Ուրախ-զվարթ ֆինբաժին (հատված վիպակից)

Քառասուն տարի առաջ՝ 1984 թվականին, ես թողեցի Մեղրու շրջֆինբաժնի պետեկամուտների ավագ տեսչի պաշտոնը և աշխատանքի անցա շրջանային «Արաքս» թերթի խմբագրությունում։ 1984 թվականը համարում եմ իմ ստեղծագործական գործունեության սկիզբը։ «Ուրախ-զվարթ ֆինբաժին» դեռևս անտիպ վիպակիս այս հատվածը հենց այդ սկզբին է վերաբերում։
***
Շրջֆինբաժնի վարիչ Հերբերտ Սինանյանն, իհարկե, չգիտեր, որ փետրվարի 15-ը Ֆրանսիայում և Կանադայում տոն է. երկու երկրներում էլ նշվում է Դրոշի օրը։ Սինանյանը չէր կարող իմանալ, որ 590 թվականի փետրվարի 15-ին Պարսկաստանում թագադրվել է Խոսրով II արքան, որ 1923 թվականին Հունաստանն ընդունել է Գրիգորյան օրացույցը, որ այդ օրը ծնվել են Գալիլեո Գալիլեյը, Ռուբեն Սևակը, Հմայակ Սիրասն ու Ելենա Բոները։
Եվ եթե անգամ էս ամեն ինչը իմանար, դրանք նրա տանձին չէին լինի։ Որովհետև, անկախ էդ ամենից, նա՝ Սինանյանը, 1984 թվականի փետրվարի 15-ին էս երկրագնդի վրա ամենաերջանիկ մարդն էր. էդ օրը «էն ցնդածը», որ չգիտես, թե ինչու էր ֆինանսիստ-տնտեսագետի կրթություն ստացել, աշխատանքի անցել շրջֆինբաժնում և երկու տարի իր՝ Սինանյանի, հոգին կերել բոլոր հնարավոր և անհնարին ձևերով, «…ղեկավար մարմինների որոշմամբ» ազատվեց ֆինբաժնի պետեկամուտների ավագ տեսչի պաշտոնից և «…ղեկավար մարմինների որոշմամբ» աշխատանքի անցավ շրջանային «Արաքս» թերթի խմբագրությունում, որպես «գրական աշխատող (թղթակից)»։
Գուցե պատահականություն էր, որ ռայկոմի շենքի երկրորդ հարկից՝ ֆինբաժնից, իջնելով առաջին հարկ՝ «Արաքսի» խմբագրություն, ես նստեցի նույն սենյակի, նույն՝ բակ նայող լուսամուտին կից անկյունի գրասեղանի մոտ։ Գուցե։ Բայց դա էլ, հաստատ, անհրաժեշտ պատահականություն էր, որովհետև…
…Խմբագրության իմ սենյակում նստած ամեն օր առաստաղից լսում էի՝ «տըկ-տըկ-տըկ». վերևում՝ ֆինբաժնում, մեր գեղեցկուհի Անուշիկն էր քայլում։ Միշտ բարձրակրունկներով էր, և էդ ամեն տկտկոցն իր իմաստն ուներ։ Եվ ես խմբագրությունում ասում էի՝ «Անուշիկը եկավ գործի», «Անուշիկը գնաց ջուր բերի, որ սուրճ դնի…», «Անուշիկը ծաղիկներն է ջրում», «Անուշիկը գնում է տուն» (Կարճևանի ավտոբուսը ժամը 16։30-ին էր մեկնում, և Անուշիկն էլ գործն էդ ժամին էր ավարտում, որ կարողանա տուն գնալ)։ Էդ վերջին «տըկ-տըկ»-ի հետ ես դուրս էի գալիս իբր շենքի դարպասի մոտ ծխելու, որ Անուշիկին հաջող ասեմ։
1984 թվականի կարծեմ մարտի վերջերին էր, ֆինբաժնի ամենահմայիչ օրիորդը՝ Անուշիկը, նշանվեց ու պիտի ամուսնու հետ մեկներ Մոսկվա՝ մշտական բնակության։ Նշանդրեքից հետո ֆինբաժնի կոլեկտիվին հրավիրեց իրենց տուն՝ Կարճևան։ Ես էլ էի հրավիրված՝ իբրև նախկին աշխատակից։
Կարճևանցիները ոչ միայն հայտնի աշխատավորներ են, այլև հայտնի հյուրասերներ։ Նույնիսկ սովետական դեֆիցիտի պայմաններում ցանկացած կարճևանցու տանը միշտ կային միայն հյուրերի համար նախատեսված զեյթուն, բաստուրմա, սուջուխ, արևադարձային մրգեր, մոսկովյան շոկոլադներ…
Անուշիկենց տանը ճոխ սեղան էր գցված։ Կենացները որ քաղցրացան, ես էլ իմ անակնկալը արեցի։ Նախորդ օրը մի բանաստեղծություն էի գրել.
Անուշիկին՝ ուրախ առիթով
Այս առավոտն
ուրախ կլինի անպայման։
Պատերին ծիծաղիդ
հետքերը կլինեն,
հատակին՝
կտկտոցը քայլերիդ։
Փշածաղիկները՝
պռունկը ջարդած ծաղկամանում,
հանդիպման հույսը կպահեն
իրենց գոյությամբ,
և մեկ-մեկ կթափեն
իրենց թերթերը՝
որպես հրաժեշտի
չասված խոսքեր։
Այս առավոտն
ուրախ կլինի անպայման,
և ուրախությունն իր մեջ
մի փոքրիկ-փոքրիկ
թախիծ կունենա։
Կարդացի էս բանաստեղծությունն ու ձեռագիրը նվիրեցի Անուշիկին։
Հենց հաջորդ օրը, ասում են, ֆինբաժնի գործավարուհին էդ բանաստեղծությունը մեքենագրեց 6-7 օրինակ և բաժանեց աղջիկներին։
Անուշիկի Մոսկվա մեկնելուց հետո դեռ երկար չէի կարողանում հարմարվել գլխավերևումս բարձրակրունկների կտկտոցի բացակայությանը և երևի նաև էդ պատճառով ամիսներ անց համարձակվեցի բանաստեղծությունը հրապարակել «Արաքս» թերթում։
Մեսրոպ Հարությունյան
Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի