Տիգրան Մանսուրյանը՝ Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակի առիթով.

Դրոշմանիշի չափ այս հողակտորից Ֆոլկներ դառնալու ուժ կա իր մեջ

Մաեստրոն ելույթ է ունեցել «Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի» ընտրանի-օրագրի շնորհանդեսին

 

Ես տեսնում եմ, որ հիմա մի նոր ալիք է գոյանում Մաթևոսյանի ստեղծած ժառանգության շուրջ, որը նախ և առաջ դիմադրությամբ, բայց, այնուամենայնիվ, մեր աչքի առջև օրեցօր կայանում է իբրև կենտրոն, որ վեր պիտի խոյանա: Մի կողմից սա է, մյուս կողմից ՝ այդ տան խորհրդի խորքերը պարզաբանող մի ընթացք, հենց այսօրվա երեկոն, այս գիրքը, որ ցույց են տալիս, թե ինչու պիտի լինի այդ տունը: Այդ հարցականն օդում է կարծես թե: Սա մի փոքրիկ ակնարկ է այն մասին, թե ինչու պիտի լինի այն: Եվ այսպիսի արժեքների շուրջ մեկնաբանումներ, արծարծումներ, վերլուծություններ անելն ու մտքի նոր շերտեր բացահայտելն իր գրականության մեջ կարևոր են: Ահավասիկ սա մի հյուլե է, որը, վստահ եմ, տան խոյացման հետ հոգևոր իր կյանքը կստանա, իր հունը կբացի:

Մենք իրոք լուրջ հարցականների շրջանակում ենք․ գրականություն, արվեստ, հայոց հազարամյա լեզու, նրա հենքի վրա գոյացած խնդիր։ Այս ամբողջի մեջ մենք երեք հիմնական արժեքների շուրջ ենք մշտապես հավաքվել, երբեմն մեկին ավելի հարազատ տեսնելով՝ մյուսները հաճախ համարել ենք ոչ ակտուալ, ոչ այժմեական։ Ես նկատի ունեմ պետականությունը, հայ մշակույթը և հայոց եկեղեցին։ Այս եռանկյունին, որ մշտապես մեզ պահել է դարերով, այսօրվա իրականության մեջ մի նոր հարաբերությունների շրջանակ է գծում, մի նոր, չասեմ մրցակցային ոգի այս երեքի միջև, բայց կա մի բան, որ ամեն մեկն իր արժանի տեղը գրավելու լուրջ պահանջներ ունի, և պարզվում է, որ երբեմն այս պահանջը կռիվ անելու աստիճանի եռանդ է պահանջում։ Զարմանալի է, բայց այդպես է։

Ահավասիկ քիչ առաջ մենք խոսում էինք այն մասին, որ Հրանտը աշխատում էր բացասական երևույթների վրա մատը չդնել, ցավի վրա չդնել, և թողնել, որ սերունդը գա ու ավելի հավատավոր լինի, այս մռայլություններից դուրս կարողանա վաղվա օրը ստեղծել։ Այդպես բոլոր մեր մեծերն են եղել։ Ես առիթ եմ ունեցել շատ մոտից շփվելու Մարտիրոս Սարյանի հետ։ Այն Սարյանը, որը շատ լավ գիտեր դարասկզբից մինչև հեղափոխությունը, հայ մշակութային արժեքները՝ Թումանյանից ու այդ շրջանից սկսյալ, անցավ մի զարհուրելի ճանապարհ կյանքի, արվեստի կյանքի, ոչ թե անձնական։ Եվ, այնուամենայնիվ, երբեք հարկ չհամարեց մռայլությունից խոսել, խոսել հուսահատությունից, խոսել մերժողական դիրքերից։ Մշտապես մեր մեծերը այսպիսին են եղել։ Զորօրինակ այն փոքրիկ ակնարկները, որոնք յուրաքանչյուր մեծ թողել է լուսավոր վերաբերմունքին զուգահեռ, ակնարկներ՝ գոյություն ունեցող լուրջ խնդիրների մասին։

Ըստ երևույթին, հնարավոր է, որ եկել է մի ժամանակ, երբ պետք է այս բաներն ավելի բարձրաձայնել։ Այս խնդիրները մեր ինքնության ճանապարհին են, և այս խաչմերուկում Հրանտ Մաթևոսյանի դերը բացառիկ է։

Գիտեք, ես նորից ուզում եմ հիշել այն ռադիոհաղորդումը, որ տարիներ-տարիներ առաջ լսում էի․ Մոսկվայում գրական հարցեր էին քննարկվում, և խոսվում էր արժեքների մասին, անուններ էին հիշատակվում, և այդ քննարկման մասնակիցներից մեկը հայտարարեց, թե ինչի մասին ենք խոսում, երբ այստեղ խորհրդային գրականության նոր անուններից, նոր երևույթներից այն մեկը, որին ուզում եք առանձնացնել, այստեղ չէ, նա Հայաստանում է։ Անշուշտ, հազիվ թե այդ բաները Հրանտը լսած լիներ։ Հետո ես քանիցս իրեն այդ ռադիոհաղորդման բովանդակությունը պատմել եմ։

Գիտեք․․․ ինչի մասին է խոսքը։ Այստեղ մեծ հաշվով խոսում ենք այնպիսի երևույթների մասին, որոնք չպետք է տեղայնացնել, տեղական արժեքների նյութ դարձնել, այլ պետք է նկատել որպես համամարդկային արժեքներ, տեսնել համամարդկային լուրջ, բարդագույն խնդիրների առանցքում։ Ներողություն, որ խոսքս մի տեսակ ստացվեց։ Սրանք իմ մտմտուքներն են, նկատի ունեցեք, և ոչ մի պոռոտաբանություն չկա ասածիս մեջ։ Եթե այդպիսիք նկատում եք, ներողամիտ եղեք, խնդրում եմ։ Պարզապես Անդերսենի՝ Ֆոլկներին ուղղված այն փոքրիկ, նշանավոր դիտողությունը, թե դու գյուղի տղա ես, իսկ մեծ գրականություն ստեղծելու համար բավական է դրոշմանիշի չափ մի հողակտոր, և դրա վրա կարող ես ստեղծել մեծագույն գրականություն։ Ինչը որ եղավ իրականության մեջ։ Եվ այս պարագայում գյուղագրություն ասվածը, տեղականը, մասնավորն առանձնացնելու այս հոգսերը բացարձակ անիմաստ են դառնում, որովհետև այդ փոքրիկ հողակտորից, դրոշմանիշի չափ այս հողակտորից Ֆոլկներ դառնալու ուժ կա իր մեջ։ Ուրեմն ճիշտ այդպիսի մի իրականության հիմքի վրա ստեղծեց իր գրականությունը Մաթևոսյանը։

Ես ապրեցի մի ժամանակ, երբ մենք առօրեական էինք։ Մենք հարաբերվում էինք իբրև եղելություն, որ կա, ու դա ձրի է։ Այդպես էինք Հակոբ Հակոբյանով, Փելեշյանով, Արմեն Հովհաննիսյանով։ Այս շփումները մտերիմների շփումներ էին, և դրանք այսպիսի հեռատեսության ծրագրեր իմ մեջ հազիվ թե արթնացնեին։ Այն ժամանակ մեծավ մասամբ Հրանտի նկատմամբ այդ խոր հայացքը կար մի քանի ավագներից, որոնց շարքում էին Համոն, Ալեքսան Մատվեիչը․․․ Այդ փոքրիկ մի շրջապատը, որ գիտեր, թե ով է Հրանտ Մաթևոսյանը։ Մեր սերունդը, իհարկե, գիտեր, բայց այն խորհուրդը, այն խորքերը, որ այսօր են տեղի ունենում կյանքի բերումով, հիշատակածս եռանկյունու բերումով, լուրջ հարցեր են իրականության մեջ՝ պետականության կայացումը, եկեղեցին, արվեստն առհասարակ, ինքնությունը, արժեքների համակարգը, հոգևոր արժեքների համակարգը։

Գեղեցիկի բնագավառում, բացառիկի բնագավառում մի լավ շրջան է սկսվում, որտեղ կայացման ընթացքի ուղղությամբ իր հսկայական ծառայությունն է առաջարկում Հրանտ Մաթևոսյանը։ Եվ շատ կարևոր է, որ սա տեղի է ունենում ոչ թե գեղանկարչության, թատրոնի, երաժշտության, կինոյի բնագավառներում, այլ հենց գրականության մեջ՝ իր առաջնորդությամբ։

Մեր հավատքը մշտապես եղել է հավատք դեպքի գրականություն, դեպի լեզու։ Հենց այս պարզ խոսքը, որ ասում է՝ ես մեռանիմ, դառնամ ի հող, գիրս մնա հիշատակող․․․ Այդքան վստահություն, որ այստեղ է անմահությունը․․․ Բայց այս միամիտ արտահայտության տակ ժողովուրդը դրել է իր խոր սրբազան ակնածանքը լեզվի և հետևաբար՝ գրականության նկատմամբ։ Մենք և արվեստի բոլոր տեսակները, իհարկե, մշտապես հետևել ենք, եթե կարողացել ենք հետևել, լեզվին, գրականությանը։ Հիմա՝ այս պահին, Հրանտ Մաթևոսյանի դերն այս թոհուբոհի մեջ․․․ Բարդ է, անասելի բարդ իրականության մեջ ենք ապրում։ Երանի այս լարվածությունը մի օր վերջանա, և մի քիչ այս մշուշը ցրվի, ու ամեն արժեք իր տեղը զբաղեցնի, հանգիստ, հավասարակշիռ, առանց ջղաձգումների, առանց կայացման հիվանդագին շարժումների։ Երանի գա այդ օրը։ Եվ վստահ եմ որ այստեղ Հրանտի դերը չափազանց մեծ է։

 

  

Երևան, 13-ը փետրվարի, 2020 թ., Աբովյան փողոց, «Զանգակ» գրատուն

Պատրաստեց  Արմեն Սարգսյանը