Վալերի Ֆոկին. «Ցանկացած բեմադրություն սիրահարվածության, ոգեշնչման ընթացք է»

Երևանում 1983 թվականի հոկտեմբերին առաջին հայաստանյան հյուրախաղերից ճիշտ 40 տարի անց Պետերբուրգի Ալեքսանդրինյան լեգենդար թատրոնը Երևանյան առաջին միջազգային թատերական փառատոնի հրավերով դարձյալ Երևանում է՝ թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինի գլխավորությամբ: Այն ժամանակ խորհրդային եղբայրական հանրապետությունների կանոնակարգերով գործող լենինգրադյան առաջատար թատրոնը Երևանում ցուցադրել էր այդ տարիների  խաղացանկի նշանավոր բեմադրությունը՝ «Մինչև սիրտը բաբախում է» պիեսը։ Այժմ Ֆոկինը կարևոր է համարում ընդգծել, որ չորս տասնամյակ անց հայ հանդիսատեսը հանդիպելու է բոլորովին այլ Ալեքսանդրինկայի, որի 257-ամյա ավանդույթները մի առանձնահատուկ պարտավորություն են դնում Ռուսաստանի առաջին և գլխավոր թատրոնի ուսերին՝ երկուսուկես հարյուրամյակի թատերական ավանդույթը շարունակել 21-րդ դարի նոր թատերական մտածողությամբ ու լեզվով: Արդեն քսան տարի Ֆոկինն իր թատերական գեղագիտությամբ ու նոր մոտեցումներով է ձևավորում Ալեքսանդրինյան թատրոնի դիմագիծը և վստահ է, որ Ալեքսանդրինկան վերականգնել է Ռուսաստանի առաջատար դրամատիկական թատրոնի իր կարգավիճակը։ Բայց մինչև Պետերբուրգը՝ ֆոկինի անունն ու թատերական գործունեությունը սերտորեն կապվում են ռուսական  ամենահայտնի թատրոնների՝ «Սովրեմեննիկ»-ի, Երմոլովայի անվան թատրոնի և «Սատիրիկոն»-ի հետ: Նրա թատերական գործունության անքակտելի մասն է Մեյերխոլդի անվան ստեղծագործական կենտրոնը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր տնօրենն էր 1991-ից, իսկ 2011-ից սկսած՝ նախագահը: Ֆոկինը նաև այն ռուս բեմադրիչներից է, որոնք հաճախ են աշխատում Եվրոպայում. Նա բեմադրություններ է արել Լեհաստանում, Հունգարիայում, Գերմանիայում, նաև՝ Ճապոնիայում:

Երևանյան այցի կարևոր բաղկացուցիչն էր Մայր Թատրոնի Փոքր բեմում՝ «Black Box»-ում  տեղի ունեցած հանդիպումը Վալերի Ֆոկինի հետ: Ի սկզբանե, որպես վարպետության դաս, նախատեսված հանդիպումն անցավ «Black Box»-ի կամերային, մտերմիկ մթնոլորտում՝ նաև պայմանավորված Ֆոկինի հետ թեթև, ոչ պարտադրող հարցուպատասխանի անկեղծությամբ: Ֆոկինը խորապես համոզված է, որ թատրոնի հյուրախաղերը, նոր դահլիճն ու նոր հանդիսատեսը միշտ չափազանց կարևոր ստեղծագործական ​​իրադարձություն են, որոնք մասնագիտական ​​հմտությունների և հնարավորությունների յուրօրինակ քննություն են և խիստ կարևոր է այդ քննությունը հաջողությամբ հանձնելը: Նման մեծ ընդմիջումից հետո Հայաստանում լինելը Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարը մեծ պատիվ և պատասխանատվություն է համարում: Երևանյան հյուրախաղերի առանցքում Ալեքսանդրինյան թատրոնի երկու ամենահայտնի ներկայացումներն են՝ «Ամուսնություն»-ը՝ Վալերի Ֆոկինի և «Արարածը»՝ Նիկիտա Կոբելևի բեմադրությամբ, ներկայացումներ, որոնք խորհրդանշում են թատրոնի այսօրվա գեղարվեստական դիմագիծը:

Գոգոլի «Ամուսնություն» պիեսի՝ Ֆոկինի բեմադրությունն արդեն 15 տարեկան է: Երբ այն ներկայացվեց Ալեքսանդրինյան թատրոնի պատմական բեմում, առաջին արձանագրումը, որ արեցին ռուսական մամուլն ու մասնագիտական լրատվամիջոցները՝ դա ռեժիսորի  անսովոր մոտեցումն էր գոգոլյան պիեսին. մամուլը գրում էր. «Ֆոկինը մեզ վերադարձնում  է Սառցե դարաշրջան»: Նման արձագանքի առիթ էր դարձել Ֆոկինի գաղափարը՝ պիեսի  գործողությունները տեղափոխել սահադաշտ, համաձայն որի ներկայացման ընթացքում արտիստներն առավելապես սահադաշտում են և խաղն ընթանում է հիմնականում չմուշկների վրա: Հանդիպման ընթացքում ուսանողական լսարանից հնչած հարցին ի պատասխան՝ թե արդյոք նորարարության ձգտումն էր թատերական բեմահարթակը սահադաշտի վերածելու պատճառը, Ֆոկինը փաստեց. «Ամեն ինչ շատ ավելի պարզ  է, ընդամենը ցանկանում էի, որ ներկայացումն ավելի դիտարժան լինի, ավելի գրավիչ, քանի որ Գոգոլի մոտ հիմնականում գործողությունների պակասը որոշակիորեն միօրինակություն  կարող էր առաջացնել: Որոշեցի պարզապես փոքր-ինչ դինամիկա հաղորդել  ընթացքին: Բացի այդ, Ռուսաստանը և Պետերբուրգը լավ ճանաչող ցանկացած մեկը հրաշալի գիտի, որ երբ սառում էր  Նևան, այն վերածվում էր հսկայական սահադաշտի, որում սահում էր  ամբողջ Պետերբուրգը»:

Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունը մի ամբողջ առանձնահատուկ շերտ է Վալերի Ֆոկինի ռեժիսուրայում: Թվում է, թե պարբերաբար Գոգոլին վերադառնալը Ֆոկինի համար վերածվել է կենսական պահանջի. նա Գոգոլ բեմադրել է ռուսական ամենահայտնի  թատրոններում՝ ամեն անգամ նոր ներկայացումը վերածելով թատերական բացառիկ իրադարձության: Ինչո՞վ է պայմանավորված այդ երկարատև և անընդմեջ հետաքրքրությունը Գոգոլի ստեղծագործության հանդեպ հարցին ի պատասխան նա կատակում է. «Գոգոլը պարբերաբար «զանգահարում է» ինձ, դե իսկ եթե ըստ էության, ապա պետք է ասեմ, որ Գոգոլը ռուսական կյանքի հանրագիտարան է, նրա ստեղծագործությունն այնքան բազմաշերտ ու ճշգրիտ է պատկերում ռուսական իրականությունը, որ ասես անհատակ հոր լինի, որի հատակին հասնելն անհնար է: Նա ծիծաղելի է և ողբերգական, գրավիչ ու սարսափելի միաժամանակ: Եվ գիտեք, նա կարող է  նաև պատժել, բավական է միայն մտածես որ ամեն ինչ գիտես Գոգոլի մասին, և նա քեզ կպատժի. իմ անձնական փորձից եմ ասում: Եվ երբ պատժվում ես, հանկարծ հասկանում ես, որ այդ ամենի հետևում Գոգոլի քիթն է երևում: Ցանկացած բեմադրություն նախ և առաջ սիրահարվածության, ոգեշնչման ընթացք է, բայց դասականների դեպքում նաև հարց է առաջանում՝ ինչն է կապում այս տեքստն այսօրվա հետ: Ի վերջո, չկա  պատրաստի բանաձև թե ինչպես դասականին դարձնել արդիական: Գիտեք, չի կարելի ոտքերը սրբել հեղինակի գերեզմանի վրա, բայց ծնկաչոք կանգնել էլ չի կարելի»: Ֆոկինի գնահատմամբ «Ամուսնության» բեմադրական հայեցակարգի հիմքում, մարդու՝ իր  ինքնությունն ու անհատականությունը, մարդկային տեսակը պահպանելու տենդագին  ձգտումն է, որն արդիական է բոլոր ժամանակներում:

Ֆոկինի հետ հանդիպման ծրագրում նաև նրա նոր՝ «Պետրոպոլիս» ֆիլմի ցուցադրությունն էր, որի պրեմիերան տեղի է ունեցել ճիշտ մեկ տարի առաջ՝ 2022-ի նոյեմբերին։ Կինո թե՞ թատրոն երկընտրանքի դեպքում Ֆոկինը նախապատվությունը միշտ տվել է թատրոնին, ասում է՝ կինոարտադրության մեջ իրեն վախեցնում է ստեղծագործության ավարտի անդառնալիությունը, մինչդեռ թատրոնում ամեն օր, մինչև անվերջություն կարելի է շտկումներ ու փոփոխություններ անել: «Պետրոպոլիս» ֆիլմի նկարահանումը քովիդի համավարակի ընթացքում գրանցված հետաքրքիր փորձառություն է համարում Ֆոկինը. ֆիլմի հայեցակարգն ամբողջությամբ պատրաստ էր, երբ սկսվեց համավարակը և ռեժիսորը ստիպված էր արմատապես փոխել նախկին հայեցակարգը՝ այն հարմարեցնելով քովիդի թելադրած սահմանափակումներին: Այդուհանդերձ, ֆիլմն արդեն սկսել է իր  էկրանային ճանապարհը, և հեղինակի համար շատ կարևոր է նաև հայ հանդիսատեսի արձագանքը: Ֆոկինն անդրադարձավ նաև իր ստեղծագործական ծրագրերին, որոնցից առաջնահերթը համարում է Մեյերխոլդի 150-ամյակին նվիրված ներկայացումը, որով  հիմա ամբողջությամբ զբաղված է իր միտքը և որի պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 9-ին՝ Մեյերխոլդի հոբելյանի օրը: Իսկ հայ գործընկերների և հանդիսատեսի հետ հանդիպման առիթով Ֆոկինը վերստին հիշեցնում է՝ մեր օրերում չափազանց կարևոր է միմյանց հասկանալը, քանի որ քաղաքական գործիչներն այրում են կամուրջները, իսկ մշակույթի գործիչները պետք է դրանք վերականգնեն:

 

Նունե Ալեքսանյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

... ... ...