Ումբերտո Էկո. «Գեղարվեստական գրականությունը միշտ առասպելներ է պարունակում»

«ArtCollage»-ն իր ընթերցողներին է առաջարկում Ումբերտո Էկոյի հարցազրույցը, որը նա  տվել է «The guardian»-ին՝ 1987 թվականի գարնանը: 

 

***

Ադելաիդա Լոպես և Մարիթելմա Կոստա -Մենք գիտենք, որ Դուք գալիս եք երկու ժամ տևողությամբ Ձեր դասընթացից, և լսարանից հարցազրույցին անցումը, հավանաբար, այնքան էլ հարթ չի լինի: Ի՞նչ եք զգում դասընթաց վարելիս՝ ավելի շատ ծաղրածուի եք նմանվում, թե՞ քահանայի։

Ումբերտո Էկո -Ես ավելի շատ սիրեցյալի եմ նմանվում և կարծում եմ, որ մեզանից ոմանք որոշում են դասավանդել ճիշտ այն նույն պատճառով, ինչ դերասանները որոշում են աշխատել թատրոնում. երկու մասնագիտություններում էլ էրոտիկ կողմ կա: Ես երկար տարիներ դասավանդում եմ, բայց ամեն նոր լսարանի առջև երբեք չեմ զլանում զգալ, որ դա առաջին անգամ եմ անում: Դու գիտես, որ պետք է այնպես անես, որ դասիդ առաջին երեք րոպեի ընթացքում ուսանողները սիրեն քեզ։ Եթե այդ ընթացքում չհասցնես գերել նրանց, եթե ուսանողները միանգամից չսիրահարվեն քեզ, ապա ամեն բան ավարտվում է։ Դու կարող ես տուն գնալ։

Ա.Լ./Մ.Կ. -Ինչպե՞ս եք պահում այդ  «‎սիրային հարաբերությունը» ողջ կիսամյակի ընթացքում։

Էկո -Եթե դու հաղթել ես առաջին րոպեների ճակատամարտը, ապա անհանգստանալու քիչ բան կա: Ես նման փորձ ունեմ շների հետ․ նրանք երբեք ինձ չեն կծում, քանի որ ինչ-որ կերպ զգում են, որ ես սիրում եմ իրենց: Երբ ես փոքր էի, մոտենում էի իմ թաղամասի ամենակատաղի շներին, և նրանք միշտ թույլ էին տալիս շոյել իրենց։ Մի անգամ ընկերոջս տուն էի գնացել, ու նա ինձ զգուշացրեց՝ չմոտենաս այս շանը, նա վտանգավոր ու ստոր շուն է։ Ես ուղղակի պատասխանեցի, որ ստոր շներ չկան և երբ մոտեցա կենդանուն, նա ատամները ձեռքիս մեջ խրեց։ Սրանով պատմությունը չի ավարտվում: Ես նայեցի շանը և հարցրի նրան. «Ի՞նչ ես անում»: Նա նայեց ինձ, մռնչաց, ներողություն խնդրեց ու գնաց։ Բանն այն է, որ կենդանիները գիտեն՝ հարգո՞ւմ ես իրենց՝ վախենո՞ւմ ես իրենցից, թե սիրում ես իրենց։ Հավանաբար, դա անհարգալից համեմատություն է, բայց նույնը տեղի է ունենում ուսանողների հետ: Եթե նրանք հասկանան, որ դու արհամարհում ես իրենց, որ չես ուզում սովորեցնել, որ նույնիսկ չես հավատում նրան, ինչ սովորեցնում ես, անմիջապես կմերժեն քեզ: Մյուս դեպքում նրանք կսիրեն քեզ, ինչպես ես էի սիրում իմ ուսուցիչներին, որոնք սիրում էին ինձ և արհամարհում նրանց, ովքեր ինձ չէին հարգում։

Ա.Լ./Մ.Կ. -Սակայն սիրային հարաբերությունները միշտ չէ, որ քաղցր են լինում։ Դրանք երբեմն էլ ագրեսիա կարող են ներառել։ Կարելի՞ է ասել, որ դասավանդելն ագրեսիվ գործողություն է։

