Վասիլի Ակսյոնով՝ ամենաջազայինը ռուս գրականության մեջ

Խորհրդային հասարակարգը բարդ, հակասություններով լի երևույթ էր․ այն ուներ իր ստորջրյա հոսանքները՝ այլախոհական շարժումներ, ընդհատակյա տնտեսություն, ռոք երաժշտություն, ենթամշակույթներ, և ի վերջո՝ բոհեմն ու դենդիները, որոնց երևելի ներկայացուցիչն էր Վասիլի Ակսյոնովը։

Իր վաղ շրջանի ստեղծագործություններում Ակսյոնովին հաջողվում էր միաժամանակ արտացոլել խորհրդային մարդուն բնորոշ ինքնազսպվածությունը ու նրա` ազատության ձգտումը: Գրողը համոզված էր, որ «մարդն այնքանով է ազատ, որքանով ազատ է ներքուստ»։ Խորհրդային երիտասարդության պաշտամունքային հեղինակն իր խոսքերով ջանում էր «խախտել մտավոր կարծրատիպերի աշխարհում տիրող հանդարտությունը»․ նրա գործերը լեցուն էին հեգնանքով, գրոտեսկով, էպատաժի տարրերով ու անսպասելի լուծումներով։ Ակսյոնովին անվանում էին ամենաջազային ռուս գրողը․ նրա համար ջազը պատուհան էր դեպի արտաքին աշխարհ, ֆոն ու ռիթմ՝ գրականության համար, և նա հաճախ էր գրում «այդ անկախ երկրի» մասին։ Կյանքի վերջում գրողն ափսոսում էր, որ գոնե մի փոքր չի զբաղվել երաժշտությամբ, որպեսզի կարողանար ջազ նվագել։

Նրա կյանքն ու ստեղծագործությունն էլ անսպասելի ելևէջների մի հաջորդականություն է հիշեցնում․ Ակսյոնովը ծնվել է 1932 թ․՝ Կազանում, քաղկոմի նախագահի բարեկեցիկ ընտանիքում։ Անհատի պաշտամունքի տարիներին նրա ծնողները ձերբակալվում են, ու Ակսյոնովը տեղափոխվում է որբանոց, մինչև որ նրան խնամքի է վերցնում հորեղբայրը։ 1947-ին Վասիլին ուղևորվում է մոր՝ լրագրող Եվգենիա Գինզբուրգի մոտ՝ ցրտաշունչ Կոլիմա։ Հետագայում Ակսյոնովը գրելու էր․ «Խորհրդային Միությունը ստրկատիրական երկիր էր, որի ճամբարներում օգտագործում էին միլիոնավոր բանտարկյալների աշխատուժը։ Ստալինի դարաշրջանը սարսափելի էր, հրեշավոր, և այս հարցում այլ կարծիքներ լինել չեն կարող»։

Ստանալով բժշկական կրթություն, նա գրում է իր առաջին՝ «Գործընկերները» (1960) վիպակը․ այն երեք համակուրսեցի բժիշկների մասին է, որոնք «քամուն հակառակ են գնում», գաղափարական տղաներ են, սակայն շատ տարբեր արժեքներ են դավանում։ Նրանց ընկերությունը սկսվել է առաջին կուրսից․ «Երբեմն զարմանում են բոլորովին տարբեր մարդկանց ընկերությունից, բայց միայն տարբեր մարդիկ կարող են իսկապես ընկերներ լինել: Միանման բնավորության և խառնվածքի մարդկանց միջև սուր բախումներն անխուսափելի են և անխուսափելի է գժտությունը»։ Ընկերները պետք է թողնեն բարեկեցիկ Լենինգրադը ու գործուղվեն ծայրամասային ավաններ, սակայն տարբեր կերպ են ընդունում այդ դժվարին մարտահրավերը։ Արժեհամակարգերի այդ բախումն ասես արտացոլում է հեղինակի ներքին խռովքը․ գալու է պահը, և նրա ներսում հաղթելու է արտասահման հեռանալու պատրաստ ազատատենչ հերոսը։ Վիպակում հայտնվում է հայազգի կերպար՝ Էդիկ Համբարձումյանը, որը 60-ականների ոգեշնչված երիտասարդության ներկայացուցիչ է։

Ընդհանրապես, ինչպես ամերիկյան, այնպես էլ խորհրդային հետմոդեռնիստական գրականության մեջ հաճախ են հանդիպում հայ գործող անձինք ու հայերի հիշատակումներ․ կոնկրետ Ակսյոնովի ու նրա հետևորդներից Վիկտոր Երոֆեևի համար հայերը հարավցու, հյուսիսի առերևույթ հանդարտ կյանքում աշխուժություն, երբեմն էլ քաոս բերող կերպարներ են։

Ակսյոնովի «Աստղային տոմս» վեպում հնչում է հայ Գալաչյանի անունը, որը ուրիշներից բարեկեցիկ է, հաջողակ։ Բացի այդ, վեպում որոշ ցինիզմով մեկ հիշատակվում է «ոմն Հովհաննիսյան-Պետրոսյան-Օհանեսյանը՝ հիմա չեմ հիշում», մեկ էլ՝ շախմատի արքա Տիգրան Պետրոսյանը։

Վեպում արծարծվում էր ոչ միայն հայրեր-որդիներ հակասությունը, այլև մեծ և փոքր եղբայրների (ասել է թե՝ սերնդակիցների) աշխարհընկալման տարբերությունները։ Այնտեղ ժամանակի համար սուր հարցադրումներ ևս կային։ Հերոսներից մեկը բողոքում է․ «Դեռ չենք հասցրել ծնվել, իսկ մեր փոխարեն արդեն ամեն ինչ մտածված է, մեր ապագան արդեն որոշված է։ Չէ՛ մի։ Ավելի լավ է թափառաշրջիկ լինել ու անհաջողություններին դիմագրավել, քան թե ամբողջ կյանքում ուրիշների որոշումները կատարող տղեկ մնալ»։

Այս վեպում, ինչպես և Ստրուգացկի եղբայրների ու այլ ժամանակակից խորհրդային գրողների գործերում, ամենուրեք զգացվում էին գրաքննության հետքերը, սակայն Ակսյոնովը գնաց այդ փոխզիջմանը․ «Աստղային տոմսը» պատկերում էր խորհրդային իրականությունը, բայց իր անբռնազբոսիկ ոճով այն սիրելի դարձավ ընթերցողին։ Այլ հարց է, թե հեղինակը ո՞րքան երկար կարող էր հաշտվել նման փոխզիջումների հետ․․․

Ակսյոնովի «Նարինջներ Մարոկկոյից» (1962) վիպակում հանդես եկող կերպարներից մեկը ևս հայ է՝ Հայրապետ Կիչեքյանը՝ նիհար ու չսափրված դեմքով մեկը, որի համար  հեշտ չէր աշխատել ռուսական Հեռավոր Արևելքի ցրտաշունչ պայմաններում։

«Տեսնելով նարինջը՝ Կիչեքյանը նույնիսկ ժպտաց։ Եվդոշչուկը նարինջը նետեց Հայրապետին, որը մի ձեռքով բռնեց այն։

-Մարոկկոյից է, -ասաց նա՝ ձեռնոցով հարվածելով նարնջին, ապա այն նետեց Եվդոշչուկին, որն էլ իր հերթին հետ շպրտեց։ Այսպես նրանք միմյանց էին փոխանցում։

-Սա Ձեզ,- ասաց Եվդոշչուկը,- որպես հարավցու»։

Չնայած առերևույթ խորհրդային բովանդակությանը՝ վիպակը թաքնված ենթատեքստներ ուներ։ Միով բանիվ՝ որքան էլ ծանր է փորձություններով ու անհայտությամբ լի խորհրդային մարդկանց կյանքը՝ նրանք բոլորը սպասում են այն փոքրիկ տոնին (նարինջներին), որ այլափոխելու է նրանց կյանքը, հույս է տալու, թե ամեն ինչ անհեռանկար չէ։

Վիպակը նաև տարբերվում է իր ոճով, անսովոր վառ է (իզուր չէ, որ Ալեքսանդր Գենիսը հեղինակի մասին ասել է․ «Ակսյոնովը միշտ նորաձև էր»)։

Ակսյոնովի վաղ շրջանի լավագույն գործերից է «Հաղթանակ» պատմվածքը, որում նա վեր է հանում «Հաղթանակ» երևույթի հակասականությունը․ տարբեր կացութաձևի ու գիտակցության մարդկանց համար հաղթանակը տարբեր ընկալում ունի, իսկ բիրտ ուժի առջև հաճախ նույնիսկ ամենագիտակ մարդն է ընկրկում։

1968-ին գրված «Լեփլեցուն տակառներ» վիպակը սյուրռեալիստական մի խրախճանք է հիշեցնում, որի հերոսները՝ ամենատարբեր կարգավիճակի քաղաքացիներ՝ մեկտեղվում են անսարք թափքավոր մեքենայում ու սկսում անհավանական ճանապարհորդություն։ Հեքիաթային պատումը, որ աստիճանաբար ավելի է նմանվում ֆարսի, հավաստիացնում է՝ դեպի Աստված կարելի է գնալ տարբեր ճանապարհներով, քանզի նա, այնուամենայնիվ, սպասում է բոլորին․․․

1960-ականների սերնդի վառ ներկայացուցիչ Ակսյոնովը լուրջ փորձության ենթարկվեց 1963 թ․ գարնանը, երբ նրան Կրեմլում խստորեն քննադատեց երկրի ղեկավար Նիկիտա Խրուշչովը։ Գրողի համար սկսվեց հակասություններով լի մի շրջան․ մեղայական հոդված թերթում և ուղևորություններ արտասահման, վեպ բոլշևիկ Կրասինի մասին ու մասնակցություն հակաստալինյան ցույցին, սկանդալային սիրավեպ և ալկոհոլի չարաշահում։ 1970-ականներին խորհրդային համակարգի ճնշումները Ակսյոնովի վրա ուժեղացան․ նա նախ չկարողացավ հրատարակել իր «Այրվածք» վեպը (այն Կոլիմայում անցկացրած պատանեկության մասին էր), ապա և ոչ մի ուրիշ գործ, բացի այդ՝ գրողը աղմուկ հանած «Մետրոպոլ» ընդհատակյա ալմանախի նախաձեռնողներից էր։ Ի հետևանք այս ամենի՝ իշխանությունները 1980-ին Ակսյոնովին թույլատրեցին լքել ԽՍՀՄ-ը և զրկեցին խորհրդային քաղաքացիությունից։ Նա մեկնեց ԱՄՆ ու չնայած բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու անհամաձայնությանը՝ որպես ռուս գրականության պրոֆեսոր 24 տարի դասավանդեց ամերիկյան համալսարաններում։ Այստեղ նա հրատարակեց ԽՍՀՄ-ում արգելված իր երեք վեպերը և գրեց նորերը, սակայն դրանք տարբերվում էին նախկիններից (նշեմ, որ դրանցում էլ հայեր են հանդիպում, օրինակ՝ «Ասա՛ չամիչ» և «Տխուր բեյբիի փնտրտուքներում» վեպերում)։ Երկրորդ վեպը «իր աշխարհից դուրս նետված փախստականի» տեսանկյունից ներկայացնում էր ամերիկյան կյանքը։ Ակսյոնովի նոր վեպերն առավել ևս աչքի չէին ընկնում քաղաքական կոռեկտությամբ, դրանց հաճախ բնորոշ էին կոպիտ խոսքը, ցինիկ աշխարհընկալումը․ «Ընդհանրապես, ես իդեալներ երբևէ չեմ ունեցել»։

Հեղինակի «Մոսկովյան սագան» պատմում էր մեկ ընտանիքի երեք սերունդների պատմությունը․ ամերիկյան քննադատներն այն անվանեցին 20-րդ դարի «Պատերազմ և խաղաղություն»։

Եվ, թերևս, ամենամեծ հռչակն Ակսյոնովին բերեց դեռ ԽՍՀՄ-ում գրված «Ղրիմ կղզի» հակաուտոպիան․ ֆանտաստիկ վեպում Ղրիմը հանդես էր գալիս որպես երջանիկ մի կղզի, որը ենթակա չէր ԽՍՀՄ-ին։ Կիրառելով հետմոդեռնիզմին բնորոշ մոտեցումներ՝ գրողն ազատորեն վերափոխում էր պատմական իրադարձությունները ու ներկայացնում այլընտրանքային պատմություն. «Գրականությունը պատմության հակաթեզն է,- ասում էր Ակսյոնովը, -Պատմությունն այն է, ինչն անցել է․․․ Իսկ գրականությունն անցածը վերստեղծելու փորձ է․․․»։

«Ղրիմ կղզին» ԽՍՀՄ-ում հրատարակվեց միայն 1990-ին և ճանաչվեց «տարվա գլխավոր բեսթսելեր»։

Ակսյոնովը նույնիսկ սկսեց գրել անգլերեն, սակայն ընդունված կարծիք կա, որ նա արտասահմանում այդպես էլ չկարողացավ հասնել այն կարգավիճակին, որն ուներ խորհրդային ընթերցողների շրջանում։

1990-ին Ակսյոնովին վերադարձվեց խորհրդային քաղաքացիությունը։ Նա արժանացավ պարգևների ու մրցանակների (այդ թվում՝ Բուքերյան մրցանակի), սակայն վերջնականապես Ռուսաստան չվերադարձավ՝ հիմնականում ստեղծագործելով Ֆրանսիայում։ Այդուհանդերձ, ճակատագրին չհավատացող գրողը վախճանվեց հայրենիքում՝ 2009 թվականին։

Նա բեղուն հեղինակ էր և համարձակ փորձարար․ գրել է 23 վեպ, նաև բազում վիպակներ, պատմվածքներ, սցենարներ, պիեսներ, բանաստեղծություններ և այլն։ Մի առիթով,երբ Ակսյոնովին հարցրել են՝ արդյո՞ք նա սիրում է կյանքը, տարեց գրողն առանց երկմտանքի հակադարձել է․

-Ես սիրում եմ գրե՛լ․․․

 

Աշոտ Գրիգորյան