Վիկտոր Ցոյ. «Շնորհակալություն, որ եկաք ու օգնեցիք Հայաստանին»

Ցոյն ու «Կինոն»՝ հանուն Հայաստանի

Ռուսական ռոքի անմոռանալի դեմքերից Վիկտոր Ցոյի, թերևս, ամենամերձավոր երկու ուղեկիցները մասամբ հայկական ծագում ունեն։ Ու եթե Յուրի Կասպարյանը Ցոյի հիմնադրած «Կինո» ռոք-խմբի երաժշտական կողմի հիմնական պատասխանատուն էր, ապա Ցոյի իմիջի ու աշխարհայացքի վերափոխողը եղավ նրա կյանքի վերջին տարիների սերը՝ Նատալյա Ռազլոգովան։

Վիկտոր Ցոյից մեկ տարի փոքր Յուրի Կասպարյանը նրա հետ ծանոթանալիս շատ վատ էր կիթառ նվագում։ Բայց Վիկտորը մի սկզբունք ուներ. նա նախընտրում էր, որ «Կինոյի» երաժիշտներն առաջին հերթին ընկերներ լինեն (Վիկտորն ու Յուրին ոչ միայն ընկերներ դարձան, այլև ունեին ընդհանուր նախասիրություններ, օրինակ՝ արևելյան մարտարվեստները)։ 1983-ին Ցոյը Կասպարյանին հրավիրեց խումբ, և ընդամենը մի քանի տարի անց Յուրին դարձավ խմբի երաժշտական առաջատարը։ Ըստ Ցոյի կենսագիր Վ. Կալգինի. «Հենց Յուրիի ինքնատիպ նվագը մեծ մասամբ բնորոշեց 80-ականների վերջի դասական «Կինոյի» դեմքը, ու  ինչպես և ինքը՝ Կասպարյանը, դարձավ խմբի երաժշտական ոճի մարմնացումը»։ Կասպարյանը հիմա էլ համարվում է Ռուսաստանի լավագույն կիթառահարներից մեկը ու, թերևս, ամենաճանաչելին։ Դժվար է հետխորհրդային տարածքում գտնել  մեկին, որ լսած չլինի Կասպարյանի Yamaha SG-200 էլեկտրոկիթառի ձայնը։ Հենց Կասպարյանի ջանքերով էր, որ Ցոյի մահից հետո լույս աշխարհ եկավ «Կինոյի» վերջին ալբոմը։

Կասպարյանի պապը՝ Ռաֆայելը (1906-1944), ծնունդով Ստավրոպոլից, կրթությամբ ինժեներ-ջերմամեխանիկ էր, աշխատել էր Լենինգրադում, ապա Մոսկվայում՝ որպես Արտաքին առևտրի ժողկոմատի Տեխնոպրոմիմպորտ միավորման նախագահի տեղակալ։ 1942 թ. հրաժարվեց տարկետումից ու ինքնակամ մեկնեց ճակատ։ Դիվիզիոնի հրամանատար կապիտան Կասպարյանը հերոսաբար զոհվեց Տեռնոպոլի մոտ։ Նրա միակ որդին՝ հնգամյա Դմիտրին, մոր՝ Վալենտինայի հետ տարհանման մեջ էր։ 1951-ին նրանք վերադարձան Լենինգրադ։ Դմիտրին հետագայում դարձավ խոշոր միջատաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր։ Յուրին էլ հոր հետ մասնակցել է տարբեր գիտարշավների, բայց, ի վերջո, ընտրեց այլ ճանապարհ։ Նրան վիճակված էր դառնալ «Կինո» խմբի դասական կազմի անփոփոխ ու անփոխարինելի կիթառահարը, ինչպես նաև հանդես գալ որպես Սերգեյ Կուրյոխինի «Պոպ-մեխանիկա» ու Վյաչեսլավ Բուտուսովի «Յու-Պիտեր» խմբերի առանցքային անդամ։ 1987 թվականին Յուրին ամուսնացավ ամերիկուհի Ջոանա Սթինգրեյի հետ, իսկ նրանց հարսանիքին մասնակցում էին լենինգրադյան ռոքի ամենավառ ներկայացուցիչները: Այժմ Յուրին հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբերի հետ՝ կատարելով «Կինոյի» երգերը, իսկ այս աշնանը սպասվում է «Կինոյի» վերամիավորումը։

«Կինոյի» կազմում Կասպարյանի առաջին համերգին մասնակցում էր նաև հայազգի թմբկահար, մուլտիգործիքավորող Վալերի Սողոմոնյանը, որը Կասպարյանի և Միխայիլ Բորզիկինի հետ նվագել էր ուսանողական խմբում։ Իմ հարցին ի պատասխան Վալերին նշեց, որ «Կինոյի» կազմում մասնակցել է միայն այդ մեկ համերգին՝ Լենինգրադի ռոք-ակումբում։ Դրանից հետո խմբի այդ կազմը ցրվել է, որոշ ժամանակ մնացել են միայն Ցոյն ու Կասպարյանը։

Ցոյին Բորիս Գրեբենշչիկովի միջոցով ծանոթ էր նաև լենինգրադյան ռոքի մեկ այլ հայազգի լեգենդ՝ Ապարատչիկ Մարատը (Արմեն Հայրապետյան)։ Իր մի նամակում նա վերհիշում է 1983 թ. հուլիսյան այն դժվարին օրերը, երբ խորհրդային բանակից խուսափող Ցոյին մեկուսացրել էին Լենինգրադի հոգեբուժարանում։

1987 թ. Ցոյը և Կասպարյանը Մոսկվայում, Արմեն Գրիգորյանի «Կրեմատորի» խմբի հետ համատեղ ակուստիկ համերգ են տալիս ուսանողների համար։ Դեպքը ուշագրավ է նրանով, որ այդ տարիներին երկու խմբերի համատեղ համերգի ձևաչափով Ցոյն ու իր խումբը գրեթե հանդես չէին գալիս։

–Ես նվագում էի կարծեմ Միշա Ռոսսովսկու, իսկ Ցոյը՝ Կասպարյանի հետ,– վերհիշում է Գրիգորյանը,–  Հիշում եմ, Ցոյի կիթառի լարը կտրվեց, ու ես իմ կիթառը տվեցի, որպեսզի կրկնականչին նվագի։ Հետագայում մենք էլի մի քանի անգամ հանդիպեցինք, ու ամեն անգամ այդ հանդիպումներից մնաց հաճելի տպավորություն։

Միակ դեպքը, երբ Ցոյն ու «Կինոն» հանդես են եկել բարեգործական համերգով, եղել է հօգուտ Հայաստանի։ Արտասահմանում ելույթ ունենալու բոլոր հրավերները Ցոյը մերժում էր՝ մտածելով, որ խումբը դեռ պատրաստ չէ։ Բայց 1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեած Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո դանիական «Next Stop» երիտասարդական շարժումը նախաձեռնում է փառատոն, որից ստացված միջոցները պիտի տրամադրվեին Հայաստանի երկրաշարժից տուժածների հիմնադրամին։ ԽՍՀՄ-ից հրավիրվում է «Կինո» խումբը։

Ահա Վիկտորի խոսքերը. «Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը մեզ հասցրեց այն սահմանագծին, երբ ծնվում է նախկինի պես ապրելու անհնարինության գաղափարը: Սա էր այն սահմանը, որը մղում էր շտկել այն ամենը, ինչը կուտակվել է ամբողջ պատմության ընթացքում: Հակառակ դեպքում, ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել»:

1989 թ. հունվարին «Կինոն» առաջին անգամ մեկնում է արտասահման և ելույթ ունենում Կոպենհագենում՝ չորս հազար հանդիսատեսի առաջ։ Համերգների ընթացքում խոսելու սովորություն չունեցող Ցոյն անգլերեն դիմում է հանդիսատեսին. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ եկաք ու օգնեցիք Հայաստանին»։ Ականատեսի վկայությամբ՝ ելույթը խիստ տպավորիչ է եղել։ Խումբը համերգի նպատակը ներկայացնում է նաև դանիական ռադիոկայանին տված հարցազրույցում։ Հետագայում Ցոյը պատմել է. «Մենք նաև Դանիա գնացինք։ Ու միայն այն պատճառով, որ այնտեղ անցկացվում էին համերգներ՝ ի նպաստ Հայաստանի հիմնադրամի։ Համերգների համար նրանց պետք էր որևէ ռուսական խումբ, նրանք ընտրեցին «Կինոն»։ Այստեղ արդեն դժվար էր հրաժարվել, չնայած, ամենայն հավանականությամբ, ուրիշ պայմաններում ես կմերժեի»։

Ի դեպ, Ցոյին շատերը համարում էին ինքնամփոփ ու չշփվող։ Իր շրջապատի մարդկանց Վիկտորը մեծ զգուշավորությամբ էր ընտրում. միայն նրանց էլ հասանելի էր իրական Ցոյն՝ իր ներքին տագնապներով ու ուրախություններով։

Մեծ էրուդիցիայի և հայ-բուլղարական հմայիչ դիմագծերի տեր Նատալյա Ռազլոգովան լրագրող էր, կինոքննադատ (ինչպես իր նշանավոր եղբայրը՝ Կիրիլը) և թարգմանչուհի։ Նրա մորական պապը շուշեցի դիվանագետ, խորհրդային Հայաստանի առաջին արտգործժողկոմ Ալեքսանդր Բեկզադյանն էր (1879–1938)։ Ծանոթանալով Ցոյի հետ Սերգեյ Սոլովյովի «ԱՍՍԱ» ֆիլմի նկարահանումներին, Նատալյան դարձավ նրա կյանքի ընկերուհին։ Վկայում են, որ Ցոյն անսահման կապված էր նրա հետ ու շատ հարցերում խորհրդակցում էր իրենից ավելի փորձառու ու կրթյալ Ռազլոգովայի հետ։ Վիկտորը թողեց իր ընտանիքը Լենինգրադում և տեղափոխվեց Նատաշայի տուն՝ մոսկովյան Բելյաևո։ Ամառները լատվիական միևնույն ագարակում հանգստանալը ևս Նատալյայի նախասիրություններից էր։ Այդ ագարակ տանող ճանապարհին էլ 30 տարի առաջ, մինչև վերջ չբացահայտված հանգամանքներում ողբերգական ավտովթարը վերջ դրեց Ցոյի կյանքին։ Ցավոք, ո՛չ քրեական գործի բնօրինակն է պահպանվել, ո՛չ ավտոմեքենան, ո՛չ դեպքից որևէ լուսանկար։ Առ այսօր ամենատարբեր վարկածներ են շրջանառվում՝ ղեկին քնելը, վարորդական փորձի պակասը, սպանություն, ինքնասպանություն, մինչև իսկ՝ թունավորում։ Տարիներ անց բազմաթիվ անպատասխան հարցեր ինձ էլ շատերի նման բերեցին Սլոկա-Տալսի մայրուղու չարաբաստիկ 35-րդ կիլոմետր։ Թե ինչն էր մղել Ցոյին այդ անհարմար տեղանքում զարգացնել առնվազն 100 կմ/ժամ արագություն ու վերջին պահին դուրս գալ հանդիպակաց ուղի, մենք հաստատապես չենք իմանա...

Ցավոք, «Կինոն» Երևան այցելել այդպես էլ չկարողացավ (այդ մասին ավելի  ուշ մի հարցազրույցում ափսոսանքով խոսել է Կասպարյանը): ВикторՍկսվել էր արցախյան շարժումը, հանրապետությունը շրջափակման մեջ էր... Մյուս կողմից՝ էլ որտե՞ղ պիտի այդքան արդիական հնչեր երգն այն մասին, թե ինչպես Արև անունով աստղից լուսավորվող երկհազարամյա քաղաքը երկու հազար տարի պատերազմի մեջ է, այն էլ՝ առանց հատուկ պատճառների...

 

հեղինակ՝ Աշոտ Գրիգորյան

Լուս.՝ Վթարի վայրում։

 

...