Վասիլի Լանովոյ. «Դերասանը հանդիսատեսի համար պետք է առեղծված մնա»

Հունվարի 28-ին կյանքից հեռացավ ռուսական կինոյի և թատրոնի լեգենդար արտիստ Վասիլի Լանովոյը: Հատվածաբար ընթերցողներին ենք ներկայացնում նրա վերջին հարցազրույցը, որը արտիստը տվել է teatral-online.ru-ին, 2018-ին՝ իր 85-ամյակի առիթով:

 

-Իմ ամբողջ կյանքին հետևել արդեն պարզապես անհնար է, քանի որ շատ բան մոռացվել է, իսկ որոշ բաներ էլ չես ուզում հիշել: 10-րդ դասարանից հետո ես նկարահանվեցի «Հասունության վկայական» ֆիլմում: Դա իմ առաջին ֆիլմն էր, 1953թ.: Այդ ժամանակվանից էլ հաշվեք: 1954 թվականից մինչև օրս աշխատում եմ որպես դերասան: Հասկանո՞ւմ եք: Բացի այդ, 1957 թվականից ես պաշտոնապես աշխատում եմ Վախթանգովի թատրոնում, արդեն 61 տարի: Եվ պետք է ասել, որ բավականին բազմազան կյանք էր և՛ կինոյում, և՛ թատրոնում:

Կինեմատոգրաֆը նախկինում բոլորովին ուրիշ էր: Դե թատրոնը նույնպես: Եվ այս արվեստների համադրությունը իմ կյանքն է, չնայած թատրոնն ինձ համար միշտ եղել է գլխավորը:

Վախթանգովի թատրոնը ներկայացումների արտադրության գործարան չէ, դա հաստատ է: Այն ինչ-որ իմաստով երկար տարիներ «ընտանեկան թատրոն» է եղել, քանի որ կար մեծ դերասանների մեծ ընտանիք՝ Գրիցենկո, Պլոտնիկով, Աստանգով, Լուկյանով, Բորիսովա, Մանսուրովա, Ալեքսեևա... Հասկանո՞ւմ եք, ինչ անուններ էին: Անհավանական…

-Ի դեպ, ո՞րն է տարբերությունը արտիստների այդ համաստեղության և ներկաների միջև:

-Դերասանը հանդիսատեսի համար պետք է առեղծված մնա: Անպայման: Եվ ավագ սերունդները խստորեն հետևում էին այս կանոնին: Որովհետև եթե քո մասին հայտնի են առօրյա բոլոր մանրամասները, և դեռ եթե մի բան էլ գռեհիկ են, ապա ոչ մի կերպարով և ոչ մի տաղանդով դա արդեն հնարավոր չէ կոտրել: Մեր թատերական ծերուկները միշտ այդպես են մտածել: Եվ իմ ուսուցիչները... Մանսուրովան՝ իմ ուսուցիչը, և՛ Գրիցենկոն, և՛ Պլոտնիկովը, և՛ Աստագովը. նրանք միշտ ասում էին. «Պետք է առեղծված լինես հանդիսատեսի համար»: Դա ճիշտ է: Իսկ այսօրվա  «հեռուստատեսային բացահայտումները» դերասանական ճակատագրին չեն օգնում:

Այս իմաստով ես բավականին հարուստ փորձ ունեի, որովհեև դեռ տասներկու տարեկանից խաղում էի ԶԻԼ-ի ժողովրդական թատրոնում: Թատերական իմ առաջին ուսուցիչ, Լենինյան Կոմսոմոլի թատրոնի ռեժիսոր Սերգեյ Լվովիչ Շտեյնը, նրբանկատորեն դաստիարակում էր ապագա դերասաններին: Ոչ մի «զանգուլակներ»: Երբ նկարվեց «Հասունության վկայական» ֆիլմը, նա ասաց ինձ. «Վասյա, հանկարծ չփորձես գոռոզանալ: Դա սպանում է դերասաններին»:

Այսօր Շչուկինի թատերական ինստիտուտում ես ղեկավարում եմ գեղարվեստական ​​խոսքի ամբիոնը, այնուամենայնիվ, աշխատում եմ, որ  արժանի դրամատուրգիական նյութն լինի, նախապատվությունը տալիս եմ դասականին:

-Հասկանալի է, որ դուք էլ առեղծված ունեք: Դուք հեռուստաալիքներում չեք առկայծում...

-Կանչում են, բայց ես մերժում եմ: Այն, ինչ ես երբեմն տեսնում եմ հեռուստատեսությամբ, երբեք չեմ համաձայնի գնալ այնտեղ: Ահա հիմա իմ հոբելյանն է, և ուղղակի հոգիս հանեցին: Հրավիրում են տարբեր ծրագրերի, բայց ես միշտ չէ, որ գնում եմ: Ահա և ամենը:

85 տարին պատկառելի տարիք է... Ահա Յուրոչկա Յակովլևը հեռացավ 85 տարեկան հասակում, իսկ ինչպիսի դերասան էր. միշտ ինքնակարգապահությանը լուրջ էր վերաբերվում: Ուլյանով Միշան, Յուլեչկա Բորիսովան... Նրանք երբեք նման բաների չէին մասնակցում: Շատ կարևոր է քեզ չկորցնել և հիշել թատերական ճաշակի մասին:

-Վախթանգովի թատրոնի երկարակյաց ներկայացումներից է «Ձոն Եվային»-ը: Ինձ թվում է, որ Ձեր դերը ցնցում է հանդիսատեսին իր սիրային զգացմունքների խորությամբ...

-«Ձոն Եվային»-ը բեմադրված է ըստ Էրիկ Էմանուել Շմիտի «Առեղծվածային վարիացիաներ» հիասքանչ պիեսի, այնտեղ խաղալու բան կա, սա արժանի նյութ է: Ահա արդեն քսան տարի Ժենյա Կնյազևի հետ փորձում ենք բացահայտել սիրո անտեսանելի առեղծվածը. երկու տղամարդկանց սերը նույն կնոջ հանդեպ և կյանքի անսպասելի ավարտը, երբ այդ ամենը փլուզվում է:

-Իսկ ինչո՞ւ խաղացանկից անհետացավ «Նավամատույց» ներկայացումը:

-Ես շատ եմ սիրում ու սիրում էի այդ ներկայացումը: Որովհետև ինձ հետ միասին բեմ էին բարձրանում Յուրա Յակովլևը, դուրս էր գալիս Գալոչկա Կոնովալովան, Սլավոչկա Շալևիչը: Իմ սերունդն այն խաղում էր թատրոնի 90-ամյակի առիթով: Բայց նրանք հեռացան, իսկ հիմա, բացի այդ, Յուլեչկա Բորիսովան հիվանդ է, և մենք սպասում ենք նրա վերադարձին: Այնպես որ, հուսով ենք, որ նա դեռ կխաղա: Ավելին, ես շատ կցանկանայի, որ թատրոնի հարյուրամյակը, որը 2021 թվականին է, մենք նույնպես նշեինք «Նավամատույցով», եթե, իհարկե, ապրենք մինչև այդ:

-Ի՞նչ եք կարծում, թատրոնը շատ է փոխվել այն ամենի համեմատությամբ, որում անցել է ձեր երիտասարդությունը:

-Իհարկե փոխվել է: Այն ուրիշ է դարձել... Ավելի նորաձև, պակաս դասական: Կյանքը փոխվել է: Տեսեք, թե ինչ է կատարվում հեռուստատեսությունում: Ինձ համար մինչև հիմա գոյություն ունեն անհամեմատելի արժեքներ այն թատրոնի ու հեռուստատեսությամբ անցյալի ելույթների միջև: Էլ չեմ ասում կինեմատոգրաֆի մասին: Ինչպիսի դերասաններ կային:

-Ինչպե՞ս եք գնահատում ձեր կինոճակատագիրը:

-Ես երջանիկ մարդ եմ, քանի որ ունեցել եմ հրաշալի սցենարներ՝ դասական, ռուս դասական գործեր, «Աննա Կարենինա», «Պատերազմ և խաղաղություն»: Էլ չեմ խոսում խորհրդային դասականների մասին՝ Ալիսա Ֆրեյնդլիխի, Ռուֆա Նիֆոնտովայի, Լյուդա Չուրսինայի հետ​: Ինչպիսի խաղընկերուհիներ ունեի՝ մեկը մյուսից լավը: Կուպչենկո Իրինա Պետրովնա... Մենք սեր խաղացինք «Տարօրինակ կինը» ֆիլմում և արդյունքում՝ ավելի քան քառասուն տարի ամուսնացած ենք...

Կարդալով սցենարները, որոնք ինձ ուղարկում են, հատկապես, երբ խոսքը վերաբերում է սերիալներին, սարսափում եմ և ասում. «Կներեք, ես զբաղված եմ»: Ես իմ դասականից հետո չեմ ուզում դրա մեջ խցկվել:

-Կառլ Վոլֆի կերպարը «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմում դարձավ այս կինոնկարի ամենահետաքրքիր դերերից մեկը: Հե՞շտ համաձայնեցիք խաղալ СС օբերգրուպպենֆյուրերին՝ СС զորքերի գեներալին:

-Հասկանում եք, նա նույնպես զինվորական է: Իսկ ես զինվորականների ամբողջ կյանքում եմ խաղացել, և՛ սպիտակ գվարդիականների, և՛ կոմունիստների: Շատ-շատ տարբեր դրվագներ եմ ունեցել պատշաճ գրականությունից: Իսկ այստեղ իսկական գրականությունն էր: Եվ Տանեչկա Լիոզնովան ասաց ինձ. «Վասյա, պետք չէ այս դերին վերաբերվել որպես թշնամու ծաղրանկարի: Դա «Օգոնյոկ» ամսագիրն էր պատերազմի տարիներին ֆաշիստներին որպես ապուշներ և բթամիտներ ներկայացնում: Պետք է խաղալ համոզված իդեալիստի, այսինքն՝ նա ունի իր գաղափարախոսությունը և պաշտպանում է այն: Ոչ մի դեպքում չխաղաս հիմարի ու գռեհկամտի, այլ միայն՝ զիլ ու նպատակասլաց թշնամու: Եվ այդ ժամանակ նրա նկատմամբ հաղթանակը իրական կլինի, այլ ոչ թե ֆաներային»:

Նա, ընդհանրապես անհավանական էր, իմաստուն: Հաստատ: Արդյուքում ես խաղացի մարդու առեղծվածն ու ողբերգությունը: Իսկ այդ դերի պատմությունը բավականին զվարճալի ավարտվեց: Մի անգամ քայլում եմ Գորկու փողոցով և հանկարծ տեսնում եմ հանդիպակած կողմից ինձ է կանչում «Տասնյոթ ակնթարթների» հեղինակ Յուլիան Սեմյոնովը. «Վասյա, Վասյա, սպասիր ինձ»:

Անցնում է փողոցը, վազում դեպի ինձ. «Ես երեկ Մյունխենում ընդունելության էի»: Իսկ նա լրագրող է, և, իմ կարծիքով, միաժամանակ նաև՝ չեկիստ: Եվ նա ասում է. «Ես Մյունխենում ընդունելության էի, այնտեղ էր նաև քո Վոլֆը: Այնպիսի հաստլիկ էր, մոտ 200 կիլոգրամ: Ես մոտեցա նրան. «Հեր Վոլֆ, ո՞նցն էր կինոնկարը»: - «Այո, այո, jawohl, jawohl», - «Իսկ Ինչպե՞ս է խաղացել մեր դերասանը Վոլֆին»: «Բացարձակ նման չէ», - պատասխանեց նա: Եվ ես որոշեցի խայթել նրան. «Հեր Վոլֆ, դուք պետք է երջանիկ լինեք, որ նիհար Լանովոյն է ձեզ խաղացել»: Նա սկսեց հռհռալ, քրքջալ և ասաց. «Ես ձեր նիհար Լանովոյին կոնյակ կուղարկեմ»: Եվ նա ինձ բերեց մի շիշ կոնյակ և ասաց. «Փոխանցիր Լանովոյին»:

-Եվ փոխանցե՞ց:

-Նույն հարցը ես ունեի: Բայց Յուլիանը պատասխանեց. «Ծերուկ, շատ երկար թռանք Մյունխենից»: Ես ասում եմ. «Լավ, ես ներում եմ քեզ»: Այնպես որ, նման դեպքեր եղել են:

Չէ որ սկզբում ես հրաժարվել եմ նաև «Սպաներ» ֆիլմի դերից, քանի որ այն այնքան էլ չէի հասկանում: Ժորա Յումատովն երկու անգամ ավելի շատ նյութ ուներ և լավ նյութ: Ես նույնպես լավ նյութ ունեմ, բայց միայն մեկ երրորդը՝ քիչ է: Եվ ի՞նչ: Նա ծավալ ունի, ես էլ ունեմ... Ինձ եկել էին համոզելու այստեղ՝ թատրոն: Ասում եմ.           «Չեմ հասկանում, ի՞նչ պետք է խաղամ»: Եվ փառք Աստծո, օպերատորն ասաց. «Ինչո՞ւ ես տառապում: Խաղա ռուս սպայության ռոմանտիզմը»: Եվ ես մի տեսակ անմիջապես պատկերացրեցի այդ ռուս սպայությունը, այդ ռոմանտիկան: Եվ հենց դա էլ խաղացի: Եվ դա ճիշտ ընտրություն էր: Ժորան իր կենցաղն էր խաղում, իսկ ես խաղում էի ռոմանտիկա, որը անում եմ նաև թատրոնում:

Եվ մինչև օրս ես չեմ բաժանվում ռազմական թեմայից: Համեցեք «Անմահ գունդ» ծրագրին: Այս հինգ տարիների ընթացքում մենք արդեն ավելի քան հարյուր քաղաքով ենք անցել: Եվ սա ինձ համար կյանքի կարևորագույն գործերից մեկն է: Որովհետև ծնողներս ողբերգականորեն հեռացան, և պատերազմը շատ այլ մարդկանց է տանում, և այս չտեսնված դաժանությունը... Դե, ինչպե՞ս  չխնդրել Աստվածամորը, որ իմ հեռանալու դեպքում՝ խղճա իմ հարազատներին:

-Կյանքում դուք ռոմանտի՞կ մարդ եք:

-Չգիտեմ. դա դուք պետք է ասեք: Ես Ի՞նչ պետք է ասեմ: Դա պետք է ասեմ ոչ թե ես, այլ կողմնակի մարդիկ: Իսկ «Արքայադուստր Տուրանդոտը» կարելի՞ է առանց դրա խաղալ: Իսկ մյուս դերերը կարելի՞ է առանց դրա խաղալ: Իսկ Կեսարին «Անտոնիոս և Կլեոպատրա»-ում առանց դրա կարելի՞ է խաղալ: Հենց դա է բանը: Իսկ Յուլիա Բորիսովայի հետ մենք խաղում էինք «Սիրելի ստախոս» ներկայացումը: Այնտեղ նույնպես ամեն ինչ կառուցված էր ռոմանտիզմի վրա: Ես չեմ ուզում այդ մասին խոսել, բայց դատելով այն բանից, որ ես պաշտում եմ, սիրում եմ Պուշկինին, Լերմոնտովին, Գումիլյովին, կարելի է եզրակացնել իմ վերաբերմունքի մասին ռոմանտիզմի հանդեպ: Ես շատ-շատ եմ կարդում Պուշկինին:

-Ի՞նչ եք կարծում, շա՞տ դժբախտություններ են ձեզ բաժին հասել:

-Ես խոսքեր չունեմ ինչ-որ կերպ իմ դժբախտությունը նշելու համար: Այո, ողբերգական դեպքեր եղել են և՛ վերջ, բայց ես չեմ կարող կյանքս ամբողջությամբ դժբախտ անվանել: Պատահաբար բռնվեց դերասան Սերգեյ Լվովիչ Շտեյնը՝ իմ առաջին ուսուցիչը: Պատահաբար ընդունվեցի համալսարան, բայց հետո հետ վերցրեցի փաստաթղթերս, հեռացա, որովհետև հասկացա, որ այն առուն չեմ մտել: Եվ ընտրեցի այն գլխավոր մասնագիտությունը, որն ինձ համար կա և եղել է ամբողջ կյանքի երջանկություն: Եվ այսպես, մենք մինչև հիմա ձեզ հետ խոսում ենք դերասանական սենյակում, և ոչ թե ինչ-որ տեղ ակադեմիայում  և կամ որևէ այլ  տեղում:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Որ իմ հեռանալուց հետո հարազատներիս համար շատ դժվար չլինի: Որպեսզի նրանք երջանիկ ապրեն, և հաջողությունն ուղեկցի նրանց: Ես արդեն նաև սանիկ ունեմ, մեր՝ Լանովոյների գծով: Որդիս՝ Սերյոժկան, հեռացավ 37-ում: Այդ մասին ես, հավանաբար, շատ եմ մտածում, որովհետև ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում  մարդկանց հետ, երբ ինչ-որ մեկը հեռանում է: Ես մտածում եմ, որ Արարիչն ու  Աստվածածինը բարեհոգի լինեն նրանց հանդեպ: Այսքանը: Այդ մասին եմ երազում:

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի