Ուրախ վերջաբաններ

Ջոնն ու Մերին հանդիպում են։

Ի՞նչ է տեղի ունենում հաջորդիվ։

Եթե ուրախ վերջաբան ես ուզում, կարդա՛ տարբերակ Ա-ն։

 

Ա․

Ջոնն ու Մերին սիրահարվում ու ամուսնանում են։ Նրանք երկուսն էլ ունեն կարևոր և բարձր վարձատրվող աշխատանք։ Աշխատանքը լի է դժվարություններով և մարտահրավերներով։

Զույգը ձեռք է բերում գեղեցիկ բնակարան։ Անշարժ գույքի գները օրեցօր աճում են։

Ի վերջո, երբ նրանք կարող են իրենց թույլ տալ ավելի լավ պայմաններում ապրել, երկու երեխա են ունենում, անսահման նվիրվում են վերջիններիս։ Երեխաները լավն են։ Ջոնի ու Մերիի սեռական կյանքը հետաքրքիր է։ Նրանց բաժին է ընկել լավ ընկերական շրջապատ։ Նրանք երկուսն էլ ունեն հետաքրքիր և առաջ մղող հետաքրքրություններ և հոբբիներ։ Վերջում նրանք մահանում են։ Այսպես է ավարտվում պատմությունը։

 

Բ․

Մերին սիրահարված է Ջոնին, բայց Ջոնի զգացմունքները փոխադարձ չեն։ Վերջինս պարզապես օգտագործում է աղջկա մարմինը եսասիրական հաճույքի և սեփական էգոն գոհացնելու նպատակով։ Ջոնն այցելում է Մերիին շաբաթը երկու անգամ։ Մերին ընթրիք է պատրաստում։ Այստեղ նկատեք, որ Ջոնը նույնիսկ Մերիին չի արժանացնում դրսում ընթրելու հնարավորությանը։ Ընթրիքից հետո նա քնում է Մերիի հետ, հետո Մերին ափսեներն է լվանում, որպեսզի Ջոնը հանկարծ չմտածի, թե ինքը կոկիկ չէ։ Հետո շրթներկն է թարմացնում, որպեսզի լավ տեսք ունենա, երբ Ջոնն արթնանա, բայց երբ Ջոնն արթնանում է, չի էլ նկատում դա, հագնում է գուլպաները, ապա հագուստի մյուս կտորները՝ ներքնազգեստ, տաբատ, կապում է փողկապը, հագնում է կոշիկները․ ամեն բան անում է հանվելու ճիշտ հակառակ հերթականությամբ։ Նա երբեք չի հանում Մերիի հագուստը․ աղջիկն ինքն է անում դա։ Մերին իրեն այնպես է պահում, ասես ցանկությունից մեռնում է, սակայն իրականում դա այդպես չէ, ուղղակի ինքը կարծում է, որ Ջոնը կսովորի դրան, կապվածություն ձեռք կբերի, ու իրենք կամուսնանան։ Բայց Ջոնն անտարբեր հեռանում է։ Երեք օր անց նորից է հայտնվում երեկոյան ժամը վեցին։ Եվ ամեն բան կրկնվում է։

Մերիի արցունքները հորդում են։ Լացելը փչացնում է դեմքը։ Բոլորն էլ գիտեն սա։ Բայց Մերին չի կարողանում կանգ առնել։ Աշխատավայրում մարդիկ սկսում են նկատել այս ամենը։ Ընկերներն ասում են, որ Ջոնն առնետ է, խոզի մեկն է, շուն է, որ նա արժանի չէ Մերիին, բայց Մերին չի հավատոււմ դրան։ Նա միշտ կարծում է, որ ինքը ճանաչում է մեկ այլ Ջոնի, որը Ջոնի ներսում է ապրում, որն ավելի լավն է։ Այդ երկրորդ տարբերակը թիթեռի նման դուրս կգա բոժոժից, եթե առաջին Ջոնն ուզենա։

Մի երեկո Ջոնը դժգոհում է ուտելիքից։ Նախկինում երբևէ նման բան չի եղել։ Մերին վիրավորված է։

Մերիի ընկերներն ասում են, որ Ջոնին ռեստորանում մի կնոջ հետ են տեսել։ Վերջինիս անունը Մեգի է։ Մերիին ոչ թե Մեգին է անհանգստացնում, այլ նրանց՝ ռեստորանում լինելու հանգամանքը։ Ջոնը երբեք Մերիին որևէ ռեստորան չի հրավիրել։ Մերին վերցնում է բոլոր քնաբերներն ու ասպիրինը և խմում է այն կես շիշ շերրիով։ Սրանով կարող եք տեսնել, թե ինչ կին է նա, ձեռքի տակ նույնիսկ վիսկի չէ։ Նա գրություն է թողնում Ջոնի համար։ Մերին հույս ունի, որ Ջոնը ժամանակին կհասնի, իրեն հիվանդանոց կտանի, կապաշխարի, իրենք կամուսնանան։ Բայց այս ամենը տեղի չի ունենում։ Նա մահանում է։

Ջոնն ամուսնանում է Մեգիի հետ։ Ամեն բան շարունակվում է ինչպես տարբերակ Ա-ում։

 

Գ․

Ջոնը, որը տարեց տղամարդ է, սիրահարվում է Մերիին, իսկ Մերին, որն ընդամենը քսաներկու տարեկան է, խղճում է նրան։ Նա քնում է Ջոնի հետ, թեև սիրահարված չէ բնավ։ Նրանք հանդիպել են աշխատավայրում։ Մերին սիրահարված է Ջեյմս անունով մեկին, որը նույնպես քսաներկու տարեկան է, սակայն դեռ պատրաստ չէ կայուն հարաբերությունների։

Ի տարբերություն քսաներկուամյա Ջեյմսի, Ջոնը կայուն է։ Ունի կայուն, արժեքավոր աշխատանք և առաջադիմում է իր ոլորտում, բայց Մերիին սա չի հետաքրքրում․ նա տպավորված է Ջեյմսով, որն ունի մոտոցիկլետ և առասպելական ձայնագրությունների հավաքածու: Բայց ազատության հովերով տարված՝ Ջեյմսը հաճախ է բացակայում քաղաքից։ Աղջիկների համար ազատությունը նույնը չէ, ուստի մինչև այդ Մերին հինգշաբթի երեկոներն անցկացնում է Ջոնի հետ:

Ջոնն ամուսնացած է Մեգի անունով մի կնոջ հետ, ունեն երկու երեխա, գեղեցիկ բնակարան, որը նրանք գնել են անշարժ գույքի արժեքի բարձրացումից անմիջապես առաջ։ Ջոնն ասում է Մերիին, թե որքան կարևոր է վերջինս իր համար, բայց, իհարկե, չի կարող թողնել իր կնոջը, քանի որ պարտավորությունը մնում է պարտավորություն: Նա անվերջ խոսում է այդ մասին, և Մերիին դա ձանձրացնում է։

Մի օր Ջեյմսը գալիս է իր մոտոցիկլետով։ Ջեյմսն ու Մերին հայտնվում են անկողնում: Ամեն ինչ պետք է գաղտնի մնար, բայց գալիս է Ջոնը, որն ունի Մերիի բնակարանի բանալին: Նա այս երկուսին գրկախառնված է գտնում։

Դե այս պարագայում չի էլ կարող խանդել՝ նկատի ունենալով Մեգիի գոյությունը, բայց, այնուամենայնիվ, հուսահատվում է։ Ի վերջո, Ջոնը գիտի, որ ինքը միջին տարիքի տղամարդ է, մի քանի տարի անց գլուխը ձվի պես ճաղատ կլինի ու չի դիմանա մրցակցությանը։ Ջոնն ատրճանակ է ձեռք բերում՝ ասելով, որ այն իրեն պետք է թիրախավորելու հմտություն ու փորձառություն ձեռք բերելու համար։

Սա սյուժեի այն հատվածն է, որտեղ թելը բարակում է։ Հարցը կարելի է լուծել ավելի ուշ։ Ջոնը կրակում է երկուսին, ապա՝ իրեն։

Մեգին բավականաչափ սգալուց հետո ամուսնանում է հասկացող ու սատարող մի տղամարդու՝ Ֆրեդի հետ։ Ամեն ինչ շարունակվում է ինչպես տարբերակ Ա-ում՝ պարզապես այլ անուններով։

 

Դ․

Ֆրեդն ու Մեգին խնդիրներ չունեն։ Միմյանց նկատմամբ սիրալիր են և հաղթահարում են ի հայտ եկող ցանկացած փոքրիկ դժվարություն։

Բայց նրանց գեղեցիկ տունը գտնվում է ծովափին մոտ, և մի օր հսկա մակընթացային ալիք է մոտենում: Անշարժ գույքի արժեքները նվազում են. Պատմության մնացած մասը այն մասին է, թե ինչն է առաջացրել մակընթացային ալիքը և ինչպես է զույգը փրկվում, թեև հազարավոր մարդիկ խեղդվում են։

Ֆրեդն ու Մեգին երախտապարտ են, ու ամեն ինչ շարունակում են ինչպես տարբերակ Ա-ում։

 

Ե․

Հա, բայց Ֆրեդը սրտի խնդիր ունի։ Պատմության ամբողջ շարունակությունն այն մասին է, թե որքան հոգատար ու սատարող են միմյանց նկատմամբ մինչև Ֆրեդը մահանում է։ Այնուհետև Մեգին նվիրում է իր կյանքը բարեգործական աշխատանքի՝ մինչև տարբերակ Ա-ի ավարտը։

 

Զ․

Եթե կարծում եք, որ պատմությունը չափազանց բուրժուական ստացվեց, ապա

եկեք Ջոնին հեղափոխական դարձնենք, իսկ Մերիին՝ հակալրտեսական գործակալ, ու հետևենք, թե այս պատմությունն ուր կտանի մեզ։ Հիշեցնեմ, որ պատմությունը տեղի է ունենում Կանադայում։ Եվ, այդուհանդերձ, ամեն բան կավարտվի տարբերակ Ա-ով, սակայն ընթացքում հետաքրքիր սագայի կառերեսվես, ու ինչ-որ չափով նաև այն կդառնա մեր օրերի ժամանակագրությունը։

Ինչ էլ որ լինի ավարտը, չխաբվեք ավարտով։ Դրանք բոլորն էլ կեղծ են կամ միտումնավոր կերպով կեղծված են՝ մոլորեցնելու համար կամ էլ չափից առավել եղած լավատեսության արդյունք են։

Միակ ճշմարիտ վերջաբանը հետևյալն է՝

Ջոնն ու Մերին մահանում են։ Ջոնն ու Մերին մահանում են։ Ջոնն ու Մերին մահանում են։

Վերջաբանների մասով՝ այսքանը։ Սկիզբը միշտ էլ զվարճալի է լինում։ Պատմության իրական գիտակները տեղյակ են, որ լավագույն հատվածը միջնամասն է, քանզի այդտեղ է, որ կարելի է ինչ-որ բան փոփոխել։

Ահա ամենը՝ սյուժեների մասին, որոնք հաջորդում են միմյանց՝ Ինչը, Ինչը, Ինչը։

Հիմա փորձիր հասկանալ Ինչպես-ն ու Ինչու-ն։

 

Թարգմանությունը անգլերենից՝ Լյուսիլ Ջանինյանի