Թողած գործը մարդու ամենամեծ հուշարձանն է։

Մեր  ազգային երգարվեստի մեծ նվիրյալի՝ Հայրիկ Մուրադյանի տարեդարձն է: Մայիսի 3-ին Ժողովրդական երգ ու բանի մեծ գիտակը, պատմաբանը, հրապարակախոսը կդառնար 115 տարեկան: Հոբելյանը մեծ շուքով պիտի նշվեր Երևանում, բայց կորոնավիրուսի համավարակը ստիպեց հրաժարվել հոբելյանական միջոցառումների ծրագրից: Սակայն ամբողջ մայիսի ընթացքում «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում «Բարի լուսո» խորագրի ներքո կներկայացվեն մեր մշակույթի գործիչների, մտավորականների, երաժիշտների՝ Հայրիկ  Մուրադյանին նվիրված տեսանյութերը: ArtCollage-ի ընթերցողներին ենք ներկայացնում «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության նախագահ, ջութակահար Նարինե Դելլալյանի գնահատականը մշակույթի մեծ  երախտավորին:

 

Աշխարհի շէն, վեր կյութնին էր,

Կյութան չէլներ, աշխարհն ի՞նչ էր…

 

Իր երգերի պես մաքրամաքուր կյանքով ապրեց Հայոց երգի Հայրիկը, արարեց ու մեզ փոխանցեց իր հոգում ու մտքում կուտակված գանձերը։ Նա մեր ձեռքը բռնեց և տարավ մեր մեծ հայրենիքի ճանաչման ճանապարհով։ Ու դա արեց երգի միջոցով, չպարտադրեց ոչինչ, բայց մեր մեջ արթնացրեց ամենակարևորը. ո՞վ ենք մենք և դեպի ո՞ւր ենք գնում։ Նա իմաստուն էր և այդ իմաստության ուժով լռեցնում էր հոգում բնակվող ցավը, իմաստությունը կամք էր տալիս, որ երգի միջոցով մեր մեջ արթնացնի ամենակարևորը՝ մեր ինքնությունը, մեր դիմագիծը։ Իսկ ցավը միևնույն է, հնչյուններից դուրս էր պոռթկում և արտահայտվում իր խունացած աչքերում։ Էրկի՜ր, կարո՜տ…

10 տարեկան էր Նա, երբ Վասպուրական աշխարհից անցնելով եղեռնի մահվան ճիրաններով, անապատի ճանապարհներով, հասավ Հայաստան՝ հետը բերելով իր մանկության Շատախի անջնջելի հիշողությունները։ Հետո, հրաշալի գիտակցելով գործի խորքն ու էությունը, Հայրիկը ժողովրդից ստացածը սրբագրելով և լավագույն մեկնաբանությամբ վերադարձնում էր ժողովրդին։ Եվ մենք կրկին Կոմիտասի ու Հայրիկի, այլ նվիրյալների շնորհիվ ստացանք մեր ինքնության գաղտնագիրը՝ ազգային մշակույթը, որը ժողովրդի մտածողության, բնավորության, քաղաքակրթության ամենավառ արտահայտումն է։ Իսկ այն մշակույթը, որը մարդը կրում է իր մեջ, ոչ ոք այլևս չի կարող խլել իրենից։

Կոմիտասն ասում էր. «Այս երգերը մեր կյանքի պատկերներն են՝ դրված գեղեցիկ շրջանակի մեջ»։

Հայրիկն ասում էր. «Երգը մեր դիմագիծն է, մեր ինքնությունն է, մեր բնույթը։ Եվ ամեն երգի խորքում մեր մտածողությունն է, մեր անցյալի լավագույն հիշատակները, վկաները։ Նրանք ներկայացնում են մեր ժողովրդի բնավորությունը, ավանդույթները, սովորույթները։ Այն համախմբում է ազգին տխրության և ուրախության պահերին»։

Մարդիկ լսում էին Հայրիկի երգը, որ թրթիռն էր իրենց հոգու։ Նրանք լսում էին ու ուղղում կորացած մեջքը, հայացքը հառում դեպի հեռուն, որը մերն էր, մեր շենացրածը։ Նրա երգերի մեջ ժողովուրդն իրեն էր գտնում, կորուսյալ հայրենիքը, իր բնօրրանը, ու փոթորկվում էին հոգիները։

Եվ տեղի ունեցավ հրաշքը։ Ցավից, կարոտից կուչ եկած ու լռած սրտերը խոսեցին։

60-ական թվականներին տեղի ունեցավ ոգու զարթոնքը։ Այս ազգային պոռթկման մեջ, անկասկած, մեծ էր Հայրիկի երգերի ազդեցությունը։ Նրա շուրջն էին հավաքվում ամենատարբեր մասնագիտության տեր մարդիկ, ոմանք անգամ փոխում էին իրենց մասնագիտությունը և ամբողջովին նվիրվում ազգագրական մշակույթին ծառայելուն։  

Ստեղծվեցին համույթներ, որոնք Հայրիկն էր ղեկավարում. «Վանը», «Զարթոնքը» և այլ խմբեր։ Այնուհետև իր բազմատաղանդ դստեր՝ լեզվաբան ու երաժիշտ Մարո Մուրադյանի ղեկավարությամբ ստղծվեց «Ակունք» համույթը, որի գլխավերևում կրկին կանգնած էր ինքը՝ Հայրիկը, բոլորի Հայրիկը։ Ու օվկիանոսի վրա ընկնող ջրի կաթիլների պես իր շուրջը բազմաթիվ շրջանակների նման ստեղծվեցին նորանոր խմբեր։

Շատ հետաքրքիր մի գիծ է անցնում Հայրիկի ամբողջ կենսագրության ընթացքում։ Նա պաշտոնյա է եղել Հայաստանի ամենատարբեր մարզերում և որտեղ էլ լիներ՝ ստեղծել է մշակութային մի փոքրիկ կենտրոն ու գիտենալով արածի կարևորությունը՝ երգել է մարդկանց համար։ Եթե մի գյուղացու շուրթերից լսում էր մի անծանոթ երգ, խնդրում էր այն կրկին երգել, անգիր էր անում, լրացնում էր ու հավաքում։

Արվեստի ինստիտուտում Հայրիկը տարիների ընթացքում պարբերաբար իր անուշ, թավշյա բարիտոնով ձայնագրում էր այդ երգերը։ Բարեբախտաբար կուտակվեցին տասնյակ երգեր, որոնք անգնահատելի գիտական նյութեր էին նաև։ Այնուհետև Հայրիկի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մեր լավագույն մասնագետ, պրոֆեսոր Ալինա Փահլևանյանի շնորհիվ Հայրիկի  կատարած 150 երգերը հիմք դարձան «Հայրենի երգեր» չափազանց  արժեքավոր ժողովածուի համար, որը վերատպվեց երեք անգամ։ Ժամանակի հետ այս երգերն առավել արժևորում են ստանում, գուցե մեր կրթվելու շնորհիվ, մեր ազգային գիտակցության շնորհիվ ու կարող ենք լինում առավել խորությամբ գնահատել և կրողը դառնալ այս բացառիկ մշակույթի, որը ստեղծել է ժողովուրդը։

Որպես աստվածատուր պարգև Հայրիկին անսահման սիրով ու խոնարհումով էր վերաբերվում մեր ազգը, մեր չճանաչած պապերի հավաքական կերպարը։

Հազարամյակների խորքից եկած Հայրիկը դարձավ 115 տարեկան ու մի կյանք ապրեց, որ իր աշխարհափոխությունից հետո էլ շարունակում է կրթել, ուղղորդել և ձևավորել սերունդներ։

Թող որ մեր ժողովուրդը պահպանի իր հոգու սերմերը, և այդ սերմերը նոր հրաշք ծիլեր կընծայեն գալիքին։ Օրհնյալ լինի քո Անմահությունը, Հայրիկ։