Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան․ «Աստծո զորությունը, մեր հանդեպ խնամքը չի պակասել, մենք ենք հեռացել Աստծուց»

«Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի, որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է»։ Աստվածաշունչն այսպես է նկարագրում Հիսուսի ծննդյան ավետիսը, որ հովիվները ստացան հրեշտակներից։ Ավելի քան երկու հազար տարի Հիսուսի ծնունդը նշելով՝ գիտակցաբար կամ չգիտակցելով միմյանց փոխանցում ենք բարի լուրը, որ նորից ունենք փրկության, Աստծուն միավորվելու, աստվածային շնորհների և ներկայության մեջ ապրելու հնարավորություն։

Մասյացոտնի թեմի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի հետ զրուցել ենք Սուրբ Ծննդյան խորհրդի, հայ ժողովրդի՝ վերջին տարիների շարունակական կորուստների հոգևոր պատճառների, դրանցից հրաժարվելու մասին։

-Օրհնեցեք, տեր հայր։ Նոր տարին մենք նշում ենք որպես նոր սկիզբ՝ հույսով, որ նախորդ տարվա վատը, անհաջողությունը թողնում ենք հետևում ու նոր կետից ենք սկսում մեր կյանքը։ Ի՞նչ սպասումով և ի՞նչ խորհրդով ենք տոնում Սուրբ Ծնունդը։

-Սուրբ Ծննդյան իրողությանը մենք երկու կողմից կարող ենք մոտենալ։ Առաջինը՝ պատմական իրողությունը. 2023 տարի առաջ Տեր Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ, մարդացավ մեծ առաքելությամբ՝ մեր փրկության համար։ Երկրորդը Սուրբ Ծննդյան խորհուրդն է: Սովորաբար, երբ մի լավ բան է լինում, ժամանակի ընթացքում այդ իրողությունը մարում է մեր մեջ, և անընդհատ վերարթնանալու, նորոգվելու, նորից ու նորից Աստծո շնորհին արժանանալու կարիք ենք ունենում: Սուրբ Ծնունդն այս առումով կարևոր է, որովհետև տոնը նշելիս՝ միշտ ասում ենք՝ թող Քրիստոս նորից ծնվի մեր հոգիներում, թող Քրիստոսի Սուրբ Ծննդյան շնորհները նորից մեզ վրա իջնեն։

Հատկապես քրիստոնյաների համար Նոր տարին Քրիստոսի ծննդով է պայմանավորված։ Նոր տարվա դերը կարևորվեց խորհրդային տարիներին, մինչև այդ առաջնայինը Սուրբ Ծնունդն էր: Երբ սկսեցին եկեղեցական, քրիստոնեական արժեքները հետ մղել կամ մոռացության տալ, փոխարենն ուրիշ արժեքներ առաջ քաշեցին: Այդպես Սուրբ Ծննդյան փոխարեն ավելի կշիռ տրվեց Նոր տարվա երևույթին։

-«Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ» բառակապակցությունը, կարծես, դարձել է քարացած արտահայտություն։ Տոնի արտաքին փայլը, դրսևորումները կան, բայց, թվում է, որ տոնն իմաստազրկվել է, կորցրել է բովանդակությունը։

-Իմ դիտարկմամբ՝ այսօր մարդու կյանքն է իմաստազրկված: Մարդու կյանքը դարձել է արտաքին շարժում՝ շատ հաճախ պարպված ներքին խորը իմաստից։ Ես հիշում եմ՝ 30-40 տարի առաջ, երբ մենք հարսանյաց կամ այլ խնջույքի էինք մասնակցում, ներկաներից մեկին՝ լավ խոսող, իմաստուն կամ տարեց մի մարդու թամադա էին նշանակում: Այս մարդը շատ իմաստուն խրատներ էր տալիս, կենացներ էր առաջարկում, շնորհալի մարդիկ շատ կային, մեկը երգում, մյուսն արտասանում էր, շատ հետաքրքիր էր անցնում։ Այսօր մեր խնջույքներն իմաստազրկված են, դարձել են միայն ուտել-խմելու, բարձր, շատ հաճախ խլացնող երաժշտության տակ անկանոն թռվռալու առիթ։ Այդ առումով այսօր ինձ համար շատ իմաստալից են հոգեհացի սեղանները, որտեղ գոնե թամադաներ չեն վարձում, մարդիկ խոսք են ասում, լսում են իրար։

Այսօր, ընդհանրապես, աշխարհի կյանքն է իմաստազրկված: Շատ-շատերն իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են ինտերնետում, մարդկային շփումը, հարաբերությունները շատ քչացել են։ Էստեղ դաստիարակության խնդիր կա, հատկապես՝ ընտանեկան դաստիարակության, որովհետև դժվար է հույս դնել արտաքին դաստիարակության վրա՝ շրջապատ, միջավայր, դպրոց, քանի որ շատ հաճախ այսօր պետությունները կամ աշխարհում քաղաքականություն որոշողները հեռացած են հոգևոր իրողություններից և նպատակային մարդկանց տանում են իմաստազուրկ կյանքի։ Սաղմոսի խոսքն եմ հիշում՝ մարդը պատվի մեջ էր և չիմացավ, ընկավ և հավասարվեց անբան անասունին։ Այսինքն՝ աստվածային փառքի, պատվի մեջ եղող մարդուն սատանան ուզում է կամաց-կամաց դարձնել անասունի պատկերով, որ մարդը լինի միայն ստամոքս, մարմին։

Այսօր աշխարհում, մեծ մասշտաբով, ցավակցություն, մարդասիրություն չկա, օգնել, հասնել, իրարով ապրել չկա։ Այս ամենի պատճառն Աստծո բացակայությունն է մեր կյանքում։ Այն մարդը, որն Աստծով է ապրում, որի մեջ ամեն տարի Քրիստոսի Սուրբ ծննդյան խորհուրդը վերարծարծվում, նորոգվում է, չի կարող էդպիսին լինել։ Ցավոք, այս իրողությունները կան, բայց դա չի նշանակում, որ պիտի համակերպվենք, մենք պիտի պայքարենք դրա դեմ՝ պահելու հոգևորը, հավատքը, մարդ-Աստված հարաբերությունը։

-Տեր հայր, ասում եք, որ Սուրբ Ծնունդը նորոգվելու, Աստծուն վերադառնալու առիթ է, իսկ դա ենթադրում է ուրախություն։ Բայց այն իրավիճակը, որում հայտնվել ենք վերջին տարիներին, մեզ թույլ չի տալիս տոներն անհոգ նշել, ուրախությունն ավելի շատ մեղքի զգացում է առաջացնում։ Ինչպե՞ս տոնենք Սուրբ Ծնունդն այս երկու իրարամերժ զգացումներով։

-Երբ մարդու հետ դժբախտություն է պատահում, մարդը գոնե առժամանակ ուրախություններից, տոնախմբություններից հրաժարվում է: Ենթադրենք, մարդիկ պատրաստվում են ամուսնության, և մեկը մահանում է, գոնե առժամանակ հետաձգում են արարողությունը, որովհետև ուրախության տրամադրություն չունեն: Մենք այս վիճակում ենք, և ես ուղղակի չեմ կարող հասկանալ այն մարդկանց, որոնք այդ ամենը հաշվի չառնելով՝ պատրաստվում են խնջույքների, ուրախությունների:

Սուրբ Ծնունդն ուղղակի ուրախանալու համար չէ, Սուրբ Ծնունդը մտածելու առիթ է՝ Քրիստոս ինչի՞ համար ծնվեց. որպեսզի փրկի աշխարհը: Ինչի՞ց փրկի. այս իրավիճակից, որում գտնվում ենք: Իսկ այդ իրավիճակն ինչի՞ արդյունք է: Գոնե ինձ ու քրիստոնյաների համար պատասխանը պարզ է՝ Աստծուց հեռանալը, Աստծո օրենքով չապրելը, պատվիրանները չպահելը: Մենք ասում ենք, որ թոթափել ենք խորհրդային անաստվածության շրջանը, բայց դեռ չենք մտել քրիստոնեական մտածելակերպի մեջ: Նույնիսկ շատ քրիստոնյա, եկեղեցականացած մարդիկ մտածում են՝ իմ պարտականությունը շաբաթը մեկ Պատարագին մասնակցելն է, օրը մի քանի անգամ իմ աղոթքները կանոնավոր անելը, Սուրբ Գիրքն ընթերցելը, ու դրանից հետո ես արդեն աշխարհինն եմ: Չեն մտածում այդպես, բայց այդպես են ապրում։ Հաճախ զրույցի ժամանակ ասում են՝ աստվածային օրենքը գիտենք, բայց հո աշխատանքում չե՞ս կարող էդ օրենքով առաջնորդվել: Բա ո՞ր օրենքով պիտի առաջնորդվես: Աստված օրենքներ, պատվիրաններ չի տվել, որ մենք եկեղեցում կամ մեր քրիստոնեական միջավայրում պահենք, այլ տվել է, որ աշխարհում էդ օրենքներով ապրենք, որ մեզ քրիստոնյա չզգանք միայն եկեղեցական միջավայրում, այլ՝ ամենուր:

Անցած տարի մենք միայն կորուստներ ունեցանք, ազգի, պետության և անձնական առումով ոչինչ չշահեցինք: Ոչ մեկին պետք չէ մեղադրել, մեղավորը մենք ենք: Անցած տարի մի քանի տասնյակ գերի ունեինք, իսկ նոր տարի մտանք 120 հազար գերիով, այսօր ամբողջ Արցախն է գերության մեջ: Ո՞վ պիտի ազատի էդ մարդկանց: Չհավատաք, ոչ ոք չի գալու, ազատելու, մենք պիտի ազատենք: Ինչպե՞ս։ Ճանապարհը մեկն է՝ Աստծո զորությամբ, Աստծո օգնականությամբ աշխարհում ամեն ինչ հնարավոր է: Բայց որպեսզի այդ օգնականությունն ու զորությունն ունենանք, մենք պիտի մեր կյանքն ապրենք Աստծով, հրաժարվենք մեղքից: Մենք Աստծուց հեռացած, Աստծուն անհաճելի ժողովուրդ ենք դառել: Անունով քրիստոնյա ենք, բայց մեր վարք ու բարքով շատ հեռու ենք քրիստոնեությունից: Քրիստոնյա մարդը պետք է ամեն օր աղոթք անի, Ավետարան կարդա։ Բոլորի տներում, որպես սրբազան մասունք, դրված է Աստվածաշունչը, բայց քանի՞ մարդ է բացում, կարդում: Ամեն կիրակի Պատարագ է, քանի՞ մարդ է մասնակցում:

Աստված 30 տարի սկուտեղի վրա մատուցեց մեզ, բայց չպահեցինք, չգնահատեցինք, արժեքը չիմացանք, Աստծուն ամեն օր փառաբանելու փոխարեն մեր մեջ սնկի նման աճեցրինք պղծությունները, աղոթքը պակասեց մեր շուրթերից, Աստծո պատվիրանապահությունից հեռացանք:

Սրանից ընդամենը 5 տարի առաջ մենք ի՞նչ վերաբերմունք ունեինք հանդեպ մեր հարևանները: Ասում էինք՝ հիմար են, բայց կյանքը ցույց տվեց, թե հիմա ով է հիմարի վիճակի մեջ՝ մե՞նք, թե մեր թշնամիները։ Բա ինչո՞ւ մենք մեր իմաստուն տեղից եկանք, հիմարացանք։ Որովհետև մեր իմաստությունն աստվածային իմաստությունից չէր բխում, մեր իմաստությունը մարդկային իմաստություն էր, այս աշխարհի իմաստությունն էր, որը հաճախ սատանայական, հակաաստվածային է։

Մեր երկրի, ազգի վիճակը պայմանավորված է մեր ազգի, երկրի մեղքերով, իսկ դա ամեն մեկիս մեղքերի հանրագումարում է դառնում մեղք: Եկեք 2023 թվականը դարձնենք մեր ազգի, մեր ժողովրդի, մեր ընտանիքների համար բարի, հաղթական տարի՝ մեղքից հեռու մնալով, Աստծուն հաճելի կյանք ապրելով, աղոթելով, պատվիրաններին հետևելով, իրար սիրելով, օգնելով, իրար մեջ ոչ թե թշնամի, այլ հարազատ, եղբայր տեսնելով:

-Վերջին մի քանի Ամանորները մենք դիմավորում ենք հույսով, որ եկող տարին անցնող տարուց բարի է լինելու մեզ համար։ Բայց այդ սպասումը չի արդարանում, ու հույսը գնալով մարում, ներքին ռեսուրսները սպառվում են։ Խնդրում եմ՝ հույսի խոսք ասեք։

-Մարդիկ երբեմն հարցնում են՝ վերջը ո՞նց է լինելու։ Շատ -շատերն իրար հույս տալով ասում են՝ լավ է լինելու։ Ես ասում եմ՝ լավ չի լինելու՝ քանի դեռ մենք խոսքով իրար հույս ենք տալիս, բայց ոչ մի բան մեր կյանքում չենք փոխում։ Դա խաբկանք է, սին ու վտանգավոր խոսքեր, ինքնախաբեությամբ ավելի վատ վիճակի մեջ ենք ընկնելու։ Մենք չպիտի ասենք լավ է կամ լավ է լինելու, պիտի ասենք՝ վատ է, ու եթե էսպես մնացինք, ավելի վատ է լինելու։

Բա ի՞նչ պիտի անենք։ Պիտի փոխենք մի բան, մեղքը հեռացնենք մեր կյանքից, Աստծով ապրենք։ Քրիստոսն ասում է՝ եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ և ծանրաբեռնվածներ, և ես ձեզ կհանգստացնեմ։ Մեր վիճակին ընկած՝ հուսահատված, թևաթափ եղած մարդկանց խոստացել է հանգիստ, երանություն տալ, էդ վիճակից հանել, բայց պայման է դրել՝ եկեք։ Չի ասում՝ անհոգ եղեք, ես ձեզ կհանգստացնեմ, ասում է՝ եկեք, որ ես հանգստացնեմ։ Պիտի գնանք դեպի Աստված, դեպի Քրիստոս։

Այսօրվա վիճակն անհավատ մարդու համար անելանելի է, բայց Քրիստոսի համար անելանելի վիճակներ չկան: Այսօրվա վիճակը հավատացյալի համար էլ անելանելի, անհույս է, եթե ինքը մենակ «վայ-վայ» է անում, բայց չի աղոթում, չի փորձում մեղքը հեռացնել իրենից: Մենք բազմաթիվ օրինակներ ունենք աշխարհի պատմությունից, Սուրբ Գրքից, մեր ազգի պատմությունից, թե Աստծո ամենակարող զորությունն ինչպես կարող է մարդու համար անհնարինը հնարավոր դարձնել: Քրիստոս երեկ, այսօր և հավիտյան նույնն է, չի փոխվել, Աստծո զորությունը, մեր հանդեպ խնամքը չի պակասել, մենք ենք հեռացել: Վերադառնանք դեպի մեր Տեր Աստված, աղաղակենք մեր Աստծուն, որպեսզի իր ողորմությունը, շնորհն իջեցնի մեզ վրա: Նարեկացին ասում է՝ մեղավորի աղոթքն ավելի հաճելի ու ընդունելի է Աստծուն, քան՝ արդարի աղոթքը: Հասկանանք մեր մեղավոր լինելը և մեղավորների պես աղաղակենք՝ Տե՛ր, մեղա երկնքի և Քո առջև, ողորմիր մեզ, Քո ձեռքերի ստեղծվածն ենք, մեզ անտես մի արա:

 

Լուսինե Ղարիբյան