Վարուժ՝ վերապրումի գեղանկարչություն

Խոստովանեմ, երկար ժամանակ է՝ ինչ փորձում էի գրել Վարուժի (Վարուժան Կարապետյան) մասին։ Նրա կենսագրությունը մի կողմից հարուստ է բազմաթիվ կարևոր ու ուշագրավ իրադարձություններով, մյուս կողմից՝ թե ինտերնետում, թե տպագիր մամուլում համակողմանիորեն ու ըստ արժանվույն չի ներկայացվել։ Մեկ հոդվածով էլ դա անել չի կարելի, թերևս նրան ամբողջական գիրք կարելի է նվիրել և էլի բաց թողնված շատ հարցեր կմնան․․․ Վարուժի նկարչությունն էլ նման է կենսագրությանը․ չնայած առերևույթ արևային, պայծառ գույներին, տիրապետող կոմպոզիցիոն ամբողջականությանը (նրա գործերում պատահական ոչինչ չկա), ավելի ուշադիր ուսումնասիրությունը նոր, թաքնված շերտեր ու իմաստներ է բացահայտում: Ի դեպ, նրա նկարների տակ էլ հաճախ այլ, նախորդ նկարների շերտեր են։

Ծնվել է 1958 թ․ հունվարի 1-ին, Լենինականում՝ տոհմիկ արվեստագետների ընտանիքում (ինչպես լուսահոգի Արտո Չաքմաքչյանն էր կատակում՝ 3-4 հայերից երկուսը տաղանդավոր են, ու նրանցից մեկը միշտ գյումրեցի է): Սովորել է Լենինականի գեղարվեստա-տեխնիկական ուսումնարանում, ապա՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1970-80-ականների խորհրդահայ արվեստին բնորոշ շատ հատկանիշներ կարելի է գտնել Վարուժի գործերում՝ ազգային թեմաների գերակշռում, գունային կտրուկ անցումներ, տարբեր տեխնիկաների համազոր կիրառում՝ ջրաներկից մինչև վիտրաժային արվեստ (իսկ Ռիգայի նման հոյակերտ քաղաքում կիրառական արվեստն առանձնահատուկ տեղ ունի), համազոր հաջողությամբ աշխատում է հաստոցային և մոնումենտալ գեղանկարչության ժանրերում։ Հեղինակ է լատվիական և հայկական տեսարաններով բնանկարների, դիմանկարների, նատյուրմորտների, թեմատիկ և ֆիգուրալ կոմպոզիցիաների, աբստրակտ գործերի։

Վարուժի՝ 1990-ականների ստեղծագործությունների թվում շատ են բնապատկերները և կոմպոզիցիաները՝ հիմնականում տեսիլային, վերացական ընկալմամբ, շարժունություն հաղորդող խոշոր վրձնահարվածների գործածմամբ («Աշուն», «Հայկական աղոթք», «Խաչմերուկ»): Դարասկզբին պահպանելով հեղինակային տեխնիկան՝ Վարուժը երբեմն կիրառում է մոնոխրոմ գունավորումը («Ինքնադիմանկար», «Սոնատ»)։ Զուգահեռ ստեղծվում են խիստ բնութագրիչ դիմանկարների, կանացի ֆիգուրներով խորհրդապաշտական կոմպոզիցիաների ցիկլեր («Էլեգիա», «Դիտա»)։ Նկարչի հետագա շրջանի գործերում նկատելի է լույսի գերակայությունը, դրա հակադրումը մուգ երանգներին, գույների հրավառությունը («Կոմպոզիցիա 4», «Կոմպոզիցիա 12», «Նկարչի արվեստանոցում»):

Վարուժը 1996-ին ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի մոնումենտալ նկարչության բաժինը՝ Ինդուլիս Զարինշի արվեստանոցը: Որպես ավարտական աշխատանք ներկայացրել է «Ժամանակի միջով» կտավը։

1990-ականների սկզբից մտերիմ է եղել Մարիս Չակլայսի հետ, որը Վարուժի արվեստանոցի հարևանությամբ էր աշխատում և հաճախ էր այցելում նրան։ Վարուժը պատմում է, թե ինչպես լատվիացի հայասեր բանաստեղծին առաջարկել է կարմիր ներկով իր դիմանկարն ամբողջացնել իր իսկ մեկ տողով, և բանաստեղծը զարմացել է, բայց չի մերժել։ «Ասում էր՝ վառելիքս վերջացել է, պետք է գնալ Հայաստան՝ լիցքավորվելու»,- պատմում է Վարուժը։ Վարուժի նկարներով են զարդարված ինչպես Չակլայսի՝ 2000 թ․ լույս տեսած «Սիրո տասը երգ Ռիգային» ժողովածուն, այնպես էլ բանաստեղծուհի Դիտայի հետ համատեղ ստեղծած «Մտորումներ»գիրք-ալբոմը  (2001 թ․)։ «Վարուժ Կարապետյանի կտավներից գույների շողշողացող ճառագայթները բեկվում են Դիտա Կլավինյայի պոեզիայի արձագանքող կաթիլում, ինչպես արևի առաջին ճառագայթներն են բեկվում վաղորդենի ցողի կաթիլներում»․ սա Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Յանիս Անդրիս Օսիսի բնորոշումն է։ «Թե՛ գեղանկարչությունը, թե՛ պոեզիան ինձ համար հոգու ճիչ են։ Երկուսում էլ վերապրում կա»,- նշում է նկարիչը։

Վարուժը նաև ձևավորել է Ռիգայում տպագրված «1915» ժողովածուն (կազմող՝ Ալեքսանդր Գերոնյան)։ Գրքի շապիկին պատկերված է հայկական եկեղեցու գմբեթ և ղողանջող զանգ․․․

Նրա վիտրաժներով է ձևավորված Ռիգայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Վարուժը հեղինակ է նաև դիզայներական գործերի, որմնանկարների և քանդակների։ 2005 թ․ Ռիգայի խորհրդանիշը համարվող Սևագլուխների տանը տեղադրվեց նրա աշխատանքը, որը բաղկացած է 90 ապակե ծաղիկներից և նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Վարուժն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ռիգայում (1993, 1994, 1995, 2002), Կլայպեդայում (1995) և Վիեննայում (2004), բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների մասնակից է։ 2002 թ. անհատական ցուցահանդես է ունեցել Լատվիայի գրողների միությունում։ 2003 թ․ Ռիգայում հրատարակվեց Վարուժի աշխատանքների վերատպությունների ալբոմը։

Արվեստագետներ են նաև Վարուժի զավակները։ Դուստրը՝ Քնարիկը, տաղանդավոր երաժիշտ է, որդին՝ Հայկը, Լատվայի ամենահեղինակավոր ռեժիսորներից մեկը։

Նկարչի՝ Ռիգայի Գրիզինկալնս թաղամասում գտնվող արվեստանոցի դռները միշտ բաց են արվեստասերների առջև։ Վարուժի կտավներում որքան էլ ճանաչելի, բայց ուրիշ Հայաստան է: Մինասի խոսքերով ասած՝ «նկարչի աշխարհը երբեք էլ բոլոր դիտողներին վաղուց հայտնի աշխարհը չէ, այլ ուրիշ, բավականին անսովոր և միշտ գաղտնաշատ»։ Նրա կտավները ալեգորիկ են, դրանք դիտողին մտածել ու զգալ են ստիպում։ Դրանց բնորոշ է խավարից դեպի լույս շեշտակի անցումը, իրականի ու անիրականի զուգադրումը։ Քանի որ Վարուժը 1982-ից ապրում է Ռիգայում, նրա ներկապնակը միաժամանակ ներառում է և’ հայկական, և’ լատվիական նկարչությանը բնորոշ երանգներ։ Ուստի, բնական է, որ Վարուժի ստեղծագործությունն էլ յուրատեսակ կամուրջ է հայ և լատվիական արվեստների միջև:

 

Աշոտ Գրիգորյան

 

 

 

 

 

 

 

... ...