Տոներն են մոտենում․․․

 

Երնե՜կ, թե այս Նոր տարին

Վերջ տար հայի ցավերուն․․․

Ռ․ Պատկանյան

 

Հայր Մովսեսն ասաց․

- Եթե պահենք մեր հայրերի պատվիրանները,

բարբարոսները այստեղ չեն գա, երաշխավորում եմ,

իսկ եթե ոչ, կավերեն, ինչպես որ եղավ։

 

«Սուրբ Հայրերի վարքն ու կենցաղավարությունը», հատոր Ա, Էջմ․ 2016, էջ 526

 

 

Այս տարի Ամանորի սեղանների շուրջը խմելու ենք «մեր զոհված տղաների հիշատակի կենացը»։ Մեկս կասի․ «Ես էդ տղերքի ցա՛վը տանեմ», մյուսս կհավելի․ «Էդ տղերքը որ չլինեին, հիմա էստեղ նստած չէինք լինի»․․․ Հետո կամաց-կամաց կանցնենք քաղաքականությանը, մեղավորներ կփնտրենք, հետն էլ հերթապահ կերպով կհավելենք․ «Մենք բոլորս ենք մեղավոր, ախպե՛ր» ։ Ու վերջ։ Գինարբուքը կշարունակվի սովորականի պես․․․

Ո՛չ մի բառ, ո՛չ մի կասկած անգամ այն մասին, որ գուցե ԽՈՍՔՆ ու ԷՄՈՑԻԱՆ այնքան զորեղ բաներ են, որ ոչ թե աշխարհաքաղաքական հանգամանքները, ոչ թե գերտերությունների շահերը, այլ մեր տրտունջները, մեր հայհոյախոսությունը, մեր շողոմ խոսքերն ու կեղծավորությունը հանգեցրին այս ողբերգությանը։
Ժամանակակից մարդու մտքով էլ չի անցնում, թե ինչ զորություն ունի խոսքը։ Այո՛, ում էլ հարցնես, կասի, որ դաստիարակությունը, անձի ներքին խաղաղությունը, հավասարակշռությունը կարևոր արժեքներ են, բայց այդ ամենի ընկալումը կմնա վերացարկված, չմարմնավորվող, իսկ դա նույնն է թե՝ ոչ այնքան վճռորոշ, որքան սոցիալ-քաղաքական պայմանները։ Մենք խոսում ենք իրականության հոգևոր կողմի մասին, բայց այն չափում ենք նյութական, շոշափելի «գործիքներով»։

Սոցիալական ցանցերում մեկին հայհոյում ենք օրնիբուն, մյուսին խրատում, երրորդին՝ շողոքորթում ոգևորված, և մեր մտքով էլ չի անցնում, թե ինչ արեցինք առաջինի հոգում, ինչպես վրդովվեցրինք երկրորդին և ինչպիսի մեծ մոլորության մատնեցինք երրորդին։ Հետո գուցե այն առաջինը թաքուն արցունքներն է կուլ տալու, երկրորդն ավելի կատաղի է պարտադրելու իր հայացքները մյուսներին, իսկ երրորդն իրեն կամաց-կամաց աստված է զգալու՝ գլխի էլ չընկնելով՝ ինչպես է օրըստօրե կորցնում իրականության զգացողությունը։ Ուրիշ էլ ինչպես է հասնունանում պատերազմը, ռեալ, շոշափելի, ամենաիսկական պատերազմը։

 

«Ես էդ տղերքի ցա՛վը տանեմ»․․․ Տղերքը գուցե թե հիմա շատ ավելի լավ տեղում են․ դու քո ցավը տար, թե կարող ես․․․