Տեր Ռուբեն Բեկգուլյանց. միֆերի և իրականության հատույթում

Ռուսաստանի հարավի և հատկապես Նոր Նախիջևանի հայության պատմությունը՝ յուրատիպ և իրադարձություններով հարուստ, ցավոք դեռ ըստ արժանվույն չի ուսումնասիրվել և չի հանրայնացվել։ Հատկապես տարաբախտ եղավ երկրամասի հոգևորականությունը․ ստալինիզմի տարիներին նրանցից շատերը բռնադատվեցին, փակվեցին և քանդվեցին եկեղեցիները, անհետացան արխիվներ և նյութական արժեքներ։ Հոգևորականների շարքում առանձնահատուկ դիրք ուներ Տեր Ռուբեն Բեկգուլյանցը, որի մասին դեռ կենդանության օրոք առասպելներ էին հյուսվում և որի անունը 1930-ականներից հետո երկար տասնամյակներ հարկադիր մոռացության մատնվեց։ Մինչդեռ նա հոգևոր դասի այն բացառիկ ներկայացուցիչներից էր, որին իրավամբ կարելի է կոչել նաև ազգային գործիչ, իսկ նրա շատ ձեռնարկումներ այսօր էլ ծառայում են հայությանը։ Հարկ եղած պահին նա իր հայրենակիցներին օգնության էր հասնում ոչ միայն կրթական և հոգևոր, այլև մարտական զենքով։

1875 (այլ տվյալներով՝ 1873) թվականին Ստավրոպոլի հայ քահանա Տեր Բարդուղիմեոս Բեկգուլյանցի և Իսկուհի Ջիվելեգովայի ընտանիքում ծնված Հարությունը, որ կրում էր իր նախապապ, լուսավորիչ Հարություն Ալամդարյանի անունը, ի սկզբանե չէր ենթադրում, որ կշարունակի տոհմական ծառայությունը։ Նրա ընտրությունն իրավաբանությունն էր, ու նպատակասլաց երիտասարդը փայլուն կրթություն էր ստանում․ Ստավրոպոլի դասական գիմնազիան ավարտելուց հետո նա սովորեց Օդեսայի նոր-ռուսական կայսերական համալսարանում, ապա՝ գերազանցությամբ հանձնելով պետական ​​քննությունները՝ Մոսկվայի կայսերական համալսարանում ստացավ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական ​​2-րդ աստիճան։ Հենց այդ տարիներին սկսվեց շատ երևելի անձնավորությունների հետ նրա ծանոթությունը։ Բեկգուլյանցի հետ համալսարանի նույն ֆակուլտետում սովորում էին կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը, Լատվիայի ապագա նախագահ Գուստավ Զեմգալսը և Ռուսիո ապագա պատրիարք Ալեքսիյ Առաջինը։ Վարվառա Մորոզովայի գրական սալոնում Բեկգուլյանցը ծանոթանում է Վալերի Բրյուսովի հետ։ Սակայն առավել ճակատագրական եղավ նրա շփումն իր քեռորդի, պատմաբան Ալեքսեյ Ջիվելեգովի և իրավագետ-պատմաբան Գրիգոր Ջանշյանի հետ․ նրանցից տեղեկանալով հայաստանաբնակ իր հայրենակիցների ծանր դրության մասին, նա որոշեց նվիրվել նրանց օգնության գործին, իսկ դրա լավագույն ճանապարհը պետականությունից զուրկ մի ժողովրդի համար՝ հոգևորական դառնալն էր։ Նա այցելեց Սուրբ Էջմիածին, ինքնուրույն սկսեց գրաբար սովորել, նաև՝ եկեղեցական ծիսակարգ։ 1897-ին՝ համալսարանն ավարտելուն պես, նա թողեց խոստումնալից կարիերան և ձեռնադրվելով Հայաստանյայց եկեղեցու սարկավագ՝ ծառայության անցավ Ստավրոպոլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ապա՝ Մոսկվայի հայկական եկեղեցում, և 1900 թվականին ձեռնադրվեց քահանա՝ Ռուբեն անունով։ Հասնելով ծառայության նոր վայր՝ Սամարղանդ, նա իսկույն նախաձեռնում է Միջին Ասիայում առաջին հայկական եկեղեցու շինարարությունը։ Մեծ նախանձախնդրությամբ, օգտագործելով իր կապերն ազդեցիկ պաշտոնյաների հետ՝ նա կարճ ժամանակում իրագործում է ծրագրածը և 1903-ին Սամարղանդի հայությունն արդեն ուներ իր հոգևոր տունը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հայր Ռուբենն իր հայրենակիցներին իրավաբանական խորհրդատվություն էր տրամադրում, լուծում նրանց վեճերը։ Բացի այդ, նա հոգևորականի պարտականություններ էր կատարում Թուրքեստանի 20-րդ կորպուսի զորամասերի առաքելական դավանանքի զինվորականների համար, որոնց միջոցով էլ զենք էր հայթայթում հայ ֆիդայիների համար։ Հոգևորականը մեծ հարգանք էր վայելում քաղաքում և հմուտ տիրապետելով պրեֆերանսին՝ կապեր էր ստեղծել մեծամեծերի հետ։ 1907 թվականի աշնանը նա Ռուսական կայսրության III Պետդումայի պատգամավորի թեկնածու էր։ Տեր Ռուբենը սկսեց զբաղվել նաև իր հոտի կրթական և մշակութային զարգացմամբ․ հիմնեց ծխական ուսումնարան, կազմակերպեց թատերական բեմադրություններ, նախաձեռնեց նաև գրադարան-ընթերցասրահի բացումը, սակայն չհասցրեց․ 1908-ի հուլիսի 10-ին ցարական իշխանությունները խուզարկում են հոգևորականի տունը և որպես քաղաքականապես անհուսալի անձ՝ հեղափոխական գործունեություն իրականացնելու և գոյություն ունեցող կարգերը տապալելու մտադրության կասկածով նրան բանտարկում Սամարղանդի բանտում։ Նա ոստիկանության մշտական հսկողության ներքո էր հայտնվել 1905-1906 թթ․՝ «հայերի կողմից զենքի ձեռք բերման գործով»։ Այսպես, Սամարղանդի ոստիկանապետը ռազմական նահանգապետին գրում էր, որ տեղեկություններ ունի, թե հայկական եկեղեցու նկուղում շատ զենք է պահվել, որը Տեր Ռուբենն ուղարկել է Կովկաս՝ «հեղափոխական կոմիտեներին»։ Ներկայացված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ Տեր Ռուբենն օգնել էր բանտից փախչել զենք հայթայթող հայ զինվորականներին։ Մեկ տարուց ավելի մնալով Սամարղանդի բանտում՝ Տեր Ռուբենը խաթարված առողջությամբ ուղարկվում է Խերսոնի նահանգի տաժանակիր բանտ։ Միայն 1911-ին նա կարողանում է ազատություն ստանալ ու ընտրվել Նոր Նախիջևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի երրորդ քահանա, սակայն քաղաքական հետապնդումների պատճառով ստիպված է լինում մեկնել Սանկտ-Պետերբուրգ, որտեղ նշանակվում է Սուրբ Կատարինե եկեղեցու ծխական քահանա։

Տարածված մի կարծիք կա (այն ներկայացնում է մասնավորապես երկրագետ Գեորգի Բաղդիկովը), որ 1910 թվականի  նոյեմբերին Լև Տոլստոյի հոգեհանգստի կարգին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում մասնակցել է նաև Տեր Ռուբենը, ինչի համար նրան հետագայում երախտագիտություն է հայտնել Տոլստոյի դուստրը՝ Ալեքսանդրան, երբ Արևմտյան Հայաստանում օգնում էր գաղթականներին։ Սակայն սա ընդամենը միֆ է․ հոգեհանգստի օրը Տեր Ռուբենը դեռևս բանտում էր և արարողությանը  մասնակցել չէր կարող։

Որոշ ժամանակ անց, երբ Տեր Ռուբենը վերադարձել է Նոր Նախիջևան, նա տեղեկացել է, որ հայ մի վաճառական 50 հազար ռուբլի կապիտալ է կտակել որպեսզի Արևմտյան Հայաստանում իր անունով դպրոց բացվի։ Հանգուցյալի որդու առաջարկով Տեր Ռուբենը 1914 թվականին մեկնել է Մուշ՝ դպրոցի գտնվելու տեղը որոշելու և դրա հիմնարկեքը կատարելու նպատակով։ Ուղևորության ընթացքում հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին։ Ճամփորդությունից տպավորություններն առանձին գրքով («Թուրքական Հայաստանով») Տեր Ռուբենը հրատարակել է 1914 թվականին, Դոնի Ռոստովում։ Գրքի առաջաբանում նա նշում էր, որ դեռ պատանեկությունից է երազել ուղևորվել Թուրքահայաստան, որի մասին շատ կարդացել և լսել էր, և որը սիրում էր, բայց չէր տեսել։ Այսպիսով, նրան վիճակված էր դառնալ վերջին ճանապարհորդը, որ տեսավ ու նկարագրեց մինչպատերազմյան, դեռ ապրող Արևմտյան Հայաստանը․․․

Երբ սկսվեց Առաջին աշխարհամարտը, Տեր Ռուբենն ընդգրկվեց Նոր Նախիջևանի կամավորական շարժումը կազմակերպող հայկական կոմիտեի կազմում։ 1914 թվականի նոյեմբերի վերջին քաղաքում ստեղծվեց հայ կամավորների զինավարժության ճամբար, ուր այցելեց կաթողիկոս Գևորգ Ե-ն՝ Տեր Ռուբեն Բեկգուլյանցի ուղեկցությամբ։ Ինչպես վկայում են այդ տարիների փաստաթղթերը, Տեր Ռուբենը մեծ հեղինակություն էր վայելում Կովկասի փոխարքայի վարչակազմում և անմիջական առնչություն ուներ Կովկասյան շտաբի հետախուզական վարչության հետ (կարծիք կա, որ նրա այցելությունն Արևմտյան Հայաստան նաև հետախուզական բնույթ է կրել, սակայն Տեր Ռուբենի կյանքի պատմությունն առատ է նման անհավատալի պատմություններով, որոնց իսկությունը ստուգել, զատել միֆն ու իրականությունը տարիների հեռվից այլևս անհնար է)։ Նա խնդրանք է ներկայացնում մեկնել ռազմաճակատ և ստանալով Սուրբ Սինոդի թույլտվությունը՝ որպես քահանա անցնում է Կովկասյան բանակի ենթակայությանը՝ տեղակայվելով Իգդիրում։ Շուրջ մեկ տարի գործող բանակում ծառայելուց հետո, արդեն վարդապետի աստիճանով՝ Տեր Ռուբենը նշանակվում է հայկական բոլոր հրաձգային գումարտակների հոգևոր հովիվ՝ Կովկասյան ճակատում հայ քահանաներ նշանակելու իրավունքով։ Նա այցելում էր հայ զինվորների առաջապահ դիրքեր, բարձրացնում մարտիկների ոգին, լինում հայկական եկեղեցիներում, «Հյուսիսցի» կեղծանունով թղթակցում էր «Արմյանսկի վեստնիկին»։ Ռազմաճակատում Տեր Ռուբենը կռիվ էր տալիս հակահայ քարոզչության և անօրինությունների հետ։ Օրինակ, 1916-ի հունիսի 29-ին Թովմաս Նազարբեկյանին գրած նամակում նա նշում էր, որ հայ ժողովրդին ջանում են սևացնել փոխարքայի աչքերում․ նրա վկայությամբ՝ կազակները 5000 քուրդ ոչնչացրին՝ «և ոչինչ», իսկ եթե «հայերը կազակից կամ զինվորից նիհար մի կով գնեցին, գոռում են՝ դիակապտություն է ու շտապում են հասցնել փոխարքային»։ Նշեմ, որ, ցավոք, նման անարդարացի մեղադրանքներ հայերի հասցեին ուղղում էր նաև Ալեքսանդրա Տոլստայան։

Տեր Ռուբենը նաև բողոքում էր Արևմտյան Հայաստանի հայկական եկեղեցիների և սրբությունների հանդեպ ցարական ադմինիստրացիայի անթույլատրելի վերաբերմունքի դեմ, փաստերի մասին տեղեկացնում Գևորգ Ե կաթողիկոսին։ 1916 թվականին  Կաթողիկոսը նրան պարգևատրեց գունավոր փիլոնով և կրծքի խաչով։ 1918-ին Տեր Ռուբենը որպես վարդապետ ծառայում էր Հայկական կորպուսում։

Պատերազմից հետո նա վերադարձավ Նոր Նախիջևան, որտեղ եկեղեցական հոգաբարձության անդամ էր և Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի թեմական դպրոցի ռեկտորը՝ մինչև 1920-ին կրթօջախի փակումը։ Դպրոցի լուծարումից հետո Բեկգուլյանցը եղել է Նոր Նախիջևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հոգևոր առաջնորդն՝ իր հնարավորությունների սահմաններում մասնակցելով հայ համայնքի հասարակական և հոգևոր կյանքին։ Քաղաքացիական պատերազմի պայմաններում նա Դոնի Ռոստովում հրատարակել է հայկական սեղանի օրացույց։ Երբ Երվանդ Շահազիզը և Մարտիրոս Սարյանը նախաձեռնեցին Նոր Նախիջևանի հայկական արխիվների և պատմական արժեքների փրկության և Հայաստան ուղարկելու գործը, դրա ակտիվ մասնակիցը եղավ Տեր Ռուբենը։ 1922-ին նա արժանացավ հայրապետական օրհնության կոնդակի։

Տեր Ռուբենը մեծ ընտանիք ուներ․ նա ամուսնացած էր ուսուցչուհի Սոֆյա Չերչոփովայի հետ. նրանք յոթ զավակներ ունեին և որդեգրել էին ևս երեքին, այդ թվում՝ հեղափոխության ծանր տարիներին՝ երկու կալմիկ աղջնակների։

Տեր Ռուբենը ջերմ հարաբերություններ ուներ Զորավար Անդրանիկի հետ, որը երկու անգամ հյուրընկալվել էր նրա տանը՝ Նոր Նախիջևանում։

Նա անձամբ ճանաչում էր Ալեքսանդր Կերենսկուն, նամակագրական կապ ուներ Նիկողայոս Մառի հետ։ Ըստ մեր ենթադրության՝ Տեր Ռուբենի հետ ծանոթ էր նաև ռուս մեծ գրող Կոնստանտին Պաուստովսկին, սակայն որպեսզի ոչ իրեն, ոչ հոգևորականին չենթարկի վտանգների, իր 1923 թվականի օրագրերում և նամակներում նրան հիշատակել է սոսկ որպես Ռուբեն՝ այդպիսով շփոթության մատնելով նույնիսկ իր կենսագիրներին։ Տեր Ռուբենը ծանոթ էր նաև գրող Մարիետա Շահինյանին, որից 1929-ին նվեր է ստացել «Մեդուզայի գլուխը» ժողովածուն՝ հետևյալ մակագրությամբ․ «Հայր Ռուբեն Բեկգուլյանցին՝ խոր և սրտագին հարգանքով»։ 

Երբ եկեղեցական ծեսերի կատարման համար բոլշևիկները Տեր Ռուբենի նկատմամբ հետաքննություն սկսեցին, նրան օգնության հասավ կուսակցության մարզկոմի քարտուղար Անաստաս Միկոյանը, որը դեռևս Կովկասյան ռազմաճակատից լավ հիշում էր հոգևորականին։

1927-ին և 1928-ին Տեր Ռուբենը երկու անգամ աքսորվեց, սակայն նրա համար կրկին բարեխոսեցին ազդեցիկ ծանոթները․ պահպանվել է 1929-ի հունվարին Մաքսիմ Գորկու կնոջից՝ Եկատերինա Պեշկովայից ստացված մի գրություն, ըստ որի խորհրդային իշխանությունները Տեր Ռուբենին ազատ կացություն են շնորհում։ Անասելի դժվարությունների և սրտի կաթվածի գնով՝ նրան հաջողվեց համոզել մոսկովյան իշխանություններին՝ չոչնչացնել Նոր Նախիջևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը։

1932 թվականին Տեր Ռուբենը որպես Ամենայն հայոց հաթողիկոսի ընտրության պատվիրակ այցելում է Խորհրդային Հայաստան։

Նա վախճանվեց 1935 թվականի նոյեմբերի 22-ին՝ քնի մեջ․ դրանից կարճ ժամանակ առաջ նրան տեղեկացրել էին Նոր Նախիջևանի մայր տաճարի փակման մասին (այն հետագայում բարբարոսաբար քանդվեց)։ Նվիրյալ հոգևորականը թաղվեց Նոր Նախիջևանի հայկական գերեզմանատանը։

Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը 1935-ի նոյեմբերի 24-ին իր ցավակցությունը հայտնեց Տեր Ռուբենի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ «ի դեմս վարդապետ Բեկգուլյանցի՝ հավատացյալ հասարակությունը կորցրեց իր իսկական հոգևոր հորը, արժանավոր սպասավորին»։

Հիրավի, լավ գործերը չեն կորչում․ 1923 թվականին, երբ բոլշևիկներն ուզում էին պատժել Տեր Ռուբենին, քանի որ նա հրաժարվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարն իր ունեցվածքով հանձնել իշխանություններին, նրան կարող էր փրկել միայն հրաշքը․․․ Եվ ահա, գործը պատահաբար հասնում է մի բոլշևիկ հրամանատարի, որին քաղաքացիական պատերազմի օրերին, սոսկ մարդասիրությունից դրդված, փրկել էր հայ հոգևորականը։ Հոգևորականի բարությանն ի պատասխան, նա էլ Տեր Ռուբենին է ազատում բանտից՝ ասելով․

-Այս տերտերը պիտի պարգևատրվի, մինչդեռ դուք առաջարկում եք նրան գնդակահարության պատի առջև կանգնեցնել։ Սա ճի՛շտ տերտեր է:

 

Աշոտ Գրիգորյան