Վլադիմիր Բայչեր. «Այսբերգի երևացող մասը»

ԵԹԿՊԻ ուսանողները ծանոթանում են Միխայիլ Չեխովի մեթոդին
Հայտնի թատերական ռեժիսոր և մանկավարժ Վլադիմիր Բայչերը վերադարձել է Երևան՝ շարունակելու գործակցությունը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ: Իր կյանքի մի պատկառելի ժամանակահատվածը Միխայիլ Չեխովի թատերական դպրոցի ուսումնասիրությանը նվիրած ռեժիսորը Միխայիլ Չեխովի կենտրոնի ղեկավարն է և Չեխովի միջազգային արվեստանոցի (Ռուսաստան, Գերմանիա, Անգլիա, Լատվիա) համահիմնադիրը։ Բայչերը Անտոն Չեխովի «Մելիխովո» թանգարան-արգելոցի «Չեխովյան ստուդիա» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ու «Մելիխովյան գարուն» միջազգային թատերական փառատոնի տնօրենը։ 2014-ից մինչև 2020 թվականը Ռուսաստանի պետական թատերական արվեստի ինստիտուտի՝ ԳԻՏԻՍ-ի, ռեժիսուրայի ֆակուլտետի դեկանն էր, 2023-2024 թվականներին հրավիրվել է դասավանդելու Շանհայի թատերական ակադեմիայում, Շանհայի կինոակադեմիայի պատվավոր պրոֆեսոր է։ Բայչերը «Չեխով-Ինստիտուտ» միջազգային կրթական ծրագրի հիմնադիրն ու ղեկավարն է։ Փետրվարից մինչև հունիս ռեժիսորը ԵԹԿՊԻ բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների համար ռեժիսուրայի և դերասանական վարպետության դասեր կանցկացնի և դասընթացի ավարտին ուսանողները հնարավորություն կունենան իրենց ստեղծագործական աշխատանքները ներկայացնել Վլադիմիր Բայչերի գնահատմանը: Մեր ընթերցողներին ենք ներկայացնում Վլադիմիր Բայչերի հետ «ArtCollage»-ի բացառիկ հարցազրույցը:
-Ձեր ստեղծագործական գործունեության ընթացքում Դուք երկար տարիներ զբաղվել եք Միխայիլ Չեխովի թատերական դպրոցի, չեխովյան մեթոդի ուսումնասիրությամբ և քարոզչությամբ: ԻՆչո՞ւ: Եվ որո՞նք են ձեր դասավանդած այս համակարգի առավելությունները:
-Միխայիլ Չեխովի մեթոդը նա ստեղծել է գործնականում իր ամբողջ կյանքի ընթացքում և արդեն ավելի մոտ կյանքի ավարտին ամփոփել է այն գրքում: Կարծում եմ, որ Միխայիլ Չեխովի մեթոդն արվեստագետին եզակի հնարավորություն է տալիս ճանաչելու ինքն իրեն: Այսինքն, ինքը՝ Չեխովը, գրել է.«Ձեր աշխատանքի վարձատրությունը կլինի հանդիպումը ձեր ստեղծագործ անհատականության հետ և ներշնչանքի համաձայն ստեղծագործելու իրավունքը»: Սրանք, ինձ թվում է, շատ կարևոր բառեր են արվեստագետի համար՝ հանդիպում իր իսկ ստեղծագործական անհատականության հետ: Իսկ ի՞նչ է նա առաջարկում անել, ինչպե՞ս գտնել կերպարի ճանապարհը։ Չեխովը համոզված էր, որ ցանկացած կերպար իրապես գոյություն ունեցող կենդանի մարդ է: Դերասանի խնդիրն այդ մարդու հետ կապը գտնել է։ Չեխովն առաջարկում է դերասանին օգտագործել իր երևակայությունը։ Այն, ինչ դուք կարող եք տեսնել իրական կյանքում, հնարավոր է տեսնել նաև պատկերների աշխարհում՝ ձեր ներքին աչքով: Եվ ձեր երևակայությունը կարող է հուշել ձեզ և ստեղծել ամենաանսպասելի, բարդ և հետաքրքիր պատկերներ: Եվ դուք պետք է սովորեք դրանք իրականացնել: Միխայիլ Չեխովի տեխնիկան ինձ համար արժեքավոր է հենց այն պատճառով, որ այն դերասանին անկրկնելիորեն առանձնահատուկ է դարձնում յուրաքանչյուր դերում։
