Վաղարշակ Էլիբեկյանի բազմագույն, պոետիկ քաղաքը` Հին Թիֆլիսը

Մանկուց, հին Թիֆլիսի մասին խոսք բացվելիս՝ շատերի պես ես էլ իսկույն պատկերացնում էի Վաղարշակ Էլիբեկյանի վերակերտած բազմագույն, խայտաբղետ, նեղ ու զառիվեր փողոցներով, կղմինդրածածկ տներով, փոքր-ինչ «խաղալիքային» քաղաքը։ Երբ առաջին անգամ եղա Թբիլիսիում ու այցելեցի հուշանվերների խանութ՝ քաղաքից որևէ հուշապատկեր գնելու համար, զարմանքով պարզեցի, որ դրանց մեծ և լավագույն մասը Էլիբեկյանի՝ վաղուց ծանոթ գործերի վերատպություններն են։ Թիֆլիսի նրա ընկալումն իսկապես և՛ առանձնահատուկ է, և՛ որևէ մրցակցությունից դուրս է։ Թվում է՝ այն Թիֆլիսում այդքան տարածված նաիվ արվեստի օրգանական շարունակությունն է, սակայն որքան բնական է ու արժանահավատ, հար և հարազատ հին քաղաքի՝ ցարդ պահպանված համայնապատկերներին, կյանքին, կենսառիթմին ու մթնոլորտին։ Շատ են և ուրիշ նկարիչները, որոնց ստեղծագործության կենտրոնում թիֆլիսյան կյանքն է. նրանց թվում հաճախ նույնիսկ շատ անվանիները կան, ինչպես Նիկո Փիրոսմանին կամ Վանո Խոջաբեկյանը, սակայն հենց Էլիբեկյանին է հաջողվել դուրս գալ կյանքի պլակատային, երբեմն սխեմատիկ արտապատկերման թակարդից և կենդանի շունչ հաղորդել քաղաքային կյանքի ներկայացված ամեն դրվագին։ Էլիբեկյանի կտավները ոչ մի ուրիշ նկարչի գործերի հետ չես շփոթի, ինչն արվեստագետի մեծության կարևոր չափանիշ է։ Նա առանձնահատուկ երևույթ էր թե՛ հայկական, թե՛ վրացական գեղանկարչության պատմության մեջ։ Ինքը՝ թբիլիսյան գեղանկարիչների նահապետ Լադո Գուդիաշվիլն է մեծապես արժևորել Էլիբեկյանի «գունագեղ գեղանկար-մանրանկարները»՝ ստեղծված «բնիկ թիֆլիսեցու սիրով, որոնք մեր հիշողության մեջ վերականգնում են մանկության ու պատանեկության մեր քաղաքը»։ Իսկ նախկին թիֆլիսաբնակ գրող Աղասի Այվազյանը նկատել է, որ «հին Թիֆլիսը Էլիբեկյանի համար Լեոնարդոյի Ջոկոնդան էր, Վան Գոգի արևն ու Այվազովսկու ծովը...»։

Ակադեմիական նկարչական դպրոցներից հեռու լինելը Էլիբեկյանին թույլ տվեց առանց պայմանականությունների մոտենալ գեղանկարչական իր ոճի ընտրությանը, խուսափել ամեն տեսակ նորաձև իզմ-երից։ Որպես նկարիչ-հուշագիր (այս եզրույթն առաջարկել է Հենրիկ Իգիթյանը) նա այնքան մանրամասնորեն է կտավին հանձնել անհետացող քաղաքը, որ թվում է՝ ցանկության դեպքում կարելի է այն հետ բերել, հարազատորեն վերականգնել․․․

Նրա նկարների գլխավոր «հերոսը» հենց պոետիկ, կոլորիտային Թիֆլիսն է, նրա բնակիչները՝ տարբեր զբաղմունքների և արհեստների տեր մարդիկ, մտավորականներ, պարզապես նկարչի հայրենակիցները, որոնք այն ժամանակ կազմում էին քաղաքի բնակչության մեծամասնությունը։ Դժվար է գտնել Էլիբեկյանի որևէ նկար, որում մարդիկ պատկերված չլինեն։ Այսպես, «Շուկա» (1978) փոքրածավալ կտավում նրա վրձնած մեծաքանակ կերպարներն այնքան կենդանի են, յուրաքանչյուրն անձնավորված է, կարելի է կռահել նրա զբաղմունքը, դասը, նույնիսկ խառնվածքը և կենսասիրության չափը։ Մեկ այլ կտավում՝ «Տոնախմբություն Քուռի վրա» (1985) մարդկանց կարելի է հայտնաբերել ամենատարբեր տեղերում․ նավակների և լաստերի վրա, գետափին, կամրջի վրա, պատշգամբներին, շեմքերին․․․ Թվում է՝ թիֆլիսցիների կյանքը մի համատարած տոն է եղել։ Դեսպան Վլադիմիր Ստուպիշինը իր հուշերում ևս դրվատանքով է արտահայտվում Էլիբեկյանի մասին, նշելով, որ «նրա Թիֆլիսն ուրախ է, տոնական նույնիսկ այն դեպքերում, երբ պատկերում է ամենապրոզայիկ առօրյան»։

Նրա նկարներում հատկանշական են նույնիսկ խանութների և արհեստանոցների ցուցանակների գրությունները, որոնք մեկընդմիշտ պահպանել են թիֆլիսյան անզուգական շունչը․ «Մի գնա, իմ աղավնյակ», «Սամ պրիշոլ», «Դոբրի Վասո» և այլն։ Ակադեմիկոս Ռուբեն Զարյանը նկատել է, որ Էլիբեկյանի գործերը գրավիչ են նրանով, որ «նա նկարել է այն, ինչ գիտեր լավ։ Երևի ամենից լավ»։

Էլիբեկյանի արվեստում կարևոր տեղ է զբաղեցնում թիֆլիսյան կենցաղի, ավանդույթների, տոնախմբությունների արտապատկերումը («Կրկես են հրավիրում» 1978, «Ղեյնոբա» 1979, «Սայաթ-Նովայի ժողովրդական տոնը», 1987)։ 1936-ին նա կազմակերպել է «Հին Թբիլիսի» թատերականացված երթը, որը հետագայում վերածվեց «Թբիլիսոբա» ավանդական տոնի։ Իր մանրանկարները Էլիբեկյանը հիմնականում ստեղծում էր ստվարաթղթի վրա ձգված կտավի մակերեսին, բարակ վրձնով՝ որպես կանոն օգտագործելով տեմպերա: Արվեստաբան Սեյրանուշ Մանուկյանը դրանք համեմատել է արևելյան գորգերի հետ, իսկ ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը՝ թատերական ձևավորումների։ Կարելի է որոշակի նմանություն գտնել Էլիբեկյանի և նրա ուսուցիչ Գրիգոր Շարբաբչյանի միջև, սակայն վերջինս չունի այն դետալային հագեցածությունը, համայնապատկերային ընդգրկումը, որոնք հատուկ են Էլիբեկյանի վրձնին։ Հենրիկ Իգիթյանը նրա աշխատանքները համեմատում էր հսկայածավալ, գունագեղ ներկայացման հետ՝ «բազմաթիվ գործող անձերով, ամենաբազմազան իրադրություններով»․․․

Էլիբեկյանական աշխարհով հիացած ռուս բանաստեղծ Միխայիլ Մատուսովսկին բանաստեղծություն է նվիրել նրան, որում այսպիսի տողեր կան․

Նրա շուկաները աղմկոտ են այնքան,

Եվ խայտաբղետ են շարքերը մարդկանց։

Մեզ իր հին քաղաքն է կանչում

Վաղարշակը Էլիբեկյան։

Նկարիչը ծնվել է 1910 թվականի օգոստոսի 10-ին՝ բազմազգ Թիֆլիսում, որն իր ամենածաղկուն ժամանակաշրջաններից մեկն էր ապրում։ Հայրը՝ Հարությունը, փականագործների համքարության ուստաբաշի էր (աշխատել էր Ալեքսանդր Մանթաշյանցի մոտ), զինանշանների, պատշգամբների գեղարվեստական ձևավորման տոհմիկ վարպետ։ Հորեղբայրը` Հակոբը, դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (որտեղ սովորել է նաև պատանի Վաղարշակը), նրանց հարկի տակ հաճախ են հյուրընկալվել ժամանակի երևելի մտավորականները` Շանթը, Աղբալյանը, Դեմիրճյանը, Չարենցը և ուրիշներ, սակայն 1937-ին Հակոբը դարձել է անհատի պաշտամունքի զոհերից մեկը՝ սպանվելով անձամբ Բերիայի կողմից:

Նկարչության նկատմամբ սերը Էլիբեկյանի մոտ դեռ վաղ տարիքում արթնացրել է նրա ավագ՝ վաղամեռիկ քույրը, որը ծաղիկների մատիտանկարներ էր անում։ Նկարչի կյանքը սերտորեն կապված էր հայկական մշակութային կյանքի և դրա կենտրոն «Հայարտան» հետ․ 1925-1927 թթ․ նա սովորել է կենտրոնին կից գեղարվեստի ստուդիայում՝ ճանաչված նկարիչ Շարբաբչյանի ղեկավարած գեղարվեստի դպրոցում։ Նա նաև երկար տարիներ ապրել է «Հայարտան» շենքում՝ Սոլոլակ թաղամասում․ այստեղ են ծնվել նրա երեք զավակները։

