Թե ինչպես վրացիները «յուրացրեցին» Խաչատուր Աբովյանին

Փարիզաբնակ հայ քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանի հեղինակած Խաչատուր Աբովյանի արձանի ստեղծման պատմությունը հայտնի է: Մեծ լուսավորչի հիշատակը հավերժացնելու ցանկությունը 1909-ին սկզիբ դրեց համաժողովրդական հանգանակության, հայտարարվեց մրցույթ, և գործը վստահվեց Տեր-Մարուքյանին, որը ձեռնամուխ եղավ Աբովյանի կերպարի ստեղծմանը: 1913 թվականին քանդակն արդեն պատրաստ էր: Սակայն ծագեցին ֆինանսական դժվարություններ, այնուհետև վախճանվեց հեղինակը, և ավելի քան տասը տարի արձանը մնացել էր ձուլարանի նկուղում:

1924 թվականին ձուլարանը վերջնագիր ներկայացրեց. կամ վճարում եք պակասող գումարը (խոսքը 10 հազար ֆրանկի մասին էր), կամ արձանը ոչնչացնում ենք՝ այլ նպատակով մետաղն օգտագործելու համար: Պահանջը սթափեցնող էր: Գտնվեցին նախանձախնդիր մարդիկ, որոնք ահազանգ հնչեցրին, նրանց ձայնը հասավ մինչև Երևան, և Հայաստանի իշխանությունները, ֆրանսահայերի համար շատ անսպասելի, ոչ միայն արձագանգեցին, այլև տրմադրեցին անհրաժեշտ գումարը:

Խաչատուր Աբովյանն «ազատագրվել էր»: Եկել էր հայրենիք վերադառնալու ժամանակը: Փարիզում որոշում կայացվեց խոշոր մի արկղի մեջ տեղադրված արձանը նախ ուղարկել Ստամբուլ, որտեղից էլ նավով պիտի ուղևորվեր մինչև Բաթում:

Աբովյանի արձանը ճանապարհ ընկավ: Անցավ որոշ ժամանակ: Ոչ մի լուր չկար: Դարձյալ սպասեցին: Արդեն երեք-չորս ամիս էր, ինչ այն գնում էր դեպի Հայաստան, բայց Հայաստանում ոչ ոք չգիտեր դրա գտնվելու վայրը: Բոլոր կարգի հարցումներն ունեին մեկ պատասխան. Ստամբուլում ստացել ու ճիշտ ժամանակին կազմակերպել էին առաքումը: Հետո բոլոր հետքերը հանկարծ կորչում էին:

Կես տարին բոլորեց: Խաչատուր Աբովյանի արձանն անհետացել էր: Ֆրանսահայերի և ընդհանրապես սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում արդեն ծայր էին առել անհանգստությունը, կասկածները, զանազան դժգոհ խոսակցություններ: Տարարտեսակ վարկածներ էին շրջանառվում, և այդ մտահոգություններին վերջ տալու համար ի վերջո Եվրոպայի հայկական գաղութի ներկայացուցիչ, երաժշտագետ Աշոտ Պատմագրյանը ուղևորվեց Թիֆլիս՝ տեղում հայ պաշտոնյաների հետ պարզելու, թե ինչ է կատարվել:

Տեղ հասնելուն պես Պատմագրյանին հաջողվում է տեսակցել Հայաստանի ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինի հետ: Արձանի կորստի լուրը Լուկաշինի համար անսպասելի էր, և նա խոստանում է շատ կարճ ժամանակի ընթացքում պարզել այդ հարցը: 4-5 օր անց նա իսկապես իր խոստումը կատարեց: Այն, ինչ հաջողվել էր իմանալ, և ուրախալի էր, և միևնույն ժամանակ զավեշտալի:

Իսկ պատահել էր հետևյալը: Մինչև Ստամբուլից նավը լողում էր դեպի Բաթում, նավում գտնվող թանկագին բեռի փաստաթղթերն այդ ընթացքում գնում են դեպի Երևան: Տեղ հասած անհասցե բեռը Բաթումի մաքսատանը մնում է մի քանի ամիս, բայց այդպես էլ ոչ ոք չի գալիս այն ստանալու: Տեսնելով, որ խորհրդավոր արկղը ոչ մեկին պետք չէ, մաքսատան վարչությունը որոշում է այն բացել և տեսնել, թե ինչ է ներսում: Բացում են: Գեղեցիկ քանդակն իսկապես տպավորիչ էր: Եվ ահա հենց տեղում էլ որոշում են, որ սա այլ բան չի կարող լինել, քան որևէ հայտնի հեղափոխականի քանդակը, որը Ֆրանսիայի պրոլետարիատի նվերն է հեղափոխական Բաթում քաղաքին: Թե հատկապես ում արձանն էր դա, այս դեպքում կարևոր չէր: Կարևորն այն է, որ այդ մարդը հաստատ պայքարում էր միջազգային իմպերիալիզմի դեմ: Եվ քանի որ դա հաստատ այդպես պիտի լիներ, քանի որ այդպես էր հուշում բոլշևիկյան տրամաբանությունը, ամիջապես որոշում է կայացվում արձանը տեղադրել Բաթում քաղաքի կենտրոնում: Թող քաղաքացիներն իրենք կռահեն, թե բրոնզաձույլ տղամարդը ինչ ազգության ներկայացուցիչ է, ու ինչ պատգամներ է իրենց հղում:

Այն, որ հայտնվեցին հայերը և սառը ջուր լցրեցին վրացական երազանքի վրա, պիտի որ ծանր հիասթափությունների պատճառ դառնար: Ամեն դեպքում կարճ ժամանակում նույն Լուկաշինի վերահսկողությամբ Աբովյանի արձանը վրացիներից «առգրավում են» և առաքում Երևան: Մնացյալն արդեն հայտնի է:

Երկար դեգերումներից, անընդհատ մի վայրից մեկ այլ վայր տեղափոխելուց հետո վերջապես 1964 թվականին արձանը գտնում է իր հիմնական հանգրվանը՝ Քանաքեռում, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի բակում, ուր կանգնած է առայսօր:

 

Հովիկ Չարխչյան