Տիրան և Կարո Դավիթյաններ. «Մենք ներկայացնում ենք Մակեդոնիան՝ չմոռանալով մեր հայությունը»

Դավիթյան եղբայրները Սկոպյեից (Մակեդոնիա)՝ Տիրանը (ծն. 1977) և Կարոն (ծն. 1982), հայտնի են որպես բարձրակարգ երգահան-երգիչներ ջազային, ժամանակակից, էթնո, փորձարարական և գործիքային երաժշտության բնագավառներում: Երկար տարիներ ջազ-ֆյուժն ոճի «Պարամեսիում» նվագախմբում հանդես գալուց հետո նրանք հիմնել են «Դավիթյան եղբայրներ» դուետը, որն ունեցել է ավելի քան 500 համերգ ամբողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում: 2006 թ. նրանց ջազ ալբոմն առաջին անգամ Մակեդոնիայի պատմության մեջ արժանացել է Ազգային մրցանակի, մրցանակակիր են դարձել նաև լավագույն համերգի, լավագույն ալբոմների, լավագույն արտադրողների և այլ կատեգորիաներում։ Դավիթյանները գրել են ավելի քան 300 երաժշտական ստեղծագործություն, երաժշտություն թատերական բեմադրությունների և կարճամետրաժ կինոնկարների համար: 2009 թ. մրցանակների են արժանացել իրենց «Մակեդոնական սիրտը տրոփում է 7/8 չափով» նախագծի համար, որպես լավագույն արտադրողներ և գործիքավորողներ՝ տարվա լավագույն երաժշտական տեսահոլովակի և երաժշտական նախագծի կատեգորիաներում: Տիրանն ու Կարոն առաջին մակեդոնացի երաժիշտներն են, որոնք տոմսերի ամբողջական սպառումով համերգներ են ունեցել Նյու Յորքի հեղինակավոր Քարնեգի Հոլում և «Բլյու նութ» ջազ ակումբում։ Նրանց բեսթսելլեր դարձած խտապնակներից մեկը թողարկվել է ավելի քան 100.000 օրինակով:

Նրանց հայրը՝ Կարապետ Դավիթյանը, Մակեդոնիայում հայտնի ռոք լեգենդ է, հարվածային գործիքներ կատարող և երգահան, Բալկանյան տարածաշրջանում ռոք և ջազ-ֆյուժն երաժշտության հիմնադիրը: Իր 53-ամյա ակտիվ գործունեության ընթացքում Կարապետը հանդես է եկել ավելի քան 2000 մեծ համերգով՝ բալկանյան և արտերկրի ամենամեծ ռոք ու փոփ լեգենդների հետ մեկտեղ (Գորան Բրեգովիչ, Բիժելո Դուգմե, «Թայմ», «Սմակ», Օլիվեր Մանդիչ): 2012-ի սեպտեմբերի 8-ին, ի պատիվ Մակեդոնիայի հանրապետության, Կարապետ Դավիթյանը որդիների հետ երկրի պատմության մեջ առաջին անգամ Սկոպյեի մարզադաշտում բալկանյան երաժշտության ամենամեծ վոկալ աստղերի հետ հանդես են եկել համատեղ համերգով՝ ավելի քան 70.000 հանդիսատեսի առաջ: 2018-ին «Դավիթյան եղբայրներ» դուետը ստացել է «Եվրոպական ջազի դեսպաններ» հեղինակավոր մրցանակը:

2019-ին Կարո Դավիթյանը դարձել է աշխարհում հարվածային գործիքներ արտադրող մեծագույն ընկերության՝ ամերիկյան «Վիք ֆիրթի» արվեստագետ և հաստատագրող: «Վիք ֆիրթ-Զիլճյան» ընկերությունն արտադրում է հարվածային գործիքների փայտիկներ՝ Կարո Դավիթյանի ստորագրությամբ...

 

-Սիրելի Տիրան և Կարո, Մակեդոնիայի հայության պատմությունն ուսումնասիրելիս հաճախակի է հանդիպում Դավիթյան ընտանիքի անունը: Ձեր նախապապերից էր ժամանակի ամենահետաքրքրական հայերից մեկը՝ բժիշկ և լեզվաբան Ստեփան Դավիթյանը: Նրա հիշատակը կենդանի՞ է իր ժառանգների մեջ:

-Ցավոք՝ ոչ։ Մենք շատ քիչ տեղեկություններ ունենք մեր նախահայր Ստեփան Դավիթյանի կյանքի ու գործունեության մասին: Շատ ենք ցանկանում և հուսով ենք ապագայում նրա մասին ավելին իմանալ։ Մեր հայ պապն ու տատը, ցավոք, տեղեկություններ չեն թողել պարոն Ստեփանի մասին:

-Ուրեմն այսպես, Ստեփան Դավիթյանը (1830-1890)՝ ծագումով Կեսարիայից, նախքան լեհ գիտնական Զամենհոֆի էսպերանտոյի ստեղծելը, համընդհանուր լեզվի իր ծրագիրը ներկայացրել է Կոստանդնուպոլսի կայսերական բժշկական դպրոցի դասախոսներին: 1887-ին նա այս թեմայով հրատարակել է ֆրանսերեն ուսումնասիրություն՝ ներկայացնելով Փարիզի ակադեմիային։ Դավիթյանի՝ համընդհանուր լեզվի գաղափարը հիմնված է եղել գրաբարի՝ որպես կատարյալ լեզվի վրա... Լավ, հիմա հիշենք ձեր մեծ պապին` Կարապետ Դավիթյանին, որը նույնպես բժիշկ էր, ներքին և մանկական հիվանդությունների մասնագետ, նաև՝ գրող: Կարդացե՞լ եք նրա գրածները, ինչի՞ մասին էին...

-Բժիշկ Կարապետ Դավիթյանն առաջինն էր մեր ընտանիքից, որը հաստատվել է Մակեդոնիայում՝ աշխատանքի ուղարկվելով Կոստանդնուպոլսից: Նա շատ հարգված բժիշկ էր, Մակեդոնիայի բժշկական պալատի հիմնադիրը, կատարել է նշանակալի ներդրումներ, օգնել կարիքավորներին: Դոկտոր Դավիթյանը մեծ մարդասեր էր ու բարեգործ, մտավորական և բարի կամքի տեր անձնավորություն, որի մասին շարունակում են պատմել մինչև օրս: Նա խոսում էր մի քանի լեզվով, չափազանց նվիրված էր իր ընտանիքին։ Իր հայուհի կնոջ՝ Վիկտորյայի հետ մեծացրեց երկու որդի՝ Տիրանին ու Ստեփանին և Հերմինե դստերը: Նաև շատ էր սիրում կերպարվեստը, նկարում էր ռեալիստական պատկերներ և ընտանիքին թողեց մի քանի յուղանկար: Ինչպես նշեցիք, նաև գրող էր, բանաստեղծություններ էր գրում՝ հայերեն և ֆրանսերեն: Դժբախտաբար, հայրս ծնվել է նրա մահից հետո, ու հնարավորություն չի ունեցել հանդիպել նրան, ոչ էլ տեսել է նրա  գրվածքները:

-Հաջորդը ձեր պապն է՝ Տիրանը. ի՞նչ մասնագետ էր:

-Տիրան պապիկը դեղագործ էր: Ծնվել էր Սկոպյեում, սովորել Վենետիկի հայկական քոլեջում, բարձրագույն կրթությունը ստացել Փարիզում։ Վերադառնալով Մակեդոնիա՝ ամուսնացել է Արաքսի Մարտիկյանի հետ, որը մինչև այդ ապրում էր Սերբիայում։ Սկոպյեում ծնվել են նրանց զավակները՝ մեր հայր Կարապետը և նրա քույր Լուսիան: Տիրան պապիկը սիրում էր դասական երաժշտություն և օպերա, ֆիլատելիստ էր ու կոլեկցիոներ: Նրա եղբայր Ստեփանը ջութակահար էր, իսկ քույրը՝ Հերմինեն, դաշնակահարուհի, բնակվում էր Փարիզում (ամուսինը՝ գրող-լրագրող Հակոբ-Գրիգոր Ճըրճըրյանը, Մակեդոնիայի ֆիլհարմոնիայի հիմնադիրներից էր): Իր հոր նման՝ Տիրանը խոսում էր յոթ լեզով...

-Ձեր հայրը՝ Կարապետ Դավիթյանը, հարվածային գործիքներ նվագող մեծագույն բալկանյան երաժիշտն է, ուստիև զարմանալի չէ, որ դուք գնացիք նրա ուղիով...

-Կարապետը ևս ծնվել է Սկոպյեում, վաղ մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ՝ դաշնամուրի դասեր վերցնելով մորաքույր Հերմինեից, ապա կիթառ է նվագել: Կարճ ժամանակ անց նրա հիմնական գործիքը դարձել են հարվածայինները: Սկսել է նվագել Մակեդոնիայի՝ ժամանակի ճանաչված բոլոր երաժիշտների հետ: Կարապետի տաղանդն ու ունակությունը սովորականից բարձր էին, նա ճանաչվեց հարվածային գործիքների հանճար ու սկսեց հանդես գալ Մակեդոնիայի առաջին ռոք և ջազ նվագախմբերի հետ։ Սկոպյեի փառատոնի նվագախմբի հետ նա ձայնագրեց իր առաջին ձայնապնակը։ Ավելի ուշ դարձավ «Լեբ ի սոլ»  խմբի հիմնադիր անդամ, և նրա հարվածայինների կոմպոզիցիան  մեծապես նպաստեց, որ «Aber dojde donke» երգն արժանանա առաջին մրցանակի: «Լեբ ի սոլը» դարձավ նախկին Հարավսլավիայի պատմության ամենամեծ ռոք-խումբը, որը վաճառել է ավելի քան կես միլիոն ձայնապնակ և 13-ից ավելի ալբոմ: Մեր հայրը, ի թիվս այլ մրցանակների, բազմիցս պարգևատրվել է «Սուրբ Կլիմենտ Օհրիդսկի» ազգային մրցանակով՝ որպես ազգային նշանակության արվեստագետ: Նա թողարկել է 100-ից ավելի ալբոմ, ունեցել 3000-ից ավելի համերգ և բազում համատեղ նախագծեր Բալկանների ու արտերկրի մեծագույն նվագախմբերի և վոկալիստների հետ...

-Ինչպես տեսնում ենք, նույնիսկ լինելով չորրորդ սերնդի մակեդոնահայ՝ դուք պահում եք ձեր հայկական անունները: Ձեր հոր և ձեզ համար դժվար չէ՞ր գործել ոչ մակեդոնական անուններով:

-Այո, հեշտ չէր: Մենք սիրում ենք Մակեդոնիան, այն հիանալի երկիր է՝ զարմանալի մարդկանցով, հարուստ պատմությամբ և հանդուրժող հասարակությամբ: Շատ առումներով նման է Հայաստանին: Մենք չորրորդ սերունդն ենք ու մեծացել ենք՝ ամեն ինչ սովորելով այստեղ: Մեր ընտանիքը մասնակցել է այս երկրի հանրությունն ավելի լավը դարձնելու գործընթացին՝ ներդնելով իր կյանքը, միջոցներն ու ժառանգությունը: Հասկանալի է, որ ցանկացած ազգի համար բնական է՝ հիմնականում խրախուսել իրենց ծագումն ունեցող արվեստագետներին: Մակեդոնիայում ոչ տեղական անուն-ազգանուն ունենալը մեր հոր և մեզ համար մարտահրավեր էր՝ կրկնակի աշխատելու ու ճանաչման հասնելու: Ինչ որ արել ենք, արել ենք միայնակ՝ մի քանի ընտրյալ ընկերների աջակցությամբ: Հավատում ենք, որ ցանկացած երկրում որակը և ճիշտ մարդը ճիշտ տեղում լինելը հաջողության համար ավելի կարևոր գործոններ են, քան ազգային պատկանելությունը: Մարդիկ, որոնք աշխատում են ի շահ մեկ երկրի, ավելի արժեքավոր են, քան նրանք, որոնք ոչ մի օգուտ չեն տալիս հանրությանը, այլ պարզապես տվյալ երկրի բնիկներն են: Շնորհակալ ենք Մակեդոնիային, որը մեր տունն է, և նրանց, որոնք  սիրում ու աջակցում են մեզ: Մենք հարազատորեն ներկայացնում ենք Մակեդոնիան՝ պահպանելով ամենաբարձր որակը և հավատարմությունը ու միաժամանակ հարգում ենք մեր հայ ծագումը՝ երբեք չմոռանալով այն: Ցեղասպանությունից հետո, ցավոք, չգիտենք, թե Հայաստանում ունենք արդյոք ընտանեկան կապեր...

-Ի՞նչ հայկական ավանդույթներ ունեք:

-Մենք հաճախ նշում ենք հայկական տոները, Սուրբ Ծնունդը, Սուրբ Կարապետի օրը`որպես մեր հոր անվան տոն, մեր ընտանիքի և ընկերների ճաշացանկում հաճախակի են հայկական ուտեստները։ Անշուշտ, մենք վայելում ենք մեծն Կոմիտասի, Խաչատրյանի, Օրբելյանի, Ազնավուրի, Լևոն Մալխասյանի, Տիգրան Համասյանի, Արթո Թունջբոյաջյանի և շատ ուրիշների երաժշտությունը:

-Ի՞նչ կասեք Մակեդոնիայի հայ համայնքի մասին:

-Մեր համայնքն ունի ավելի քան 100 անդամ: Մեծ հարգանք է վայելում, բայց այնքան էլ ակտիվ չէ, և, առհասարակ, անդամների միջև շատ հարաբերություններ չկան: Մի շարք մակեդոնացիներ, շատ հարգալից ընկերներ, նույնպես մեր համայնքի անդամ են: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հավանաբար, ամեն տարի հայերին միավորող հիմնական իրադարձությունն է: Ունենք բժիշկներ, վիրաբույժներ, զբոսաշրջության գործակալությունների տնօրեններ, թանգարանների վարիչներ, մտավորականներ, տնտեսագետներ ու իրավաբաններ և ուրիշներ, որոնք Մակեդոնիայում ապրող հայեր են կամ կես հայեր:

-Հայաստանը համարվում է ջազային երկիր: Երբևէ եղե՞լ եք ձեր նախնիների երկրում: 

-Այո, մի քանի անգամ՝ «Մեցցո փրոդաքշընի» ու նրա ղեկավարության հրավերով, որոնք բարձրակարգ մասնագետներ և ընկերներ են՝ Կամո Մովսիսյանը, Անի Սաղոյանը և Գայա Պողոսյանը: Մենք համերգներ ենք ունեցել «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ դահլիճում, «Մեցցո» ակումբում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնի համերգասրահում և այլուր: Հնարավորություն ենք ունեցել հանդիպելու այնպիսի հիանալի երաժիշտների հետ, ինչպիսիք են Հայաստանի պետական ջազ նվագախումբը, որն արտակարգ է (հատկապես փողայինների կազմը շշմեցուցիչ է), դաշնամուրի լեգենդ Լևոն Մալխասյանը, մեկ այլ լեգենդար դաշնակահար՝ Վահագն Հայրապետյանը, վիրտուոզ սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, Արմեն Մանուկյանը՝ մեծ մարդ և լավագույն երաժշտական լրագրող, «Արմենիան նեվի բենդի» անդամները, Գոռ Սուջյանը «Դորիանսից», Կարեն Մամիկոնյանը, Հայկական Առաջին և «Շանթ» հեռուստաալիքների հիանալի ու ընկերասեր լրագրողները և այլք: Բոլորն էլ հրաշալի մասնագետներ ու մարդիկ են: Զարմանալի փորձառություն էր տեսնել մեր նախնիների գեղեցկությունը` Արարատ լեռը, քրիստոնեական ամենահին եկեղեցիներից Սուրբ Էջմիածինը, Ցեղասպանության թանգարանի հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում, Մատենադարանը, Երևանի գեղեցիկ կենտրոնը, Կասկադը և այլն… Հայաստանն ունի երաժշտության և մշակույթի հիանալի ավանդույթ. նույնիսկ տաքսիների վարորդները ռադիոյում դասական և ջազ երաժշտություն են լսում: Անհամբերությամբ սպասում ենք, թե երբ ենք նորից մեկնելու Հայաստան...

 

Հեղինակ՝ Արծվի Բախչինյան