Վիյա Ցելմինշի երևակայական իրականությունը

Վերջերս լատվիական ծագման ամերիկացի նկարչուհի Վիյա Ցելմինշը (ծնունդով՝ Ցելմինյա, ամերիկյան արտասանությամբ՝ Սելմինս) արժանացավ 2023 թ․ «Praemium Imperiale» գեղարվեստական մրցանակին։ «Արվեստի ոլորտում Նոբելյան մրցանակը» շնորհվում է Ճապոնիայի արվեստի ասոցիացիայի կողմից։ Հատկանշական է, որ Ցելմինշը լատվիական սփյուռքից է, որը մեծապես ընդլայնվեց Լատվիայի բռնազավթման հետևանքով ու որի ներկայացուցիչների թվում շատ են իրենց ուրույն ձեռագիրն ունեցող արվեստագետները։
Ցելմինշն արվեստի աշխարհ մտավ 1960-ականներին, երբ ընդունված կարծիք կար, թե երևակայական իրականությունն արվեստում այլևս տեղ չունի, ու արվեստում տիրող մտայնություններն էապես հիմնված էին մասշտաբայնության ու վերացականության վրա։ Սակայն Ցելմինշն ընտրեց իր ճանապարհը․ նա ճշգրիտ կերպով, տքնաջանորեն վերապատկերում էր տեսիլային իրականությունը․ օվկիանոսի ալիքները, տիեզերքը, լուսնի մակերևույթը, անապատի հարթությունը կամ սարդոստայնն ասես նորովի ստեղծվում էին գրաֆիկայի կամ յուղաներկի խուլ երանգների օգնությամբ։
Երբ 2018-ին Լատվիայի արվեստի ազգային թանգարանում բացված հետահայաց ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ տեսա նկարչուհու գործերը, դրանք և՛ զարմացրին, և՛ ցնցեցին իրենց խորհրդավորությամբ, անսովոր մոտեցումներով։ 21-րդ դարի արվեստը չի ձգտում մանրանկարային ճշգրտության, շոշափելի վավերականության, չի ստիպում, որ դիտողը՝ ընդհուպ մոտենալով, զննի նկարը, փորձի վերծանել դրա՝ առերևույթ իրականության վրա հենված, բայց հանելուկային հարցադրումները։ Նման մի փոքրիկ, մոնոքրոմ գործի ստեղծումը կարող է տարիներ տևել։ Քննադատները նշում են, որ Ցելմինշի գործերը հատուցում են դիտողին՝ պատշաճ համբերության ու կենտրոնացման դեպքում։ Երկար տարիների ընթացքում ստեղծված արվեստի գործերի ընկալումը չի կարող հապճեպ ու հպանցիկ լինել․ շերտ առ շերտ պիտի ներթափանցես պատկերի խորքերը, ապակոդավորես դրա հյուսվածքն ու հարմոնիկ հորինվածքը։ Մասնագետները դրանցում նկատում են առնչություններ մինիմալիզմի ու կոնցեպտուալիզմի, ինչպես նաև Էնդի Ուորհոլի ու Ջորջիո Մորանդիի նորարարությունների հետ։ Բացի այդ՝ Ինդիանապոլիսում ուսանելիս Ցելմինշը պարբերաբար այցելել է Նյու Յորք՝ դիտելու աբստրակտ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչների աշխատանքները։ Իր հարցազրույցներից մեկում նկարչուհին խոստովանում է․ «1961-1964 թվականներին ես այնքան շատ էի աշխատում, որ հավանաբար հինգ կյանք ապրեցի, որոնք նվիրված էին գեղանկարչության տարբեր ժանրերի՝ Մատիս, [Հանս] Հոֆման, [Արշիլ] Գորկի և [Վիլլեմ] դե Կունինգ։ Կարծում եմ, դուք կարող եք տեսնել նաև Մորանդիի զգալի ազդեցությունը»։ Խոսելով 1992 թվականի իր «Գիշերային երկինք № 4» գործի մասին՝ նկարչուհին անդրադարձել է Արշիլ Գորկու «Նկարիչն ու իր մայրը» կտավին, որի մակերևույթի ողորկությամբ հիացած է․ «Ինձ դուր է գալիս այդ նկարը։ Չգիտեմ՝ ինչպե՞ս է նրան հաջողվել այդպիսի գեղեցիկ մակերևույթ ստանալ»։ Պարզվում է, ինչպես և Գորկին՝ Ցելմինշը գործածել է ածելու շեղբ։
Նկարչուհին ամբողջ կյանքում պատկերում է միևնույն երևույթներն ու առարկաները, ինչը վկայում է նման ընտրության հայեցակարգային բնույթի մասին: Առաջին հայացքից՝ նրա գործերում իսպառ բացակայում են մարդիկ, պատկերներում ոչինչ տեղի չի ունենում, մոտիվները տաղտկալի են, սակայն հենց դա է թույլ տալիս նկատել նրբերանգները, սևեռել դիտողի ուշադրությունը, գիտակցությունը:
Ցելմինշը փորձում է տեսանելի դարձնել մարդկային ընկալումները։ Իր նկարչական մոտեցումը Ցելմինշը «վերանկարագրում» է անվանում, նրա գործերը զարմանալի խորություն ունեն՝ ի տարբերություն ամերիկյան արվեստում տիրող կտրուկ, հոռետեսական աշխարհընկալմանը։ Արվեստի պատմաբան Լեյն Ռելյան գրում է․ «Զարմանալի է, թե ինչպես է Ցելմինշը որսում թեմայի լայնությունը: Բայց միաժամանակ նա հիշեցնում է դիտողին, որ սա արվեստի գործ է, որը ստեղծել է նկարիչը՝ մատիտներով թղթի վրա։ Յուրաքանչյուր նշան կամ ժեստ մնում է տեսանելի, սակայն ռելիեֆից անբաժանելի: Ամբողջ պատկերը կառուցվում է շտրիխ առ շտրիխ, ճիշտ այնպես, ինչպես տունը կառուցվում է չորսուներով և մեխերով: Այստեղ ոչ մի բան ինքնաբուխ կամ պատահական բնույթ չունի. ամենից առաջ, ավարտված աշխատանքը քրտնաջան վարպետության և ջանասիրության արդյունք է»։ Այն բնական աշխարհի փոքրիկ արտացոլումն է՝ շրջանակված թղթի կտորով։
Ցելմինշը նաև քանդակների հեղինակ է, որոնք անվանում է եռաչափ նկարներ։ Իր «Ֆիքսել կերպարը հիշողության մեջ I–XI » (1977–83) աշխատանքում նա օգտագործել է անապատներում հավաքած քարերը և դրանց բրոնզե ճշգրիտ նմանակները։
Ցելմինշի կենսագրությունը խոսուն է․ ծնվել է նախապատերազմական 1938 թվականին՝ մոդեռնի հիասքանչ ոգին կրող Ռիգայում։ Վիյայի հայրն Առաջին համաշխարհային պատերազմի որբերից էր։ Ինքը՝ փոքրիկ Վիյան ընտանիքի հետ հարկադրված լքել է հայրենիքը 1944 թ․ բռնազավթման ժամանակ։ Մինչև ԱՄՆ հասնելը նրանք յոթ ամիս տեղաշարժվել են ռմբակոծությունների ներքո, ապրել Շտուտգարտի մոտ գտնվող փախստականների ճամբարում։ Վերջապես ընտանիքը հայտնվել է Ինդիանա նահանգում, որտեղ ծնողներն անընդմեջ աշխատում էին, իսկ անգլերենին վատ տիրապետող Վիյան ստիպված առանձնանում էր իր սենյակում և նկարում։ «Ամերիկայում անվերջ նկարում էի, քանի որ չէի հասկանում՝ ինչի մասին են մարդիկ խոսում»,- պատմում է նկարչուհին։ Այսպես, հասարակությունում իրեն դեռևս օտար զգացող աղջնակն ինքնարտահայտման միջոց է գտնում․ տասնամյակներ անց նա Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի կողմից պիտի ճանաչվեր իր ժամանակի Ամերիկայի նշանավոր ներգաղթյալներից մեկը։
1962-ին Վիյան ավարտել է Ինդիանապոլիսի Ջոն Հերոն Արվեստի դպրոցը։ 1965 թվականին Լոս Անջելեսում ստացել է Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) մագիստրոսի աստիճան։ Ոչ մեծաթիվ ժողովրդի զավակը, որին այժմ անվանում են իր սերնդի ամենահայտնի նկարիչներից մեկը, անհատական ցուցահանդեսներ է ունեցել արևմտյան լավագույն պատկերասրահներում ու թանգարաններում՝ Մետրոպոլիտեն թանգարանից մինչև փարիզյան Պոմպիդու կենտրոն։ Նրա աշխատանքները պահվում են աշխարհի շուրջ երկու տասնյակ առաջատար թանգարաններում՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան, Բոստոնի ժամանակակից արվեստի թանգարան, Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան, Սմիթսոնյան ինստիտուտ, Լոնդոնի ժամանակակից արվեստի ինստիտուտ, Վինտերտուրի գեղարվեստի թանգարան և այլն։ Նա իր հայրենի Լատվիայի բարձրագույն՝ Երեք աստղի 3-րդ աստիճանի շքանշանակիր է։
Իր ստեղծագործական ուղին Ցելմինշը սկսել է Լոս Անջելեսի իր արվեստանոցում գտնվող կենցաղային իրերը՝ էլեկտրատաքացուցիչը, լամպը կամ օդորակիչը նկարելով։ Այդ տարիներին նա շատ էր զբաղվում գեղանկարչությամբ․ նրա «Այրվող ինքնաթիռ» կտավն անդրադարձ է պատերազմի սարսափներին՝ մանկության ապրումների ու ընթացող Վիետնամի պատերազմի ենթատեքստում։ Նույն շրջանում նա հրապուրվում է փորագրանկարչությամբ (գրավյուր), մասնագիտանում տպագրական միջոցների կիրառման մեջ։
Այնուհետև նա հետաքրքրվում է ամսագրերում և պատմության գրքերում գտած լուսանկարներով, որոնք նկարելիս որպես հիմք էր օգտագործում: Լուսանկարները թույլ էին տալիս Ցելմինշին թափանցել անձնական հիշողությունների խորքերը․ «Չեմ կարող ասել, որ հատուկ եմ փնտրել դրանք (պատերազմի նկարները): Դա իմ մի մասն էր։ Մոխրագույն երանգների ամբողջ շարքը, որ ես սիրում եմ… Ես գորշ գույների երկրից եմ՝ Լատվիայից: Կալիֆորնիայից չեմ: Ես մի տեղից եմ, որտեղ կար մուր, գնացքներ և ռումբեր: Այդ ժամանակվանից մեջս անհավատալի անհանգստություն կար, որը ես իրականում բացարձակապես չէի հասկանում»:
Հետագայում Ցելմինշն անցում կատարեց դեպի ավելի լայն աշխարհ՝ պատմություն, բնություն, արտաքին աշխարհ, և ի վերջո՝ տիեզերք։ Փորձելով հսկայական, անընդգրկելի տիրույթները փոխանցել թղթի փոքրիկ մակերևույթի վրա, նկարչուհին սևեռվում էր մանրամասների, բնորոշ հատկանիշների վրա։ Հրաժարվելով գույնից՝ գրաֆիտի օգտագործմամբ նա ջանում էր թղթի վրա նրբագույն երանգներ ստանալ։ Համադրող Ջուլի Ուորհոլը «Անվերնագիր (Ալիքներ)» նկարի մասին գրում է․ «Ցելմինշը ջուրը պատկերում է առանց տեսանելի խորքի, հորիզոնի գծերի կամ հեռանկարի այլ տարրերի: Թեև սա օվկիանոսի տիպիկ գեղանկարչական պատկեր չէ, սակայն դրա մանրակրկիտ արտապատկերումը բացարձակապես գերող է: Հմայիչ հիպերռեալիզմը դիտողին ներքաշում է այդ ծանծաղ տարածության մեջ և թույլ է տալիս աչքերին անվերջ դեգերել»:
Ցելմինշը Լոս Անջելեսում մնաց մինչև 1981 թվականը, դրանից հետո տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ այժմ ապրում և աշխատում է: 1996 թվականին նա արժանացել է Արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի պարգևին։
Պատկերելով բնական օբյեկտների մանրամասները՝ Ցելմինշն անտեսում է հորիզոնը կամ հաշվառման որևէ կետ, այսպիսով հնարավորություն տալով ամբողջությամբ սևեռվել օբյեկտի երևացող և թղթի սահմաններից դուրս մնացած մասերի վրա։ Նկարչուհու խոսքերով՝ երկար ժամանակ պահանջող պատկերների ստեղծման պատճառն այն է, որ ֆիզիկական աշխատանքն ինքնին թույլ է տալիս ուղեղի համար անիմանալի ինչ-որ նրբության անգիտակցորեն ներս թափանցել։ Նրա համար ստեղծագործական պրոցեսն առավել կարևոր է, քան ընտրված թեման․ «Ես երբեք չեմ կարողանա նկարել դիմապատկերներ կամ բաներ, որոնք հոգեբանորեն չափազանց կենդանի են իրական աշխարհում»։ Նկարչուհին նախընտրում է վավերագրել այլևայլ մակերևույթներ, ասես թարգման հանդիսանալ՝ մասամբ հորինելով կամ այլ կերպ ասած՝ հայտնագործելով դրանք, ու վերապրելով կերպարը՝ պահել այն «մարդկային համատեքստում»։ Օգտագործելով կերպարներ, որոնք դիտողի մոտ կարող են առաջացնել բազմաթիվ ասոցիացիաներ, նկարչուհին սկզբունքորեն դրանք արտահայտում է սառը, անկիրք ձևով՝ ընդմիշտ հավատարիմ մնալով տասնամյակներ առաջ որդեգրած հայեցակարգին։
Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1․ Լուսանկարը՝ Սիդնի Բ․ Ֆելսենի
2․ «Անվերնագիր (Ալիքներ)», 1970
3․ «Սարդոստայն #1», 1999
4․ «Այրվող ինքնաթիռ» (յուղանկար), 1965


