Վալդա Սալմինա. «Կցանկանայի «Մատյանի» լատվիերեն ակադեմիական հրատարակությունը տեսնել»

«ArtCollage»-ի զրուցակիցը լատվիացի հայագետ, թարգմանիչ Վալդա Սալմինան է: Հայերենի ուսումնասիրությամբ և հայ գրականությամբ նա զբաղվում է 1990-ականների սկզբից, երբ սովորում էր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում: Այսօր Վալդա Սալմինան ճանաչված հայագետ է և հայտնի է հայ գրականությունից արված բազմաթիվ թարգմանություններով:

 

-Սիրելի Վալդա, ես հրաշալի հիշում եմ այն օրը, երբ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մեր կուրսում հայտնվեց Լատվիայից եկած այն աղջիկը, որը որպես մասնագիտություն հայագիտությունն էր ընտրել: Ինչո՞ւ, մեր ամբողջ կուրսին հետաքրքում էր այդ հարցը: Հիմա նույն հարցը պիտի ուղղեմ քեզ՝ արդեն որպես հայտնի հայագետ և թարգմանիչ, այդքան երիտասարդ տարիքում ինչով քեզ գրավեց հայերենն ու մեր մշակույթը:

-Այդ ժամանակ իմ մղումը կենդանի միջավայրում լեզու սովորելու ցանկությունն էր։ Լատվիայի համալսարանում արդեն ավարտել էի գերմաներենի երրորդ կուրսը, սակայն հույս չկար ուսումը շարունակել Գերմանիայում։ Այդ ժամանակ, ինչպես շատ երիտասարդ աղջիկներ, ես էլ բանաստեղծություններ էի գրում: Փորձում էի նաև գերմաներենից կարճ պատմվածքներ թարգմանել։ Մի օր համալսարանում ինձ գտան մեր գրողների միության  ներկայացուցիչները և առաջարկեցին գնալ և ուսումնասիրել այն ժամանակվա խորհրդային հանրապետությունների լեզուներից որևէ մեկը, որպեսզի հետագայում թարգմանություններ անեմ այդ լեզվից: Հայրս հետաքրքրվում էր գրականությամբ և պատմությամբ, և հենց նա էլ ինձ խորհուրդ տվեց ընտրել հայերենը:

Պետք է ասեմ, որ Երևանում առաջին երկու տարիները չափազանց դժվար էին, քանի որ ես, իրականում, լեզուն սկսեցի սովորել այբուբենից: Բառապաշարը շատ օտար էր թվում, բացառությամբ մի քանի հնդեվրոպական բառերի՝ շուն, սիրտ, դուռ։ Երևանում դեռ երեք ամիս գերմանական բանասիրության բաժնի ուսանող էի։ Այդ ընթացքում երեք ուսուցիչների հետ ինտենսիվ հայերեն սովորեցի: Շնորհակալության մեծ պարտք ունեմ հայերենի իմ առաջին ուսուցիչներին և հետագա խորհրդատուներին՝ Արշալույս Փափազյանին, Լուսինե Մաքսուդյանին ու Մարիամ Կիրակոսյանին։

-Ես կարծում եմ, որ մեր սերնդի բանասերների բախտը շատ է բերել. մեզ հայ  գրականություն և լեզու են դասավանդել իսկապես մեծ գիտնականներ ու մտավորականներ: Կուզենայի հարցնել, թե նրանցից հատկապես ում ես շատ գնահատում և հիշում:

-Այո՛, մեզ դասավանդել են իսկապես մեծ լեզվաբաններ՝ Գևորգ  Ջահուկյան, Էդվարդ Աղայան, Մանվել Ասատրյան, Հրանտ Պետրոսյան։ Ես դա հասկացա շատ ավելի ուշ, երբ Ռիգայում արդեն լեզվաբանության ասպիրանտուրայում էի սովորում։ Բայց ես հիացած էի Վազգեն Գևորգյանով՝ Նարեկացու «Մատյանի» թարգմանության համար։ Ես նրան միշտ մեծ ակնածանքով էի ողջունում, բայց նա ինձ անձամբ չի դասավանդել։ Հիշում եմ, իհարկե, Խորեն Պալյանի ղեկավարած երգչախումբը։ Գրականագետներ էդվարդ Ջրբաշյանն ու Հրանտ Թամրազյանը մեծ հարգանք էին վայելում, բայց քանի որ ես մասնագիտացած էի լեզվաբանության մեջ, լեզվաբաններին շատ ավելի լավ եմ հիշում։ Իմ մեջ հին հայերենի հանդեպ սերն ու հիացմունքը սերմանեց Պավել Շարաբխանյանը: Խորհրդային տարիներին մենք Աստվածաշնչից տեքստեր էինք կարդում և սաղմոսներ էինք անգիր սովորում։ Ինձ համար դա մի զարմանալի ու նոր աշխարհ էր։ Ես սկսեցի կիրակի օրերին եկեղեցի գնալ, որպեսզի պատարագը գրաբարով լսեմ։ Երբ փոքր էի, ընտանիքս երբեք եկեղեցի չէր գնում. խորհրդային տարիներին մեզ մոտ դա վտանգավոր էր: Չեմ կարող չհիշել նաև Ռաֆայել Իշխանյանին, որն իր լեզվի ու ժողովրդի իսկական նահապետն էր։ Նրա հետ հայոց լեզվի յուրաքանչյուր դասախոսության համար պետք է երկու բանաստեղծություն անգիր սովորեինք՝ շաբաթական մոտ չորսը, կարծես: Նաև հայ բանաստեղծների խոսքերով երգեր էինք երգում։ ֆակուլտետը պատրաստում էր նաև հայոց լեզվի ուսուցիչներ, և շատ ողջունելի է, որ կարողանում ես անգիր տեքստեր արտասանել։ Սակայն հայոց լեզվի քննությունից ստացա միակ անբավարար գնահատականը, քանի որ չէի սովորել դժվար գրվող բառերի բավականին ընդարձակ մի ցանկ։ Սահմանափակ բառապաշարի պատճառով ինձ համար դա շատ դժվար էր:

-Երբ խոսում ենք քո հայագիտական գործունեության և թարգմանությունների մասին, խոսքն, առաջին հերթին, իհարկե, Նարեկացու «Մատյանի» մասին է: Ես միշտ մտածել եմ  և այսօր էլ խորապես համոզված եմ, որ Նարեկացի թարգմանելը պարզապես ստեղծագործական սխրանք է: Ուզում եմ հարցնել՝ ինչպե՞ս եկար այդ որոշմանը:

-Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հետ առաջին հանդիպումu տեղի է ունեցել դեռևս անցյալ դարի 80-ականներին, երբ հայկական բանասիրություն էի սովորում Երևանի պետական համալսարանում: Այդ ժամանակ գրաբարի դասախոսներից մեկը «Մատյանի» աշխարհաբար թարգմանության հեղինակ Վազգեն Գևորգյանն էր, որը վայելում էր բոլորիս հիացմունքը:

1988 թվականի ամռանը լատվիացի փորձառու թարգմանիչ, բանաստեղծ Ուլդիս Բերզինշը Երևան էր ժամանել նրանից գրաբար սովորելու և «Մատյանը» թարգմանելու նպատակով: Սակայն քաղաքական իրադարձություններն ու զարգացումները խանգարեցին այս գաղափարի իրականացմանը: Բայց լատվիացիներին այս հրաշակերտ գրական և հոգևոր հուշարձանը ներկայացնելու գաղափարը կենդանի էր: Քաջալերվելով գործընկերներիս կողմից, 1991 թվականին առանձին գլուխներ թարգմանեցի «Centaur» ամսագրի առաջին համարի համար։ Սկսած անցյալ դարի իննսունականներից՝ տարբեր պարբերականներում «Մատյանից» իմ թարգմանությամբ տպագրվել է տասներկու գլուխ՝ արժանանալով ընթերցողների ջերմ ընդունելությանը:

2001-2004 թթ. Լատվիայի Մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավորություն ունեցա ավելի սիստեմատիկ զբաղվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի թարգմանությամբ: Չորս տարվա ընթացքում պատրաստեցի գրքի արձակ թարգմանությունը և որոշ գլուխների բանաստեղծական թարգմանությունը:

-Եթե չեմ սխալվում, արդեն թարգմանել ես «Մատյանի» մոտ 40 %-ը, թարգմանական ի՞նչ դժվարություններ ու խնդիրներ ես ունեցել և ե՞րբ կարող ենք խոսել ամբողջական թարգմանության և հրատարակության մասին:

-Քանի որ թարգմանություններիս որակը՝ տեքստի գաղափարական, լեզվական և ոճական բարդության պատճառով, միատարր չէր, ի վերջո, որոշեցի հրատարակել ընտրանի:

Թարգմանության տեսաբան, չեխ Իրժի Լևին նշում է, որ գրական թարգմանիչը միաժամանակ տեքստը վերլուծող է, որի խնդիրն է ոչ միայն թարգմանել տեքստային հաղորդագրությունը, այլև, ըստ հնարավորության, վերարտադրել բնագրի ոճը, պահպանելով տեքստի՝ որոշակի գեղագիտական ​​գործառույթ ունեցող կառուցողական տարրերը: Թարգմանիչը հաճախ ստիպված է փոխհատուցել բովանդակության և ֆորմալ տարրերի կորուստները, որոնք անխուսափելիորեն առաջանում են թարգմանության ընթացքում: Հեղինակային ոճին հատուկ հատկանիշների ընդգծելով թարգմանչի համար ամենաբարդ խնդիրներից մեկը Գրիգոր Նարեկացու բառաստեղծական արվեստի արտահայտումն է՝ նորակազմ և հազվագյուտ բառերի գործածությունը: Թարգմանելիս ես փորձել եմ վերարտադրել Նարեկացու ոճի այս կարգի առանձնահատկություններն այն դեպքերում, երբ իմ լատվիերենը թույլ է տվել ստեղծել լատվիերենի համար բնականոն համարժեք բառեր:

Որպեսզի մեղսավորի անդադար բողոքը և Աստծո մեծարումը չլինեն մոնոտոն և որպեսզի բանաստեղծությունը սնուցի ընթերցողի երևակայությունն ու միտքը, Նարեկացին՝ իր վիթխարի բառաստեղծական տաղանդով, կարողանում է բազմազանություն մտցնել՝ փոխելով շարահյուսական կառուցվածքները և տեքստի ռիթմիկան, օգտագործելով ալիտերացիաներ, ասոնանսներ և ներքին հանգեր, որոնք կազմում են ներդաշնակ հնչյունահյուսվածք, այս կերպ ընդգծելով իմաստի առումով կարևորը: Հնչյունահյուսվածքը «Մատյանի» ձևի և բովանդակության անբաժանելի մասն է:

Բայց կան բաներ, որոնք չեմ կարող վերարտադրել: Իհարկե, կցանկանայի «Մատյանի» լատվիերեն լիարժեք ակադեմիական հրատարակությունը տեսնել: Չափազանց ծանր աշխատանք է։                                                                                                                  

-Երկու տարի առաջ Հայաստանի դեսպանության աջակցությամբ ավարտեցիր նաև Թումանյանի «Հեքիաթների» թարգմանությունը: Եվ, կարծեմ, երբ բալթյան երկրներում Հայաստանի նախկին դեսպան Տիգրան Մկրտչյանը սկսեց նախապատրաստել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի և  ձայնասկավառակի թողարկումը, դու աշխատում էիր նաև երգչախմբի հետ: Նարեկացի, Թումանյան և Կոմիտաս՝ հայ ստեղծագործ մտքի 3 գագաթնակետեր: Ի՞նչ են խորհրդանշում քեզ համար այս 3 անունները:

-Տիգրան Մկրտչյանի մշակութային դիվանագիտությունը հնարավոր դարձրեց իրականացնել կարևոր գրական ծրագրեր: Նրա տիկինը՝ լատվիացի Իլզե Պաեգլե-Մկրտչյանը լատվիերեն թարգմանեց Ֆրանց Վերֆելի Հայոց Ցեղասպանությանը նվիրված վեպը՝ «Մուսա լեռան քառասուն օրը»:

Բալթյան երկրներում Հայաստանի դեսպանության շնորհիվ 2017 թվականին Լատվիայի համալսարանում Նարեկյան ընթերցումներ են անցկացվել հայտնի գիտնականների մասնակցությամբ: Եվ այդ երեք անուններն այսօր էլ ազգային տեսակն են խորհրդանշում: Նարեկացին համամարդկային է, ժամանակից դուրս է, արդիական է նաև այսօր, բայց նրա ըմբռնումը հոգևոր ջանք ու խորացում է պահանջում։ Իհարկե, գրքի բուժիչ ուժի պատմությունը հետաքրքրաշարժ է, բայց սովորաբար այդ ուղերձը պարզ է դառնում միայն այն ժամանակ, երբ պետք է դիմակայել ծանր ապրումների։

Թումանյանի մտերմությունն իր ժողովրդի հետ, իմաստությունը, բարությունը, քաղաքացիական դիրքը հիացմունքիս աղբյուր էր. Ես ուզում էի հեքիաթներ թարգմանել, քանի որ դրանք լակոնիկ են, գեղարվեստորեն բարձր որակի, ներառում են բանաստեղծության պատառիկներ և օգնում են հասկանալ կյանքը:

Ես նոր էի սկսել ուսումնասիրել հայկական տառերը, երբ առաջին անգամ լսեցի ինչպես երգչախումբը երգեց Կոմիտաս։ Զգացողություն ունեի, որ քամին մոխիրը քշում է անապատով։ Շատ տխուր մեղեդի էր. Կոմիտասի ստեղծագործությունը՝ որպես կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահյուսություն հավաքող, եզակի է, բայց նրա ճակատագիրը խորհրդանշում է եղեռնի ժամանակ բոլոր զոհվածների ճակատագիրը։ Հպարտ եմ, որ Լատվիայի Ռադիոյի հրաշալի երգչախումբը`դիրիժոր Սիգվարդս Կելավայի ղեկավարությամբ, կոմիտասյան պատարագը կատարեց գրաբարով` ձեռք բերելով միջազգային ճանաչում:

-Եվ խոսենք քո թարգմանությամբ «Պոեզիայի զուգահեռ» բանաստեղծական ժողովածուի մասին, որը յոթ տասնյակ բանաստեղծություններ է ներկայացնում Զահրատից, Սլավիկ Չիլոյանից, Հովհաննես Գրիգորյանից, Մարինե Պետրոսյանից: Ինչպե՞ս ընտրեցիր հեղինակներին, ինչպե՞ս ընդունեց ընթերցողն այս ժողովածուն:

-Պոեզիան իմ սերն է եղել պատանեկությունից։ Ցավոք սրտի, ոչ ամենը, ինչն ինձ դուր է գալիս, կարողանում եմ թարգմանել: Պոեզիայի մեջ կարևոր է ոչ միայն բովանդակությունը, այլև ձևը։ Ես ընտրել եմ այն ​​հեղինակներին, որոնք ինչ-որ կերպ արտացոլել են իմ այն ​​ժամանակվա զգացմունքները։ Գիրքը հրատարակվել է շատ փոքր տպաքանակով, քիչ օրինակներով, որոնք բաժանվել են գրադարաններին։ Դա ռուսալեզու «Արարատ» թերթի գրական հավելվածն եր։ Փաստորեն, պետք է մտածել ավելի լայն հանրությանը հասանելի ընդլայնված հրատարակության մասին:

-Եթե փորձենք գնահատել անկախության շրջանի հայ-լատվիական գրական և մշակութային կապերի զարգացման դինամիկան, ի՞նչ գնահատականներ կարող ենք տալ և դրանք ավելի ակտիվացնելու, սերտացնելու ի՞նչ ներուժ ունենք:

-Մեր գրական շփումները և լատվիերենից հայերեն թարգմանությունները վերջին տասնամյակների ընթացքում ակտիվացել են շնորհիվ երկու թարգմանիչների՝ Նաիրա Խաչատրյանի և Գոհար Ասլանյանի։ Երկուսն էլ Լատվիայի համալսարանի բանասիրական ֆակուլտետի թարգմանիչների բաժնի շրջանավարտներ են։ Թարգմանություններին ֆինանսապես աջակցում է մեր «Կուլտուր Կապիտալ» հիմնադրամը: Նրանք նաև Ռիգայում կազմակերպում են սեմինարներ լատվիերենից գրական թարգմանիչների համար, որոնք կարող են այցելել Վենտսպիլս գրողների տուն:

Անդրես Կալնոզոլսի հայտնի՝ «Kalewndārs»-ը՝ «Ես Օրացույցն եմ» գիրքը նոր է հրատարակվել Նաիրայի թարգմանությամբ: Գրողն իր գրքի ներկայացման համար եկել է Երևան: Եվ իր հաջորդ վեպի վրա նա կաշխատի Հայաստանում:

Նաիրան թարգմանել է նաև Իմանտ Զիեդոնիսի «Գույն-գույն հեքիաթները» և մեր լավագույն մանկագիրներից մեկի՝ Յուրիս Զվիրգզդինշի մանկական գրքերը: Նրա ներշնչմամբ՝ Գոհարը թարգմանել է Զվիրգզդինշի մեկ այլ գիրքը: Լատվիական պոեզիայից թարգմանվել են նաև Կնուտս Սկուենիեկսի և Յուրիս Կրոնբերգսի գործերը: Երկու տարի առաջ Նաիրա Խաչատրյանը  և Գոհար Ասլանյանը Ռիգայում մասնակցում էին լատվիացի թարգմանիչների հավաքին։ Հանդիպում ունեցանք Լատվիայի ազգային գրադարանում, խոսեցինք և քննարկեցինք, թե ինչ է արվել այս ոլորտում: Կարծում եմ, որ մեր համագործակցությունը կարող ենք հաջողված համարել:

 

Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի