետիկ սնունդ... սպիտակ հաց կամ բուլկի, կիսել, մածուն, շաքար, կոնյակ` թեյի գդալով: Հետագայում անհրաժեշտ է փոխել դիետան: Բ. Օկուև, 17. XI. 1937թ»:

Այս գրառումից 10 օր անց Չարենցն այլևս կենդանի չէր…

Ինչ վերաբերում է բանտային հիվանդանոցին, ապա 1937 թվականի հունվարին Երևանի ուժգին երկրաշարժից հետո առանց այդ էլ անմխիթար վիճակում գտնվող շենքը բավականին լուրջ վնասներ էր կրել ու խարխլվել: 1939 թվականին շենքն ամբողջությամբ քանդվեց: Այսօր այն գոյություն չունի: Սակայն, ամեն դեպքում, արժե իմանալ այն վայրի մասին, որտեղ իր կյանքի վերջին օրերն անցկացրեց Եղիշե Չարենցը:

 

Հովիկ Չարխչյան

... ...