Թումանյանի սելֆին

Եթե կարծում եք, որ սելֆին 21-րդ դարի «հայտնագործություն է», Թումանյանը կարող է ընդամենը մեկ լուսանկարով ցրել ձեր այդ միֆը: Բանաստեղծի այս լուսանկարը արվել է հենց իր կողմից, 1900-ին, Թիֆլիսում` «Վերնատանը»: Այստեղ նա 31 տարեկան է: Այն միանշանակ կարելի է համարել 20-րդ դարի առաջին «սելֆիներից» մեկը: Առհասարակ, լուսանկարչությունը Հովհաննես Թումանյանի հոբբիներից է եղել:  Նա ունեցել է լուսանկարչական մի քանի ապարատ, ցավոք, դրանցից և ոչ մեկը չի պահպանվել: Իր առաջին լուսանկարչական սարքը բանաստեղծը ձեռք է բերել 27 տարեկանում: Նա նկարում էր շուրջը եղած ամեն գրավիչ ու հետաքրքիր բան՝ բնության տեսարաններից մինչև ընտանիքի և «Վերնատան» անդամներ:

Թումանյանը եղել է նաև Դսեղի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր Եկեղեցու առաջին վավերագրողն ու լուսանկարողը: Այս մյուս լուսանկարում աջից Թումանյանն է` 24 տարեկանում, հենց Բարձրաքաշի մոտ: Նա ուսումնասիրել է, պեղել, գծանշումներ արել, պատմական անդրադարձ կատարել. «Խոնարհված ու ջարդված խաչարձանների միջով մտնում ես ձորը։ Անտառում արդեն ականջիդ է հասնում Ս. Գրիգորի աղբյուրի տխուր խոխոջյունը։ Մի փոքր էլ առաջ ես գնում, և կանաչ անտառում հանկարծ առաջդ հայտնվում են սպիտակ ավերակներ. Մամիկոնյանների Բարձրաքաշ նվիրական տաճարը։ Ափսո՛ս, որ ոչ մի կողմից հարմար տեղ չկա, և խիտ անտառն արգելում է լուսանկարչին նկարելու վանքի գեղեցիկ տեսարանները։ Դրա համար էլ այցելող լուսանկարիչները միշտ նրա արևելյան պատն են նկարում…»։

Իսկ ինչո՞վ էր Մամիկոնյանների տաճարն այդքան կարևոր և առանձնահատուկ Թումանյան լուսանկարչի և վավերագրողի համար: Եվ ի՞նչ կապ կա այդ հանգամանքի և այն փաստի միջև, որ 80-90-ական թվականների նրա նամակների մի մասը կրում է հենց «Հովհաննես Մամիկոնյանց-Թումանյան» կնքադրոշմը:

Բանն այն է, որ ըստ տոհմական ավանդության՝ Թումանյանները սերում են Մամիկոնյան նախարարական տան Համազասպյան ճյուղից, որը 10-11 դարերում Տարոնից գաղթել և բնակություն է հաստատել Լոռվա Դսեղ գյուղում: Այդ են հաստատում նաև 13-17-րդ դարերի մատենագրական և վիմագրական մի քանի աղբյուրներ, որոնցում Թումանյան և Մամիկոնյան ազգանունները հիշատակվում են որպես միևնույն տոհմանուններ: Թումանյանը ևս իրեն համարել է Մամիկոնյաններից սերված: Ավելին՝ տոհմագրության ուսումնասիրության համար առկա հավաստի աղբյուրների և ավանդությունների հիման վրա 1887-ին բանաստեղծը գրել է իր նախնիների «վարքագրությունը»՝ «Գործք հարանց»-ը:

Ավելի ուշ՝ 90-ական թվականներին էլ, կազմել է իր տոհմի ճյուղագրությունը՝ տոհմածառը, որը հասնում է մինչև Թումանյանին նախորդող յոթերորդ սերունդը. «ԺԱ դարում նրանք այդ ձորում շինեցին իրանց տոհմական գերեզմանատունն ու աղոթարանը`Բարձրաքաշ Սբ. Գրիգորի ճերմակ վանքը և ապահովեցին ընդարձակ կալվածներով ու գյուղերով, որ հիշատակվում են արձանագրությունների մեջ»։ Հ.Թ.

Եթե ուշադիր զննեք լուսանկարը` կտեսնեք, որ եկեղեցու պատի հարավային մասից մի կտոր պոկված՝ թեքվել է դեպի ձորը։ Դրա վրա երևում է գեղաքանդակ երկգլխանի թևատարած արծիվ՝ ճանկերում գառը բռնած։ Դա Մամիկոնյանների տոհմային զինանշանն է։ Միևնույն քանդակը կա նաև Դսեղ գյուղի եկեղեցու պատի վրա։

1901-ին Թումանյանը բազմաթիվ լուսանկարներ է արել նաև Անիի պատմամշակութային կոթողներից։ Նա այնտեղ կատարած այցի ժամանակ անհագորեն հիացել է պատմական մայրաքաղաքի հարուստ ճարտարապետությամբ: Գրողի ընտանիքի անդամները պահպանել և հետագայում թանգարանին են հանձնել Թումանյանի ֆոտոնեգատիվների հավաքածուն։

Բացառիկ լուսանկարները տրամադրել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը:

 

Աննա Բաբաջանյան

 

 

...