-Իսկ ինչպե՞ս Դուք եկաք Միխայիլ Չեխովի մեթոդին:
-Ես ավարտել եմ ԳԻՏԻՍ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը, պրոֆեսոր Լեոնիդ Խեյֆեցի արվեստանոցը։ Իմ ուսուցիչը՝ Լեոնիդ Եֆիմովիչ Խեյֆեցը մեզ պատմում էր, թե ինչպես էր իր ուսուցչուհին՝ Մարիա Կնեբելը՝ Միխայիլ Չեխովի աշակերտուհին, ուսանողներին ծածուկ պատմում Միխայիլ Չեխովի մասին: Նա բացում էր դուռը, ստուգում թե արդյոք միջանցքում մարդ կա, ապա փակում էր դուռը և շշուկով պատմում նրա մասին:
Այնպես ստացվեց, որ ես աշխատել եմ Միխայիլ Չեխովի անմիջական ուսանողների հետ, աշխատել եմ Գեորգի Ժդանովի, Ֆրեդ Հադֆիլդի, Մալա Փաուերսի հետ: Սրանք այն մարդիկ են, որոնց Չեխովը փոխանցեց իր ժառանգությունը: Բայց Չեխովի «վերադարձը» Ռուսաստան տեղի ունեցավ միայն 90-ականների սկզբին, երբ, փաստորեն, քանդվեց խորհրդային համակարգը և հնարավոր դարձավ շոշափել այն անունները, որոնք նախկինում արգելված էին: Թեև գուցե այն սկսվել է փոքր-ինչ ավելի վաղ՝ 80-ականների կեսերին, այն երկհատոր աշխատության ստեղծմամբ, որը պատրաստվել է Մարիա Օսիպովնա Կնեբելի ջանքերով:
-Բայց ինչպե՞ս էր հնարավոր, որ երկարամյա փայլուն ավանդույթներ ունեցող ռուսական թատերական դպրոցն անտեսեց Միխայիլ Չեխովի համակարգն այն դեպքում, երբ Ռուսաստանից դուրս, օրինակ, Հոլիվուդում նրան գրկաբաց ընդունեցին և յուրացրեցին նրա մեթոդը: Ի վերջո, Միխայիլ Չեխովի հետ են կապվում այնպիսի մեգաաստղերի անուններ, ինչպիսիք են Մերիլին Մոնրոն, Գրեգորի Պեկը, Դասթին Հոֆմանը:
-Դե, գիտեք, դա ինքնին հասկանալի է. Միխայիլ Չեխովը շատ երկար տարիներ արգելված էր: 1928 թվականին նա լքեց Խորհրդային Ռուսաստանը, մեկնեց Եվրոպա և անմիջապես հայտնվեց ժողովրդի թշնամիների ցուցակում։ Իսկ նրա համակարգը պարզապես ջնջվեց ազգային թատրոնի պատմությունից, ջնջվեց անգամ նրա անունը ու նրա համակարգով սովորելը միանգամայն անընդունելի էր։ Ինչպես և շատ ռուս էմիգրանտների դեպքում, ովքեր լքել էին Խորհրդային Միությունը նրա անունը ևս փակ էր մասնագետների, ընթերցողների, հեռուստադիտողների համար, նրանք նույնիսկ նման անուն չգիտեին:
Իսկ Հոլիվուդում Միխայիլ Չեխովը հայտնվեց իր կյանքի վերջին տարիներին և նախապատրաստեց նախորդ դարի 40-50-ականների ամերիկյան աստղերի մի ամբողջ համաստեղություն: Եվ ինձ շատ մոտ և հարազատ է այն, ինչ արեց Միշան, ինչպես նրան անվանում էին Ամերիկայում: Եվ հիմա գոյություն ունի ամերիկյան թատերական մի ասոցիացիա, որը կոչվում է Միշա՝ Մայքլ Չեխովի ասոցիացիա: Ամերիկացի դերասանները շատ էին սիրում Չեխովին, և ընդհանրապես դերասանները շատ էին սիրում նրան, քանի որ նա չէր ճնշում դերասաններին, այլ հնարավորություն էր տալիս բացահայտել նրանց ներքին ռեզերվները:
-Դուք մեծապես նպաստեցիք Միխայիլ Չեխովի՝ Ռուսաստան «վերադարձին»:
-Դե 90-ականներին նման «վերադարձ» եղավ, և կային բազմաթիվ ստուդիաներ, ինչ-որ լաբորատորիաներ: Ես մարդկանց այնպիսի մեծ թիմի մեջ էի, որոնք մեծ ոգևորությամբ էին զբաղվում այս գործով: Մենք Ռուսաստանում ստեղծեցինք Միխայիլ Չեխովի միությունը, որի նախագահը ռուս փայլուն դերասան Սերգեյ Յուրիևիչ Յուրսկին էր, իսկ ես այդ ընկերության տնօրենն էի: Մեզ աջակցում էին առաջատար թատերական գործիչներ: Օլեգ Եֆրեմովը մեր համահիմնադիրների թվում էր՝ որպես Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Եվ իսկապես, այդ ժամանակ մեծ հետաքրքրություն կար այս հարցում: Բայց պարզվեց, որ դա ներառված չէ մեր թատերական դպրոցների ուսումնական ծրագրերում:
-Դուք բեմադրեցիք Անտոն Չեխովին՝ ըստ Միխայիլ Չեխովի: Նկատի ունեմ «Պրոզորովների երազները» ներկայացումը՝ ըստ Չեխովի «Երեք քույրեր» պիեսի, որում սակայն հեղինակային տեքստ գրեթե չկար: Ինչո՞ւ:
-Դա լաբորատոր աշխատանք էր «Երեք քույրերի» հիման վրա, որը կոչվում էր «Պրոզորովների երազները»: Մենք փորձեցինք հետևել այս իրավիճակին, այս ընտանիքի կյանքին՝ սեփական ֆանտազիայի, երազանքների, երազների ներսից: Դերասանների առջև որոշակի խնդիրներ էինք դրել, որոնք առաջին հերթին դաստիարակչական էին։ Նրանք դերասաններ են, որոնք մասնակցել են Միխայիլ Չեխովի սեմինարին, որի ծրագիրը ես էի մշակել: Ծրագիրը ներառում է դերասանական պատրաստության և ստեղծագործական գոյության կոնկրետ համակարգում ընկղմում: Ահա թե ինչու դերասանները տեքստը շատ են իմպրովիզացրել: Եվ դա շատ հետաքրքիր էր, քանի որ դա բոլորովին այլ տեսանկյունից ներթափանցում էր հերոսի հոգեբանության մեջ՝ հենց երևակայության միջոցով: Որվհետև Միխայիլ Չեխովն իր ամբողջ մեթոդը կառուցում է երևակայության շատ ինտենսիվ աշխատանքի վրա:
-Դուք փորձեցիք Չեխովի մեթոդը տարածել ոչ միայն Ռուսաստանում, այլև տևական ժամանակ է, որ աշխատում եք այն միջազգայնացնելու ուղղությամբ: Ո՞ր երկրներում եք աշխատել և ի՞նչ արդյունք եք արձանագրել:
-Ես շատ եմ ճանապարհորդել աշխարհով մեկ, հանդիպել և աշխատել եմ մարդկանց հետ, որոնք մտերիմ են եղել Միխայիլ Չեխովի հետ արտերկրում՝ Ամերիկայում, Անգլիայում և Գերմանիայում ապրելու ընթացքում։ Նրանք շատ հետաքրքիր մարդիկ են՝ դերասաններ, ռեժիսորներ: Արդյունքում սկսեցի դասավանդել, զարգացնել և ներդնել այս համակարգը։ Նախ դա արեցի իմ կուրսում: Հետո միտք ծագեց, որ անհրաժեշտ է ստեղծել առանձին սեմինար, որտեղ կարող են սովորել մեծահասակները, մասնագիտության մեջ կայացած դերասանները, որտեղ կարող են տիրապետել այս մեթոդին։ Ես դասավանդում էի ընտրովի առարկաներ Միխայիլ Չեխովի մեթոդի հիմքի վրա ԳԻՏԻՍ-ի ռեժիսուրայի բաժնում, որովհետև ես այն շատ եմ սիրում և կարծում եմ, որ դա շատ արժեքավոր է: Շատ երկրներ կան, որտեղ մենք անցկացրել ենք նման դպրոցներ: Ես աշխատել եմ գրեթե ամբողջ Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, Դանիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Շվեդիայում։ Աշխատել եմ նաև ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Ուզբեկստանում և այլն, և այլն: Եվ այսօր կարող եմ ասել, որ այս համակարգը բացարձակապես միջազգային է: Յուրաքանչյուր երկրի դերասաններն ու ուսանողներն այս մեթոդին մոտենում են իրենց տեսանկյունից: Այսինքն, այստեղ կարծրատիպեր, կաղապարներ չկան: Յուրաքանչյուր ոք աշխատում է իր ընկալումների և սեփական ավանդույթների շրջանակում: Յուրաքանչյուր մարդ, որը պատկանում է որոշակի մշակույթի, դրան մոտենում է մի փոքր իր կողմից, յուրովի: Բայց այս համակարգը շատ արագ տանում է դեպի բավականին համընդհանուր թատերական լեզվի: Ես աշխատում եմ միջազգային խմբերի հետ և թեև նրանք նույն լեզվով չեն խոսում, բայց շատ արագ ֆրանսիացին, չինացին, աֆրիկացին սկսում են լիովին հասկանալ միմյանց: Վերջերս մենք Միխայիլ Չեխովի լայնամասշտաբ սեմինար անցկացրինք Չինաստանում, Շանհայի թատերական ակադեմիայում, որտեղ հավաքվել էին ռեժիսորներ ամբողջ Չինաստանից, հասկանալու, թե որն է Միխայիլ Չեխովի համակարգը: Եվ հիմա մենք դա անում ենք Երևանի թատերական ինստիտուտում:
-Եվ ուրեմն խոսենք նաև Երևանում ձեր փորձառության մասին: Ինչպե՞ս են արձագանքում մեր ուսանողները Ձեր դասերին, ի՞նչ ներուժ ունեն:
-Առաջին հերթին, մենք շատ ենք հավանում ուսանողներին, մեզ շատ են դուր գալիս տղաները, նրանք շատ բաց են, խիստ ընկալունակ են և շատ համարձակորեն գնում են բոլոր հնարավոր փորձարարությունների: Բայց այստեղ էլ մենք փորձում ենք ուսանողներին ցույց տալ, թե ինչ կարող են անել բեմում և էկրանին այս մեթոդի միջոցով և նրանց հնարավորություն տալ գրեթե առաջին ձեռքից շփվելու մեթոդի հիմնադրի սկզբունքների հետ:
Ուսանողները շատ լավ են արձագանքում դասերին, քանի որ սրանք վարժություններ են, որոնք հիմնված են այնպիսի ստեղծագործական սկզբի, այնպիսի դրայվի վրա, որը շատ անսպասելի արդյունքների է բերում: Եվ հիմա, երբ մենք անում ենք այս վարժությունները, դրանք ջրի տակ գտնվող հսկայական այսբերգի մի փոքրիկ-փոքրիկ, երևացող մասն են միայն:
Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի