Վալերի Պլոտնիկով. Անէացած ժամանակների վկան

Արվեստագետին ընդհանրապես հատուկ է իր ժամանակի խորը գեղագիտական ընկալումն ու պատկերումը, իսկ լուսանկարչին՝ առավել ևս․ ի վերջո, դա որևէ ճշմարիտ լուսանկարչի գերխնդիրն է։ ԽՍՀՄ գոյության հատկապես վերջին տասնամյակներին երկրում գործում էին բազմաթիվ մեծատաղանդ լուսանկարիչներ, բայց նույնիսկ նրանց փայլուն աստղաբույլում առանձնանում էր Վալերի Պլոտնիկովը՝ իր ժամանակի լուռ, բայց նաև խոսուն ու արտահայտիչ վկան։ Նրա ամենատես աչքը՝ ֆոտոխցիկի օբյեկտիվը, ոչ այնքան որսում էր կերպարների ներքին բովանդակությունը, որքան նրանց շրջապատող արտառոց հանգամանքները, տարօրինակ միջավայրը, նրանց կյանքի անսովոր պատմությունները։ Ահա թե ինչու Պլոտնիկովի լուսանկարները փաստագրականից շատ ավելի գեղագիտական բնույթ ունեն։ Հավատարիմ մնալով իր գեղարվեստական կրթությանը՝ տեսնելուց ավելի Պլոտնիկովը հորինել է, վավերագրելուց բացի՝ ստեղծել։ Եթե նույնիսկ լուսանկարել է պակաս հայտնի անձանց, ձգտել է առավելագույնս գեղարվեստականացնել կադրը, այն դարձնել ինքնին լուսանկարչական արվեստի գործ, իսկ պատկերվողին «ծառայեցրել» ստեղծագործությանը։ Նկարահանումներին պատրաստվելիս նա առաջին հերթին հանդես է եկել որպես բեմադրիչ․ նախ մանրակրկիտ պատրաստել է տարածքը, ընտրել պատկերվողների հագուստը և կեցվածքը՝ ջանալով դրա միջոցով բացահայտել մարդկային կերպարները ու միջավայրը։ Այսպես, Լեոնիդ Օբոլենսկու ընդամենը մեկ սև ու սպիտակ դիմանկարով Պլոտնիկովը փոխանցում է շատերին անծանոթ ծերունու ամբողջ արիստոկրատիզմը և դժվար ճակատագիրը, իսկ Գրաժինա Բայկշտիտեի լուսանկարն արված է դասական գեղանկարի կանոններով։ Արվեստաբանները նշել են, որ «Պլոտնիկովը՝ պատկերային լույսի, թատերական ռեկվիզիտի և կինեմատոգրաֆին հարիր դիրքերի համադրման իր ստեղծագործական մեթոդով կանխորոշել է ռուսական նորաձև լուսանկարչությունը»։

Զարմանալի հեռատեսության շնորհիվ լուսանկարիչը կարողացել է տարբերակել այն անհատականություններին, որոնք ասելու են իրենց խոսքը, մնալու են պատմության մեջ։ Թե՛ ԽՍՀՄ մշակութային վերելքի տարիները, թե՛ հետխորհրդային ազատության կարճ ժամանակահատվածը այսօր հեռավոր հորինվածք են թվում, սակայն դրանց գլխավոր գործող անձինք, վառ կերպարները կենդանի, պերճախոս արտապատկերմամբ հավերժացել են Պլոտնիկովի լուսանկարներում։ Լուսանկարչի ստեղծագործական ժառանգության առյուծի բաժինը ֆոտոդիմանկարներն են։ Այլ բնույթի լուսանկարներից առանձնանում են տեսարանները թատերական ներկայացումներից և Վլադիմիր Վիսոցկու թաղման վավերագրությունը։

Լուսանկարիչ Յուրի Ռոստը Պլոտնիկովի մասին գրել է․ «Նրա լուսանկարները մշակութային շերտի խորություն ունեն։ Դրանց արժեքը մանրամասներում է։ Այդ մանրամասները մարդիկ են»։ Պլոտնիկովի օբյեկտիվում հայտնված կերպարներին բնորոշում են որպես «իրենց ժամանակի հերոսներ»․ Տագանկայի աֆիշներով շրջապատված Վլադիմիր Վիսոցկին, ասես գնդակահարության պատի առջև կանգնած լրջադեմ Իոսիֆ Բրոդսկին, առեղծվածային անտուրաժում հայտնված Բուլատ Օկուջավան, գրքերի աշխարհում խորասուզված Անդրեյ Տարկովսկին, խատուտիկների դաշտում իրեն լավ զգացող Ալիսա Ֆրեյնդլիխը, դեմքը սև քողով ծածկած Մայա Պլիսեցկայան, Միխայիլ Բարիշնիկովը՝ Գլխավոր շտաբի սուրանկյուն շենքի ֆոնին, կիսաթափանցիկ բազմերանգ բալախոն հագած Ալլա Պուգաչովան, Ալֆրեդ Շնիտկեն՝ արևադարձային բույսերի կողքին, որսի ելած Օլեգ Մենշիկովն ու Սերգեյ Բոդրովը, հույն մտածողի դիմաքանդակի կողքին հայտնված Բորիս Գրեբենշչիկովը և շատ ուրիշներ երկրի ու հետխորհրդային տարածքի մշակութային ծածկագրի անբաժանելի մասն են դարձել։ Լուսանկարչի «զոհերն» են դարձել և արտասահմանյան մեծությունները՝ Ֆեդերիկո Ֆելինին, Միքելանջելո Անտոնիոնին, Տոնինո Գուեռան, Հայնրիխ Բյոլը, Ռոբերտ դե Նիրոն, Դանիել Օլբրիխսկին և այլք։ Ժամանակակիցները հաճախ կատակում էին․ «Եթե Պլոտնիկովը քեզ չի լուսանկարել, ուրեմն դու չես կայացել կյանքում»։

Վալերի Պլոտնիկովը ծնվել է 1943 թվականի հոկտեմբերի 20-ին՝ տարհանման ժամանակ, հեռավոր Բառնաուլում: Երկու տարեկան էր, երբ ընտանիքի հետ տեղափոխվեց Լենինգրադ, որը սիրել է ամբողջ սրտով: Պլոտնիկովը սովորել է Գեղարվեստի ակադեմիայի դպրոցում (եղել է նկարիչ Միխայիլ Շեմյակինի դասընկերը), այնուհետև՝ Արվեստի ինստիտուտում, ապա ծառայել Հյուսիսային նավատորմում: 1969 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի (Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ​​ինստիտուտ) օպերատորական ֆակուլտետը, ուսման տարիներից էլ սկսել է զբաղվել լուսանկարչությամբ: Իր իսկ խոստովանությամբ՝ լուսանկարիչ «որոշել է դառնալ, որպեսզի իր սերունդը ճանաչելի դարձնի»։ Իր աշխատանքները երբեմն հրապարակել է «Վալերի Պետերբուրգցի» կեղծանվամբ՝ առաջ բերելով խորհրդային իշխանությունների զայրույթը: Լինելով ռուս իշխանուհու թոռ՝ Պլոտնիկովը երբեք չի թաքցրել իր խիզախ քաղաքացիական դիրքորոշումը, ինչի պատճառով ստացել է կիսաընդհատակյա կարգավիճակ։ Կինոդերասանուհի Տատյանա Դրուբիչի խոսքերով՝ «Պլոտնիկովը այն ժամանակներում իրապես արևմտյան կողմորոշման փոքրաթիվ անձնավորություններից էր, մտակերտվածքով լիակատար Չաադաև»։

Այդուհանդերձ, նրա լուսանկարները պարբերաբար հրապարակվել են խորհրդային և արտասահմանյան առաջատար ամսագրերում՝ «Տեատր», «Սովետսկի էկրան», «Vogue» և այլն: Ունեցել է հիսունից ավելի անհատական ​​ցուցահանդեսներ․ դրանցից առաջինը տեղի է ունեցել 1976 թվականին՝ Լենինգրադի կինոյի տանը: Բանաստեղծ Վլադիմիր Վիսոցկին լուռ դիտել է այն ու թերևս նկատի ունենալով անցյալի մեծ անհատականություններին բաժին ընկած ճակատագիրը՝ տպավորությունների գրքում մակագրել․

 

Նրանք, ովքեր հիմա պատերից են կախված,

Պատի առաջ կանգնածներին թո՛ղ չմոռանան ․․․

 

Վիսոցկուն Պլոտնիկովը սկսել է լուսանկարել 1967 թվականից, իսկ առաջին ստուդիական նկարահանումը տեղի է ունեցել 1975 թ․ հուլիսի 7-ին։ Ստուդիա կոչվածը Պլոտնիկովի կնոջ պապենական բնակարանի համեստ խոհանոցն էր՝ քառակուսի սալիկներով պատված հատակով և սպիտակ խորանարդով, որի վրա նստել է բանաստեղծ-արտիստը։ Լուսանկարներից մեկում Պլոտնիկովը որսացել է մի անհավանական կադր, որ ոչ մի այլ տեղ չենք տեսնի․ Մարինա Վլադին հոգատարությամբ հարդարում է ամուսնու մազերը, իսկ վերջինս սիրառատ հայացքը հառել է կնոջը։ Զույգի լուսանկարներից մեկը զարդարեց նրանց համատեղ ձայնապնակի ծրարը։ Մեկ այլ սիրված ձայնապնակ՝ «Ալի Բաբան և քառասուն ավազակները» ևս ձևավորվել է Պլոտնիկովի հանրահայտ խմբային լուսանկարով։

Վիսոցկու մասին Պլոտնիկովը գրել է․ «Բոլորը լսում էին նրան, մինչև իսկ կուսակցական ղեկավարները, և նույնիսկ շատ էին սիրում։ Ուղղակի դա նրանց գործն էր՝ խեղդամահ անել նրան»։ Իսկ Վիսոցկին լուսանկարչի մասին այսպես է արտահայտվել․ «Դուք չեք շփոթի նրա լուսանկարները ուրիշի հետ։ Ահա այդ ինքնատիպությունն է, որ տարբերակում է ստեղծագործող մարդուն հասարակ արհեստավորից»։ Հանրահայտ են նաև Համլետի դերում Վիսոցկու լուսանկարները՝ մարմինը պատին գամված կամ սուրը որպես միկրոֆոն գործածելիս։ Լուսանկարիչն «անմահացրել է» նաև Վենիամին Սմեխովի, Ալլա Դեմիդովայի և այլոց դերասանական խաղը՝ իրեն կեսկատակ անվանելով «Տագանկայի պալատական լուսանկարիչ»։

Տպավորիչ է այդ աշխարհահռչակ թատրոնի ռեժիսոր Յուրի Լյուբիմովի պատկերների շարքը․ մանկահասակ որդու հետ, ջրավազանի մեջ հայտնված Փարաջանովի ու մոսկովյան մտավորականների խմբի հետ, և թերևս ամենահայտնին՝ հալածյալ ռեժիսորը իր կաբինետում՝ իշխանությունների՝ դեպի իրեն ձգվող ձեռքերով (իրականում պատկերված ձեռքերը, ինչպես և դրվագի մտահղացումը լուսանկարչինն են)։

Պետերբուրգցի լուսանկարիչը համոզված էր, որ լուսանկարը չի ստացվի առանց օբյեկտիվի առջևի ու հետևի կողմում անհատականությունների ներկայության։ Պլոտնիկովի արվեստը բարձր է գնահատել դերասան Ինոկենտի Սմոկտունովսկին, որը նրա «հրամանով» մի քանի ամիս չի սափրվել՝ մորուքով (ու ագռավի հետ) լուսանկարվելու համար, իսկ Ալեքսանդր Աբդուլովը և Լեոնիդ Յարմոլնիկը նույնիսկ համաձայնել են լուսանկարվել նյու ոճով։

Պլոտնիկովը նախընտրել է լուսանկարել այն, ինչն իրեն հոգեհարազատ է համարել։ Հայտնի է, որ բացառիկ դեպքերում են նրան բնորդել քաղաքական գործիչները։ «Սոլյարիսի» նկարահանումների ժամանակ Անդրեյ Տարկովսկին հրավիրել է Պլոտնիկովին դառնալ ֆիլմի լուսանկարիչը, սակայն համաձայնություն տալուց հետո Վալերին սկսել է երկմտել, մտածելով, որ ֆիլմի սյուժեն այնքան էլ Տարկովսկուն հարիր չէ ու լքել է նկարահանման հրապարակը։

Պլոտնիկովի որոշ աշխատանքներ մարգարեական են եղել։ Դիցուք, 1970-ականներին նա Սերգեյ Յուրսկուն պատկերել է նստած՝ թիկունքում թատրոնի բարեփոխիչ Վսևոլոդ Մեյերխոլդի նկարը, իսկ առջևում՝ գրքեր ու փետրագրիչներ․ այնպես պատահեց, որ դերասանը հետագայում նաև ճանաչված գրող դարձավ։ Իսկ երգիծաբան Վիկտոր Շենդերովիչը ներկայացրել է մի պատմություն, ըստ որի՝ նշանավոր մի ընկերոջ` իրեն անպարկեշտ դրսևորած կինը տարիներ անց հանկարծ «անհետացել է» Պլոտնիկովի լուսանկարից։

Մեր հայրենակիցներն էլ բազմիցս հայտնվել են Պլոտնիկովի տեսախցիկի ռակուրսում՝ Արմեն Ջիգարխանյանը՝ իհարկե, արևելյան կահավորանքով սենյակում, Մհեր և Ալբերտ Մկրտչյան եղբայրները, Ալեքսանդր Ադաբաշյանը, Միքայել Թարիվերդիևը և ուրիշներ։

Պատկերվողի պես տարբեր ու գրավիչ են Սերգեյ Փարաջանովի լուսանկարները․ «Երբ Լիլիան (Բրիկը) հասավ նրան, որ Փարաջանովին վաղաժամկետ ազատ արձակեցին, նա ինձ հրավիրեց լուսանկարելու Փարաջանովին և ծանոթանալու նրա հետ, քանի որ նա հանճար է»։ Ծանոթությունից հետո Փարաջանովը Լենինգրադ այցելելիս իջևանել է Պլոտնիկովի՝ Նևսկի պողոտայում գտնվող բնակարանում․ «Ուշագրավ է, որ Սերյոժան ինձ շատ բաներ էր նվիրում, որոնք նա պատրաստել էր գաղութում, այդ թվում՝ կոլաժներ, որոնք նա պատրաստել էր կաթի և կեֆիրի շշերի կափարիչներից։ Այդ տարիներին կաթի շշերը ծածկվում էին կլոր փայլաթիթեղյա կափարիչներով, և Սերյոժան դրանց վրա դրոշմում էր բառացիորեն թանգարանային որակի ապշեցուցիչ ստեղծագործություններ։ Բացի այդ, նա կոլաժներ էր պատրաստում խոտաբույսերից, տերեփուկներից, տերևներից և այն ամենից, ինչ կարող էր գտնել այդ գաղութի շրջակայքում։ Եվ այդպիսի կոլաժներ ես շատ ունեի։ Իսկ վերջերս, երբ ես Երևանում էի՝ նրա թանգարանում, որտեղ Սերյոժան նույնիսկ չհասցրեց լինել, ես տեսա ինձ տված կոլաժներից մեկին շատ նման մի գործ։ Մի անգամ, երբ նա ապրում էր իմ լենինգրադյան բնակարանում, նա թերթեց իմ աշխատանքները, հավանեց դրանցից ինչ-որ բաներ և թողեց ինձ այդ կոլաժը՝ ներքևում գրված. «Զմայլված Փարաջանով»»։ Իր հուշերում Պլոտնիկովը պատմում է, որ Բրիկի հուղարկավորությունը կազմակերպել է Փարաջանովը, որն «ամեն ինչ վերածում էր հեփինինգի, իմպրովիզացված գեղարվեստական ​​արարի»։

Սերգեյ Դովլաթովի կյանքի ամենածանր պահերից մեկը որսացած Պլոտնիկովը ասել է․ «Կյանքումս մի քանի անգամ տեսել եմ, թե ինչպես է մարդը «սևանում» կյանքից հեռանալուց առաջ, և դա երևում է նաև այս լուսանկարում»։

2000-ականներին լուսանկարչի հետաքրքրությունը ռուսական մշակութային կյանքի ու բոմոնդի հանդեպ նկատելիորեն սառեց։ Այդուհանդերձ, նա ակտիվորեն աշխատում էր, ղեկավարում սեփական ֆոտոստուդիան, հրատարակում ֆոտոալբոմներ, ինքնակենսագրական գիրք, հանդես գալիս հարցազրույցներով՝ կրկին չվարանելով արտահայտել տարբերվող տեսակետներ։ Կյանքի վերջում նա ցավով ասել է, որ նայում է շուրջը, սակայն այլևս դեմքեր չի տեսնում, ամեն ինչ փոշիացել է։

Պլոտնիկովի մահը այս տարվա հունվարի 2-ին, ինչ խոսք, մեծ կորուստ էր տեսողական արվեստի երկրպագուների համար։ Մխիթարվել կարելի է միայն լուսանկարչի խոսքերով՝ ասված դեռ 2007 թվականին․ «Հիմա արդեն պրակտիկորեն չեմ էլ լուսանկարում, քանի որ այն ամենն, ինչ պետք էր, ժամանակին հասցրել եմ լուսանկարել»։ Իրոք, քիչ արվեստագետներ են հեռանում՝ իրենց գործը պատվով ավարտելու գիտակցությամբ։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ Ինքնադիմանկար

2․ Յուրի Լյուբիմով

3․ Միխայիլ Բարիշնիկով, 1974 թ․

4․ Լիլիա Բրիկ և Սերգեյ Փարաջանով

5․ Սերգեյ Դովլաթով

6․ Դերասանուհի Գրաժինա Բայկշտիտե, 1977 թ․

7. Անատոլի Սոլոնիցին, 1980 թ․

8. Մարինա Վլադին Սլավա Զայցևի մոդելավորած հագուստով, 1975 թ․                                                                                  

 

 

... ... ... ... ... ... ...