Էլիբեկյանը քսան տարի աշխատել է որպես Թբիլիսիի հայկական պատանի հանդիսատեսի թատրոնի և Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական խորհրդի նախագահ, արժանացել է Վրաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման։ Սկսած 1937 թվականից նա Թբիլիսիի հայկական թատրոններում ձևավորել է մի քանի բեմադրություններ, այդ թվում նաև Դեմիրճյանի «Քաջ Նազարը» (Հայկական պատանի հանդիսատեսի թատրոն, 1941 թ․, ռեժիսոր՝ Լ․ Ֆիդանյան)։ 1970-ականների սկզբին տեղափոխվել և բնակություն է հաստատել Երևանում․ հենց այդ տարիներին էլ կարոտն առ մանկության Թբիլիսի սաստկացել է այնքան, որ 64-ամյա Էլիբեկյանը ձեռքն է առել վրձինը և սկսել պատկերել իր կարոտը։ Առաջին մարդը, որի դատին հանձնում էր իր աշխատանքները՝ կինն էր, Ֆլորա Երվանդովնան, որը միշտ քաջալերում և ոգեշնչում էր նրան։ Կինն էլ ամուսնուց գաղտնի դրանք ցույց է տալիս ավագ որդուն՝ Հենրիին, որը չի կարողացել թաքցնել իր հիացմունքը։

Տեսնելով այդ նկարները՝ նկարիչ Հակոբ Հակոբյանը կատակում է, որ դրանք դիտողը կկարծի, թե Վաղարշակն իր որդիների՝ տաղանդավոր նկարիչներ Հենրի և Ռոբերտ Էլիբեկյանների կրտսեր եղբայրն է՝ այնքան գերիշխող է պատանեկան, թարմ ընկալումը։ «Լիտերատուրնայա Գրուզիան» Էլիբեկյան-նկարչի հայտնությունը «սենսացիա» է  որակում։ Էլիբեկյանն անհագ նկարում էր. չորս տարվա ընթացքում ստեղծեց շուրջ 150 կտավ: 1976 թվականին հանրապետական նշանակության պատվավոր թոշակառու Էլիբեկյանը Երևանում բացեց իր առաջին անհատական ցուցահանդեսը։ Դրան հետևում են անհատական ​​ցուցահանդեսները Թբիլիսիում (1977), Դետրոյթում և Լոս Անջելեսում (1981), Տորոնտոյում (1985)։ Բազում երկրներով է շրջում նաև «Էլիբեկյաններ» համատեղ ցուցադրությունը։

1980-ին տեղի է ունենում Մարատ Վարժապետյանի «Էլիբեկյաններ» վավերագրական ֆիլմի պրեմիերան։

1987 -ին Վաղարշակ  Էլիբեկյանը նկարների մի ամբողջ շարք է նվիրում աշուղ Սայաթ-Նովայի հոբելյանին, իսկ Արցախյան շարժմանը նրա արձագանքն էր Զորավար Անդրանիկին Թիֆլիսում պատկերող նկարների շարքը։

Նրա ստեղծագործությունները տեղ են գտնում Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Վրաստանի ազգային պատկերասրահում, Վրաստանի թատերական թանգարանում (Թբիլիսի), Մոսկվայի Արևելքի թանգարանում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Սակայն մանկության քաղաքի հանդեպ նկարչի կարոտը նրան հանգիստ չէր տալիս, և 1983-ին Էլիբեկյանի նախաձեռնությամբ Աբովյան փողոցի նրբանցքներից մեկում բացվում է «Թիֆլիս» սրճարանը, որը ձևավորված էր դուքանների ոճով, իսկ այցելուներին դիմավորում էին համապատասխան հանդերձանքով մատուցողները։ «Թիֆլիսի» առաջին այցելուներից մեկը ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան էր։ Ցավոք, 1990-ականներին սրճարանը փակվեց։ 1992-ին սրտի կաթվածից հետո Էլիբեկյանն այլևս դադարում է ակտիվ կյանք վարել։ Նա վախճանվեց 1994 թվականի մայիսին, սակայն գեղանկարչական մի հզոր գերդաստան՝ նկարչի երկու որդիները և երեք թոռներն արժանապատվորեն շարունակեցին նրա գործը՝ յուրաքանչյուրն ինքնարտահայտվելով միանգամայն այլ ոճերում։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ «Թիֆլիսի տանիքների տակ», 1981

2․ «Ձկնորս Կակուլին», 1978

 

... ...