Տոնինո Գուերա՝ գիգանտների ժամանակակիցն ու հոգևոր եղբայրը

Աշխարհը գեղեցիկ կլինի նաև մեզնից հետո

Երբ 2006-ին երևանյան նորաստեղծ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հրավերով Անտոնիո Գուերան կնոջ՝ թարգմանչուհի Լորա Գուերայի հետ այցելեց Հայաստան, նա գիտեր, որ գալիս է իր ընկերոջ՝ Փարաջանովի երկիր: Արդեն եղել էր  Հայաստանում Փարաջանովի հետ և ամենը ինչ հասցրել էր տեսնել՝ իր հանճարեղ բարեկամի հայացքն էր այդ երկրին: 20-րդ դարի կինոյում ամենապահանջված սցենարիստին, դրամատուրգին, նկարչին ու պոետին շատ բան պետք չէր  մշտապես սիրահարված լինելու համար. պետք է սիրահարվես աշխատանքիդ, որ այն քեզ երջանկացնի, ստեղծագործական երջանկության տարիների փորձառությունը պարզ բանաձևի էր վերածում Մաեստրոն: Հայաստանին սիրահարվածությունը ծնվել էր անսահմանության զգացումից, որն ապրել էր առաջին այցելության օրերին: Իր երկրորդ այցի ժամանակ Տոնինո Գուերան 86  տարեկան էր, 120 ֆիլմերի հեղինակ, «Օսկարի» կրկնակի դափնեկիր և Կաննի 8 Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիր: Արդեն կորցրել էր իր ստեղծագործական ճանապարհի անբաժան ուղեկիցներին ու տարիների ընկերներին, որոնց վկայակոչում, կարոտում և  հիշում էր ամեն քայլափոխի՝ ֆեդերիկո Ֆելլինի, Անդրեյ Տարկովսկի, Միքելանջելո Անտոնիոնի, Մարչելլո Մաստրոյանի, Նինո Ռոտա, Սերգեյ Փարաջանով: Բայց Գուերան իր անկասելի լավատեսությամբ փաստում էր. «Աշխարհը գեղեցիկ կլինի նաև մեզնից հետո»: Նրա ընկերների  չափազանց տպավորիչ շարքում Ֆելլինին առանձնահատուկ էր՝ ոչ միայն  իտալական կինոյի չգերազանցված Վարպետը լինելու հանգամանքով, այլ որովհետև նրանց ճակատագրով էր վիճակված միասին անցնել կինոարարչագործության այդ բարդ ճանապահը: Նրանք երկուսն էլ Ռիմինիի ծնունդ էին՝ ծնվել էին նույն թվականին և նույն թաղամասում: Այն ինչ արեցին կինոյում այս երկու հանճարեղ իտալացիները, ստեղծագործական տանդեմի կատարյալ օրինակ է: Ֆելլինիի մասին պատմելու, վերհիշելու որևէ առիթ նա չէր շրջանցում, վաղուց հայտնի պատմություններն ու նորահայտ փաստերն այնպիսի տպավորիչ նովելի էր վերածում, ասես կինոկադրեր լինեին: Պատմում էր, թե ինչպես տարիներ առաջ ամերիկացի լրագրողները մի ամբողջ կարողություն են առաջարկել, եթե համաձայնի պատմել Ֆելլինիի բոլոր սիրային արկածների մասին և լսել Գուերայի հակիրճ պատասխանը՝ ընդամենը մեկ նախադասություն. «Նա սիրում էր կանանց»: Ֆելլինիի և կինոյի մյուս մեծերի հետ նրա գործակցությունը վերստին ապացուցեց, որ Գուերան գիգանտների  ժամանակակիցն էր, բարեկամը, գործընկերն ու հոգևոր եղբայրը: «Փոքր  երկրները լի են պոեզիայով, Հայաստանը ճանապարհորդություն է դեպի երկինք, ուղղահայաց ճանապարհորդություն՝ ոչ միայն եկեղեցիների պատճառով, որոնցից ամենաշատն եմ տպավորված, այլ որովհետև դա հոգևոր վերելք է: Երբ երկիրը փոքր տարածք ունի, ճամփորդում ես ժամանակի միջով: Ձեր տարածությունը դեպի երկինքն է ու դեպի անցյալը: Այդպիսի բան ոչ մի ժողովուրդ չունի: Ես մի հրաշալի երկիր գտա, որը հսկայական թվով խնդիրներ ունի որոնք հիմա նաև ինձ  են հուզում:»,- հայաստանյան այցի ընթացքում հայտարարեց Գուերան: Հետո ոգեշնչումը վերածվեց Հայաստանի մասին անպայման գրելու խոստումի ու նաև կանխատեսումը՝ «Ոսկե ծիրանը» կարող է վերածվել երկրի այցեքարտի: Հայաստանում անցկացրած մեկ շաբաթը նա  վերելքի շրջան որակեց ու խոստովանեց՝ Իտալիա վերադառնալիս իր հոգում և մտքում տանելու է Ավետյաց երկրի մի պատկեր, որը տիեզերական անսահմանության հետ է ասոցացվում և որին անվերջ խոնարվելու ցանկություն ես ապրում: Իտալական գողտրիկ Պեննաբիլլիի իր տանը ծնվող սցենարներին, բանաստեղծական շարքերին ու հեքիաթներին զուգահեռ Տոնինո Գուերան վերջին տարիներին տարվել էր խեցեգործությամբ ու նաև  շատրվաններ նախագծելով: Արդեն մեկ տարի անց՝ հաջորդ այցի ընթացքում, Գուերան Երևանում էր իր ցուցահանդեսով՝ կոլաժները զարդարող պոետիկ պատառիկներով, շատրվանների նախագծերով ու իր երևակայության թռիչքով: Անսպառ լավատեսությունը  Գուերայի հաղթաթուղթն էր: Առ այսօր Լորա Գուերան հիշում է նրա սիրելի արտահայտությունը. «Լավատեսությունը կյանքի բուրմունքն է, դա այն է, ինչ ծնվում է հոռետեսությունից:»

 

 Լուսանկարները՝ Զավեն  Սարգսյանի 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

... ... ...