The Beatles-ը և հայերը

Ինչ առնչություններ է ունեցել լիվերպուլյան քառյակը հայերի հետ։ Հարցի պատասխանը չի սահմանափակվում Ազնավուր և The Beatles փոխազդեցությունների պատմությամբ, չնայած առանձնապես նշանակալի այլ կապեր չեն եղել, բայց եղածն էլ ոչ միշտ կարելի է հպանցիկ կամ աննշան համարել։

1964 թվականի հունվար-փետրվարին Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում տեղի ունեցած The Beatles-ի հյուրախաղերի ժամանակ հոր կողմից քառորդ չափով հայուհի Սիլվի Վարդանը նրանց հետ հանդես էր գալիս մեկ ծրագրում: Քաջ հայտնի են Սիլվիի և քառյակի համատեղ լուսանկարների շարքերը։ Իսկ 2008-ին, երբ Փոլ Մաքքարթնին ելույթ էր ունենում «Օլիմպիայում», Սիլվին ու բիթլը կրկին հանդիպեցին։

Ֆրանսահայ լուսանկարիչ Ռոժե Կասպարյանը 1964-1965թթ․ խմբին ուղեկցելու հնարավորություն ունենալով՝ ստեղծել է բիթլների լուսանկարչական շարքեր, որոնք հետագայում ներկայացվել են ցուցահանդեսներում։ Նա ուշագրավ հուշեր ունի, թե ինչպես փարիզյան առաջին համերգների ժամանակ հանդիսատեսը նախապատվությունը տալիս էր Սիլվի Վարդանին և ո՛չ բիթլներին:

«Էլվինը և բուրունդուկները» մտացածին երաժշտական խմբի և անիմացիոն հերոսների ստեղծող ամերիկահայ երաժիշտ, երգիչ ու դերասան Ռոս Բաղդասարյանը (Դեյվիդ Սևիլ)՝ Վիլյամ Սարոյանի զարմիկը, 1964 թվականին մեկնում է Լոնդոն՝ The Beatles-ից թույլտվություն վերցնելու, որպեսզի իր խումբը ձայնագրի նրանց երգերը։ Բիթլներին այդ միտքը շատ է դուր գալիս։ Համաձայն որդու հուշերի՝ Ռոսը նրանց հետ լավ ժամանակ է անցկացնում․ բիթլները հիացած էին Ռոսի կիրառած ձայնագրման հնարքներով, հարցուփորձ էին անում նրան։ «Alvin And The Chipmunks Sing The Beatles» քավերների ալբոմը (1964) «Billboard»-ի ալբոմների շքերթում զբաղեցնում է 14-րդ տեղը և հետագայում բազմիցս վերաթողարկվում է։

1966-ին The Beatles-ի ամերիկյան վերջին հյուրախաղերի ժամանակ նրանց բոլոր 19 համերգները իր ելույթներով բացում էր ամերիկահայ Բարրի Թաշյանի The Remains ռոք-խումբը (Բոստոն)։ Դեռ վաղ տարիքում իր նկատմամբ զգալով ազգային խտրականության դրսևորումներ՝ Բարրին իր զայրույթն աշխարհի հանդեպ արտահայտում էր ռոք երաժշտության միջոցով: Ի դեպ, նկատի ունենալով պապի կյանքի պատմությունը՝ Թաշյանը հետագայում երգ է գրել գաղթականների մասին։ The Remains-ը, ինչպես և The Beatles-ը, 1965թ․ ելույթ էր ունեցել Էդ Սալիվանի ծրագրում։ Թաշյանը պատմում է, որ առաջին համատեղ համերգի ժամանակ իրենք չէին կարողանում դուրս գալ մեքենայից, քանի որ երկրպագուները շրջապատել էին նրանց՝ կարծելով, թե The Beatles-ն է։ Թաշյանը հատկապես մտերմացել էր Ջորջ Հարիսոնի հետ․ «Նա լավ տղա էր, թույլ էր տալիս ինձ ինքնաթիռում նստել իր կողքին և միասին ժամանակ անցկացնել իր հյուրանոցային համարում: Ես առաջին անգամ կասետային ժապավենով նվագարկիչ տեսա նրա սենյակում: Այդ նվագարկչին ականջակալներ էին միացված: Ես չգիտեի, թե դա ինչ է: Նա ինձ տվեց ականջակալները և ասաց. «Ա՛ռ, լսիր սա»: Եվ դա Ռավի Շանկարն էր, սիթառի երաժշտությունը... 1966 թվականին նա արդեն հետաքրքրված էր արևելյան երաժշտությամբ»: Թաշյանը պատմում է, որ բիթլները լի էին էներգիայով ու հումորի հիանալի զգացում ունեին։ «Շի» մարզադաշտի համերգը Թաշյանն այսպես է վերհիշում․ «Լույսերն իսկապես շատ պայծառ էին։ Բեմն այնքան հեռու էր հանդիսատեսից, որ թվում էր, թե տիեզերքում ես՝ կախված մետաղալարից: «Ինչ-որ մեկը կա՞ այդտեղ»»։

Կալիֆորնիայում, հյուրախաղերի վերջում, Հարիսոնը Թաշյանի հետևից մեքենա է ուղարկում։ Ծանոթանալով Beach Boys-ի, Mama Քեսս Էլիոթի և այլոց հետ՝ Թաշյանը կորցնում է խոսելու ունակությունը․․․ 

Ցավոք, համատեղ համերգներից հետո The Beatles-ի անհաս փառքից ընկճված Թաշյանը ցրեց իր խումբը (հաշվի առնելով The Remains-ի մեծ համբավը, նրանք տասնամյակներ անց մի քանի անգամ վերստին հավաքվեցին համերգների համար)։ The Beatles-ի հետ շրջագայության օրերին Թաշյանը հոր առաջարկով («այս տղաները շատ հայտնի են, լավ կլինի՝ որոշ բաներ գրի առնես») նոթագրումներ է կատարել և հետագայում հրատարակել է «Ticket to Ride: The Extraordinary Diary of the Beatles Last Tour Paperback» գիրքը։

1968 թվականին Հնդկաստանից դեպի Անգլիա ճանապարհին Փոլ Մաքքարթնին և նրա նշանածը՝ Ջեյն Էշերը մի քանի օրով հանգրվանեցին Թեհրանում։ Այնտեղ Փոլը ցանկություն հայտնեց հանդիպել տեղի հայտնի փոփ երաժիշտների հետ ու նրան ծանոթացրին իրանահայ սիրված երգիչ, կիթառահար, երգահան և դերասան Վիգեն Տերտերյանի՝ «Ջազի սուլթանի» հետ։ Պահպանվել է մի լուսանկար, որում Փոլը նարգիլե է ծխում, իսկ նրա կողքին նստած Տերտերյանը կիթառ է նվագում։

Ջոն Լենոնի կնոջ՝ Յոկո Օնոյի հետ համատեղ ձայնագրած վերջին ալբոմում՝ «Milk and Honey» որը թողարկվեց հետմահու՝ 1984-ին, հնչում է նաև Կուրտ «Ֆրենկի» Յաղջյանի բեք-վոկալը։ Յաղջյանը մասնակցել է նաև Յոկո Օնոյի «It's Alright» սոլո ալբոմի ձայնագրությանը։ Տարիներ առաջ մեզ ուղղված իր նամակում Յաղջյանը նշում էր, որ կապված է Հայաստանի հետ, իսկ իր հայրը՝ դիրիժոր Հայկ Յաղջյանը, ելույթներ է ունեցել Երևանում։

Եվս մի հայկական ազգանուն, որ երկար տարիներ ուղեկցել է բիթլներին, ավելի ճիշտ՝ Ռինգոյին․ դա ծնծղաներ արտադրող «Զիլջյան» ապրանքանիշն է։ Ավետիս Զիլջյանի հիմնած ընկերությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դժվար օրեր էր ապրում, նրա ծնծղաներից օգտվում էին հիմնականում ռազմական նվագախմբերը, սակայն երբ 1964-ին բրիտանական երաժշտական ներխուժումը ցնցեց ԱՄՆ-ն, ամերիկացիները տեսան, թե ինչպես Էդ Սալիվանի հեռուստատեսային ծրագրում Ռինգոն նվագում է Զիլջյանի ծնծղաների վրա ու ապրանքանիշի վաճառքն իսկույն վերելք ունեցավ։

Բիթլ Փոլ Մաքքարթնին անտարբեր չէ հայկական դուդուկի նկատմամբ։ 2007 թ․ «Գրեմմի» մրցանակի ներկայացված նրա «Jenny Wren» երգում դուդուկ է նվագում բազմագործիքավորող Պեդրո Էստաշը, որի կատարումը 2002 թվականին Հարիսոնի հիշատակի համերգում տպավորել էր Փոլին։ Էստաշն է դուդուկ նվագում նաև Մաքքարթնիի 2018-ին թողարկված «Back in Brazil» երգում։

Անդրադառնանք բիթլների հարազատներին․ Ստաս Նամինը (Միկոյան) նախկին ԽՍՀՄ-ից թերևս միակ անձն է, որ Յոկո Օնոյի հրավերով հյուրընկալվել է Նյու Յորքի «Դակոտա» շենքի լենոնյան հայտնի բնակարանում։ 1986-ին Յոկոն որդու հետ գալիս է Նամինի ամերիկյան մամլո ասուլիսին, նրանք ծանոթանում են, Յոկոն Ստասին իր տուն է հրավիրում, որտեղ նրանք զրուցում են մի ամբողջ օր, իսկ երեկոյան այցելում ակումբներ։ «Յոկոն ինձ շատ հետաքրքիր բաներ պատմեց իրենց կյանքի և Ջոնի մասին, որը եղել և մնում է իմ կուռքը»,- հիշում է Նամինը։ Յոկոյի մասին նա ասում է․ «Մենք ընկերներ ենք, նա ինձ մոտ է հյուրընկալվում, ես նրա մոտ եմ լինում»։ Յոկոն հավանել է 2014 թվականին Նամինի խմբի՝ «Give Peace a Chance» երգի կատարումը անգլերեն, ռուսերեն և ուկրաիներեն, ու նշել, որ Լենոնը հաճույքով կմիանար նրանց համերգին։  

1989-ին համերգներով Հայաստան է այցելել Փոլի խորթ քույրը՝ երգչուհի Ռութ Մաքքարթնին։ Խորհրդային հյուրախաղերի շահույթի մի մասը նա նվիրաբերեց Սպիտակի երեխաների ֆոնդին։

1994 թվականին կիթառահար Բորիս Անդրեասյանը Լոս Անջելեսի «Guitar Centre» խանութում հանդիպել է երաժշտական պրոդյուսեր և գործիքավորող, «հինգերորդ բիթլ» Ջորջ Մարթինի հետ. «Խոսեցինք մոտ 5 րոպե, հասցրի մի փոքր պատմել իմ մասին, նաև այն մասին, թե ինչպես ենք մենք Երևանում մեծացել Բիթլների երաժշտության ներքո, և այլն»:

2009-ի նոյեմբերին Գաֆէսճեան կենտրոնի հրավերով Հայաստանում եղան Սինթիա Լենոնը և Փաթի Բոյդը` բիթլներ Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի նախկին կանայք: Երևանում Սինթիան և Փաթին առաջին անգամ հանդես եկան միևնույն բեմից, մանրամասներ ներկայացրին իրենց նախկին ամուսինների կյանքից ու ինքնագրեր թողեցին իրենց գրքերի օրինակների վրա: Կասկադում բացվեց Փաթի Բոյդի լուսանկարչական գործերի «Փաթի Բոյդ. Երեկ և այսօր» խորագրով ցուցահանդեսը:

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը վերականգնվել է Ջորջ Հարիսոնի հիմնադրամի միջոցներով, ինչի մասին 2018 թ․ ինստագրամում հանրությանը տեղեկացրեց Հարիսոնի պաշտոնական էջը։ 28-երորդ «Il Cinema Ritrovato» իտալական կինոփառատոնում ֆիլմը ներկայացրեց Հարիսոնի այրին՝ Օլիվիան։

Իսկ ինչպե՞ս արձագանքեց հայ հանրությունը The Beatles-ի ֆենոմենին․․․ Սփյուռքահայ մամուլում հաճախ տպագրվում էին խմբին նվիրված նյութեր։ Այսպես, Կահիրեի «Ջահակիր» թերթի մարզական-երիտասարդական հավելվածի թղթակից Շանթ Պալայանը 1966-ի հունիսին ներկա էր եղել խմբի համերգին Համբուրգում, որտեղից գրում էր․ «Ներկաները աղաղակելե չէին դադրեր։ Ոստիկանությունը միջամտեց, բայց ապարդյուն․ երիտասարդներն ու երիտասարդուհիները իրարու ետևե կը մարեին։ ․․․Հակառակ անոր, որ հայտագիրը վերջացած էր, ներկաները դեռ կը պոռային։ Անհրաժեշտ չէր, որ «Պիթըլ»ները երգեին, կը բավեր, որ անոնք բեմին վրա մնային և ծափահարողները, որոնք անոնց անունները կրող շապիկներ ու վերարկուներ հագած էին, վայելեին անոնց ներկայությունը»։

The Beatles-ի երաժշտության և կենսափիլիսոփայության հուժկու ալիքը արևմտյան ռադիոկայանների, արտասահմանցի ուսանողների ու սփյուռքահայերի շնորհիվ հաղթահարեց «երկաթե վարագույրը» և ներթափանցեց Խորհրդային Հայաստան, որտեղ էլ 1960-ականների կեսին թափ առավ հայկական ռոք-շարժումը․ դրա առաջին ներկայացուցիչներից էր «Երազողներ» խումբը՝ համամիութենական փառքի արժանացած «հայկական The Beatles-ը» (1965-1970): Բորիս Անդրեասյանը վերհիշում է, որ 1966-1967թթ.՝ երեկոյան ծրագրերի մեկնարկից առաջ, հայկական հեռուստատեսությամբ հնչում էին The Beatles-ի երգերը։ Դեռ 1969 թ․՝ The Beatles-ի գոյության օրոք, Երևանում տպագրվեց Արմեն Հովհաննիսյանի «Ես ձեզ սիրում եմ, մարդիկ» գիրքը, որում Ազնավուրի, Պիաֆի և ուրիշների հետ ներկայացված էր նաև լեգենդար քառյակը։

Իսկ 1992-ին Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ և մեկնաբանություններով հրատարակվեց ամբողջությամբ The Beatles-ին նվիրված հայերեն առաջին գրքույկը։

1990-ականներին Երևանի կամերային թատրոնում բացվեց Beatles-ակումբ, իսկ 2008-ից Երևանի կենտրոնում գործում է «Beatles» փաբը: 2006 թ. «Այաս» խմբի հիմնադիր Արթուր Միտինյանի ստեղծած «Beatles Forever» ռոք-բալետը բեմադրվեց Սամարայի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում:

Մեր նշանավոր հայրենակիցներից շատերը կատարել են The Beatles-ի երգերը։ Ապագա նշանավոր երգչուհի Շերի 1964-ին թողարկած առաջին սոլո երգը կոչվել է «Ringo, I love you» ու նվիրված է եղել The Beatles-ին, երգը ձայնագրել է նրանց ապագա պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորը։ Երգը հաջողություն չունեցավ, քանի որ ռադիոկայանների խմբագիրները կարծում էին, թե նման ցածր երգչաձայնը (կոնտրալտո) պատկանում է տղամարդու, որը երգում է Ռինգոյի հանդեպ իր սիրո մասին․․․

«Նոր երաժշտության Կալաս», արվեստի մեջ սահմաններ չճանաչող ամերիկահայ մեցցո-սոպրանո Քեթի Բերբերյանն առաջին աշխարհահռչակ օպերային երգչուհին էր, որը սկսեց կատարել The Beatles-ի երգերը բեմերից, իսկ 1967-ին թողարկեց «Beatles Arias» ձայնասկավառակը 12 քավերներով՝ գործիքավորված դասական նվագախմբի համար, բարոկկո ոճով։ Հետագա տարիներին էլ Բերբերյանը փայլում էր իր բիթլզյան կատարումներով։ եվ իհարկե, բազմաթիվ այլ հայազգի երգիչներ ևս կատարել են լիվերպուլյան քառյակի երգերը՝ Գայ Չուքուրյանից մինչև «Հովեր» և «Գուսան» երգչախմբեր․․․

 

Աշոտ Գրիգորյան

 

Լուսանկարներ․

Սիլվի Վարդանի հետ

Կասպարյանի ֆոտոալբոմի շապիկը

Կասպարյանի արած լուսանկարներից

Բարրի Թաշյան և The Remains

... ... ...