Էկո -Իհարկե, ագրեսիվ է: Դուք մտնում եք լսարան՝ նպատակ ունենալով փոխել ուրիշների գաղափարները. դուք կկործանեք նրանց ենթադրությունները և նրանց առաջարկելու եք այլ աշխարհընկալում: Միշտ կա տիրելու ու նվաճելու տարր: Մետաղադրամի մյուս կողմն այն է, որ դասավանդման ժամանակ, ինչպես ամեն սիրային հարաբերությունում, դու դրա դիմաց փոխադարձ մի բան ես ստանում․ օրինակ, դու հասկանում ես մի բան, որը նախկինում չէիր հասկանում: Ինչո՞ւ եմ ես սիրում դասավանդել: Թույլ տվեք պատմել ձեզ, թե ինչ եղավ համալսարանական իմ առաջին դասի ընթացքում։ Ես հենց նոր էի հոդված գրել Ջեյմս Ջոյսի մասին, այն ստեղծագործությունը, որը հետագայում վերածվեց իմ «L'Opera aperta» գրքի: Ես կարծում էի, թե լավ եմ աշխատել ու հրաշալի եմ պատկերացնում Ջոյսին, ուստի դասս պետք է լավ անցնի։ Դա աղետ էր։ Դասավանդելուս պահին հասկացա, որ իրականում ոչինչ չգիտեմ նրա մասին։ Երբ դու հոդված ես գրում, դու կարող ես հենակետային արտահայտություններ օգտագործել՝ «հայտնի է…», «ակնհայտ է, որ…».․․

Եթե դու կանգնած ես լսարանի առջև, այնուամենայնիվ, դու չես կարող օգտագործել այդ արտահայտությունները․ դու պետք է ամեն ինչ բացատրես. ահա թե ինչի համար է մանկավարժը: Այսպիսով, ես սովորեցի, որ երբեք չպետք է գիրք գրել և այն օգտագործել որպես դասի նյութի հիմք: Պետք է անել ճիշտ հակառակը՝ սկզբում դասավանդեք երեք-չորս տարի և հետո, հավանաբար, կարող եք սկսել գրել։ Լսարանի հետ ձեր գաղափարները կիսելու փորձի գործընթացում, այդ սիրավեպի ժամանակ դուք ստանում եք բազմաթիվ տարբեր արձագանքներ և սկսում եք խորապես ըմբռնել ձեր ասածը։ Երբ փորձում ես բացատրել և համոզել ուսանողներին, դու, նախ և առաջ, ինքդ քեզ ես համոզում։

Ա.Լ./Մ.Կ. -Չիլիացի բանաստեղծ Նիկանոր Պարրան մի անգամ ասել է, որ իր պոեզիայի ընթերցումների ժամանակ այնքան զգայուն է լսարանի արձագանքի նկատմամբ, որ երբ զգում է, որ մթնոլորտը բարենպաստ չէ, ձայնը կորցնում է։ Ձեր դասախոսությունների ընթացքում լսարանի բացասական էներգիան ազդո՞ւմ է Ձեզ վրա:

Էկո -Այո, երբեմն լսարանի բացասականությունը կարող է շատ կործանարար ազդեցություն ունենալ: Այնուամենայնիվ, կան հնարքներ, որոնք կարող ես օգտագործել՝ պաշտպանվելու համար: Եթե խոսելու ընթացքում հայացքդ հառես լսարանում մեկ անձի վրա, այդ մարդը, որպես կանոն, փոխադարձաբար կնայի քեզ։ Մեկ կամ երկու հոգու հետ շփումը սովորաբար կօգնի քեզ հաղթահարել կամ գոնե հանդուրժել բացասական փոքր հոսանքները լսարանում։ Բայց եթե դու պատահաբար հայտնվես մի հսկայական լսարանի առջև, որն ատում է քեզ․ դա քո վերջն է։

Բարեբախտաբար, նման բան գրեթե երբեք չի լինում։ Ուսուցչի նկատմամբ ատելությունն ավելի հաճախ պատահում էր 68 թվականից հետո, երբ շուրջբոլորը քեզ որպես թշնամի էին ներկայացնում։ Մանկավարժն ասես սահմանված ագրեսոր լիներ։ Մեխանիզմը միշտ էլ նույնն է լինում, հետո այն խաղի է վերածվում։ Երբ դիմակայությունն ավարտվում էր, ուսանողները զգում էին, որ հաղթել են, սկսում էին քեզ սիրել։ Որոշ լսարաններ ի սկզբանե մեծ դիմադրություն են ցուցաբերում, որը կարող է ի վերջո ստիպել մանկավարժին, որ իրեն անգամ անբարոյական պահի։ Հաճախ դա տեղի է ունենում այսպես. եթե ուզում ես, որ մարդիկ քեզ սիրեն, պետք է սիրաշահես, վաճառես քեզ: Այնուամենայնիվ, ես չեմ հավատում, որ կա լսարանին  գայթակղելու համընդհանուր բանաձև: Վերցնենք իմ ընկերոջ դժբախտ դեպքը, որն ունի այն, ինչ ես անվանում եմ «captatio malevolentiae» (լատ․՝ բարի կամքի դրսևորմամբ սիրաշահում, խմբ): Գիտե՞ք հռետորական բանաձևը՝ «captatio benevolentiae» (լատ․՝ բարության որս, խմբ․)։ Դասախոսության սկզբում դու ինչ-որ բան ես ասում, որը կգրավի լսարանդ։ Դե, կան մարդիկ, ինչպես իմ ընկերը, որոնք ունեն «captatio malevolentiae»: Նրանք այնպիսի սկզբի «շնորհ» ունեն, որ մարդիկ անմիջապես ատում են նրանց։ Դա պաթոլոգիկ է:

Ա.Լ./Մ.Կ. -Մի անգամ Դուք ժամանակակից համալսարանները նկարագրել եք  որպես երիտասարդների համար նախատեսված կայանատեղիներ, որպես վայրեր, որոնք քողարկում են ժամանակակից հասարակության գործազրկության խնդիրը: Կխոսե՞ք այս մասին:

Էկո -Հիմնականում դա և՛ կենսաբանական, և՛ սոցիալական խնդիր է: Գիտե՞ք ինչ է «նեոտինիան»։ Դե դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կենդանին ապրում է ծնողների պաշտպանության ներքո. օրինակ, կատուն մոտ երեք ամիս նեոտանիկ շրջան է ունենում: Մայրը լիզում է, կերակրում, պաշտպանում, բայց երեք ամսից հետո կատվի ձագը դառնում է պրոֆեսիոնալ կատու և դուրս է գալիս աշխարհ՝ կատու լինելու։ Ցեղային հասարակության մեջ նեոտինիան տևում է մոտ տասնվեց տարի, որից հետո երիտասարդ տղամարդիկ և կանայք անցնում են նախաձեռնության փուլով: Մեր արդյունաբերական աշխարհում նեոտանիկ շրջանը գնալով ավելի ու ավելի է երկարում։ Մենք այն հասցրել ենք մինչ երեսուն տարեկան։ Հնարավոր է նույնիսկ նեոտանիկ փուլի ուսանողներ գտնել, որոնք քառասուն տարեկան են: Իմ սերնդի համար այլ էր․ երբ մենք մոտ քսաներկու տարեկան էինք, ստիպված էինք լքել համալսարանը և մուտք գործել իրական աշխարհ։ Երկարատև բուհական ուսումը պայմանավորված չէ մեր հասարակության՝ ավելի բարձր կրթված մարդկանց կարիքով, քանի որ մարդիկ կարող են վերապատրաստվել ավելի արագ և արդյունավետ մեթոդներով։ IBM (Միջազգային բիզնես մեքենաների կորպորացիա, խմբ․ ) կարող ես ընդունվել առանց քոլեջի աստիճանի և վեց ամսում համակարգչային լեզու սովորել: Համալսարանում այդքան երկար ժամանակահատվածներ պետք չեն։ Ինձ թվում է՝ երբ հասարակությունն ընդունում է նման ընդլայնված նեոտինիա, դա անում է ինքնապաշտպանությունից դրդված։ Քանի դեռ ուսանող ես, աշխատաշուկայում չես մրցում: Այս առումով է, որ բուհերը նման են ավտոկայանատեղիի, որտեղ երիտասարդներին ստիպում են հավատալ, որ իրենք կրթվում են, մինչդեռ իրականում նրանց այնտեղ պահում են՝ հարմարությունից ելնելով։ Ուսանողների միայն փոքր տոկոսն է դառնում գիտուն կամ գիտակ: Ինձ թվում է՝ պարզ է, որ զանգվածային համալսարանական կրթությունը քաղաքական լուծում է, որը խնայում է որոշակի սոցիալական ծախսեր։ Աշխատաշուկայում երեսուն տարեկան մարդուն կարող են տարեկան հարյուր հազար դոլար վճարել, իսկ համալսարանում գործազրկության խղճուկ փոխհատուցում է։

Ա.Լ./Մ.Կ. -Եթե ծնողներն ու երեխաները, ուսուցիչներն ու ուսանողները, չինովնիկներն ու գործազուրկները բոլորը երջանիկ են, գուցե չկա խնդիր․․․

Էկո -Երիտասարդությունը պահպանելու մի քանի եղանակ կա. ներկանյութեր, կոսմետիկա, պլաստիկ վիրաբուժություն։ Կան դպրոցներ։ Ինչո՞ւ պետք է Կոլումբիայի համալսարանի իմ դասերին տեսնեմ քառասունհինգ տարեկան կանանց, որոնք ցանկանում են թեզ գրել: Նրանք երբեք չեն դասավանդելու․ նրանք ունեն ութ երեխա ու ամուսին, որոնց պետք է խնամեն: Եթե սիրում են սովորել, թող ամբողջ օրն անցկացնեն գրադարանում։ Ճշմարտությունն այն է, որ նրանք հետաքրքրված են ոչ թե սովորելով, այլ կրթական միջավայրում լինելով։ Նրանք ցանկանում են ցմահ ուսանող լինել, նրանք ցանկանում են իրենց վրա գոռացող հայր ունենալ:

Համալսարանական կրթությունը կարող է տևել չորս տարի. կարիք չկա այն երկարաձգել՝ դարձնելով տասնչորս։

Ա.Լ./Մ.Կ. -Ի՞նչ եք կարծում՝ արդյոք բարձրագույն կրթությունը կոռումպացված է։ Խնդրի լուծում տեսնո՞ւմ եք։

Էկո -Չգիտեմ՝ ինչ լուծում կարող է լինել, քանի որ բոլորս էլ ներգրավված ենք։ Աշակերտը կոռումպացված է, ուսուցիչը՝ ավելի շատ։ Չնայած այս ամենին, ամբոխի մեջ միշտ էլ լավ ուսանողներ ես գտնում, և սա ուրախալի է։ Բացի այդ, դու պետք է երախտապարտ լինես քառասունամյա տիկնոջը, որը գալիս է, լսում է քեզ և գրի է առնում ասածդ։ Դասին պատրաստվելիս դու քրտնաջան աշխատում ես և պետք է ուրախանաս, եթե ինչ-որ մեկը լսում է քեզ: Դա փոխադարձ կոռուպցիա է. դա «pax sceleris» է (ոճիր և պատիժ, խմբ․)։ Ինչպես Ֆուկոն է մեզ սովորեցնում՝ իշխանությունը միայն մեկ տեղում չէ. իշխանությունն այն պահակն է, որը նախանձախնդրորեն հսկում է քեզ՝ հանց մի բանտարկյալի, և իշխանությունը նաև այն խանութպանն է, որը հաց է վաճառում բանտապետին ու ուրախանում, որ բանտեր կան։ Հենց այս շղթան է հաստատում և կոնսոլիդացնում իշխանությունը։

Ա.Լ./Մ.Կ. -Հիմա եկեք ոչ թե լսարանների այլ գրքերի մասին խոսենք։

Դուք ասացիք, որ բոլոր փիլիսոփայական գործերը պատմում են մի պատմություն, և որ Սպինոզայի «Էթիկա»-ն Ձեզ գրավում է որպես շարադրանք։ Հետաքրքիր է, որ Ալբերտո Արբասինոն Ձեր որոշ տեսական աշխատություններում նկատել է սյուժե: Ո՞րն է լինելու «L'Opera aperta»-ի կամ Ընդհանուր սեմիոտիկայի տրակտատի սյուժեն:

Էկո -Կարող եք այդ հարցն ուղղել Արբասինոյին: Նա մի գեղեցիկ էսսե ունի, որում իմ «Կորած կառույցը» համեմատում է Ժյուլ Վեռնի վեպի հետ։ Չէի ասի, թե համաձայն եմ նրա մեկնաբանության հետ, բայց այն ինձ շատ դուր եկավ։

Ես կարծում եմ, որ տրակտատները պատմում են առեղծվածային ճանապարհորդության մասին, որը ձեռնարկվել է լեզվի միջոցով աշխարհի մոդել ստեղծելու համար: Այստեղ մարդը ճանապարհորդում է աշխարհով մեկ և շատ տարօրինակ բաներ է գտնում՝ թզուկներ, փերիներ և հրեշներ: Երբեմն այս էակների դեմ պայքար է ընթանում: Երբեմն էլ դաշինքներ են ստեղծվում։

Ա.Լ./Մ.Կ. -Ինչպե՞ս եք վերաբերվում գրողի գործունեությանը։

Էկո -Մի փոքրիկ օրինակ, օրերս, երբ զրուցում էի ընկերոջս հետ, հասկացա, որ նա բանավոր խոսքի ընթացքում հենարաններից օգտվելու սարսափելի սովորություն ունի։

Նա իր խոսքը միշտ համեմում է «որոշ չափով» բառերով։ Որոշ ժամանակ անց ես ուզում էի ասել նրան. «Դադարեցրո՛ւ «որոշ չափով» արտահայտությունը կրկնել․ դրանից գլուխս պտտվում է։ Մի կողմից, ընկերս կդադարեր «որոշ չափով» արտահայտությունը կրկնել, բայց մյուս կողմից, հավանաբար, իրեն սահմանափակված կզգար և չէր շարունակի խոսել ինձ հետ։

Հիմա, եթե ես գրող ու նշանաբան լինելու փոխարեն բժիշկ լինեի ու հիվանդին ասեի՝ խոց ունես, դա ասելով՝ ես նրա ստամոքսը չէի բուժի։ Նա կշարունակեր խոց ունենալ։ Ահա թե ինչու եմ ես ասում, որ լեզվի տեսական-քննադատական պրակտիկան ոչ միայն նկարագրում է այն, ինչ տեղի է ունենում, այլև կարող է փոխել իրադարձությունների ընթացքը։ Լեզվի տեսության հնչեցման փաստը պարտադիր կերպով հրահրում է լեզվի գործածությունների փոփոխություն, ինչը մեծ պատասխանատվություն է դնում քննադատի վրա։ Եթե ես վերլուծեմ գովազդի տեխնիկան և ասեմ, որ նրանք հիմնականում օգտագործում են այս կամ այն ռազմավարությունը, վստահ եմ, որ լավ գովազդային գործակալները անմիջապես կդադարեն նոր ռազմավարություն մշակել։

Եթե ես կառուցեմ որոշակի լեզվի իդեալական քերականություն, ապա օգտագործողներն անմիջապես կփորձեն խոսել իմ սահմանած կանոնների համաձայն: Լեզվի քննադատական-նկարագրական վերլուծությունը կարող է փոխել այն առարկաները, որոնք նա նկարագրում է, և, հետևաբար, նշանագիտությունը չի կարող իրականացվել որպես կյանքից լիովին անջատված վերացական գիտություն:

Այլ կերպ ասած, նշանագիտությունը կանխատեսում է, որը կարող է ուղղել այն, ինչ նա կանխատեսել է: Դա հակառակն է նրան, ինչն անգլերենում կոչվում է «ինքնաիրագործվող մարգարեություն»: Վերջինս քեզ զգուշացնում է՝ «սայթաքելու ես», և դու սայթաքում ես։ Այն բանից հետո, երբ նշանագիտությունն ասում է, որ դու ընկնելու ես, դու այլևս չես ընկնում: Այն ամենն, ինչ ասում է նշանագետը, կարող է ունենալ թերապևտիկ ազդեցություն: Դա կարող է դրական լինել, կարող է բացասական լինել: Ամեն անգամ գրելիս դու բառերի շարք չես ստեղծում։ Դու նաև հասարակական-քաղաքական գործողություն ես իրականցնում, անվանեք դա, ինչպես կուզեք։

Ա.Լ./Մ.Կ. -Իսկ եթե ֆաբուլայում «L'Opera aperta» կամ «Lettore» գրելու փոխարեն Վարդի անունն ես գրում։

Էկո -Դա այլ խնդիր է: Ստեղծագործական աշխատանքը լեզվական գործունեության ուղղակի մեկնաբանություն չէ, այլ ավելի շուտ գործիք, որն օգնում է մեզ, որ նկարագրենք աշխարհը: Վերադառնանք իմ նախորդ օրինակին, եթե ես ընկերոջս մատնանշեի, որ նա միշտ կրկնում է նույն արտահայտությունը, ես կստիպեի նրան հաշվի առնել իր խոսքի մեխանիզմը։ Իսկ եթե դրա փոխարեն ես նրան ասեի. «Կյանքն ապուշի պատմած պատմություն է մի՝ շառաչ և ցասում, իմաստը՝ ոչինչ», դժվար թե կարողանայի գուշակել, թե ինչ կպատասխաներ նա։ Գուցե նա ոչինչ էլ չասեր, գուցե պատասխաներ բանաստեղծական մեկ այլ տողով։ Ավելի հավանական է, որ նա կշարունակեր այն, ինչ ասում էր իմ բանաստեղծական ընդհատումից առաջ։ Երբ գեղարվեստական ստեղծագործություն ես գրում, գիտես, որ հասնելու ես արդյունքի, բայց չես կարող վստահ լինել, թե ինչ արդյունք է դա լինելու: Ակնհայտ է, որ գրում ես արձագանք առաջացնելու համար, բայց երբեք չես արող վերահսկել այդ արձագանքը։

Ա.Լ./Մ.Կ. -Դուք նաև խոստովանել եք, որ համոզվելով, որ աշխարհը կա, դա ապացուցելը Ձեր ամենամեծ խնդիրն է։ Եթե նշանագիտությունն ու լեզվաբանությունը չեն կարող ապացուցել աշխարհի գոյությունը, ի՞նչ գործիքներով կարելի է դա անել: Միգուցե գեղարվեստակա՞ն։

Էկո -Ես դեռ չգիտեմ, թե որն է աշխարհի գոյությունը ցույց տալու մեթոդը, բայց չեմ հավատում, որ դա է գեղարվեստական գրականության նպատակը։ Ինձ թվում է, որ գեղարվեստական ստեղծագործության նպատակն անցնում է գեղարվեստական գրականության սահմանները և մտնում էթիկայի տիրույթ։ Յուրաքանչյուր վեպ ունի բարոյական նպատակ, նույնիսկ Սադի Ժուստինան:

Բարոյական նպատակ ասելով ես նկատի չունեմ մայրիկիդ սիրել սովորելը. վեպի էթիկական նպատակը կարող է լինել ընթերցողին ստիպել ընդունել բնության դաժանությունը: Նույնիսկ Բարբարա Քարթլենդի վեպերն ունեն էթիկական նպատակ. դրանցում սովորում ես, որ, ի վերջո, բարությունն ու գեղեցկությունը միշտ վարձատրվում են։ Դա հավանաբար կեղծ էթիկական նպատակ է. դուք կարող եք չհավատալ դրան, բայց որոշ ընթերցողներ հավատում են դրան: Գեղարվեստական գրականությունը միշտ առասպելներ է պարունակում, իսկ առասպելները մեզ միշտ առաջարկում են մարդկային վարքի մոդելներ:

Դա նույն մեխանիզմն է, ինչ բամբասանքը: Ինչո՞ւ է մեզ հետաքրքրում մարդկանց մասին պատմություններ լսելը: Ես չեմ խոսում մեր ընկերների  պատմությունների մասին. Ես նկատի ունեմ այն փաստը, որ մենք կդադարեցնենք ամեն ինչ՝ լսելու պատմություններ մարդկանց մասին, որոնց նույնիսկ չենք ճանաչում: Ինչպե՞ս կարելի է բացատրել այս հետաքրքրությունը մարդկության մի մասի նկատմամբ, որն ընդհանուր առմամբ մեզ սառնասիրտ է դարձնում։ Պատճառն այն է, որ ուրիշների մասին պատմություններում մենք գտնում ենք մեզ համար վարքագծի մոդելներ: Բամբասանքը գեղարվեստական գրականության ձև է և, հետևաբար, կրում է բարոյական դատողություններ:

Ա.Լ./Մ.Կ. -Կոլումբիայի համալսարանում դասախոսության ժամանակ Խորխե Լուիս Բորխեսը հայտարարեց, որ գրականության մեջ իրեն բարոյական խնդիրներն են հետաքրքրում։ Արդյո՞ք գրականությունը էթիկական նպատակի վրա դնելը որոշ չափով դոգմատիկ չէ։

Էկո -Էթիկան կապված է մարդու վարքի հետ. պարտադիր չէ, որ այն կապված լինի բարու և չարի հետ: Երբ ես կարդում եմ «Մադամ Բովարի»-ին, ինքս ինձ հարցնում եմ՝ ի՞նչ կանեի ես նման իրավիճակում: Կվստահե՞ի Լեոնին, որն ինձ ասում է, որ սիրում է ինձ։ «Կարմիր գլխարկ»-ը կարդալիս ինքս ինձ նաև հարցնում եմ՝ եթե ես անտառում լինեի, ի՞նչ պետք է անեի: Անհնար է զերծ մնալ այս հարցերը տալուց․ դա ինքնաբերաբար է ստացվում։

Գեղարվեստական յուրաքանչյուր ստեղծագործություն մարդկային վարքի պատմություն է, և ընթերցողը պետք է հրեշ լինի, որպեսզի չտեսնի այն արարքները, որոնք ստեղծագործությունը ներկայացնում է որպես հնարավոր արարքներ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ընթերցող ներգրավվում է իր կարդացածի մեջ. կա՛մ ինքն իրեն է ճանաչում, կա՛մ լացում է, կա՛մ իրեն գերազանց է զգում և ծիծաղում։

Ծիծաղն ու լացը երկուսն էլ բարոյական արձագանքներ են կարդացածի նկատմամբ: Նույնիսկ երբ ասում եմ՝ տեսեք, թե ինչ հիմար պատմություն է, կյանքում ամեն ինչ այդպես չի լինում, դա էժանագին վեպ է, ես էթիկական փաստարկ եմ անում, կերպարների վարքագծի մեկնաբանություն:

Ա.Լ./Մ.Կ. -Արդյո՞ք էթիկան կսահմանեիք «Ի՞նչ կանեի ես նման իրավիճակում» հարցով։

Էկո -Ես դա սահմանում եմ Լենինի հարցով՝ «Ի՞նչ անել»։

Ա.Լ./Մ.Կ. -«Նյու Յորք Թայմս»-ի «Ինչպես գրեցի Վարդի անունը» հոդվածում Դուք խոստովանել եք, որ վեպը սկսելիս որոշակի շփոթություն եք ապրել: Դուք ասում եք, որ շարադրել եք պատմությունը պատմվածքի մեջ՝ ոչ միայն պատմական միջավայրը պատմվածքի ձևին համապատասխանելու համար, այլ նաև այն պատճառով, որ պատմողների շերտն աշխատել է որպես վահան, որը թույլ է տվել Ձեզ սկսել Ձեր ուղերձը «վերմակի տակից»՝ ինչպես մանկության խաղերում։ Արդյո՞ք այս հավասարումը կարող է ճշմարիտ լինել՝ որքան ավելի զուսպ կամ շփոթված է գրողը, այնքան ավելի շատ պատմողական խաղեր է նա ստեղծում։

Էկո -Ես այդպես եմ կարծում. Սերվանտեսի նման հեղինակներն, օրինակ, ամաչկոտ են, քանի որ չեն ցանկանում լինել նորմալ, հիմար պատմողներ:

Ա.Լ./Մ.Կ. -Սերվանտեսից և Բորխեսից բացի ուրիշ ո՞ր հեղինակների մեջ եք այդ որոշակի ամոթը զգում։ Իտալո Կալվինո՞։

Էկո -Այո՛, Կալվինոյի մոտ մի տեսակ խառնաշփոթ ամաչկոտություն կա, ու դա ոչ միայն իր աշխատանքում է, այլև կյանքում։ Նա ամեն ինչ զտում է հումորի միջոցով։ Կարծում եմ, որ հումորը նույնպես ամոթը քողարկելու ձև է: Այժմ, տասնիններորդ դարի պատմողը, որի ամոթի զգացումը քիչ է կամ ընդհանրապես չկա, կլիներ Բալզակը, իսկ այս դարում՝ հավանաբար Հեմինգուեյը: Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»-ում ավելի շատ է ամոթը, քան  «Կարամազով եղբայրներ»-ում։ Ինձ գրավում են ամաչկոտ պատմողները, ինչպիսիք են Թոմաս Մանն ու Ջեյմս Ջոյսը:

Ա.Լ./Մ.Կ. -Մեր վերջին հարցը վերաբերում է գրադարաններին: Կարո՞ղ եք ասել, թե ինչ նշանակություն ունեն գրադարանները Ձեզ համար:

Էկո -Գրադարանները դրախտ են: Մեծ գրադարաններն ինձ այնքան էմոցիոնալ են դարձնում, որ ես հազվադեպ եմ հաճախում։ Ես խոսում եմ այնպիսի վայրերի մասին, ինչպիսին Յեյլի Սթերլինգ գրադարանն է, որն այնքան առեղծվածային է, այնքան մութ, որ կարող ես այնտեղ ինչ-որ մեկին սպանել, և հետո անհնար կլինի հայտնաբերել դիակը:

Ա.Լ./Մ.Կ..-Ի՞նչն է գրավում Ձեզ այս հսկայական գրադարաններում:

Էկո -Հնարավորության զգացումը։ Ես զգում եմ ընթերցանության գրեթե անսահման հնարավորության բերկրանքը, չնայած իրականում ես գրադարաններում չեմ կարդում, քանի որ անվերջ մի գրքից մյուսին անցնելու ցանկություն եմ ունենում։

Ա.Լ./Մ.Կ. -Այնուամենայնիվ, հնարավորությունն իրական չէ, քանի որ Դուք երբեք չեք կարող կարդալ այդ բոլոր գրքերը…

Էկո -Այդ դեպքում ի՞չն է դրախտը։ Ինձ համար դա մի վայր է, որտեղ, ինչպես Բորխեսի «Ալեֆ»-ում, կարող ես միաժամանակ տեսնել ամեն ինչ: Դրախտում կարող ես մնալ ընդամենը հինգ րոպե։ Ավելի երկար անտանելի կլիներ, չէիր դիմանա։

Ա.Լ./Մ.Կ. -Այսպիսով, դրախտում լինելը մարտահրավեր է…

Էկո -Այո՛, դրախտը մարտահրավեր է, արտոնյալ վայր, որտեղ տասը դարը մեկ կարող ես մնալ ընդամենը մի քանի րոպե։ Գրադարաններն ինձ գրավում են, և դա է պատճաը, որ ես փախչում եմ դրանցից։

 

Թարգմանությունը՝ Լյուսիլ Ջանինյանի