Արևի տակ մի ծաղիկ մի օր ծաղկում է ու՝ պրծավ․ Վիոլետա Գևորգյանի լավագույն դերը

Հայ արվեստագետի անավարտ մնացած ևս մի ստեղծագործական կյանք․ այս մտորումն է բերում ԱՄՆ-ում սիրելի դերասանուհու մահվան մասին լուրը։
1944 թվականին Թբիլիսիում ծնված Վիոլետա Գևորգյանի ընտանիքը 1966-ին հաստատվեց Երևանում։ 24 տարեկանում Վիոլետան այստեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն. երկու տասնակ դերեր է խաղացել Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Նրա առաջին գլխավոր դերը «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում էր։
Վիոլետա Գևորգյանին, սակայն, անօրինակ ճանաչում է բերել Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում Աղունի դերակատարումը: Այս ներկայացումը մի քանի տարում բեմ է բարձրացել ռեկորդային՝ 700 անգամ։ Հայ հանդիսատեսը Վիոլետային սիրեց նաև «Հասարակության ծաղիկ սինյոր Պապագատոն» հեռուստաներկայացման մեջ, որտեղ անկրկնելի Կարպ Խաչվանքյանի խաղընկերուհին էր, նաև հեռուստատեսությամբ երբեմն ցուցադրվող՝ Հայֆիլմի «Ապրեցեք երկար» ֆիլմիում ստեղծած կերպարով։ Սիրված դերասանուհու հետ զուգորդվող «բալի շուրթերով իմ հեքիաթ» արտահայտությունն այս ֆիլմից է, որի հիմքում «Բալենի» վիպակն է։
Դրամատիկական թատրոնում դերասանուհու լավագույն դերերից մեկն էր Նիլ Սայմոնի «Զբոսայգում ոտաբոբիկ» կոմեդիայի հերոսուհին, այս զվարճալի ու սրամիտ ներկայացման մեջ դերասանուհին հանդես էր գալիս Գուժ Մանուկյանի և Իշխան Ղարիբյանի խաղընկերությամբ։
Սակայն 1982 թվականին բեմ բարձրացած «Աշնան արևը» երևույթ էր ոչ միայն Վիոլետա Գևորգյանի ստեղծագործական կյանքում, ոչ միայն դրամատիկական թատրոնի և հայ թատրոնի պատմության մեջ առհասարակ, այլև մշակութային մի իրադարձություն, որը չի մոռացվում անգամ բեմից հեռանալուց չորս և ավելի տասնամյակ անց։ Մարդիկ ներկայացումը նայում էին տասնյակ անգամներ, անգիր գիտեին Վիոլետա Գևորգյանի Աղունի մաթևոսյանական բոլոր տեքստերը, այդ թևավոր դարձած խոսքերի հնչերանգները։ Եվ միանգամայն օրինաչափ էր, որ տարիներ անց Թեքեյան կենտրոնի կազմակերպած ներկայացման մեջ դերասանուհին հայրենիքում բեմ բարձրացավ նույն դերով։ Այս անգամ էլ բեմադրության ռեժիսորը դարձյալ Արտաշես Հովհաննիսյանն էր, խաղացվեց երեք անգամ, այդ դերին ու դերասանուհուն անչափ կարոտած հանդիսականի համար։
Հիմա արդեն ակնհայտ է, որ 1982-ին Դրամատիկականի «Աշնան արև»-ը իսկական մշակութային շոկ էր մեր թատերական կյանքում. այն ամենախիստ քննադատներն ու պարզապես թատերասերները դիտել են տասնյակ անգամներ։ Մաթևոսյանական մեծ գրականությամբ՝ կյանքի ու ճշմարտության մասին այս ներկայացման անկասելի հաղթարշավը ձգվեց տարիներ և ավարտվեց միայն դերասանուհու՝ երկրից հեռանալով կամ գուցե 88-ին, երբ ամենադիտարժան, հուզիչ և բախտորոշ ներկայացումը մայրաքաղաքի հրապարակներում էր։ Համազգային շարժման մեջ ատելություն չկար, սակայն անհանդուրժողականության առաջին զոհերից մեկը հենց Վիոլետա Գևորգյանը դարձավ՝ թիրախավորվեց, հանիրավի դատապարտվեց։ Իհարկե, վստահաբար այդ օրերին պետք չէր գնալ Բաքու՝ թեկուզև միութենական միջոցառման, գուցե միամիտ դերասանուհին խարդավանքի զոհ էր, սակայն նրա հետ շատ դաժան վարվեցին, և առաջին հերթին՝ նրա գործընկեր-արվեստագետները։
«Ինձ հետ շատ վատ վարվեցին»,- իր հազվադեպ այցերից մեկի ժամանակ ասել էր դերասանուհին։
«Ես սովոր էի շուրջ 22 տարի ապրել թատրոնի կյանքով, մի օր որ ներկայացում չէի ունենում, հիվանդանում էի։ Թատրոնը իմ կյանքն էր, որից զրկվեցի 1988 թվականին։ Ես չէի պատկերացում, որ կապրեմ, բայց ապրում եմ ու տեսքս էլ բավական լավ է, իսկ թե ինչ է կատարվում իմ ներսում, միայն Աստված գիտի»․-,հանդիպումներից մեկի ժամանակ ասել է դերասունուհին, ապա նաև աղունավարի կատակել՝ կարոտը լավ բան է, եթե հայրենիքում լինեի, ինձ այսպես չէիք սիրի։
1991 թվականին ԱՄՆ-ում բնակության հաստատելուց հետո Վիոլետա Գևորգյանը խիստ հազվադեպ էր խաղում, սակավաթիվ օրինակներից էր Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ քաղցր տղան» ներկայացումը։
Արտաշես Հովհաննիսյանի «Աշնան արև»-ի բեմելից 42 տարի անց, հիմա արդեն տարիների հեռվից ու վերհուշով ուրվագծվում է թե ինչպիսին էր Վիոլետա Գևորգյանի կերտած Աղունը:
Գործողությունը տեղի էր ունենում գյուղական բակում, ասես տիեզերքից դուրս մի տարածքում, որտեղից՝ «Ծմակուտից Երևան հասնում են մի գիշեր ու մի ցերեկ»՝ սայլով, այն դեպքում, երբ Մոսկվայից Երևան հասնում են «մի հարյուր րոպեում»։
Եվ այս թվացյալ կորած-մոլորած բնակավայրի տան պատշգամբում հայտնվում է Վիոլետա Գևորգյանի Աղունը՝ ծաղկավոր պարզ շրջազգեստով, բարեկազմ, գեղեցկատես, լիարյուն, տաղանդավոր, խոսքաշեն, կենսասիրության խորհրդանիշ, ամենահաս, իմաստուն, խորահայաց։ Սրալեզու, երբեմն զայրույթի պոռռթկումներով, բայց առավելապես հումորով ու կյանքի հետ հաշտ՝ « քո մերը դատարկ խոսքից ուրախացող ա»։
Դժվարին ու դաժան կյանքն ու կենցաղը դաջված չէին նրա դեմքին, այլ հիշվում էին կատակով ու սարկազմով։ Անգամ՝ դաժան մանկությունը, երբ խորթ մայրը նրան հանել էր դպրոցից, պատճառաբանելով, թե «անընդունակ է, իբր ինքը շատ ընդունակ էր»։ Վիոլետա Գևորգյանի Աղունը խորապես տարբեր էր տասնամյակներով բեմում ներկայացվող հայ գեղջկուհիներից։
Բոլորի կյանքն էր քննում և բոլորի մասին էր՝ գյուղացի, քաղաքացի, ինտելիգենտ, կին թե տղամարդ։ Լիարժեք, պարզ, խորը և հրճվալից խաղ ու դերակատարում էր, նաև՝ անմոռանալի-անկրկնելի։ Հրանտ Մաթևոսյանը հիացած էր Վիոլետայի խաղով, մի անգամ ասել էր, որ ինքը հնարավորություն է ընձեռել հայ դերասաուհուն՝ Աննա Մանյանի լինել։ Վիոլետա Գևորգյան-Աղունի խոսքերը թևավոր դարձած՝ պահպանվել են բոլոր ժամանակների համար. «մարդ ու անասուն իրարից հիշողությամբ են ջոկվում», կամ՝ «որդիս, խեղճ ես, մեջդ վրեժ չկա»։
Աղուն-Վիոլետա Գևորգյանի հուզիչ մենախոսությունը, որին հանդիսատեսը միշտ ոգեշունչ ծափահարում էր, այսօր էլ բազմանշանակ է հնչում. «Այս կյանքը մի անգամ է լինում, էս մե՜ծ կանաչ աշխարհում արևի տակ մի ծաղիկ մի օր ծաղկում է ու՝ պրծավ, աշխարհը նրա համար այլևս չկա»։
Գայանե Մկրտչյան
թատերագետ