Վլադիմիր Պոզներ. «Հրաժեշտ պատրանքներին»

Վլադիմիր Պոզներ. «Հրաժեշտ պատրանքներին»
Աղջիկը, որ դարձավ իմ առաջին կինը՝ Վալենտինա Նիկոլաևնա Չեմբերջին էր։ Նրա հայրը՝ Նիկոլայ Կարպովիչ Չեմբերջին, ազգությամբ հայ էր, ուղիղ ազգակցական կապեր ուներ հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Աֆանասևիչ Սպենդիարյանի հետ։ Նիկոլայ Կարպովիչի հայրը եղել է Նորին Կայսերական Մեծության լեյբ-բժիշկը (պալատական բժիշկ-թարգմ.), և դրանով է բացատրվում այն փաստը, որ Նիկոլայը ծնվել է Ցարսկոյե Սելոյում։ Հետագայում Նիկոլայ Կարպովիչը դարձել է հայտնի խորհրդային կոմպոզիտոր, բայց նրա տաղանդին վիճակված չէր բացահայտվելը՝ նա մահացել է քառասունհինգ տարեկանում՝ ինսուլտից։
Վալենտինայի մայրը՝ Զառա Ալեքսանդրովնա Լևինան, հիանալի դաշնակահարուհի էր և շատ տաղանդավոր կոմպոզիտոր։ Նա ծնունդով Սիմֆերոպոլից էր, ոսկե մեդալով ավարտել էր Օդեսայի կոնսերվատորիան, այնուհետև՝ Մոսկվայի։ Իսկ ինչպե՜ս էր նա Շոպեն նվագում։ Մեր ծանոթության պահին նա արդեն համերգներ չէր տալիս, ամբողջությամբ իրեն նվիրելով կոմպոզիտորական գործին, բայց դաշնամուրով զբաղվում էր ամեն օր և երբեմն նվագում էր տան անդամների համար։ Շոպենի ավելի լավ կատարում ես չեմ լսել։
Այս ամենը ասելով, չեմ կարող չհիշատակել, որ Զառա Ալեքսանդրովնան բռնանում էր իր դստեր վրա՝ երբեմն նրան հասցնելով կիսաուշաթափության աստիճանի։ Ես դրա պատճառը չգիտեմ, թեև ունեմ ենթադրություններ, որոնք կթողնեմ իմ մեջ։ Սակայն դա սարսափելի էր։ Վալենտինան, որ սկզբունքորեն ուժեղ և անկախ մարդ էր, մոր առաջ դառնում էր միանգամայն անօգնական։ Այդ հանգամանքը երբեմն մեր կյանքը դարձնում էր անտանելի և, հնարավոր է՝ դարձավ մեր բաժանության պատճառներից մեկը (թեև ոչ գլխավորը), որը հետևեց ոչ լրիվ տասը տարի հետո։ Ոչ Վալենտինան, ոչ ես անձնական կյանքի փորձ չունեինք, մենք շատ բան չգիտեինք, շատ բան չէինք հասկանում։ Բավական երկար կյանք ապրելով, ես եկա այն եզրակացության, որ մարդը նախքան ամուսնանալը, պետք է հասկանա, թե ինչն է իր համար լավ։ Մի խոսքով, մենք ամուսնացանք 1958 թվականին, երբ երկուսս էլ սովորում էինք ՄՊՀ հինգերորդ կուրսում, ես՝ կենսաֆակում, Վալենտինան՝ բանասիրականում, իսկ բաժանվեցինք 1967-ին։ Ես մի սիրավեպ ունեցա, որը, իհարկե Վալենտինային սուր ցավ պատճառեց, ես հեռացա տնից, ես գրեթե ինքնասպանություն էի գործում, հետո, թույլատրություն խնդրելով վերադարձա, բայց ճեղքը չլցվեց։ Հիշում եմ մեր վերջին երեկոն...
Ինձ հրավիրել էին Սթենլի Կրայմերի «Հիմարների նավը» կինոնկարի փակ ցուցադրությանը։ Ուժեղ ֆիլմ էր, որի գլխավոր միտքն այն էր, որ մենք՝ մարդիկ, չէինք ցանկանում նայել ճշմարտության աչքերին, զբաղվում ենք ինքնախաբեությամբ, և դա վերջանում է աղետով։ Ֆիլմից հետո մենք տուն եկանք և, ինչպես միշտ, նստեցինք խոհանոցում թեյ խմելու։ Ինչ-որ մի պահի Վալենտինային արտահայտեցի իմ ըմբռնումը կինոնկարի մասին։ Նա նայեց ինձ իր խոշոր, խելացի, շականակագույն աչքերով և ինչ-որ մի հատուկ ձայնով ասաց.
-Այո, Վոլոդյա, դու ճիշտ ես, մենք ապրում ենք ինքնախաբեության մեջ։
Եվ ես հասկացա, որ նա մեր մասին է ասում, որ ամեն ինչ վերջացած է։
Շատ տարիներ են անցել։ Վալենտինան ամուսնացել է մի հիանալի մարդու հետ, մի անվանի մաթեմատիկոսի հետ։ Այժմ նրանք ապրում են Բարսելոնայի մոտ, ամուսինը դասավանդում է տեղի համալսարանում, իսկ նա գրում է բացառիկ տաղանդավոր և խելացի գրքեր։
Բարեբախտաբար, մենք մնացինք ընկերներ, որը լավ է, մասնավորապես, մեր դստեր՝ Կատյայի համար, և ոչ միայն նրա համար։
Վալենտինա Չեմբերջին առանձնահատուկ էր։ Խելացի, էրուդիտ, ցնցելու չափ ազնիվ, հումորի հիանալի զգացումով և խիստ մանկական ոգևորությամբ, շարադա խաղալու կարողությամբ, այդպիսիին հարկավոր է երկար փնտրել։
Ես նրան շատ եմ սիրում։