Թիլդա Սուինթոն. «Երջանիկ լինելը սովորություն է դառնում»

Մենք  պետք է որոշենք, թե ինչ ենք անելու մեր հույզերի հետ

Բրիտանացի դերասանուհի, մոդել Քեթրին Մաթիլդա Սուինթոնը հայտնի է որպես Թիլդա Սուինթոն: Մեր ընթերցողներին ենք առաջարկում Կատրին Կաստրոյի «Անընկալելի Թիլդա Սուինթոնը» հոդվածը ,որը հրապարակվել է 2014 թվականին՝ «Մարի Կլեր»- Marie Claire ֆրանսիական պատկերազարդ ամսագրում:

 

***

Մենք տեսել ենք նրան կրքոտ սիրուհու դերում «Ես սերն եմ» ֆիլմում, հանդիպել ենք անարժան մոր դերում «Քևինի հետ ինչ-որ բան այն չէ» կինոնկարում: Մենք մտածում ենք, որ նա դերասանուհի է, բայց սկզբում նա ուզում էր գրող դառնալ։ Մենք գիտենք, որ նա սերում է բարձր հասարակությունից՝ տեղեկանում ենք, որ կոմունիստ է եղել... Անընկալելի Թիլդա Սուինթոնը:

Նրանք հալածում են, հետապնդում դերասանուհիներին։ Լինել ամենաերիտասարդը, ամենասեքսուալը, ամենաշահութաբերը... Միայն ոչ Թիլդա Սուինթոնը, որը վեր է վիճաբանությունից, սավառնում է՝ նրբագեղ թռչունի նման տարածելով իր թովչանքը:

Եվ բոլորովին կարևոր չէ, որ նա 50 տարեկան է և կնճիռներ չունի, քանի որ նրա ուժն այլուր է՝ նրա անսովոր գեղեցկության մեջ, նրա խորաթափանց կանաչ աչքերում, այդ ճշտորոշ, մտահնար մտածողության մեջ:

«Քևինի հետ ինչ-որ բան այն չէ» ֆիլմը նրա վերջին ընդունած «գրազն» է՝ մի ֆիլմ, որի համապրոդյուսերը նա կցանկանար լինել: Լին Ռեմսի խցիկի առջև նա մարմնավորում է մի մոր կերպար, որին չի հաջողվում հարաբերություններ ստեղծել որդու հետ: Վերջինս 16 տարեկան դառնալուց մեկ օր առաջ կոտորած է սկսում։ Այս դերում Թիլդան պարզապես շշմեցուցիչ ճշգրիտ է:

Որովհետև այս յուրօրինակ արարածը, որը շոտլանդական ծագում ունեցող ազնվական ընտանիքից է, ոչնչից չի վախենում: Կրթություն ստանալով նույն քոլեջում, որտեղ ուսանել է ապագա Լեդի Դին, իր դասարանի աղջիկների վրա գործադրած սոցիալական ճնշումը նա վերամշակում էր՝ դարձնելով ազատություն: Հեղինակային ֆիլմերի հավերժահարսը, ավանգարդի մուսան, շքեղ ապրանքանիշերի արտիստիկ դեմքը. նա շինծու կեցվածք չի ընդունում, նա համարձակվում է մարդկանց աչքերին ուղիղ նայել՝ չդատապարտել, պաշտպանել այն նախագծերը, որոնք ինքը գնահատում է...

Հանդիպում հիպնոսի ենթարկող գրավչություն ունեցող կնոջ հետ:   

«Մարի Կլեր» -Ի՞նչ եք մտածում այս ֆիլմի մոր կերպարի մասին: Մայրական սիրո բացակայությո՞ւնն է նրա որդուն դարձրել մարդասպան։

Թիլդա Սուինթոն -Հենց դա է ֆիլմի հարցը, որի վրա մենք մեր ամբողջ ուժով աշխատեցինք… չպատասխանել: Բայց դաժան երեխաների մայրերը պետք է անընդհատ իրենք իրենց այս հարցը տան: Եվ որպես ծնող , վաղ, թե ուշ, երբ մեր երեխան հարվածում է այլ երեխայի, մենք բոլորս հարցնում ենք մեզ՝ ո՞րն է մեր պատասխանատվության բաժինն այն բանում, թե ինչ են իրենցից ներկայացնում մեր երեխաները և ինչ են նրանք դառնալու:

«Մարի Կլեր» -Անձամբ Դուք ի՞նչ եք կարծում։

Թիլդա Սուինթոն -Հարցն հետևյալն է. «Որտե՞ղ է բռնությունը՝ որդու, թե՞ մոր մեջ»: Ահա թե ինչն է սարսափելի այդ մոր համար. բռնությունը, որը նյութականացվում է նրա որդու միջոցով, իր սեփական բռնությունն է։   

«Մարի Կլեր» -Դուք Կաննում ասացիք, որ երեխաներ ունենալն առնչվում է արյան հետ: Դուք երկու երեխա ունեք…

Թիլդա Սուինթոն -Այո, ես ունեմ երկվորյակներ՝ աղջիկ և տղա: Ծնունդը կապ ունի արյան հետ, կյանքի և մահվան, և տեղափոխում է մեզ դեպի այս հիրավի դաժան «թագավորությունը»: Ոչ մի կին պատրաստ չէ դրան։ Այդ մասին հիշատակելու փաստն արդեն իսկ տաբու է։

«Մարի Կլեր» -Դուք մտերի՞մ եք Ձեր երեխաների հետ:

Թիլդա Սուինթոն -Մենք շատ, շատ կապված ենք իրար, մենք իսկապես լավ հասկանում ենք միմյանց։ Բայց ես հիշում եմ, թե ինչպես մի օր որդիս ինձ մարտահրավեր նետեց: «Ո՛չ», կոպիտ կերպով ասաց նա: Նա 3 տարեկան էր։ Ես նայում էի նրան, մտածելով. «Դու իրոք ինձանից տարբերվում ես»: Ես մտածում էի, որ մենք նման ենք իրար: Այդ պահին հասկացա, որ եթե մենք ընդհարվենք, ապա մեզ համար շատ դժվար կլինի։ Ֆիլմի ամբողջ ընթացքում ես անդրադառնում էի այս առճակատման զգացմանը. մի կողմից նա և դեմ հանդիման՝ նրա մայրը:

«Մարի Կլեր» -Դուք նաև ասել եք, որ Դուք Ձեզ չեք բնորոշում որպես դերասանուհի:

Թիլդա Սուինթոն -Երբ ես ճանապարհորդում եմ, որևէ երկիր մուտք գործելու հարցաթերթիկներ լրացնելիս, երբեք ինձ չեմ ներկայացնում որպես դերասանուհի։ Ես երբեք չեմ ուզել դերասանուհի դառնալ, սա կարծես մոլորություն, շեղում լինի: Ես բանաստեղծուհի էի և ուզում էի գրող դառնալ: Ես հիացած եմ, որ գործերն այս ընթացքն են ստացել: Բայց ամեն անգամ, ֆիլմի վրա աշխատելիս, ես կցանկանայի, որ այն վերջինը լիներ: Հետևաբար, «Քևինի հետ ինչ-որ բան այն չէ» վերջինն է:

«Մարի Կլեր» -Ինչո՞ւ:

Թիլդա Սուինթոն -Ֆիլմ ստեղծելն այնքան երկար է: Այս մեկը արվել է բավականին արագ՝ երեք կամ չորս տարվա ընթացքում, մինչդեռ մեր նախորդ՝ «Ես սերն եմ» (կինոռեժիսոր Լուկա Գուադանյինո, խմբ.) ֆիլմը մոնտաժելու համար մեզնից պահանջվեց 12 տարի: Սա տոկունության փորձություն  է:

«Մարի Կլեր» -Շարունակո՞ւմ եք գրել:

Թիլդա Սուինթոն -Իհարկե՛: Գրում եմ ֆանտաստիկ գրականություն, բայց հատկապես ակնարկներ կինոյի մասին: Այլևս ոչ մի բանաստեղծություն։ Եվ  աշխատում եմ ռեժիսորների հետ նախագծերի վրա։ Ես փոքր սերմեր եմ գցում, սպասում եմ, թե երբ նրանք ծիլեր կտան։

«Մարի Կլեր» -Ինչպիսի՞ն էր  Ձեր մանկությունը։

Թիլդա Սուինթոն -Երբ ես 10 տարեկան էի, ծնողներս ինձ տեղափոխեցին քոլեջին կից  գիշերօթիկ դպրոց աղջիկների համար: Բրիտանական փակ դպրոցները շատ խիստ հաստատությունների համբավ ունեն… Կյանքը, որպես այդպիսին, իմ քոլեջում առանձնապես ծանր չի եղել: Մյուս կողմից, ինչպե՞ս այն կարող էր հեշտ լինել, երբ տասը տարի ընտանիքից հեռու ես ապրում: Ծնողներս ապրում էին Գերմանիայում, ես՝ Անգլիայում, ես միայն դպրոցական արձակուրդների ժամանակ էի տեսնում նրանց:

«Մարի Կլեր» -Դուք դրանից շատ էիք տառապո՞ւմ:

Թիլդա Սուինթոն -Այո՛: Այս դաստիարակության իրական շահողներն իմ երեխաներն են։  Մենք երբեք երեք շաբաթից ավելի միմյանցից չենք բաժանվում:

«Մարի Կլեր» -Մի քանի տարի առաջ տաբլոիդներում Ձեզ մեղադրեցին, որ Դուք նույն հարկի տակ եք ապրում  Ձեր երեխաների, նրանց հոր և Ձեր սիրելիի՝ Սանդրոյի հետ:

Թիլդա Սուինթոն -Սա հերյուրանք է։ Սանդրոն, մեր երեխաները և ես ապրում ենք Շոտլանդական լեռնաշխարհում, Ջոնը՝ երկվորյակների հայրը՝ Էդինբուրգում: Մի խոսքով, անկեղծ ասած՝ արտասովոր ոչինչ չկա: Փաստն այն է, որ մենք շատ լավ ընկերներ ենք։

«Մարի Կլեր» -Դուք սերում եք արիստոկրատական միջավայրից ։ Ձեր ընտանիքը ցանկանում էր, որ Դուք ամուսնանաք դքսի հետ…

Թիլդա Սուինթոն -Կարծում եմ, որ միակ բանը, որ նրանք ցանկանում էին ինձ , այն էր, որ ես ամուսնանամ և երջանիկ լինեմ:

«Մարի Կլեր» -Դուք ոչ միայն չամուսնացաք, այլ նաև 20 տարեկանում կոմունիստ դարձաք …

Թիլդա Սուինթոն -Փակ դպրոցում ես մեծացել եմ հասարակության «սահմաններից դուրս»: Իմ ծնողները շարունակ ճամփորդում էին, ես երկար ժամանակ այն զգացումն ունեի, որ գտնվում եմ տնից դուրս: Դրանից հետո ես երկու տարով որպես կամավոր մեկնեցի Աֆրիկա։ Վերադառնալուց հետո ընդունվեցի համալսարան: Քեմբրիջում ես կոմունիստ դասախոսներ ունեի, մտավորականներ, որոնք 30-ական թվականներին էին անդամակցել այդ կուսակցությանը: Նրանք ինձ շատ բան սովորեցրին։ Այդ ժամանակ, այդ տարիքում ես խմբի մաս լինելու կարիք ունեի: Դա նման էր հասարակության հետ իմ առաջին իսկական հանդիպմանը: Հիրավի, ես վերջապես դարձա՝ ես: Ինձ համար կարևոր էր սոցիալական փոփոխություններին մասնակցելը, կոլեկտիվ տեսակետ ունենալը: Այդ պահից ի վեր հասարակությունը փոխվել է, ես փոխվել եմ: Միացյալ Թագավորությունում այլևս կոմունիստական կուսակցություն չկա։

«Մարի Կլեր» -Ի՞նչ առումով եք փոխվել:

Թիլդա Սուինթոն -Ես շատ ավելի քիչ եմ քաղաքականացված, քան նախկինում: Ես ապրում եմ գյուղում՝ աշխարհի ծայրին: Մենք մեր կյանքը կազմակերպել ենք նոր ձևով: Իմ աշխատանքը բերում է նրան, որ ես մի միկրոկոսմոսի մասնիկ եմ դառնում՝ միջազգային աստղերի աշխարհի մասնիկ, որը հասարակության սահմաններից դուրս մի փոքր «բացառիկ» տիեզերք է:

«Մարի Կլեր» -Երբևէ ցանկացե՞լ եք ապրել Հոլիվուդում:

Թիլդա Սուինթոն -Ինչո՞ւ պետք է անեմ դա: Հնարավոր է, որ ես ավելի հայտնի եմ խոշոր ֆիլմարտադրություններին իմ մասնակցությամբ, բայց ես մասնակցել եմ ընդամենը վեց խոշորամասշտաբ նախագծեի, այն դեպքում, երբ նկարահանվել եմ հիսուն ֆիլմերում։

«Մարի Կլեր» -Ինչո՞ւ եք խաղում բլոկբաստերներում:

Թիլդա Սուինթոն -Որովհետև ինձ խնդրում են։ Դա նման է նրան, որ քեզ տոնի հրավիրեն: Դա զվարճալի է և հավասարապես՝ շահավետ: Ինձ վարձում են, ինձ վճարում են, դա ճիշտ հավասարակշռություն է ստեղծում։

«Մարի Կլեր» -Ինչպե՞ս  է ընթանում Ձեր կյանքը, երբ դուք չեք աշխատում:

Թիլդա Սուինթոն -Ես դպրոց եմ տանում երեխաներին, գնումներ եմ կատարում, շներիս հետ զբոսնում եմ լողափով, անցնում գործի, հետո գնում եմ երեխաներին վերցնելու դպրոցից։ Իսկ գիշերը վերսկսում եմ աշխատանքս։

«Մարի Կլեր» -Գիշերը Ձեզ ոգեշնչո՞ւմ է:

Թիլդա Սուինթոն -Սանդրոն՝ իմ սիրելին, նկարիչ է, նա սիրում է գիշերներն աշխատել, իսկ ես գրում եմ:

«Մարի Կլեր» -Նա Ձեզնից ավելի երիտասարդ է: Ինչպես եք ապում:

Թիլդա Սուինթոն -Շատ հազվադեպ է լինում, երբ ես գիտակցում եմ այդ փաստը: Այդ պահերն արտահայտվում են նրա չապրած ժամանակահատվածի մաս կազմող երաժշտության կամ ֆիլմերի միջոցով: Նա ինձնից երիտասարդ է տասնյոթ տարով և, որքան էլ տարօրինակ է, իրեն ինձնից ավելի մեծ է զգում: Տարիքը կողմնորոշում չէ։ Երկվորյակների հայրն ինձնից մեծ է քսանմեկ տարով։

«Մարի Կլեր» -Թվում է, թե Դուք շատ երջանիկ եք...

Թիլդա Սուինթոն -Ես կարծում եմ, որ երջանկությունն է որոշում: Երբ ես երեխա էի,  տպավորություն ունեի, որ կյանքս ինձ չի պատկանում: Ես որոշեցի, որ երբ ապրեմ իմ կյանքով, ես երջանիկ եմ լինելու։ Հենց նոր դուք հիշատակում էիք գիշերօթիկ դպրոցը: Ամենևին չցանկանալով դրամատիզացնել, կարծում եմ, որ սա ընտրություն է՝ թույլ չտալ, որ բարեկիրթ հասարակությունը և նրա օրենքները կործանեն քեզ։

Երբեմն ես կրկին քայլում եմ քաղաքի փողոցներով և ասում ինքս ինձ. «Ինձ հաջողվեց փախչել»: Երեսունհինգ տարի անց, սա տարօրինակ է։ Հետևաբար, այո՛, մենք ընտրություն ունենք: Մենք պետք է որոշենք, թե ինչ ենք անելու մեր հույզերի հետ: Եվ  երջանիկ լինելը սովորություն է դառնում։

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի