Թեկուզ միայն հանուն «Անետի» արժեր անցկացնել Կաննի կինոփառատոնը

Ավարտվեց Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնը. ինչպես միշտ դժվար կանխատեսելի արդյունքներով ու մրցանակներով: «ArtCollage»-ը հետփառատոնային օրագրում ներկայացնում է Կաննի ամենահետաքրքիր ֆիլմերն ու կինոաշխարհի նորույթները: Առաջինն աղմակահարույց «Անետ» մյուզիքլն է ու ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորած Մարիոն Կոտիյարը:

 

Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնը, որին համավարակով պայմանավորված տևական դադարից հետո առանձնահատուկ սիրով էր սպասում կինոաշխարհը, բացվեց ֆրանսիական ժամանակակից կինոյի ամենահետաքրքիր դեմքերից մեկի, հայտնի կինոռեժիսոր Լեոս Կարակսի նոր, անգլալեզու «Անետ» մյուզիքլով: Ֆիլմի երաժշտությունն ու խոսքերն հեղինակել է անգլո-ամերիկյան «Sparks» խումբը: Գլխավոր դերակատարներն էն՝ Մարիոն Կոտիյարը և Ադամ Դրայվերը, որոնք իրենք են երգում իրենց դերերգերը: Կինոաշխարհի այդքան սպասված այս ստուգատեսի բացումն ազդարարեց օսկարակիր Մարիոն Կոտիյարը, իսկ հուլիսի 17-ին՝ կինոփառատոնի փակման օրը, լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը ստացավ ֆիլմի ռեժիսոր Լեոս Կարակսը:  

«Անետը» շատ ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի և կինոքննադատների կողմից: Ռուս լրագրող, կինոգետ Անտոն Դոլինն ամենաբարձր գնահատականն է հնչեցրել այս ֆիլմի մասին՝ ասելով, որ թեկուզ միայն հանուն «Անետի» արժեր անցկացնել այս փառատոնը. «Փառատոնի առաջին ֆիլմը՝ «Անետն» է, Լեոս Կարակս, և դա այն իրադարձությունն է, որի համար արդեն իսկ արժեր անցկացնել այս կինոփառատոնը: Եթե այն փակեին հաջորդ օրը, ենթադրենք, քովիդի բռնկման պատճառով, ափսոս չէր լինի այստեղ գալ հատուկ «Անետը» դիտելու համար»: Դոլինի խորհուրդը բոլորին. ֆիլմը միանշանակ արժե դիտել:

Այս առիթով CANAL+ Cinéma-ն զրուցել է Մարիոն Կոտիյարի հետ:

Լրագրող -Հազվադեպ ենք ձեզ հյուրընկալում: Այսօր կխոսենք մի ֆիլմի մասին, որն իրադարձություն է մի շարք պատճառներով: Իրադարձություն, որովհետև սա Կաննի 74-րդ կինոփառատոնի բացման ֆիլմն է, և բացի այդ, որովհետև սա Լեոս Կարակսի վերադարձն է, ով եզակի, մեծարժեք, հազվադեպ ռեժիսոր է: Սա նրա՝ գրեթե քառասուն տարում նկարահանած վեցերորդ լիամետրաժ ֆիլմն է: Ինչպե՞ս նա ձեզ պատմեց այս ֆիլմի մասին, ինչպե՞ս այն  ներկայացրեց ձեզ:

Մարիոն Կոտիյար -Նա ինձ ներկայացրեց այս ֆիլմը որպես մյուզիքլ: Մենք հանդիպեցինք հինգ տարի առաջ: Այդ ժամանակ ես ազատ չէի և ես նրան անմիջապես ասացի այդ մասին: Դա նույնիսկ շատ ցավագին էր, որովհետև զբաղված լինելու մասին պետք է հայտնես մի ռեժիսորի, որը, ինչպես դուք նշեցիք, շատ քիչ է ֆիլմ նկարում: Մինչդեռ նա երկու տարի շարունակ ֆիլմը նակարահանելու շատ դժվարություններ ունեցավ: Այնուհետև, մեկ այլ պրոդյուսեր ստանձնեց ֆիլմի արտադրությունը և երբ նա երկու տարի անց կրկին դիմեց ինձ, այս անգամ ես արդեն ազատ էի: Երբ եկավ, ինձ ցույց տվեց սցենարը: Այսպիսով, սկզբում նա միայն ասաց, որ մյուզիքլ է նկարահանելու, ես ոչինչ չգիտեի բուն պատմության մասին:

Լրագրող -Ի՞նչն ամենից շատ հուզեց ձեզ այս պատմության մեջ:

Մարիոն Կոտիյար -Սա անչափ հարուստ պատմություն է՝ շատ լուսավոր և միաժամանակ շատ մռայլ: Կերպարները շատ բարդ են: Ինձ համար ֆիլմի գլխավոր թեմաներից մեկն այն է, թե ինչպե՞ս ենք մենք փոխվում, ինչո՞վ ենք առաջնորդվում, ինչպե՞ս ենք կործանվում ճանաչված լինելու պակասից, որը մի փոքր բնորոշ է մեզ բոլորիս: Մենք մեր ծնողների գնահատանքին արժանանալու կարիք ունենք: Եթե մենք դա չենք ստացել մանկության շրջանում, ապա հետագայում, մեր հասուն կյանքում ի հայտ են գալիս վախեր, հուսահատություններ, պաթոլոգիաներ: Սրան է, որ բախվում են ահա այս երկու գործող անձիք՝ Ադամ Դրայվերի հերոսը, որը հայտնի կատակերգու է և իմը՝ Էննը, որն իսկական օպերային երգչուհի է: Իսկ հետո տեղի է ունենում մեկի անկումը և մյուսի ավելի մեծ վերելքը, որովհետև այս վիճակը ստեղծվում է զույգի ներսում: Արդյո՞ք այս մարդկանց հոգիների մութ և ավերիչ կողմերը կտարածվեն նրանց ապագա երեխայի վրա, որովհետև նրանք շուտով աղջնակ են ունենալու:   

Լրագրող -Փոքրիկ աղջիկ, Անետը: Եվ այս զույգի մոտ այդ երեխայի լույս աշխարհ գալը նույնքան օրինաչափ է:

Մարիոն Կոտիյար -Այո, դա նույնպես, սակայն կա նաև այն փաստը, որ պետք է հոգ տանել մի անձի համար այն դեպքում, երբ դժվարանում ենք հոգալ ինքներս մեզ համար, երբ դժվարանում ենք սիրել ինքներս մեզ, ինչպե՞ս սիրենք ուրիշներին և ինչպե՞ս սիրենք մեր զավակին և ինչպե՞ս չտարածենք այս երեխայի վրա մեր ներքին աղետը: Եվ ուրեմն ճշմարիտ է, որ նման բան  պատահում է կրքոտ, բայց նաև՝ աններդաշնակ զույգերի դեպքում:

Լրագրող -Հեշտ էր արդյոք ներթափանցել Լեոս Կարակսի աշխարհը, որը հայտնի է որպես անհավանական պատկերների հեղինակ:

Մարիոն Կոտիյար -Ես դիտել եմ նրա բոլոր ֆիլմերը, որոնք սիրում եմ կրքոտ սիրով: Նախքան իմ փորձը, ես չէի կասկածում, որ նա շատ խոր իմաստ է ներդնում իր ֆիլմերի մեջ, և, փաստորեն, նրա ներաշխարհը չափազանց հարուստ է: Այսպիսով, ես շատ ու շատ ոգևորված էի ֆիլմը սկսելու գաղափարով: Ես երբեք չեմ հիասթափվել, ընդհակառակը, ամեն օրն անակնկալներ էր բերում:  Յուրաքանչյուր օր, երբ գալիս էի նկարահանման հրապարակ, ես բացահայտում էի այնպիսի իրողություններ, որ պատկերացնել անգամ չէի կարող: Հետևաբար, երբեմն սա կարող է ապակայունացնող լինել, բայց միաժամանակ պահպանում է այս կենսական էներգիան, առաջացնում է ցանկություն՝ գալ և տեսնել, թե ի՞նչ է տեղի ունենալու մեկ օր անց:

Լրագրող -Իմիջիայլոց, այս ֆիլմում բոլոր երգերը կատարվում են կենդանի հնչողությամբ, այն է՝ դուք նկարահանվում եք ու միաժամանակ երգում և սա իսկական դերասանական սխրանք է, որը որևէ մեկին չի հաջողվում:

Մարիոն Կոտիյար -Ակնհայտ է, որ կենդանի հնչողությամբ երգելը հիանալի է, որովհետև այս ամբողջ ֆիլմն երգվում է: Եթե հետևենք դասական մյուզիքլի կանոններին, որտեղ հիմնականում դասական երգերը ձայնագրվում են ստուդիայում, իսկ հետո նկարահանման հրապարակում դրանք մատուցվում են ֆոնոգրամայով, մենք պետք է որ ամբողջ ֆիլմի ձայնային ֆոնոգրաման ունենայինք: Ես այն կարծիքին եմ, որ շարժվելը և դրա հետ մեկտեղ երգելը՝ կարող էր շատ տհաճ ու ցավալի լինել, այն էլ երբ կատարում ես այնպիսի շարժումներ, որոնք երգելը բացարձակ բարենպաստ չեն դարձնում: Դա ունի իր դժվարությունները, բայց միևնույն ժամանակ, Լեոս Կարակսն ուզում էր հասնել հենց դրան, այսինքն՝ դիպվածին, անկատարությանը, որոնք կարող են երգելաոճին տարբեր կյանք հաղորդել, հետևաբար հարկ էր, որ ես երբեմն ընդունեի, որ միշտ չէ, որ ինձ մոտ ամեն ինչ կատարյալ էր ստացվում: 

Լրագրող -Եկեք խոսեք Կաննի կինոփառատոնից: Դուք հաճա՞խ եք մասնակցում այս փառատոնին: Դուք մի՞շտ եք հուզվում, երբ Կաննում աստիճաններով եք բարձրանում: 

Մարիոն Կոտիյար -Այո, ես պաշտում եմ այս կինոփառատոնը և, իրոք, գրեթե տասը տարվա ընթացքում ինձ հաջողվում է ամեն տարի գալ այստեղ, ու ես ինձ շատ ու շատ հաջողակ եմ զգում, առավել ևս, որ այս փառատոնը բացվում է ինչ-որ առումով մի հզոր, դիտարժան ֆիլմով, որն իր առաջին իսկ կադրով հրավիրում է մարդկանց կիսելու կինեմատոգրաֆիական արկածը: Կարծում եմ, որ սա պարզապես հիանալի է և, ուրեմն, ես անչափ երջանիկ եմ: Ես երբեք չեմ հագենա Կանն գալուց:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի