Վիկտորյա տատի «victōria»-ն

-Էս մեկը կտանեք Ոսկեհատին, էս մեկը՝ Վառլոյաց տուն, էս մեկը՝ Հովհաննեսաց կտաք։ Մեսրոպ, դու էլ սա տար Վիկտորյա տատիին։

Թութը թափ տալուց հետո Սաթիկ տատն ամանները լցնում էր ու թոռներին ուղարկում հարեւանների տները։ Մեսրոպը սիրում էր հենց Վիկտորյա տատի տուն տանել, ոչ թե էն պատճառով, որ դա ամենամոտիկ տունն էր՝ իրենց թթի ծառից ընդամենը հարյուր մետրի վրա, այլ որովհետեւ էդ տունն ինչ-որ խորհրդավորություն ուներ։

Ու երբ Վիկտորյա տատը թութը թափ տալուց ինքն էր գալիս ու Հաթամաց հետ մի երկու բերան ուտում, Մեսրոպը տխրում էր, որովհետեւ ամանով թութը չէր տանելու, հերթական օրհնանքն ու երկար սեւ զգեստի գրպանից անպակաս կոնֆետը չէր ստանալու։

Վիկտորյա տատը մենակ էր ապրում։ Աղջիկներն էին այցելում, օգնում, իսկ առևտուրն ու այգու գործերը հիմնականում թոռներն էին անում։

Օրվա որոշակի ժամերի Վիկտորյան նստած էր լինում առվի թմբին՝ Բորիկաց ընգզի[1] տակ, կողքին էլ՝ երկու դույլ։ Գալիս էր Հաթամաց բակի աղբրից ջուր տանելու։ Իհարկե, երբ դույլերը լցվում էին, Հաթամի թոռներից մեկն անպայման օգնում էր՝ տեղ հասցնում։ Պապաշաց տան հետևի նեղլիկ արահետով գնում-գնում էին, մի հարյուր մետր հետո տատի տունն էր՝ արահետի վերջում։ Ավելի ճիշտ՝ միակը։ Երեխեքը որ ջուրը տանում էին, փոքրիկ դռնակով բակ էին մտնում ու դույլերը դնում բաց պատշգամբում՝ սեղանի մոտ։ Տուն չէին մտնում։

Վիկտորյան աշխարհի ամենաբարի տատն էր։ Հարևանները կյանքում չէին տեսել, որ բարկանա կամ բարձր խոսի։ Միշտ սևազգեստ էր, ու նաև դա էր խորհրդավորություն հաղորդում նրան։ Թաղի երեխեքը մեծանում էին, գնում Երևան, Կապան, Գորիս՝ սովորում, հետ գալիս, իսկ Վիկտորյա տատը կարծես չէր փոխվում, նույնն էր, նույնիսկ երբ արդեն իր տուն ջուր էին քաշել, մեկ է՝ առանց դույլերի էլ կգար ու իր տեղում կնստեր։ Բոլորին թվում էր՝ միշտ էդ նույն տեղում՝ Հաթամաց դարպասի դիմաց՝ Բորիկաց ընգզի տակ նստած է ու հավերժ էլ նստած է լինելու։

Ո՞վ էր անունը Վիկտորյա դրել, դնողը գիտե՞ր, որ Վիկտորյա նշանակում է Հաղթանակ։ Դժվար թե։ Վիկտորյա տատը սևազգեստ էր հենց հաղթանակի օրվանից՝ 1945 թվականի մայիսի 9-ից, երբ Հայրենական պատերազմում զոհված որդու «սև թուղթը» ստացավ։ Ու եթե բոլորի համար մայիսի 9-ը տոն, նրա համար՝ սուգ էր։

Թեպետ էդ օրվանից սևերի մեջ էր, բայց չէր հավատացել «սև թղթին»  և  ամեն օր սպասում էր։ Ասում էին (թեպետ դժվար տեսնող եղած լիներ), թե գիշերը, քնելուց առաջ, անպայման բացում էր որդու անկողինը. դե, մտածում էր, կարող է լուսադեմին գնացքով գա հանկարծ։

Էդպես ամեն օր՝ քառասուն տարի։ Լեգե՞նդ էր։ Երևի՝ չէ։ Մեսրոպին հաջողվել էր մի անգամ, դույլերը պատշգամբ հասցնելուց հետո, տեսնել սենյակի պատին՝ անկողնու գլխավերեւում կախված մի նկար։ Երեևի հենց զոհված որդու նկարն էր։

Եվ ահա մի օր…

Մեսրոպը մինչև հիմա էլ համոզված է, որ փըշկյագեցիներին հովանավորող վերին ինչ-որ ուժ իրեն մղեց էդ օրը տուն վերադառնալ ոչ թե կրճատ, այլ երկար ճանապարհով…

 

***

Բանակից վերադառնալու հաջորդ օրն էր։ Ինչպես պահանջում էր օրենքը, Մեսրոպը զինվորական համազգեստով ներկայացավ զինկոմիսարիատ, զեկուցեց որ եկել է։

Զինկոմիսարիատում մի երկու ձևական հարց տվեցին, հետո հաշվառման վերցրին ու հաջողություն մաղթեցին «գրաժդանսկի» կյանքում։ Մեսրոպը որոշեց էդ օրը ոչ թե նորակառույց մայրուղով ու Մոստոյաց կամրջով տուն դառնա, այլ երկար ճամփով՝ Սահմանապահների փողոցով բարձրանա Բազար, էնտեղից էլ՝ գնա տուն։ Դե, որ շատ մարդ իրեն զինվորական համազգեստով տեսնի, տեսնողներն էլ իրեն բարի գալուստ մաղթեն։

Ամեն բարևողի հետ մի երկու բառ փոխանակելով՝ հասավ Աղանաց յոխշին[2], Քյալբուց տան մոտ, բայց որոշեց մի քիչ էլ երկարացնել ճանապարհը և Մրգանուշով իջնել տուն։

Ու երբ արդեն իրենց կարմիր դարպասին հասավ՝ Վիկտորյա տատն իր տեղում՝ Բորիկաց ընգզի տակի առվի թմբին նստած էր։ Նույն Վիկտորյան էր, նույն սև զգեստներով, միայն կողքին մի չալիկ էր ավելացել։

-Բարև, Վիկտորյա տատի, - ուրախ-ուրախ ողջունեց Մեսրոպը։

-Բարև, տատին քի մատաղ, - իր սովորական ձևով պատասխանեց, հետո ձեռքով ճակատին հով արեց, որ տեսնի բարևողն ով է, բայց տեսողությունն առաջվանը չէր՝ չճանաչեց։

-Աչքերս լավ չեն տեսնում, է՜, մոտիկ եկ՝ տեսնամ հով ե՞ս։

Մեկ էլ աչքն առավ զինվորական համազգեստին, կամաց ելավ տեղից, չալիկին հենված մի քայլ առաջ եկավ ու փաթաթվեց Մեսրոպին։ Չալիկը ձեռքից ընկավ, ինքը երերաց։ Մեսրոպը գրկեց նրան, որ չընկնի ու էլ չիմացավ՝ ինչ անի կամ ասի։

«Երևի ճանաչեց,- մտածեց Մեսրոպը, - հեսա սովորականի պես  կասի «Պիիի, Մեսրոպն ա, է~, կըծեմ արևդ»…

Բայց տատն ինչ-որ անուն շշնջաց, ապա՝

-Եկա՞ր… Վերջը եկա՞ր… Դե, եկ, եկ գնանք… Գնանք տուն… Գնանք՝ ոտներդ լվանամ՝ քոն նիս[3] հանգստանաս… Տեղաշորդ բացած ա…

 

Մեսրոպ Հարությունյան

 

 

 

 

 

1 Ընգզի - ընկուզենի

[2] Յոխշ - վերելք

[3] քոն նիս – քնես