Որպեսզի շարունակվի աբելյանական թատրոնի գենը

«Ամուսնացիր և սանձիր կնոջդ» ներկայացումը Հայաստանի ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի վերջին աշխատանքն է։ Ջոն Ֆլեթչերի և Ֆրենսիս Բոմոնթի համանուն պիեսը բեմադրելու գաղափարը նոր չէր. Վահե Շահվերդյանն այդ մասին վաղուց էր մտածում, մի քանի անգամ ձեռնարկել, բայց տարբեր պատճառներով չէր իրականացրել մտադրությունը։

2022-ին, ի վերջո, նորից անդրադարձել էր այդ պիեսին. սկսել էին փորձել, որոշ միզանսցեններ արդեն պատրաստ էին։ Բայց հոկտեմբերին 31-ին Վահե Շահվերդյանը, ցավոք, հրաժեշտ տվեց կյանքին։

«Սխալ կլիներ չավարտել այդ ներկայացումը։ Շատ մեծ պատվախնդրություն էր, և ես շնորհակալ եմ Սարգիս Մանուկյանին, որ իր ձեռքը վերցրեց ներկայացումը և ավարտեց աշխատանքը»,- պատմում է թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը։

Գլխավոր ռեժիսոր Սարգիս Մանուկյանը նշում է՝ որպես ռեժիսոր այս ներկայացմանն իր մասնակցությունը մեծ չէ. փորձել է պահպանել Վահե Շահվերդյանի ձեռագիրը։ Թեև թատրոնում Վահե Շահվերդյանին իր կնքահայրն է համարում, բայց, ասում է՝ որպես ռեժիսոր տարբեր նախապատվություններ, մոտեցումներ ունենք։ Ինքն, օրինակ, այս կատակերգությունը չէր ընտրի, բայց Վարպետի վերջին խոսքը հանդիսատեսին հասցնելն իր պարտք է համարում։

«Մենք մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ ավարտին հասցրինք կիսատ գործը։ Այդ ներկայացման մեջ ինչքան չստացված բան կա, իմն է, ինչքան ստացված բան կա՝ հաստատ Սուրենիչինն է։ Դա ոչ թե իմ, այլ թատրոնի ներկայացումն է՝ որպես խաղացանկի հուշատախտակ»։

«Ամուսնացիր և սանձիր կնոջդ» ներկայացումը «Աբելյան» թատրոնի այս տարվա առաջին, բայց ոչ միակ պրեմիերան է։ Խաղացանկում ևս երեք նոր ներկայացում է ավելացել՝ «Խոսիր ինձ հետ», «Մանչուկն ու Կառլսոնը» և «Ժաննա Դ'Արկ»: Մեկն էլ աշնանն է նախատեսվում՝ Ֆլորիան Զելլերի «Որդի»-ն։

«Ի տարբերություն Երևանի, որտեղ կան տիկնիկային, պատանի հանդիսատեսի, մնջախաղի և այլ թատրոններ, մենք մարզի միակ պետական թատրոնն ենք և պիտի փորձենք առաջարկել առավելագույնը, որպեսզի հանդիսատեսը կարողանա իր սկզբունքներին, հետաքրքրություններին համապատասխան ընտրություն անել ու գալ թատրոն»,- ասում է տնօրենը։

Խաղացանկը բազմազան է՝ դասական դրամատուրգիայից մինչև ժամանակակից ստեղծագործողների աշխատանքներ։ «Կարևոր չէ՝ ինչ, կարևոր է՝ ինչպես»,-պիեսների ընտրության հարցում Սարգիս Մանուկյանն այս սկզբունքով է առաջնորդվում։ Ասում է՝ երկու թատրոն կարող է նույն պիեսը, օրինակ, «Օթելլո» բեմադրել, բայց տարբերությունն ահռելի լինի։

Վստահ է, որ թատրոնը պետք է տարբեր խավերի, ճաշակի ու նախասիրության հանդիսատեսին առաջարկելու բան ունենա. երբեմն նրան ընդառաջ գնալով՝ փորձի կրթել։

«Արվեստի մարդիկ շատ հաճախ մտածում են, որ իրենք բոլորից խելացի են՝ բա որ հանդիսատեսը չհասկանա՞, չընկալի՞։ Եթե դու գործդ ազնիվ ես անում, եթե ասելիք ունես, որը հասարակությանը հետաքրքրում, անհանգստացնում է, ապա արա՛, տո՛ւր իրենց, հաստատ տեղ կհասնի, կկատարի իր առաքելությունը։ Դրա համար շատ կարևոր է, որ բոլոր խավերը ներգրավվեն թատրոնում։ Կարող ենք, չէ՞, սերիալ նայող խավին բերել թատրոն, փոքրիկ, բուդուարային ներկայացումներ, կոմեդիաներ, սիրավեպեր, դետեկտիվներ, թեթև ժամանցային ներկայացումներ անել։ Արվեստագետի ամենաաններելի մոտեցումն այն է, որ ասում են՝ մարդիկ ինչ նայում են, էն անում ենք։ էդպես ապրելը հեշտ է, հարմար է, բայց էդ դեպքում դու ինչի՞ համար ես։ Դու աշխատիր իրենց մատուցել ավելի որակով մի բան, որ վաղն իրենք քեզնից դա պահանջեն»։

Որպեսզի թատրոնում միշտ թարմ շունչ լինի, հրավիրյալ ռեժիսորների ու դերասանների հետ են աշխատում։ Նրանցից մեկի՝ Ալյոնա Ջավուկցյանի բեմադրած «Խոսիր ինձ հետ» ներկայացումով վերջերս Վրաստանում էին՝ Թբիլիսիի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում։

«Ես շատ կուզեմ, որ արվեստագետը չունենա տեսնելու խնդիրը, կարողանա հաղորդակից լինել համաշխարհային արվեստի նորություններին, ակտիվանա հյուրախաղային կենսագրությունը։ Երբ աշխատում ես այլ ռեժիսորի հետ, այլ երկրի տրամաբանության մեջ, բնականաբար, կարողանում ես ավելի զարգանալ։ Հասարակ բան է, բայց երբ Վանաձորից գնում ես Երևան, որոշակի լիցքերով ես հետ գալիս։ Ես շատ կուզեմ, որ ոչ միայն Վանաձորից՝ Երևան, այլև Վանաձորից՝ աշխարհ տրամաբանության մեջ կարողանան աշխատել մեր արվեստագետները»,-ասում է Լուսինե Սահակյանը։

Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը, որն արդեն 50 տարի խաղում է Վանաձորի թատրոնում, երանությամբ է հիշում տարիները, երբ հյուրախաղերի էին մեկնում տարբեր երկրներ, մշակութային կյանքը եռում էր։ Ասում է՝ թատրոնը հանդիսատեսի պակաս չի ունեցել՝ նույնիսկ ցուրտ ու մութ տարիներին։

«Պատահում էր՝ լույս չէր լինում։ 20 լամպ շարում էինք բեմի վրա ու այդ լույսի տակ խաղում։ Բայց զարմանալի է, որ հանդիսատեսը չէր հեռանում թատրոնից, էնքան էինք ուրախանում ու հուզվում դրանից»։

50 տարում բազմաթիվ դերեր է խաղացել ու հարազատ թատրոնը թողնելու մասին երբեք չի մտածել։

«Երբ Վահե Սուրենիչը գնաց Երևան, ինձ էլ կանչեց, բայց չգնացի։ Ես սիրում եմ իմ թատրոնը, իմ թատրոնի փոշին, իմ գրիմանոցը, դերասանական խումբն եմ սիրում»։

Ափսոսում է, որ հիմա թատրոնի ու մշակույթի հանդեպ վերաբերմունքը փոխվել է։ Ցավում է, որ «Գոյ» թատրոնը միացավ Սունդուկյանին ու վերանալու վտանգի առջև է կանգնած։ Բայց, ասում է, հուսադրող է, որ երիտասարդ, տաղանդավոր ու նվիրված դերասաններ կան։

Նոնա Սաֆարյանն Աբելյանի թատրոնում խաղում է դպրոցական տարիներից։ Առաջին դերը «Եղեգնուհին» ներկայացման մեջ էր։ Բայց իր համար ամենահիշարժանը «Արտիստ»-ում Լուիզաի դերն է. մինչև օրս պահում է տեքստի իր էջերը, ձեռնոցները, զարդերը, որոնք կրել է խաղալիս։ Ասում է՝ փնտրտուքների փուլ էր, երբ Երևանի թատրոններով շրջում ու փորձում էր հասկանալ՝ որն է իրեն հոգեհարազատ, Հայաստանից դուրս ու այլ ոլորտում էլ փորձել է գտնել իրեն, բայց նորից վերադարձել է հարազատ բեմ։

«Թատրոնից մեկ տարով դուրս եկա և երբ վերադարձա, մտածում էի, որ Վահե Շահվերդյանը չի ընդունի, որովհետև շատ բարկացած էր ինձ վրա։ Բայց ինքն էնպիսի ուրախությամբ, ժպիտով ընդունեց, մեծահոգի գտնվեց։ Ասաց՝ ինչ վատ ժամանակ դուրս եկար, «Երկիր հայրենին» էի բեմադրում, չէ՞ որ դու պետք է Վազգանուշի դերում լինեիր։ Երեսս ափերիս մեջ առա, զայրույթից ուզում էի սպանել ինձ։ Ինքը, տեսնելով իմ արձագանքը, ասաց՝ ոչինչ, դու անպայման կխաղաս քո դերը. երբ պատրաստ կլինես, ինձ կասես։ Ինձ համար դա շատ տարօրինակ էր, որովհետև Վազգանուշի արդեն երկու դերակատար կար։ Երևի երկու ամիս էր անցել, գնացի, ասացի՝ պարո՛ն Շահվերդյան, կարո՞ղ եմ մարտին ես խաղալ։ Հարցրեց՝ դու արդեն պատրա՞ստ ես։ Ասացի՝ այո։ Ինքը ողջունեց իմ համարձակությունը, անունս դրել էր «համարձակ աղջիկ»։ Հիշում եմ, որ ներկայացումն ավարտվեց, եկել, գրիմանոցի մոտ ինձ էր սպասում։ Երբեք էդ պահը չեմ մոռանա։ Գլխով արեց, ասաց՝ արի գրկեմ։ Ինձ համար դա էս տարիների երևի ամենամեծ գնահատականն է եղել»։

Թատրոնում այսօր երեք սերնդի արտիստներ են խաղում։ Վահե Շահվերդյանի հետ կապված պատմություններ ունեն գրեթե բոլորը։ Նրա ստեղծագործական կենսագրության մի զգալի մասը՝ մոտ 40 տարի, «Աբելյան» թատրոնի հետ է կապված։

Սարգիս Մանուկյանը գլխավոր ռեժիսոր է նշանակվել Վահե Շահվերդյանի մահից հետո: Ասում է, որ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնն իր «ալմա մատերն» է, ստեղծագործելու պարարտ հողը։ Խոստովանում է, որ գլխավոր ռեժիսորի աշխատանքը ստանձնելը հեշտ չէր։ Բայց նրա թողած ներուժի վրա հենվելով՝ փորձում են շարունակել աբելյանական թատրոնի ճանաչելի ձեռագիրը։

«Երբ Վահե Շահվերդյանն առաջին անգամ եկել է էս թատրոն, կարծում եմ իր համար ավելի հեշտ չի եղել, քան՝ հիմա ինձ համար, որովհետև  մինչև Վահե Շահվերդյանն այստեղ ոչ պակաս կարևոր անուններ են եղել։ «Աբելյան. թատրոնն ունի գեներ՝ Սոկրատ Աքմաքչյանի գենը, Արուս Խուդանյանի, Վոլոդյա Գրիգորյանի, Վահե Շահվերդյանի, Հակոբ Ազիզյանի, Մայիս Սարգսյանի, Հայկ Թորոսյանի գեն։ Ես եկել եմ, որ էս հենքի վրա նոր գեն ավելացնենք։ Եթե չկարողանանք, այդ ժամանակ Վահե Շահվերդյանի արածը ջուրը կգցենք։ Դրա համար հիմա մենք էդ խուրջինով պիտի նոր բան ստեղծենք»։

 

Լուսինե Ղարիբյան

 

 

 

 

 

... ... ...